ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կալանավորված անձանց ՏԻՄ ընտրության իրավունքի ապահովումը․ ըստ սահմանադրագետի՝ իրավական ճիշտ մեխանիզմներ գտնելու կարիք կա
21:19 - 12 փետրվարի, 2022

ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կալանավորված անձանց ՏԻՄ ընտրության իրավունքի ապահովումը․ ըստ սահմանադրագետի՝ իրավական ճիշտ մեխանիզմներ գտնելու կարիք կա

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը չի նախատեսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՀՀ այն քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքի ապահովումը, որոնց նկատմամբ որեւէ քրեական գործի շրջանակում կալանավորումն է ընտրված որպես  խափանման միջոց։

Ազգային ժողով-կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ  այս հարցը բարձրացրեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը։ Վերջինս հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի անունը կրող դաշինքը, հաղթահարելով անցողիկ շեմը, ստացավ առավելագույն քանակով՝ 12814 ձայն, որը հավասարազոր է ավագանու 15 մանդատի։ Ասլանյանը, սակայն, ավագանու առաջին նիստին մասնակցել չկարողացավ (ավելի ուշ պարզ դարձավ, որ նիստը հետաձգվել է), քանի որ անազատության մեջ էր։  Արմինե Կյուրեղյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ հետաքրքրվելով՝ մասնակցելո՞ւ է արդյոք Ասլանյանը ավագանու առաջիկա նիստին, ո՞վ եւ ի՞նչ մեխանիզմներով է ապահովելու նրա մասնակցությունը։

Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե երբ կգումարվի Վանաձորի ավագանու առաջին նիստը։ Անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։ Դատարանը պարտավորեցրել է ավագանուն համայնքապետի ընտրության հարցով նիստ չգումարել, քանի դեռ ներկայացված հայցադիմումի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։ 

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ներպետական օրենսդրությունը որեւէ կերպ չի նախատեսել անձի՝ ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքի իրացումը այն դեպքերում, երբ նա կալանավորված է, ուստի իրենք նման լիազորություն չունեն «Կան թույլտվության կոնկրետ մեխանիզմներ, թե երբ մարդը, որը գտնվում է կալանքի տակ, իրավունք ունի լքել ՔԿՀ-ն․․․ Ցավոք սրտի, ՔԿՀ ղեկավարը կամ ծառայության ղեկավարը կամ արդարադատության նախարարը իրավասու չեն մեկնաբանել եւ կոնկրետ մի քայլ անել, որը դուրս է իրենց լիազորություններից»,- ասաց նա։

Infocom-ն ուսումնասիրել է, թե ՀՀ օրենսդրությունը կալանավորված անձանց համար ՔԿՀ-ն լքելու ինչ դեպքեր է սահմանում, եւ առհասարակ, ինչպես է հնարավոր ապահովել կալանավորված անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու եւ ընտրվելու իրավունքի իրացումը։

Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել ՀՀ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձանց այդ իրավունքը։

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվողների, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող են տրամադրվել  մինչև 7 օր տեւողությամբ կարճաժամկետ մեկնումներ

«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» կառավարության N 1543-Ն որոշման 193-րդ կետի համաձայն էլ՝ կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստացած կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական, նրան բացատրվում է մեկնման կարգը եւ նախազգուշացվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: 

Մեջբերված նորմերից պարզ է դառնում, որ Կարեն Անդրեասյանի պնդումը, թե օրենսդրությունը ընտրելու եւ ընտրվելու նպատակով կալանավորված անձանց ՔԿՀ-ից դուրս թողնելու մեխանիզմ չի նախատեսում, ճիշտ է։ Այս պարագայում, սակայն, հարց է ծագում՝ գործնականում ինչպե՞ս է պետք վարվել, երբ ի հայտ է գալիս կալանավորված անձի կողմից Սահմանադրությամբ երաշխավորված իր այդ իրավունքը իրացնելու խնդիր։

Սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Հարությունյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ իրավական ճիշտ մեխանիզմ գտնելը մասնագիտական խոր եւ համապարփակ վերլուծություն է պահանջում, բայց առաջին հայացքից ակնհայտ է, որ խնդրին լուծում տալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ գործառույթ է ենթադրում տեղական ինքնակառավարման մարմնում կամ խորհրդարանում ընտրվելու լիազորությունը․ «Դա ներկայացուցչական ժողովրդավարություն է, որը իրականացնելու համար ընտրված անձը պետք է կարողանա հասարակության հետ անընդհատ շփում ունենալ, իսկ կալանավորված անձը չի կարողանա ամբողջ ծավալով իրականացնել իր գործառույթները, որովհետեւ մեկուսացած է»։ Դիտարկմանը, որ կարող է լինել նաեւ իրավիճակ, երբ անձը այդ շարունակական շփման արդյունքում ընտրվի եւ դրանից հետո միայն կալանավորվի, Հարությունյանը արձագանքեց․ «Բայց իր գործառույթները սկսում են ի հայտ գալ, երբ ինքը սկսում է իրականացնել իր գործունեությունը ընտրվելուց հետո, սկզբնական շրջանում նա խնդիրներին ծանոթ է լինելու, բայց հետո տեսականորեն նորանոր խնդիրներ են ի հայտ գալու, եւ հաճախ իրավիճակ է լինելու, երբ ինքը չի կարողանալու հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ այդ խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ ինքը կալանավորվել է, այսինքն՝ այսպես թե այնպես ներկայացուցչական ժողովրդավարություն իրականացնող անձի եւ ժողովրդի միջեւ կապը կորելու է, իրենք հեռանալու են իրարից, եւ ֆունկցիոնալ առումով անիմաստ է դառնալու այդ անձի ավագանու անդամ կամ պատգամավոր լինելը»։

Հարությունյանը համաձայն է, որ առանց օրենսդրական կարգավորման անձին կալանավայրից դուրս հանել հնարավոր չէ, ուստի եթե հակասություն կա Սահմանադրության եւ օրենքի միջեւ, կամ պետք է հարցը քննարկել Սահմանադրական դատարանում՝ վիճարկելով տվյալ օրենքի սահմանադրականությունը, կամ օրենսդրական փոփոխություն իրականացնել։

Նրա պատկերացմամբ՝ օրենսդրական փոփոխությամբ կարելի է կալանավորված անձին կարճաժամկետ մեկնման հնարավորություն տալ, քանի դեռ նա օգտվում է անմեղության կանխավարկածից, եւ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ։ Մեկ այլ լուծում, որին ավելի կողմնակից է ինքը, կարող է լինել այն, որ քանի դեռ անձը զրկված է իր լիազորությունները իրականացնելուց, տվյալ կուսակցության ցուցակով հաջորդ թեկնածուն ժամանակավորապես ստանձնի իր լիազորությունները, բայց խիստ անհրաժեշտ է, որ այդ կարգավորումները այլ օրենքների հետ համակցությամբ, այլ ոչ թե առանձին-առանձին դիտարկվեն։ Ընդհանուր առմամբ,  ըստ Հարությունյանի, առաջնահերթ պետք է լինի այն հանգամանքը, որ հասարակությունը ընտրում է ոչ թե անձին, այլ քաղաքական թիմին, որը ունի մի շարք ներկայացուցիչներ, որոնք միմյանց կարող են փոխարինել․ «Չէ՞ որ ժողովրդի քվեն ստանում է ոչ թե ֆիզիկական անձը, այլ քաղաքական ուժը։ Իհարկե, մենք, չունենալով ձեւավորված իրավաքաղաքական սովորույթ եւ մշակույթ, որպես կանոն, ընտրում ենք անձին, ինչպես, օրինակ, խորհրդարանական վերջին ընտրություններին պայքար էր ոչ թե կուսակցությունների, այլ քաղաքական լիդերների միջեւ»։

