ՏԻՄ ընտրություններ-2021

2021 թվականի հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին Հայասանի մի շարք համայքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) ընտրություններ կանցվեն հետևյալ խոշորացված համայնքներում․

  • Գորիս,
  • Մեղրի,
  • Տաթեւ,
  • Տեղ,
  • Դիլիջան։

Նույն օրը մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կուենան հետևյալ համայնքներում․

  • Շամիրամ (ավագանու և համայնքապետի),
  • Ֆերիկ (ավագանու),
  • Ֆիոլետովո (ավագանու և համայնքապետի)։

Դեռ հայտնի չէ, թե որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին։

ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կալանավորված անձանց ՏԻՄ ընտրության իրավունքի ապահովումը․ ըստ սահմանադրագետի՝ իրավական ճիշտ մեխանիզմներ գտնելու կարիք կա

ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կալանավորված անձանց ՏԻՄ ընտրության իրավունքի ապահովումը․ ըստ սահմանադրագետի՝ իրավական ճիշտ մեխանիզմներ գտնելու կարիք կա

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը չի նախատեսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՀՀ այն քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքի ապահովումը, որոնց նկատմամբ որեւէ քրեական գործի շրջանակում կալանավորումն է ընտրված որպես  խափանման միջոց։ Ազգային ժողով-կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ  այս հարցը բարձրացրեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը։ Վերջինս հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի անունը կրող դաշինքը, հաղթահարելով անցողիկ շեմը, ստացավ առավելագույն քանակով՝ 12․814 ձայն, որը հավասարազոր է ավագանու 15 մանդատի։ Ասլանյանը, սակայն, ավագանու առաջին նիստին մասնակցել չկարողացավ (ավելի ուշ պարզ դարձավ, որ նիստը հետաձգվել է), քանի որ անազատության մեջ էր։  Արմինե Կյուրեղյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ հետաքրքրվելով՝ մասնակցելո՞ւ է արդյոք Ասլանյանը ավագանու առաջիկա նիստին, ո՞վ եւ ի՞նչ մեխանիզմներով է ապահովելու նրա մասնակցությունը։ Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե երբ կգումարվի Վանաձորի ավագանու առաջին նիստը։ Անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։ Դատարանը պարտավորեցրել է ավագանուն համայնքապետի ընտրության հարցով նիստ չգումարել, քանի դեռ ներկայացված հայցադիմումի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։  Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ներպետական օրենսդրությունը որեւէ կերպ չի նախատեսել անձի՝ ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքի իրացումը այն դեպքերում, երբ նա կալանավորված է, ուստի իրենք նման լիազորություն չունեն․ «Կան թույլտվության կոնկրետ մեխանիզմներ, թե երբ մարդը, որը գտնվում է կալանքի տակ, իրավունք ունի լքել ՔԿՀ-ն․․․ Ցավոք սրտի, ՔԿՀ ղեկավարը կամ ծառայության ղեկավարը կամ արդարադատության նախարարը իրավասու չեն մեկնաբանել եւ կոնկրետ մի քայլ անել, որը դուրս է իրենց լիազորություններից»,- ասաց նա։ Infocom-ն ուսումնասիրել է, թե ՀՀ օրենսդրությունը կալանավորված անձանց համար ՔԿՀ-ն լքելու ինչ դեպքեր է սահմանում, եւ առհասարակ, ինչպես է հնարավոր ապահովել կալանավորված անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու եւ ընտրվելու իրավունքի իրացումը։ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել ՀՀ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձանց այդ իրավունքը։ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվողների, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող են տրամադրվել  մինչև 7 օր տեւողությամբ կարճաժամկետ մեկնումներ:  «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» կառավարության N 1543-Ն որոշման 193-րդ կետի համաձայն էլ՝ կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստացած կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական, նրան բացատրվում է մեկնման կարգը եւ նախազգուշացվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:  Մեջբերված նորմերից պարզ է դառնում, որ Կարեն Անդրեասյանի պնդումը, թե օրենսդրությունը ընտրելու եւ ընտրվելու նպատակով կալանավորված անձանց ՔԿՀ-ից դուրս թողնելու մեխանիզմ չի նախատեսում, ճիշտ է։ Այս պարագայում, սակայն, հարց է ծագում՝ գործնականում ինչպե՞ս է պետք վարվել, երբ ի հայտ է գալիս կալանավորված անձի կողմից Սահմանադրությամբ երաշխավորված իր այդ իրավունքը իրացնելու խնդիր։ Սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Հարությունյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ իրավական ճիշտ մեխանիզմ գտնելը մասնագիտական խոր եւ համապարփակ վերլուծություն է պահանջում, բայց առաջին հայացքից ակնհայտ է, որ խնդրին լուծում տալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ գործառույթ է ենթադրում տեղական ինքնակառավարման մարմնում կամ խորհրդարանում ընտրվելու լիազորությունը․ «Դա ներկայացուցչական ժողովրդավարություն է, որը իրականացնելու համար ընտրված անձը պետք է կարողանա հասարակության հետ անընդհատ շփում ունենալ, իսկ կալանավորված անձը չի կարողանա ամբողջ ծավալով իրականացնել իր գործառույթները, որովհետեւ մեկուսացած է»։ Դիտարկմանը, որ կարող է լինել նաեւ իրավիճակ, երբ անձը այդ շարունակական շփման արդյունքում ընտրվի եւ դրանից հետո միայն կալանավորվի, Հարությունյանը արձագանքեց․ «Բայց իր գործառույթները սկսում են ի հայտ գալ, երբ ինքը սկսում է իրականացնել իր գործունեությունը ընտրվելուց հետո, սկզբնական շրջանում նա խնդիրներին ծանոթ է լինելու, բայց հետո տեսականորեն նորանոր խնդիրներ են ի հայտ գալու, եւ հաճախ իրավիճակ է լինելու, երբ ինքը չի կարողանալու հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ այդ խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ ինքը կալանավորվել է, այսինքն՝ այսպես թե այնպես ներկայացուցչական ժողովրդավարություն իրականացնող անձի եւ ժողովրդի միջեւ կապը կորելու է, իրենք հեռանալու են իրարից, եւ ֆունկցիոնալ առումով անիմաստ է դառնալու այդ անձի ավագանու անդամ կամ պատգամավոր լինելը»։ Հարությունյանը համաձայն է, որ առանց օրենսդրական կարգավորման անձին կալանավայրից դուրս հանել հնարավոր չէ, ուստի եթե հակասություն կա Սահմանադրության եւ օրենքի միջեւ, կամ պետք է հարցը քննարկել Սահմանադրական դատարանում՝ վիճարկելով տվյալ օրենքի սահմանադրականությունը, կամ օրենսդրական փոփոխություն իրականացնել։ Նրա պատկերացմամբ՝ օրենսդրական փոփոխությամբ կարելի է կալանավորված անձին կարճաժամկետ մեկնման հնարավորություն տալ, քանի դեռ նա օգտվում է անմեղության կանխավարկածից, եւ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ։ Մեկ այլ լուծում, որին ավելի կողմնակից է ինքը, կարող է լինել այն, որ քանի դեռ անձը զրկված է իր լիազորությունները իրականացնելուց, տվյալ կուսակցության ցուցակով հաջորդ թեկնածուն ժամանակավորապես ստանձնի իր լիազորությունները, բայց խիստ անհրաժեշտ է, որ այդ կարգավորումները այլ օրենքների հետ համակցությամբ, այլ ոչ թե առանձին-առանձին դիտարկվեն։ Ընդհանուր առմամբ,  ըստ Հարությունյանի, առաջնահերթ պետք է լինի այն հանգամանքը, որ հասարակությունը ընտրում է ոչ թե անձին, այլ քաղաքական թիմին, որը ունի մի շարք ներկայացուցիչներ, որոնք միմյանց կարող են փոխարինել․ «Չէ՞ որ ժողովրդի քվեն ստանում է ոչ թե ֆիզիկական անձը, այլ քաղաքական ուժը։ Իհարկե, մենք, չունենալով ձեւավորված իրավաքաղաքական սովորույթ եւ մշակույթ, որպես կանոն, ընտրում ենք անձին, ինչպես, օրինակ, խորհրդարանական վերջին ընտրություններին պայքար էր ոչ թե կուսակցությունների, այլ քաղաքական լիդերների միջեւ»։ Նշենք, որ այս խնդրին անդրադարձել էր նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրելով, որ չի կարելի հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի գործի առարկայի հետ, եւ խոսքը Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին է, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում առհասարակ չկան։ Ալեքսանդր Հարությնունյանի կարծիքով՝ ՄԻՊ-ը այդ մասին նշել է՝ հաշվի առնելով, որ մեր պետությունը եւ հասարակությունը չունեն ձեւավորված իրավաքաղաքական սովորույթ, այսինքն՝ կա ռիսկ, որ եթե այդ հնարավորությունը տանք Դատախազությանը կամ քննչական մարմիններին, իրենք դա կօգտագործեն ի շահ իրենց, ոչ թե կառաջնորդվեն իրավունքի գերակայությամբ, իսկ օրենքի գերակայությունն ու իրավունքի գերակայությունը ոչ միշտ են նույնական։ Ի պատասխան հարցին՝ էական չէ՞ արդյոք, որ խոսքը անձի՝ հենց Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի ապահովման մասին է, մեր զրուցակիցն ասաց․ «Բնականաբար, Սահմանադրությունը մայր օրենքն է, օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, եւ նախապատվությունը միշտ պետք է տալ Սահմանադրությանը, բայց Սահմանադրությանը չպետք է վերաբերվենք որպես թղթի վրա գրված հասարակ տեքստի, այն սոցիալական պայմանագիր է, որը ընկած է պետության հիմքում»,- նշեց նա՝ հավելելով, որ ժողովրդավարական ներկայացուցչությունը ժողովրդի կողմից պետության կառավարմանը մասնակցելու ձեւերից է, եւ եթե որեւէ մարմնի անդամ է ընտրվում մի անձ, որը պետք է զբաղվի ժողովրդավարական ներկայացուցչությամբ, նշանակում է, որ նա պետք է պաշտպանի ժողովրդի շահերը, հանդես գա նրա անունից, բայց ժողովրդի հետ շփում չունեցող անձը չի կարող ժողովրդի անունից հանդես գալ։  Հարցին՝ որքանո՞վ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քրեական գործի քննության ընթացքում ցանկացած պահի անձի խափանման միջոցը կարող է փոխվել, եւ ազատության մեջ հայտնվելով՝ նա կկարողանա մշտական կապի մեջ լինել ժողովրդի հետ, Հարությունյանը պատասխանեց․ «Պատկերացրեք՝ անձը երկու տարի կալանավորված է, հետո դուրս է գալիս, որովհետեւ նրա խափանման միջոցը փոխվում է, կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվում է անմեղ, բայց նա այդ երկու տարին արդեն բաց է թողել, հասարակությունից մեկուսացված է եղել, եւ եթե ամեն ինչ դնենք մի կողմ, նա պետք է հասարակության խնդիրներին զրոյից ծանոթանա, որ կարողանա իր ֆունկցիան իրականացնել, ուստի ես խնդիր չեմ տեսնում նրանում, որ այդ նպատակով կալանավայրը կարճաժամկետ լքելու բացառություն նախատեսված չէ, ուրիշ հարց է, որ մեր օրենքները մեծամասամբ իրար հետ «չեն խոսում», ամեն մեկը առանձին գրվում է, եւ շատ հաճախ հակասությունների է հանգեցնում»։ Իր հայտարարությամբ Արման Թաթոյանը որպես մեխանիզմ առաջարկել էր ընտրական իրավունքը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորությունը, ինչը, ըստ Հարությունյանի, հնարավոր, բայց լոկալ լուծում է․ «Մեր դատարանները շատ ծանրաբեռնված են, եւ դա կարող է երկար տեւել, եւ անձը դարձյալ կորցնի կապը հասարակության հետ, դրանից բացի, եթե կալանավորին թույլ տան ունենալ հեռուստացույց, համակարգիչ, որպեսզի ինքը տեղեկանա, խափանման միջոցի իմաստը, ըստ էության, չի կորչի, բայց դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ազատազրկման վայրերի, թե՛ պետության համար»: Հարությունյանի համոզմամբ՝ քրեական իրավունքը գոյություն ունի, որպեսզի հասարակությանը եւս պաշտպանի, եւ եթե որեւէ անձ օրինական հիմքերով կալանավորված է, անկախ նրանից՝ արարքը ինքն է կատարել թե չէ, առկա է այդ արարքը, որով ոտնձգություն է կատարվել հասարակական հարաբերության նկատմամբ, ինչը եւս պետք է պաշտպանել․ «Այսինքն՝ այնպես չէ, որ եթե անձը ընտրվել է, ժողովրդավարական ներկայացուցչությունը ամեն ձեւ պետք է պաշտպանել՝ անտեսելով հասարակական ցանկացած այլ հարաբերություն»,- եզրափակեց Ալեքսանդր Հարությունյանը։   Միլենա Խաչիկյան
21:19 - 12 փետրվարի, 2022
Դավիթ Մինասյանը երդմնակալությամբ ստանձնել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները

Դավիթ Մինասյանը երդմնակալությամբ ստանձնել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները

Այսօր՝ հունվարի 12-ին, տեղի է ունեցել Փարաքարի ավագանու նիստը, որի ժամանակ Դավիթ Մինասյանը երդմնակալությամբ ստանձնել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Դավիթ Մինասյանը: Գրառման մեջ նաև ասված է. «Այսպիսով, երդմնակալության արարողությամբ ստանձնեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները՝ պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։ Իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմին, և իհարկե մեր գործընկերներին՝ ՔՊԿ խմբակցության ավագանու անդամներին, ի դեմս Լյուդվիգ Գյուլնազարյանի, իրենց աջակցության և վստահության համար: Եվ ուրեմն՝ միասին շարունակում ենք համաչափ զարգացնել և շենացնել մեր բոլորիս Փարաքար համայքը: Ի գործ»:
22:52 - 12 հունվարի, 2022
Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդենիսի ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք․ երդմնակալության արարողությունը տեղի է ունենում բակում

Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդենիսի ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք․ երդմնակալության արարողությունը տեղի է ունենում բակում

Վարդենիս խոշորացված համայնքում ոստիկանները թույլ չտվեցին ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք։ Համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում բակում։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել է համայնքապետ և նշանակվել է երդմնակալության արարողության օր։ «Վարչական դատարանում հայց է մուտագրվել, ընդունվել վարույթ, որի մասին մենք տեղյակ չենք եղել։ Հայցի ապահովման կապակցությամբ որևէ միջոց չի ընդունվել, ինչպես նաև չունենք դատարանի օրինական վճիռ, որ ավագանու նիստի ընթացքում ընդունված որոշումը անվավեր է, այսինքն՝ որոշումը իրավազոր է։ Հիմա ավագանին պետք է ներս մտնի համայնքապետարան և աշխատի»,-ասաց փաստաբանը նշելով, որ դատարանում վիճարկվելու է համայնքապետի ընտրությունը, ոչ թե ընտրության արդյունքները, հետևաբար որևէ իրավական հիմք չկա ավագանու անդամներին ներս չթողնելու և նրանց աշխատանքը իրականացնելու։  
12:10 - 04 հունվարի, 2022
Դատարանը անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Դատարանը անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Դատարանը բավարարել է ՔՊԿ Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի Փարաքար համայնքի ավագանիների հայցադիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իմքայլական նախկին պատգամավոր Կարեն Գրիգորյանը և հրապարակել դատարանի որոշումը: Նշենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել էր 10 ձայնով: Ինչից  հետո եկել էին Դավիթ Մինասյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները և համայնքապետ ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է: Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մտնել շենք, և երդմնակալությունը կազմակերպվեց դրսում: Նույն օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը դիմել էր դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցով:  
19:25 - 30 դեկտեմբերի, 2021
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ

2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրա ողջ գործընթացի, ներառյալ՝ ընտրարշավի, քվեարկության օրվա և քվեների հաշվարկի ժամանակահատվածի վերաբերյալ իրավապահ մարմիններն ստացել են առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ՝ ներկայացված ինչպես ԶԼՄ հրապարակումներով և սոցցանցերի օգտատերերի առանձին գրառումներով, այնպես էլ ֆիզիկական անձանց, այդ թվում ընտրության մասնակիցների՝ տեղամասային ընտրական հանձնաժողովիների նախագահների, դիտորդների կողմից տրված հաղորդումներով, ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերով:  Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, ամենաշատ հաղորդում-ահազանգերը վերաբերել են ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում կայացած (թվով  18), ամենաքիչը՝ ՀՀ Տավուշի և ՀՀ Վայոց Ձորի մարզերի ընտրություններին (4-ական):Նշված 87 հաղորդումների զգալի մասն ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ մի մասի կապակցությամբ, հաշվի առնելով դրանց վերացական կամ ընդհանրական բնույթը, ոստիկանության բաժիններում նախաձեռնվել են ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում թվով 79 հաղորդում-ահազանգերից մի մասի դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման ենթակա  հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ մյուս մասի դեպքում նախապատրաստված նյութերով կայացվել են հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: Ութ դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝ Երեք քրեական գործ հարուցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի կապակցությամբ: Դրանցից երկուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կապված Վարդենիս խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալու 2 դեպքի հետ, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  կապված Վարդենիս համայնքի ընտրատեղամասերից մեկում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի հետ: Երկու քրեական գործ վերաբերում է ՀՀ Լոռու մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը՝ կապված Վանաձոր համայնքի ընտրատեղամասերից մեկում կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի հետ, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ մյուսը հարուցվել է Վանաձոր համայնքի ընտրությունների ընթացքում պարտքի դիմաց վերցված անձնագիրը քաղաքացուն չվերադարձնելով վերջինիս ընտրական իրավունքի իրացմանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երկու քրեական գործ առնչվում է ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով՝ Աբովյան խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկի մոտ անձին ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ, իսկ մյուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կրկին Աբովյան խոշորացված համայնքի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու հետ: Մեկ քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով հարուցվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրակաշառք տալու դեպքի կապակցությամբ: Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան: Դատախազության մարմինների կողմից պատշաճ դատավարական ղեկավարման և հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում բոլոր դեպքերին, դրանց առնչվող անձանց արաքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:    
15:33 - 21 դեկտեմբերի, 2021
Ամասիայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հրաժարվել են իշխանության մաս կազմելուց
 |factor.am|

Ամասիայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հրաժարվել են իշխանության մաս կազմելուց |factor.am|

factor.am: Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում  Տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ չեն անցկացվի,  իշխանություն կձևավորվի առանց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ ՏԻՄ ընտրություններում վեց մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ հրաժարվելով մանդատներից։ Քիչ առաջ ավարտվել է թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նիստը․ արդյունքում 9 մանդատ է բաշխվել,  6-ը՝ «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքին, 3-ը՝ ՀՀԿ-ին։ «ՔՊ-ականների գրանցումը համարվեց ուժը կորցրած՝ իրենց դիմումների համաձայն։ Ամասիայում  նոր ընտրություններ միանշանակ չեն լինելու»,-տեղեկացրեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը։
19:08 - 16 դեկտեմբերի, 2021
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 10,30 տոկոսը

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 10,30 տոկոսը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ: Կապանում 31,644 ընտրողից ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 5460 ընտրող (17,25 տոկոսը), Ստեփանավանում` 13,333 ընտրողից 760-ը (5,70 տոկոսը), Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից  34 հոգի (5,01 տոկոսը), Արզնի համայնքում՝ 2052 ընտրողից 52 ընտրող (4 տոկոսը), Իջևանում՝ 33,090 ընտրողից 1985 ընտրող (6 տոկոսը)։  Բոլոր համայնքներում միասին ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 10,30 տոկոսը: Հիշեցնենք, որ այսօր Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում կայանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում ընտրությունները անցկացվում են համամասնական կարգով։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում ընտրելու են նաև համայնքի ղեկավարին։
14:52 - 14 նոյեմբերի, 2021
Որևէ էական խախտումներ այս պահին չեն գրանցվել․ ինֆորմացիոն դաշտում նկատվել է վարչական ռեսուրսի չարաշահում գործադիր իշխանության կողմից․ Դանիել Իոաննիսյան |tert.am|

Որևէ էական խախտումներ այս պահին չեն գրանցվել․ ինֆորմացիոն դաշտում նկատվել է վարչական ռեսուրսի չարաշահում գործադիր իշխանության կողմից․ Դանիել Իոաննիսյան |tert.am|

tert.am: Առավոտից բավականին հանգիստ է իրավիճակը, առանձնապես ուշադրության արժանի միջադեպեր չեն եղել։ Այս մասին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով այսօր Կապանում, Իջևանում, Ստեփանավանում անցկացվող ՏԻՄ ընտրությունների մասին, որոնց ընթացքին հետևում են դաշինքի 88 դիտորդ, 40–ը՝ Կապանում։«Որոշ ուղղություններում նկատվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական գործընթացների վատ տիրապետել դեպքեր, նաև որոշ տեղերում նկատվել են տեխնիկական խնդիրներ։ Կապանից դեպի հարավ գտնվող տեղամասերում ցրտով պայմանավորված փորձել են վառարաններ տեղադրել, մի տեղամասում նույնիսկ տեղամասը որոշակի առումով ծխահարվել է։ Ընդհանուր առմամբ, պրոցեսը նորմալ է ընթանում և որևէ էական խախտումներ այս պահի դրությամբ չեն իրականացվել»,–ասաց նա։Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ նախընտրական փուլում Կապանում դիտվել է բավական ակտիվ քարոզարշավ, իրական մրցապայքար էր զգացվում ամեն քվեի համար։ «Ինֆորմացիոն դաշտում մեր կողմից նկատվել էր որոշակի առումով վարչական ռեսուրսի չարաշահում գործադիր իշխանության կողմից, մասնավորապես Կառավարության կողմից Կապանին հատկացված 9 միլիարդ դրամի կրթական ծրագիրը»–ասաց նա և ուշադրություն հրավիրեց՝ Սուրեն Պապիկյանի կողմից թեկնածուներից մեկի հետ այցը նույնիսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան։
14:06 - 14 նոյեմբերի, 2021
Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում ընտրելու են նաև համայնքի ղեկավարին։ Ստեփանավանում ընտրապայքարին մասնակցում է երեք ուժ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ Վանո Հակոբյանի գլխավորությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։  Կապան համայնքում պայքարելու են երկու ուժեր՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ընտրացուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը։  Իջևան համայնքում ընտրություններին մասնակցում են երկու ուժեր՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը։
10:31 - 14 նոյեմբերի, 2021
Գեղարքունիքի մարզում առաջիկա ՏԻՄ ընտրություններում գրանցվել է 7 կուսակցությունների դաշինք, 6 կուսակցություն |armenpress.am|

Գեղարքունիքի մարզում առաջիկա ՏԻՄ ընտրություններում գրանցվել է 7 կուսակցությունների դաշինք, 6 կուսակցություն |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ եւ Սեւան խոշորացված համայնքներում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քվեարկվելու համար տարածքային ընտրական հանձնաժողովներում գրանցվել են  6 կուսակցություն եւ 7 կուսակցությունների դաշինք։ Գավառ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մեր համայնքը» եւ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ՔՊ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը,  «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի ցուցակը ՝  Գավառի գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Մեր համայնքը» դաշինքի ցուցակը՝ ՀՅԴ անդամ, «Արեւշատ հատուկ կարիքավոր երեխաների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Լավրիկ Արեւշատյանը ։ Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Սեւան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են  «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։  «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Սեւանի գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանը,  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ցուցակը՝ ՀՅԴ անդամ Արտակ Վարդանյանը,  «Հանրապետություն» կուսակցության ցուցակը՝ նույն կուսակցության անդամ Աշոտ Նադարյանը։   Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Մարտունի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» «Հայաստանի Կոմունիստական» «Լուսավոր Հայաստան» «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Ալաշկերտ» եւ «Արդար Հայաստան» կուսակցությունների դաշինքները։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, «Հայաստանի Կոմունիստական»  կուսակցության ցուցակը՝ ՀԿԿ անդամ Ռադիկ Հարությունյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Նաղաշ Հակոբյանը,  «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝ նույն կուսակցության անդամ Արամ Մանուկյանը, «Ալաշկերտ» դաշինքի ցուցակը՝ Սեդրակ Սահակյանը, «Արդար Հայաստան» դաշինքի ցուցակը՝ Արարատ Խաչատրյանը։ Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները։ Վարդենիսում ՔՊ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արամ Մելքոնյանը,    «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը։ 
21:57 - 08 նոյեմբերի, 2021
Արաքս համայնքում ՏԻՄ ընտրություններին «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակը գլխավորելու է Հակոբ Մելքոնյանը

Արաքս համայնքում ՏԻՄ ընտրություններին «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակը գլխավորելու է Հակոբ Մելքոնյանը

 «Հանուն հանրապետության» կուսակցությունը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ։    Ցուցակը գլխավորելու է Հակոբ Մելքոնյանը։      Ցուցակում ընդգրկված են հետևյալ անձինք․   1.Մելքոնյան Հակոբ 2.Մկրտչյան Սարիբեկ 3.Պողոսյան Արմինե 4.Գարեգինյան Գուրգեն 5.Սեփխանյան Սևան 6.Մանուկյան Աննա 7.Բեգլարյան Քաջիկ 8.Պետրոսյան Կարեն 9.Առաքելյան Մարինե 10.Գրիգորյան Գևորգ 11.Գրիգորյան Արման 12.Գայսերյան Տաթևիկ 13.Սարգսյան Տիգրան 14.Գարեգինյան Ալբերտ 15.Վարդանյան Անի 16.Հովհակիմյան Խաչիկ 17.Մարգարյան Էդգար 18.Մելքոնյան Նարինե 19.Սիմոնյան Նարեկ 20.Սիմոնյան Վաղարշակ 21.Գալոյան Ալլա 22.Մուրադյան Հովսեփ 23.Արմենակյան Գևորգ 24.Ավետիսյան Ռիտա 25.Մինասյան Արտակ 26.Հասանով Իշխան 27.Մելքոնյան Նաիրա 28.Միքաելյան Գագիկ 29.Խաչատրյան Տիգրան 30.Գևորգյան Լիլիթ 31.Մանուկյան Ատոմ 32.Մկրտչյան Նարեկ
22:42 - 02 նոյեմբերի, 2021
ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ակտիվորեն կմասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5-ին նախատեսված՝ համայնքների ավագանիների ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կուսակցությունը կմասնակցի նաև նոյեմբերի 14-ին անցկացվելիք՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու ընտրություններին: Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն համայնքներում: Կուսակցությունը դաշինքներով կմասնակցի Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Մարտունի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Շիրակի մարզի Ախուրյան, Արագածոտնի մարզի Թալին և Վայոց Ձորի Մարզի Ջերմուկ համայնքներում կայանալիք ընտրություններին:
20:02 - 02 նոյեմբերի, 2021
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Դավիթ Համբարձումյան» դաշինքով մասնակցելու մասին։ «Սիրելի՛ Հայրենակիցներ, Մասիս համայնքի և հարակից բնակավայրերի սիրելի՛ բնակիչներ, Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Ինչպես տեղյակ եք, Մասիս քաղաքը խոշորացվել է, և հետայսու Մասիս համայնքը իր մեջ ընդգրկում է նախկին Մասիսի շրջանի բոլոր համայնքները: Սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով, որտեղ ընգրկված են մեծամասամբ երիտասարդ, իրենց գործում հաջողություններ գրանցած, բանիմաց անհատներ, ովքեր պատրաստակամ են իրենց ամբողջ կարողությունները ներդնել խոշորացված համայնքի՝ մեր մեծ ընտանիքի զարգացման գործում: Վստահեցնում եմ Ձեզ, որ ես և իմ թիմակիցները ունենք բավարար կամք և պատրաստակամություն յուրաքանչյուր համայնքի /բնակավայրի/ խնդիրները վեր հանելու և դրանք ըստ առաջնահերթության լուծումներ տալու համար: Համայնքների կառավարման ձևի փոփոխության պայմաններում շատ կարևոր է ընտրել այնպիսի համայնքի ղեկավար և այնպիսի թիմ, ովքեր ունակ են անցումային այս ժամանակահատվածում չթերանալ և արագ ու ճիշտ մոտեցմամբ լինել յուրաքանչյուր բնակչի կողքին և շարունակել իրականացնել համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր: Ես՝ որպես Մասիս քաղաքի քաղաքապետ, հանդես կգամ հաշվետվությամբ՝ իմ ղեկավարման տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ, չնայած դրանք տեսանելի են, իսկ սպասվող ծրագրերի մասին կխոսենք նախընտրական քարոզարշավի ժամանակ: Աստված պահապան բոլորիս»,- գրել է նա։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ Հայրենակիցներ, Մասիս համայնքի և հարակից բնակավայրերի սիրելի՛ բնակիչներ,Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։Ինչպես տեղյակ եք, Մասիս քաղաքը խոշորացվել է և հետայսու Մասիս համայնքը իր մեջ ընդգրկում է նախկին Մասիսի շրջանի բոլոր համայնքները:Սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով, որտեղ ընգրկված են մեծամասամբ երիտասարդ,իրենց գործում հաջողություններ գրանցած,բանիմաց անհատներ, ովքեր պատրաստակամ են իրենց ամբողջ կարողությունները ներդնել խոշորացված համայնքի՝ մեր մեծ ընտանիքի զարգացման գործում:Վստահեցնում եմ Ձեզ, որ ես և իմ թիմակիցները ունենք բավարար կամք և պատրաստակամություն յուրաքանչյուր համայնքի /բնակավայրի/ խնդիրները վեր հանելու և դրանք ըստ առաջնահերթության լուծումներ տալու համար: Համայնքների կառավարման ձևի փոփոխության պայմաններում շատ կարևոր է ընտրել այնպիսի համայնքի ղեկավար և այնպիսի թիմ, ովքեր ունակ են անցումային այս ժամանակահատվածում չթերանալ և արագ ու ճիշտ մոտեցմամբ լինել յուրաքանչյուր բնակչի կողքին և շարունակել իրականացնել համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր:Ես որպես Մասիս քաղաքի քաղաքապետ հանդես կգամ հաշվետվությամբ՝ իմ ղեկավարման տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ, չնայած դրանք տեսանելի են, իսկ սպասվող ծրագրերի մասին կխոսենք նախընտրական քարոզարշավի ժամանակ:Աստված պահապան բոլորիս»։
17:50 - 31 հոկտեմբերի, 2021