Ջրային կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն ապահովում է ՀՀ ջրային ոլորտի քաղաքականության մշակումն ու իրագործումը:

Ջրային կոմիտեի խնդիրներն են պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը, ջրային կոմիտեի իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը, ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը։ 

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահն է Կարեն Սարգսյանը։

Քիմիայի այն ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, ուղղակի սարսափելի է. վարչապետին ներկայացվել է Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Քիմիայի այն ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, ուղղակի սարսափելի է. վարչապետին ներկայացվել է Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի շրջանակում Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 6 ծրագիր, որոնք ներառում են ընդհանուր առմամբ 40 միջոցառում։ Դրանք ուղղված են եղել ոռոգման համակարգի խնդիրների լուծմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայություններին, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը և մոնիթորինգին: 2023-ի համար առանց վարկային և դրամաշնորհային միջոցների տարեկան ճշտված պլանը կազմել է 22,092.5 մլն դրամ, կատարողականը՝ 98.08 %։ Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են աշխատանքները ջրամատակարարման տևողության ավելացման, ջրի որակի բարելավ¬ման, ինստիտուցիոնալ բարեփոխումների խորացման, վարձակալության պայմանագրի վերահսկման, մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, բյուջետային, վարկային և դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև այլ ուղղություններով։ Ոռոգման նպատակով ջրառ իրականացնող «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության, ինչպես նաև ոռոգման ջուր մատակարարող 15 ջրօգտագործող ընկերությունների գործունեությունների արդյունքներով ապահովվել է 87.96 հազ. հա հողատարածքների ջրամատակարարումը։Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է, թե այս պահի դրությամբ Հայաստանում ինչքա՞ն ջուր է ամբարվել: Նշվել է, որ ջրամբարներում ընդհանուր 1.1 մլրդ խմ ջուր է ամբարվել: Հարցին, թե որքա՞ն է մեր երկրի պոտենցիալը, որ հնարավոր է ամբարել՝ պատասխանատուները նշել են, որ ունենք 7.5 մլրդ խմ մակերևութային հոսք, և նախնական գնահատմամբ՝ եթե դիտարկվի ջրամբարների կառուցման հայեցակարգը, հնարավոր կլինի ամբարել ևս 1.7 մլրդ խմ ջուր: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ գործող աշխատանքային խմբի օրակարգում այդ հարցը՝ որպես ջրի կառավարման կարևորագույն խնդիր, ներառված է և պետք է ձևակերպեն անելիքները: «Ինչպե՞ս այսօր 1.1 մլրդ խմ ջրին ավելացնենք այն, որտեղ պոտենցիալ կա, որովհետև մեծ ներդրումների հետ կապված հարցեր են: Պետք է որոշենք նաև, թե եղած ֆինանսական հնարավորություններն ինչ հաջորդականությամբ որ կարիքներին ենք ուղղում»,- ասել է փոխվարչապետը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս պրոցեսի մեջ պետք է նաև որոշակի ֆինանսական սխեմայի հաշվարկ անել: «Մենք պետք է հասկանանք՝ դա ինչ ազդեցություն է ունենալու մեր ջրի օբյեկտիվ սակագնի վրա: Կարող է 10 տարի հետո 10 անգամ բարձր գինը շատ էլ էժան գին է, կամ շատ էլ թանկ գին է: Բայց եկեք արձանագրենք, որ մենք հարցեր ձևակերպում ենք փորձի արդյունքում: Այսինքն՝ քայլում-քայլում ենք, գնում ենք պրոբլեմին բախվում, ձևակերպում հարցը, հետո նորից ենք քայլում, գնում պրոբլեմին բախվում՝ ձևակերպում ենք հարցը: Սա նշանակում է, որ մենք խնդիրն, այսպես ասած, չենք տեսնում տեսության մեջ: Մինչև չենք գնում իրադրության հետ բախվում՝ այդ հարցը մեզ համար չկա, գոյություն չունի: Սա ֆունդամենտալ պրոբլեմ է, մինչդեռ ճիշտ ռեժիմն այն է, որ մենք դա իմանանք և կառավարենք, չթողնենք, որ դա դառնա խնդիր»,- նշել է վարչապետը: Տեղեկացվել է, որ ոռոգման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում գանձվել է 71.9% վարձ, որը նախորդ տարիների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է: Նշվել է, որ չնայած այս արդյունքին՝ ոռոգման ոլորտի նախորդ տարիների ընդհանուր պարտքը հասնում է շուրջ 28 մլրդ դրամի: Նշվել է, որ 2022 թվականի համեմատ ջրի կորուստի ծավալը նվազեցվել է 1,5 տոկոսով: Անդրադառնալով հավաքագրումների ցածր տեմպերին, ջրի կորստի բարձր ցուցանիշներին, ինչպես նաև ոռոգման բնագավառում առկա բազմաթիվ խնդիրներին՝ վարչապետը նշել է. «Եկեք արձանագրենք, որ ունենք ջրային համակարգ՝ առանց ֆինանսական սխեմայի: Ֆինանսական մոդել չունենք: Մենք չենք ստեղծել մի համակարգ, որը վերարտադրվելու հնարավորություն ունի: Այսինքն, այս համակարգը մահացած համակարգ է և ուզում եմ բացատրել նաև, թե ինչու եմ ասում այդպես: Երբ գիտնականներն ուզում են բացատրել ինչ է կյանքը՝ նշում են, որ կյանքի բնորոշ հատկանիշներից մեկն ինքն իրեն վերարտադրելու հնարավորությունն է, հետևաբար ցանկացած համակարգ, որն իրեն չի կարող վերարտադրել՝ ինքը մահացած համակարգ է: Մենք սա չենք խոստովանում և մեր ժողովուրդն էլ չգիտի դրա մասին: Ֆունդամենտալ խնդիրը սա է: Մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որը մեր բոլորի և մեր պետական բացթողումն է: Մարդն իր վարելահողի մեջ ուզում է ստանալ կամ չի ստանում ջուր, ջուրը կա՝ ինքը գոհ է, ջուրը չկա՝ դժգոհ է: Բայց մենք իրեն չենք ասում, թե այդ ջուրը մինչ իր վարելահող հասնելն ինչ ֆիզիկական, կազմակերպչական, իրավական և ֆինանսական ճանապարհ է անցնում: Ես համոզված եմ, որ մարդկանց