Նշենք, որ այս խնդրին անդրադարձել էր նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրելով, որ չի կարելի հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի գործի առարկայի հետ, եւ խոսքը Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին է, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում առհասարակ չկան։ Ալեքսանդր Հարությնունյանի կարծիքով՝ ՄԻՊ-ը այդ մասին նշել է՝ հաշվի առնելով, որ մեր պետությունը եւ հասարակությունը չունեն ձեւավորված իրավաքաղաքական սովորույթ, այսինքն՝ կա ռիսկ, որ եթե այդ հնարավորությունը տանք Դատախազությանը կամ քննչական մարմիններին, իրենք դա կօգտագործեն ի շահ իրենց, ոչ թե կառաջնորդվեն իրավունքի գերակայությամբ, իսկ օրենքի գերակայությունն ու իրավունքի գերակայությունը ոչ միշտ են նույնական։ Ի պատասխան հարցին՝ էական չէ՞ արդյոք, որ խոսքը անձի՝ հենց Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի ապահովման մասին է, մեր զրուցակիցն ասաց․ «Բնականաբար, Սահմանադրությունը մայր օրենքն է, օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, եւ նախապատվությունը միշտ պետք է տալ Սահմանադրությանը, բայց Սահմանադրությանը չպետք է վերաբերվենք որպես թղթի վրա գրված հասարակ տեքստի, այն սոցիալական պայմանագիր է, որը ընկած է պետության հիմքում»,- նշեց նա՝ հավելելով, որ ժողովրդավարական ներկայացուցչությունը ժողովրդի կողմից պետության կառավարմանը մասնակցելու ձեւերից է, եւ եթե որեւէ մարմնի անդամ է ընտրվում մի անձ, որը պետք է զբաղվի ժողովրդավարական ներկայացուցչությամբ, նշանակում է, որ նա պետք է պաշտպանի ժողովրդի շահերը, հանդես գա նրա անունից, բայց ժողովրդի հետ շփում չունեցող անձը չի կարող ժողովրդի անունից հանդես գալ։ 

Հարցին՝ որքանո՞վ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քրեական գործի քննության ընթացքում ցանկացած պահի անձի խափանման միջոցը կարող է փոխվել, եւ ազատության մեջ հայտնվելով՝ նա կկարողանա մշտական կապի մեջ լինել ժողովրդի հետ, Հարությունյանը պատասխանեց․ «Պատկերացրեք՝ անձը երկու տարի կալանավորված է, հետո դուրս է գալիս, որովհետեւ նրա խափանման միջոցը փոխվում է, կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվում է անմեղ, բայց նա այդ երկու տարին արդեն բաց է թողել, հասարակությունից մեկուսացված է եղել, եւ եթե ամեն ինչ դնենք մի կողմ, նա պետք է հասարակության խնդիրներին զրոյից ծանոթանա, որ կարողանա իր ֆունկցիան իրականացնել, ուստի ես խնդիր չեմ տեսնում նրանում, որ այդ նպատակով կալանավայրը կարճաժամկետ լքելու բացառություն նախատեսված չէ, ուրիշ հարց է, որ մեր օրենքները մեծամասամբ իրար հետ «չեն խոսում», ամեն մեկը առանձին գրվում է, եւ շատ հաճախ հակասությունների է հանգեցնում»։

Իր հայտարարությամբ Արման Թաթոյանը որպես մեխանիզմ առաջարկել էր ընտրական իրավունքը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորությունը, ինչը, ըստ Հարությունյանի, հնարավոր, բայց լոկալ լուծում է․ «Մեր դատարանները շատ ծանրաբեռնված են, եւ դա կարող է երկար տեւել, եւ անձը դարձյալ կորցնի կապը հասարակության հետ, դրանից բացի, եթե կալանավորին թույլ տան ունենալ հեռուստացույց, համակարգիչ, որպեսզի ինքը տեղեկանա, խափանման միջոցի իմաստը, ըստ էության, չի կորչի, բայց դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ազատազրկման վայրերի, թե՛ պետության համար»:

Հարությունյանի համոզմամբ՝ քրեական իրավունքը գոյություն ունի, որպեսզի հասարակությանը եւս պաշտպանի, եւ եթե որեւէ անձ օրինական հիմքերով կալանավորված է, անկախ նրանից՝ արարքը ինքն է կատարել թե չէ, առկա է այդ արարքը, որով ոտնձգություն է կատարվել հասարակական հարաբերության նկատմամբ, ինչը եւս պետք է պաշտպանել․ «Այսինքն՝ այնպես չէ, որ եթե անձը ընտրվել է, ժողովրդավարական ներկայացուցչությունը ամեն ձեւ պետք է պաշտպանել՝ անտեսելով հասարակական ցանկացած այլ հարաբերություն»,- եզրափակեց Ալեքսանդր Հարությունյանը։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել