Անթույլատրելի ենք համարում քաղաքական որևէ գործընթաց, որը կթուլացնի պետության դիմադրողականությունը․«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է․
«Սիրելի' հայրենակիցներ,
2020 թվականի 44-օրյա պատերազմը և դրա վերջնարդյունքը որևէ կերպ չեն փոխել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի առջև առկա մարտահրավերների ծավալը, և այժմ մենք գործ ունենք իրողության հետ, որով որոշվում է մեր ժողովրդի դիմադրության և հանուն ինքնիշխանության պայքարի վճռականությունը:
Ադրբեջանի ռազմատենչ, բացահայտ հայատյաց քաղաքականությունն ի վերջո դրսևորվում է ամենօրյա ռեժիմով, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունում ռուսական ռազմական ներկայությունը կամ դաշնակցային պայմանագրերը, ՀԱՊԿ անդամակցությունը բացարձակապես հետ չեն պահում Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներ և ագրեսիա դրսևորելուց:
Հարգելի' հայրենակիցներ, մենք ապրում ենք մեր անկախության թերևս ամենավճռական շրջափուլում, երբ մեր հավաքական ներուժից, սպառնալիքների ծավալի և բնույթի գիտակցումից, պետական համակարգերի արդյունավետությունից և օպերատիվությունից է կախված առաջիկա տարիների Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին:
Միևնույն ժամանակ անթույլատրելի ենք համարում որևէ քաղաքական գործընթաց, որը կթուլացնի պետության դիմադրողականությունը, կառաջացնի անվստահություն զինված ուժերի նկատմամբ և կստեղծի խուճապ հանրության շրջանում:
Գործող իշխանություններին կոչ ենք անում օգտագործել բոլոր հնարավոր եղանակները ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և համարժեք պատասխանով պատժելու, միջազգային գործընկեր երկրներին խնդիրներն արագ ներկայացնելու՝ այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ դիմելու գործընթաց սկսելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:39 - 16 նոյեմբերի, 2021