վերաբերմունքն իրավիճակների նկատմամբ ձևավորվում է այն պատճառով, որ մենք մարդկանց չենք բացատրում, թե ինչ է իրականում տեղի ունենում: Իմիջիայլոց, ես սա ինչ-որ ձևով համեմատում եմ առողջապահության ոլորտում հին և նոր մշակույթի հետ: Հին մշակույթի առանձնահատկությունն այն էր, որ մարդուն չէին բացատրում իր հիվանդությունը, թե խնդիրն ինչի մեջ է, հարազատներին թաքուն էին ասում: Նոր մշակույթով մարդուն բացատրում են, թե իր խնդիրն ինչի մեջ է և դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ պիտի իմանա՝ ինչն է խնդիրը, որ դրա լուծմանն օգնի առնվազն ըմբռնմամբ, թե ինչ է կատարվում իր հետ: Այսօր ես արձանագրում եմ, որ մեր ոռոգման համակարգը մահացած է և առնվազն եթե իր տակ նոր ֆինանսական սխեմա չդնենք՝ հնարավոր չէ նրա վերակենդանացումը: Շատ բարդ և դժվար աշխատանք է, ես հասկանում եմ, թե ամեն մեկ միլիոն դրամ հավաքագրելն ինչ էներգիա է տանում ընդհանրապես մեր կառավարման համակարգից, բայց դա, ըստ էության, սիզիփոսյան աշխատանք է, որն արդյունք չի տալիս: Մենք պետք է սա բացատրենք մարդկանց, որ իմանան, որովհետև մարդկանց մոտ շարունակում է մնալ այն ընկալումը, որ ինչ-որ չար վիշապ նստած է ջրի ակունքի վրա և չի թողնում, որ ջուրը գա, հասնի, ինչը սկզբունքորեն ճիշտ է: Բայց այդ չար վիշապն անարդյունավետ համակարգն է: Եվ մինչև այդ վիշապի գլուխը չկտրենք, չոչնչացնենք այդ վիշապին և նորմալ համակարգ չստեղծենք՝ չի լուծվելու այս հարցը: Հետևաբար՝ այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»: Նիկել Փաշինյանն անդրադարձել է նաև ցայտաղբյուրների հետ կապված հարցին: «Կարող է ընդհանուր ծավալի մեջ փոքր բան է, բայց մշակույթի առումով ես շատ կարևոր եմ համարում: Ցայտաղբյուրների հետ կապված, մենք ինչո՞ւ չենք կարգավորում, որ ցայտաղբյուրները փականներով գործեն, դա նաև ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է: Այսինքն՝ ոչ թե արգելենք ցայտաղբյուրների գոյություն, այլ աշխարհում այդ մշակույթը կա, դրանց վրա պարտադիր փական պետք է լինի: Եվ ինչ-որ հորիզոն որոշենք, որ այդ ժամանակից հետո առանց փականի ցայտաղբյուրներն ուղղակի չեն կարող գործել: Շատ հարցեր կան, որ մեր ընկալման փոփոխությամբ պետք է հարթվեն, բայց մենք պետք է հետևողական աշխատենք, որովհետև եթե ընդամենն արձանագրենք այդ փաստը, որ դա այդպես է ու ոչինչ չանենք, այդպես էլ կմնա»: Նշվել է, որ դեռևս 2021 թվականից մեկնարկել է ոռոգման համակարգերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման և շահագործման միջոցառումների գործընթացը: 2023-ին շարունակվել և ավարտին են հասցվել ոռոգման համակարգերի մայր և երկրորդ կարգի ջրանցքների բաժանարար կետերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման աշխատանքները․ ընդհանուր առմամբ տեղադրվել են 2235 հատ SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումներ։ Ոռոգման ոլորտում էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 166.3 մլն կՎտ ժ կամ 7.8 մլրդ դրամ՝ 2022 թվականի 172.2 մլն կՎտ ժ՝ 8.1 մլրդ դրամի դիմաց կամ պակաս է ծախսվել 5.9 մլն կՎտ ժ կամ 300 մլն դրամ:2023-ին շարունակվել են միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքները։ Վերակառուցվել են երկրորդ կարգի ջրանցքների 45 կմ և ներտնտեսային ցանցերի 17 կմ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ։ Ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված միջոցառման շրջանակներում 2023-ին Արմավիրի և Արարատի մարզերում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 5 օբյեկտներում։ «Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարում» ծրագրի «Արփա-Սևան թունելի ընթացիկ շահագործում և պահպանում» միջոցառմամբ նախորդ տարի հատկացվել է 270 մլն դրամ: «Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավում» միջոցառմամբ աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ շուրջ 220.1 մ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներն ամբողջությամբ վերանորոգվել և ավարտվել են նախորդ տարվա ընթացքում: Իրականացվել են 172.5 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման, վերականգնման և նորոգման աշխատանքներ: Արարատյան դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքներում կատարվել են գրունտային ջրերի մշտադիտարկումներ։ Միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել մոտ 6469 հա հողատարածքների աղակալումը։ Անդրադարձ է կատարվել նաև մաքրման կայանների գործունեությանը, այս ուղղությամբ առկա խնդիրներին և դրանց լուծման քայլերին: Վարչապետ Փաշինյանն, այս համատեքստում անդրադարձել է Սևանա լիճ թափվող ջրերի մաքրման հարցին: «Տեսեք ինչ է տեղի ունենում. բնակչությունը, մենք բոլորս օգտագործում ենք, ասենք՝ քիմիա, տարբեր տեսակի՝ լվացքի, ափսեներ լվանալու հեղուկներ և այլն: Այդ ջուրը լցվում է Սևանա լիճ, որտեղ սիգը այդ ջուրը, այդ քիմիան կլանում է, հետո մենք սիգը բերում դնում ենք մեր սեղանի վրա: Այս մեխանիզմը, որ ասում եմ՝ մարդիկ տեղյակ լինեն, սա շատ կարևոր է: Այսինքն՝ սա հետո ի՞նչ հետևանքներ է ունենում առողջապահության ոլորտում: Իսկ Սևանում այսօր դրանք հասել են աննախադեպ ծավալների: Կենցաղային տեխնիկան է զարգացել, կենցաղային քիմիան է զարգացել, էժանացել է, դրանք դարձել են համատարած և այլն: Այն քիմիայի ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, դա ուղղակի սարսափելի բան է: Եվ կարևոր է արձանագրել, որ այդ քիմիան վերադառնում է և մտնում մեր, մեր քաղաքացիների, մեր երեխաների օրգանիզմ, և առողջապահության ոլորտում ունենում ենք համապատասխան հետևանքներ: Մեր սերունդի այդ ընկալումը, ընմբռնումը գալիս է այս կարգի տեղեկատվության հետ հաղորդակցվելուց, որովհետև մարդը գիտակցում է ինչ է անում: Մենք, օրինակ, եկեք խոստովանենք, գեղագիտական է թվում թեման՝ դե Սևան լցվում է, այդքան էլ լավ չէ, խղճի խայթ և այլն, բայց իրականում թեման գեղագիտականից բացի, շատ ավելի մեծ ընդգրկում ունի, որը վերաբերում է ՀՀ ժողովրդի առողջությանը: Ես դեռևս միայն Սևանա լճի օրինակն եմ ասում, Արարատյան դաշտ, մնացած բոլոր տեղերը, գետեր և այլն, սա ֆունդամենտալ պրոբլեմ է: Եվ եթե այսօր կարգավորումները չստանանք, 50, 60 տարի հետո սա այնպիսի աղմկոտ ձևով է արտահայտվելու մեր իրականության մեջ, որ նույնիսկ սարսափելի է մտածել»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ ջրային ոլորտի կառավարման ռազմավարության մեջ այս խնդրին պետք է անպայման անդրադառնալ: 2023 թվականի հակահեղեղային առաջնահերթ միջոցառումներից ավարտվել և շահագործման է հանձնվել Ապարանի «ՔՅԱՆԴԱԼ» կոչվող սելավատարի մոտ 2000 մ-ը: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրերի շրջանակներում 2023-ի ընթացքում Արարատի մարզի Դվին, Նոր Կյանք, Շահումյան, Արտաշատ, Ղուկասավան, Ոստան, Սիսավան, Բուրաստան, Արբաթ, Խաչփար բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտվել և հանձնվել են շահագործման։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հաշվետվության համաձայն՝ ապահովվել է ջրի որակի համապատասխանությունը գործող ստանդարտներին՝ կազմելով 98.6 %։ 2023-ի ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրամատակարարման միջին տևողությունը կազմել է՝ Երևան քաղաքում 23.2 ժամ/օր, այլ քաղաքային համայնքներում՝ 20.5 ժամ/օր, իսկ գյուղական տարածքներում՝ 20.2 ժամ/օր: Բարելավվել է հաշվառման համակարգը․ խմելու ջուր մատակարարող կազմակերպության սպասարկման տարածքում 2023 թվականին ջրաչափությունը կազմում է 99.8%՝ նախորդ տարվա 99.76% համեմատ։ Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 95%` 2022 թվականի 94.2%-ի դիմաց կամ ավել է գանձվել շուրջ 0.8%։ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում ծրագրի շրջանակներում շարունակվում են «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացումը։ Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարական աշխատանքների շրջանակում իրականացվում են մոբիլիզացիոն և գետի ջրի հեռացման համակարգի կառուցման աշխատանքները։ Փոքր և միջին ջրամբարաշինություն ծրագրում ներառված 15 ջրամբարներից՝ Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի մասով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ավարտման փուլում են, իսկ Արգիճիի ջրամբարի նախագծման աշխատանքների ժամկետներն երկարաձգվել են՝ տարածքում ենթակառուցվածքների (ՓՀԷԿ) առկայության պատճառով։ Մնացած 9 ջրամբարների մասով նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն: Օրվա կարգավորման թվով 31 ջրավազանների կառուցման և վերակառուցման համար, Ջրային կոմիտեի հետ կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում Խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են օրվա կարգավորման թվով 28 ջրավազանների նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց վերաբերյալ ստացվել են քաղաքաշինական պարզ փորձաքննության դրական եզրակացություններ։ Ներկայացված փաթեթները գտնվում են համալիր փորձաքննության փուլում, որոնց դրական եզրակացությունների արդյունքում 2024 թվականի առաջին կիսամյակում կմեկնարկեն մրցույթները։ Մեկնարկել են աշխատանքները Ջրի ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ։Նշվել է, որ ջրային համակարգի արևային վահանակներով շարունակաբար վերազինումը ևս համարվում է կարևոր նպատակակետ։ ՋՕԸ-ների հետ համատեղ իրականացվել են խոշոր պոմպակայաններում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման հնարավորության ուսումնասիրություն և նախնական գնահատում։Հաջորդ առաջնահերթությունը ոոոգվող հողատարածքների ավելացումն է, կաթիլային ոռոգման անցման խրախուսումը։ Օգտագործելի ջրային ռեսուրսների ամբարման և կառավարման արդյունքում կավելացվեն ոռոգվող հողատարածքները, իսկ իրականացվող ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի նաև ընդլայնել կաթիլային ոռոգելի հողատարածքները։ Վերջին տարիներին պետության կողմից իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր՝ չսպասարկվող բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի խնդիրների լուծման համար: Աշխատանքներ են իրականացվում նաև վարկային և դրամաշնորհային ներդրումային ծրագրերով։ Ներկայումս Ջրային կոմիտեն համայնքների հետ աշխատանքներ է տանում՝ վերագնահատելու համար սուբվենցիոն և այլ ծրագրերի արդյունքում բարելավված վիճակը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ պետք է տեղի ունենա ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: «Իրազեկման հանգամանքը շատ կարևոր է: Մի շարք գյուղերում ասում են, թե մեր սարերի ջուրը մեզ վրա վաճառում եք: Մենք ասում ենք՝ ժողովուրդ, մեր և ձեր սարերի ջուրն անվճար է, դուք վճարում եք միայն նրա համար, որ ոչ թե դույլերով գնաք, սարից ջուր բերեք, այլ որ ձեր տան մեջ այդ ջուրը ստանաք: Շատ դեպքերում, սա թվում է թե պարզ բան է, բայց մարդն իր գործի, իր դարդի, իր հողի հետ միշտ չէ, որ այս նրբությունների մեջ խորանում է: Դա կարևոր է, մեզ համար էլ է կարևոր, որ ինքը դա իմանա, նաև իր համար էլ է կարևոր, որ ինքն իմանա»:
13:26 - 04 ապրիլի, 2024
ՏԿԵ նախարարին է ներկայացվել Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը

ՏԿԵ նախարարին է ներկայացվել Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը

ՏԿԵ նախարարին է ներկայացվել Ջրային կոմիտեի 2023 թ. ընթացիկ գործունեության կատարողականը Օգոստոսի 21-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե՝ գերատեսչության 2023 թ. ընթացիկ գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով:  Խորհրդակցությանը մասնակցել են՝ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Աբգարյանը, «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Միրոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պաշտոնյաներ և Ջրային կոմիտեի ղեկավար կազմը:  Նախարարին զեկուցվել է 2023 թ.՝ ներկայի դրությամբ ջրային համակարգերի կառավարման ծրագրերի և միջոցառումների մասին: Նշվել է, որ հաշվետու տարում ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից իրականացվում է 5 ծրագիր՝ 30 միջոցառմամբ, որոնք ուղղված են եղել՝  • ոռոգման համակարգի առողջացմանը.  • Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը.  • կոլեկտորադրենաժային ծառայությունների մատուցմանը.  • ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի բարելավմանը.  • ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանն ու մոնիտորինգին:  Այս պահի դրությամբ բյուջեի կատարողականը կազմում է 71.68 տոկոս: Լայն անդրադարձ է կատարվել Սևանա լճից հավելյալ ջրառի նպատակային և խնայողաբար օգտագործման հարցերին, ոռգման ջրի դիմաց գումարների ժամանակին և ամբողջական գանձումներին, Փոքր ու միջին ջրամբարների կառուցման աշխատանքներին, նշվել է որ ակտիվ աշխատանքներ են ընթանում 5 ջրամբարի նախագծման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացվել է Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը։  Զեկուցվել է, որ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, կբարձրացնի ջրի կառավարման արդյունավետությունը՝ բարելավելով ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը։ Իսկ մեխանիկական ոռոգումը հնարավորինս ինքնահոս եղանակով փոխարինելու միջոցով, ինչպես նաև անցումը նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը՝ (արևային կայաններ և այլն) հնարավորություն կընձեռնի հասնել էլեկտրաէներգիայի խնայողության։  Քննարկվել է նաև 31 օրվա կարգավորման ջրավազանների (ՕԿՋ) կառուցման և վերակառուցման համար իրականացվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների հետ կապված հարցեր։  Մտքերի փոխանակություն է ծավալվել ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են ոլորտում հետագա անելիքները:  Նախարարի կողմից կարևորվել է ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավման գործընթացի ճիշտ կազմակերպման, ինչպես նաև ըստ ոլորտների ռազմավարական մոտեցումների հստակեցման հետ կապված հարցերը:  Պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներծ:
18:33 - 22 օգոստոսի, 2023
Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր. ՊՎԾ

Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության և մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն Ընկերությանը պատկանող հաշվեհամարներից 2017-2022թթ. ընթացքում, օգտվելով այն հանգամանքից, որ հնարավորություն ունի միանձնյա տնօրինելու Ընկերության բանկային հաշվեհամարները, իր անձնական բանկային հաշվեհամարներին, որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում, փոխանցել է ընդհանուր 254 066 540 ՀՀ դրամ գումար, որից Ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո նշված ընթացքում հետ է վերադարձրել 37,9 մլն ՀՀ դրամը: Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված պահանջները, առանց որևէ գնման ընթացակարգի անցկացման, առանց համապատասխան պայմանագրի կնքման, առանց ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի առկայության՝ փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց Ընկերության բանկային հաշվեհամարից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին 3 մլն ՀՀ դրամ ուղղակի փոխանցման եղանակով փոխանցել է ՍՊ ընկերությանը, որպես ձեռք բերված ծառայությունների արժեք: Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադիր և սեփականատեր է հանդիսանում քաղաքացի Ա.Ս.-ն (նույն ինքը՝ Ընկերության գլխավոր հաշվապահը), 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով: Վերահսկողական գործառույթների իրացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում՝ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է վստահված գույքի խոշոր չափերով հափշտակում: Հարկ է նշել, որ վերահսկվող օբյեկտում Ծառայության կողմից վերահսկողական գործողությունները շարունակվում են, իսկ ուսումնասիրությունը ընդգրկում է՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողությունը։
14:47 - 18 հունվարի, 2023
Կառնուտի ջրամբարից սնուցվող գյուղերի ոռոգման խնդիրը կկարգավորվի

 |infocom.am|

Կառնուտի ջրամբարից սնուցվող գյուղերի ոռոգման խնդիրը կկարգավորվի |infocom.am|

infocom.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից մշակվում է ծրագիր Կառնուտի ջրամբարից սնուցվող  գյուղերի ոռոգման խնդիրը կարգավորելու նպատակով: Այս մասին հուլիսի 7-ին Շիրակի մարզպետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: Համայնքի ղեկավարներին հանդիպելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ պատասխանատուն  հերքեց այն պնդումը, թե ջրամբարում ջուր չկա, քանի որ անհրաժեշտ ջրի քանակն ուղղորդվում է ՀԷԿ: «Բացառված է, որ Կառնուտի ջրամբարին տրվող ջուրը տրվի ՀԷԿ-երին: Ջրալրումն իրականացրել ենք, բայց մեր տված ջուրը, որը պետք է հասցվեր Կառնուտի ջրամբար, չի հասցվել, տվել են ջրօգտագործողներին: Մենք բոլորս ընդունում ենք, որ կա խնդիր, հիմա բոլորս տեղում այդ խնդիրը կկարգավորենք, ջուրը կհասցնենք Կառնուտի ջրամբար»,-ասաց Կարեն  Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ջուրը Կառնուտի ջրամբար հասցնելու պլան են մշակել, բայց թե ինչ պլան՝ պատասխանատուն չմանրամասնեց: Անդրադառնալով ՀԷԿ-ին՝ պատասխանատուն նշեց, որ ՀԷԿ-ը ջրի օգտագործման թույլտվություն ունի: «Մենք հնարավորություն չունենք ստիպելու որևէ մեկին, որպեսզի իր աշխատանքը դադարեցնի, ջուրը տեղափոխենք Կառնուտի ջրամբար: Բայց, համատեղ քննարկման արդյունքում կարողացել ենք պայմանավորվածություն ձեռք բերել ՀԷԿ-ի տնօրինության հետ, որպեսզի իրենց մատակարարվող ջուրը դադարեցվի և ուղղվի ջրամբար»,-նշեց Ջրային կոմիտեի նախագահը՝ տեղեկացնելով, որ ՀԷԿ -ին  ջուր տալու  իրավունքը տալիս է Շրջակա միջավայրի նախարարությունը: « Նախորդ տարի ես նույն հարցը կարգավորել եմ, դադարեցրել ենք ՀԷԿ-ի ջրամատակարարումը, ջուրը տեղափոխել ենք Կառնուտի ջրամբար, բայց ՀԷԿ-ի տնօրինությունը ինձ դատի էր տվել պաշտոնական դիրքի չարաշահման համար և փոխհատուցում էին պահանջում»,-նշեց Կարեն Սարգսյանը: Անդրադառնալով մեղավորներին՝  Կարեն Սարգսյանը նշեց, որ դեռ դրա մասին բարձրաձայնելը վաղ է. «Դեռ պարզաբանելու տեղ ունենք, քանի որ այն ջրաքանակը, որ տվել ենք, այդքանը չի հասել Կառնուտի ջրամբար: Մեզ հիմա պարզաբանեցին, որ այդ ջրաքանակը, որը տեղ չի հասել, տվել են ջրօգտագործողին, ունեցել են ոռոգման պահանջարկ, դրա համար տվել են, ոչ թե հասցրել են ջրամբար»: Շարունակությունը՝ armenpress.am-ում։ 
18:57 - 07 հուլիսի, 2021
Ոռոգման ջրի խնդիրների հիմնական պատճառը բնակլիմայական է․ տարին սակավաջուր է եղել․ Ջրային կողմիտեի նախագահ |1lurer.am|

Ոռոգման ջրի խնդիրների հիմնական պատճառը բնակլիմայական է․ տարին սակավաջուր է եղել․ Ջրային կողմիտեի նախագահ |1lurer.am|

1lurer.am: Հանրապետության տարբեր մարզերում վերջին օրերին ոռոգման ջրի խնդրի շուրջ «Լուրերին» պարզաբանումներ է ներկայացրել Ջրային կոմիտեի նախագահը: Կարեն Սարգսյանը հայտնել է` հիմնական օբյեկտիվ պատճառը բնակլիմայական է: Տարին սակավաջուր է եղել, գետերում հունիսին 40-60 տոկոս ջրի նվազում ենք ունեցել, ջրամբարները թերի են լցվել: Սարգսյանը հայտնել է, որ պատճառներից է նաև բարձր ջերմաստիճանը: Օրինակ` այն մշակաբույսերը, որոնց ոռոգման ռեժիմը 10 օրը մեկ պետք է լիներ, եղանակի պատճառով դարձել է 6-7 օր, ինչը ևս լրացուցիչ ջրապահանջարկ է առաջացրել: Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ խնդիրը լուծելու համար այլ աղբյուրներից են ջրի համալրում իրականացնում, նաև անդրադարձել է Շիրակում ջրի խնդրին: Կարեն Սարգսյան, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ - Շիրակի մարզում բոլորովին այլ խնդիր է, այնտեղ ջրամբարում ունենք բավականին ջուր: Իրենց խնդիրը Կառնուտի ջրամբար ջրալրում իրականացնելն է, որը մենք ավելացրել ենք, որպեսզի հասցնենք Կառնուտի ջրամբար 1.2 խմ-ով ավելի ջուր, սակայն ջրօգտագործողների անփութության պատճառով 1.2 խմ ջուրը տեղ չի հասել: Այնտեղ կառավարման խնդիր կա: Վաղը Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը 4 օրով գործուղվելու է այնտեղ: Ընդհանուր առմամբ, երբ ջրի խնդիրը լուծվի, կաթիլային ոռոգման անցնելու դեպքում կունենանք մեծ խնայողություններ և կկարողանանք բարելավել պահանջարկը: Նախագիծ ենք ներկայացրել, որով առաջարկում ենք մինչև 3 հա այն հողակտորները, որոնք կանցնեն կաթիլայինի, 5 տարով կազատվեն ջրի վարձավճարից: 
21:57 - 29 հունիսի, 2021
Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա. խորհրդակցություն ՇՄ նախարարությունում

Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա. խորհրդակցություն ՇՄ նախարարությունում

Նոր աշխատանքային տարվա մեկնարկից առաջ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախանշել էր 2021 թվականին շրջակա միջավայրի առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, որոնց թվում էր ջրային ոլորտի համակարգային փոփոխությունների հարցը։ Ջրային ոլորտը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների։   Նախարարը շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության, ջրային քաղաքականության վարչության, ռազմավարական քաղաքականության վարչության պատասխանատուների, ոլորտն համակարգող փոխնախարար Տիգրան Սիմոնյանի և ջրավազանային տարածքային կառավարման 6 բաժինների ղեկավարերի հետ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:   Քննարկվել են ջրօգտագործման թույլտվությունների հայտերի ընդունման, դրանց գնահատման, երկարաձգման, չեղարկման ամբողջ ռազմավարության վերանայման, ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը։   ՀՀ Ջրային օրենսգրքի առկա փոփոխությունները սառեցվել էին ամիսներ առաջ, որը վերամեկնարկեց երեկվա հանդիպմամբ, և նախարարությունը հանդես կգա նոր օրենքի նախագծի փաթեթով։ Նոր Ջրային օրենսգիրքը պետք է լինի համապարփակ և միջազգային չափորոշիչներին համապատասխան։   Շուտով կձևավորվի համապատասխան աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու վեր հանել առկա օրենսդրական խնդիրները և առաջարկել նոր իրավակարգավորումներ։   Նախարարը ջրավազանային տարածքային կառավարման բաժինների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է նախքան նախագծի փաթեթը կառավարություն ուղարկելը՝ կարճ ժամկետում գույքագրել խնդիրները, առանձնացնել նկատառումներն ու առաջարկները։ Բոլոր առաջարկները պետք է լինեն առկա մարտահրավերները հաղթահարելու համատեքստում, գիտական հիմնավորվածությամբ և բալանսավորեն բնապահպանական շրջանակների ու տնտեսվարողի շահերը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերը, իրականացվելիք քայլերը և որոշակի կառուցվածքային փոփոխությունների հարցեր։   Քննարկվել են ՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի խախտումները․ պետք է կարողանալ օգտագործել գետերի ողջ պոտենցիալը՝ խստագույնս պահպանելով բնապահպանական նորմերը։ Առանձնահատուկ անդրադարձ է արվել Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրության խնդրին։ Ավելի վաղ նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստեղծել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն զբաղվում է Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։   Ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վեր հանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։   Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ շատ կարևորում է նախարարության կենտրոնական ապարատի, ոլորտային ստորաբաժանումների և ենթակա ստորաբաժանումների համակարգված աշխատանքը.   «Պետք է լինի պատասխանատվության նորմ, որը կօգնի լուծել խնդիրները և հետագայում բացառել դրանց առաջացումը։ Մինչ օրս կան որոշակի երևույթներ, որոնք արգահատելի են և մերժելի՝ սկսած ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումից մինչև ջրային ոլորտի կառավարում։ Բոլորս պետք է գործենք միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահի»։      
12:24 - 15 հունվարի, 2021
4.739.000մ3 ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում. հարուցվել է քրեական գործ

4.739.000մ3 ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Վայքի ինքնահոս ոռոգման համակարգով 2019թ.  մատակարարված ջրի հայտերի, փաստացի մատակարարված ջրաքանակների, փաստացի ոռոգված հողատարածքների և համակարգի կորուստների վերաբերյալ Ջրային կոմիտեից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայքի տարածաշրջանի հողերի ոռոգման նպատակով ոռոգման շրջանում և Արփա գետի բնապահպանական թողքը ապահովելու նպատակով ամբողջ տարի Կեչուտի ջրամբարից ջրի բացթողումն իրականացվում է «Եղեգնաձոր» ՋՕ ընկերության ներկայացրած հայտերի հիման վրա՝ Կառավարության որոշմամբ վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Վայքի ինքնահոս համակարգի միջոցով: Ըստ Ջրային կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության՝ նշված տարածաշրջանի պայմանագրային ոռոգելի հողատարածքները կազմում են 411.5 հա: Ըստ 2019թ. մատակարարված ջրի հայտերի՝ 1հա-ին մատակարարված ջրի միջին ծավալը կազմում է 10449մ3: Մինչդեռ ըստ մատակարարված ջրի ցուցանիշների՝ բաժանորդներին 1 հա-ի համար փաստացի մատակարարված ջրի միջին ծավալը կազմել է 3170մ3: Այսինքն փաստացի 1հա հողատարածքի համար մատակարարված ջրի քանակը 7279մ3–ով կամ 3.3 անգամ գերազանցել է 1 հա-ի համար բաժանորդների՝ հայտով ներկայացված ջրաքանակը: Ջրային կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ 1մ3 ոռոգման ջրի արժեքը կազմում է 11 ՀՀ դրամ, իսկ համակարգի կորուստը՝ 36.7%։ Այսինքն՝ հայտով ներկայացված և մատակարարված ջրից համակարգի կորստի և բաժանորդներին փաստացի մատակարարված ջրի հանրագումարը հանելու դեպքում, ընկերությունը նշված ոռոգելի ողջ հողատարածքի հաշվարկով անհիմն կրել է 4.739.000մ3 ջրի կորուստ, որը արժեքային արտահայտությամբ կազմում է 52.129.000 ՀՀ դրամ։   Ըստ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի որոշման՝ ջրամատակարարը պարտավոր է հաշվառել ջրաղբյուրից իր կողմից իրականացված ջրառի, յուրաքանչյուր ջրօգտագործողին (բաժանորդին) մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերը: Իսկ ջրօգտագործողին (բաժանորդին) ջրի մատակարարումն իրականացվում է ըստ պայմանագրի՝ դրա անբաժանելի մասը կազմող ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և հայտի: Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ջրամատակարարի կողմից փաստացի ներկայացվել է պահանջարկը 3,3 անգամ գերազանցող ջրի հայտ, իրականացվել ենթադրյալ ապօրինի, այսինքն առանց պայմանագրի ջրի մատակարարում: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ընկերության պաշտոնատար անձի կողմից իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու՝ ջրօգտագործողներին մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերի չհաշվառման, ջրային պաշարները արդյունավետ և խնայողաբար չօգտագործելու, ջրամատակարարումը թերի կառավարելու, ինչպես նաև ջրերը նպատակային ու արդյունավետ չօգտագործելու, իրականացված ծառայությունների դիմաց գումարներ չգանձելու արդյունքում ընկերության և պետության իրավունքների ու օրինական շահերի խախտման, դրա հետևանով 4.739.000մ3 ջրի կորուստ՝ 52129000 ՀՀ դրամի վնաս առաջացնելու վերաբերյալ առերոևույթ տվյալներ,  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 - 04 սեպտեմբերի, 2020
Ջրային կոմիտեին չի գոհացնում Վեդու ջրամբարի շինաշխատանքների տեմպը. առաջարկվում են նոր լուծումներ |armenpress.am|

Ջրային կոմիտեին չի գոհացնում Վեդու ջրամբարի շինաշխատանքների տեմպը. առաջարկվում են նոր լուծումներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Արարատի մարզում կառուցվող Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները նախտեսված է ավարտել 2021 թվականի առաջին կիսամյակում: Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ աշխատանքների տեմպը չի գոհացնում: «Վեդու ջրամբարի հետ կապված շինարարությունն ընթանում է, սակայն ընթացքն այնքան էլ գոհացուցիչ չէ: Ջրային կոմիտեն և Տարածքային զարգացման հիմնադրամն ամենշաբաթյա դիտարկումներ են իրականացնում, փորձում ենք հասկանալ, թե արդյոք ժամանակի մեջ կտեղավորվե՞նք: Համավարակով պայմանավորված՝ փոքր-­ինչ դժվարություններ եղան: Մի քանի աշխատողներ պետք է վերադառնային Իրանից: Դիմեցինք պարետին և կարողացանք ստանալ թույլտվություն, որպեսզի այդ աշխատակիցները կարողանան վերադառնալ»,- ասաց Կարեն Սարգսյանը: Ներկայում աշխատանքներն ակտիվ փուլում են: Կարեն Սարգսյանը նշեց, որ բանակցութունների մեջ են, որպեսզի հնարավորություններ ստեղծվեն 2-3 հերթափոխով աշխատանքն իրականացնելու՝ ջրամբարը ժամանակին շահագործման հանձնելու համար: 2021 թվականի առաջին կիսամյակում արդեն պետք է աշխատանքներն ավարտված լինեն: Տարբեր գնահատականներով մոտավորապես աշխատանք արդեն 75-80 տոկոսով արվել է: Ինչ վերաբերում է Կապսի ջրամբարին, ապա Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ նախագիծն ուղարկվել է փորձաքննության: Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ շուտով կսկսեն նաև Կապսի ջրամբարի շինարարությունը:   Ջրային կոմիտի նախագահը տեղեկացրեց նաև, որ մշակել են օրվա կարգավորիչ ջրավազանների կառուցման ծրագիր: Այդ փոքր ջրավազանները կառուցելով՝ կնվազեցվի մեխանիկական ոռոգման մասնաբաժինը, ավելի ինքնահոս ջրամատակարարում կկազմակերպվի: Ջրավազաններում ջրերը հնարավոր կլինի գիշերը կուտակել, ցերեկը մատակարարել ջրօգտագործողներին, արդյունքում չի լինի հավելյալ էլեկտրաէներգիայի ծախս: 
15:40 - 23 հուլիսի, 2020
Ամենայն հավանականությամբ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի. Ջրային կոմիտեի նախագահ |armenpress.am|

Ամենայն հավանականությամբ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի. Ջրային կոմիտեի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում այս տարի տեղումների առումով եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել, և որոշ հատվածներում հայտարարված է սակավաջուր տարի: Այդ իսկ պատճառով վերջին տվյալների համաձայն, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ, Սևանից 19 մլն խմ-ով ավելի ջրառ է իրականացվել: Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ, չնայած դրան, Արփա-Սևան թունելով լիճ է տեղափոխվել մոտ 20 մլն խմ ջուր: «Ինչպես գիտեք, գետերում ջրերի սակավաջրություն է եղել, դա է պատճառը, որ ներկա փուլում այդքան ջուր է վերցվել: Տաք ձմեռը խիստ ազդեց ջրամբարների լցվածության վրա: Ամեն դեպքում, հաշվի առնելով ոռոգվող տարածքների մեր ունեցած պլանները, կարող ենք ասել, որ ամենայն հավանականությամբ, եղած ջուրը կբավարարի, և Սևանին հավելյալ դիմելու անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Կարեն Սարգսյանը
15:05 - 23 հուլիսի, 2020
Ջրային կոմիտեն մինչև 700 հա ստվերային հողատարածքի դեպք է արձանագրել |armenpress.am|

Ջրային կոմիտեն մինչև 700 հա ստվերային հողատարածքի դեպք է արձանագրել |armenpress.am|

armenpress.am: Ջրային կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահում ոռոգվող ստվերային հողատարածքները:  Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ երբ տեսնում են ավելի ջուր է վերցվում, քան ներկայացված հեկտարներն են, ապա պարտադիր ստուգումներ են իրականացնում պարզելու խնդիրը: «Այս ընթացքում կարողացել ենք 500-700 հա ստվերային հողատարածքներ ետ բերել: Բացահայտելուց հետո, օգտագործված ջրերի ցուցանիշները մուտքագրվում են մեր համակարգ, և դա պարտք է ձևավորվում տվյալ ջրօգտագործողների համար: Ասեմ, որ հայտնաբերված ցուցանիշներում խոշոր տնտեսավարողներ չկան: Հիմնականում փոքր տնտեսություններն են, որոնք չեն կնքում պայմանագրեր, ինչի հետևանքով ունենում ենք կորուստներ, չհաշվառված ջուր»,- ասաց Կարեն Սարգսյանը: Ջրի կորուստները նվազեցնելու նպատակով Ջրային կոմիտեն աշխատանքներ է նախատեսել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Այս տարի նախատեսված են հիմնանորոգման աշխատանքներ բոլոր Ջրօգտագորոծող ընկերություններում: Կկատարվեն ջրագծերի, հիդրոտեխնիկական կառույցների նորոգում, նոր պոմպակայանների ձեռք բերում, հների նորոգում: Տարածքային զարգացման հիմանդրամը կսկսի շինարարություն 105 համայնքում, նախատեսված են մոտավոր 260 կմ ներտնտեսային և միջտնտեսային համակարգերի նորոգում և կառուցում: «Ասեմ, որ համայնքների ընտրությունը կատարվել է ըստ առաջնահերթությունների: Մեր առջև դրված խնդիրն է մեխանիկականից անցում կատարել ջրամատակարարման ինքնահոս եղանակի: Արդյունքում՝ կունենանք էլեկտրաէներգիայի խնայողություն, ջրի կորուստների նվազում»,- ասաց Կարեն Սարգսյանը: 
13:46 - 23 հուլիսի, 2020
Ջրային կոմիտեում հանձնարարվել է տարեց, հղի եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների աշխատանքը կազմակերպել հեռավար կարգով

Ջրային կոմիտեում հանձնարարվել է տարեց, հղի եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների աշխատանքը կազմակերպել հեռավար կարգով

Այսօր Ջրային կոմիտեում խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի նախագահին զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացվող աշխատանքների, ՀՀ վարչապետի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականների եւ դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաեւ, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի մասին: Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից։ Կոմիտեի նախագահին ներկայացվել է ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի ընկերություններում գործող հանձնաժողովների աշխատանքը, խոսվել է արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող կազմակերպչական հարցեր։ Վարակազերծող լուծույթների մեծ պահանջարկով պայմանավորված, Կոմիտեում քննարկվել է փոխօգնության կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հեղուկ քլորի որոշակի քանակության տրամադրման հարցը։ Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ ջրօգտագործողների ընկերություններին, «Ջրառ», «Մելիորացիա» եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, սահմանված ընթացակարգով, տարեցների, հղի կանանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար կարգով։ Քննարկվել է նաեւ Կոմիտեի աշխատակազմի աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունը։ Որոշվել է կառույցին սպասարկող տրանսպորտային պարկից առանձնացնել փոխադրամիջոցներ՝ աշխատակիցներին տեղափոխելու նպատակով։ Մասնակիցներին կրկին հորդորվել է՝ վարքականոնների իմացության եւ իրազեկման նպատակով օգտվել Առողջապահության նախարարության հրահանգներից, որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ կազմակերպվեն կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարով պայմանավորված միջոցառումները: Հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի եւ աշխատավայրում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ։ Կոմիտեի նախագահը նշել է, որ չեղարկվում են արտերկրյա բոլոր գործուղումներն ու միջոցառումները, իսկ ներքինները պետք է իրականացվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ Կոմիտեի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի, նոր հանձնարարականներ տվել:
15:37 - 19 մարտի, 2020
Մեծավանի ջրամբարը դատարկվել է անվտանգության նկատառումներով

Մեծավանի ջրամբարը դատարկվել է անվտանգության նկատառումներով

Մեծավանի ջրամբարում ձկնաբուծություն չի նախատեսվել և ջրամբարում ձկների հայտնվելու վերաբերյալ որևէ տեղեկության Ջրային կոմիտեն չի տիրապետում: Այս մասին գրառում է տեղադրվել Ջրային կոմիտեի էջում։   Հրապարակման համաձայն՝ Մեծավանի ջրամբարը կառուցվել է 1989թ․ Լոռու մարզի Մեծավան գյուղից 2 կմ հեռավորության վրա: Ջրամբարը ոռոգման նշանակության է, մեռյալ ծավալ չունի։ Ըստ այդմ, շահագործման ռեժիմներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցանկացած պահի ջրամբարը կարող է դատարկվել: Ջրամբարը դատարկվել է վերջերս՝ անվտանգության նկատառումներով։ Դեռևս 2017թ․, կոնստրուկցիաների քայքայման պատճառով վթարային իրավիճակ է արձանագրվել․ պատվարի ձախ կողեզրին կառուցված աղետային ջրհեռի խրամուղային ջրընդունիչի աջ կողմի բետոնե պատի վերին եզրի՝ մոտ 40 սմ բարձրությամբ և 17 մ երկարությամբ հատվածը փլվել, պոկվել է հիմնական պատից: Խրամուղու կոնստրուկցիան քայքայված է, ինչի հետևանքով հորիզոնական շինարարական կարերի միջով ջուրը ներթափանցում է պատերի բետոնի շերտերը, իսկ հավաքովի երեսպատման սալիկները հեռանում են հիմնական բետոնից: Ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգություն էին հայտնել Լոռու մարզպետը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, որոնք գրություններով դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մեծավանի ջրամբարի պատվարի վերականգնման աշխատանքների ուսումնասիրության և դրանց հրատապության գնահատման հարցը քննարկվել է Ջրային կոմիտեում տեղի ունեցած՝ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստում: ՏԿԵՆ հանձնարարականների համաձայն, ջրամբարի հիդրոտեխնիկական կառուցվածքների/ՀՏԿ/ տեխնիկական վիճակի զննման, նախնական ուսումնասիրությունների, ստեղծված իրավիճակի գնահատման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Ջրային կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն է ներկայացրել: Մեծավանի ջրամբարի հիմնանորոգման նպատակահարմարության հարցը 2019թ․ հունիսի 19-ին քննարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ջրային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է կատարել ջրամբարի ՀՏԿ-ների վերանորոգման աշխատանքներ, քանի որ այդ վիճակում ջրամբարի շահագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
19:40 - 27 փետրվարի, 2020