Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան
15:38 - 04 հունվարի, 2024

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները․ Մեսրոպ Առաքելյան

Օրենքի ուժով կասեցվել է Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը բռնազավթած Դավիթ Ղումաշյանի լիազորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ 

«Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնը ապօրինի բռնազավթման կապակցությամբ մեր թիմը դիմել էր վարչական դատարան՝ 05.12.2023թ. կայացված ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին, անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունել և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Հետևաբար, այս պահից սկսած կասեցված է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու մասին ավագանու որոշումը՝ մինչև դատարանի որոշում կայացնելը և ուժի մեջ մտնելը։

Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել զոռբայությունը և Դավիթ Ղումաշյանի կողմից անհապաղ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը, հակառակ պարագայում նրա գործողությունները համարվելու են քրեորեն պատժելի արարք` իր իրավական հետևանքներով»,- նշված է գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։

2023 թվականի դեկտեմբերին ՔՊ խմբակցությունը նախաձեռնեց «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Համայնքի ավագանու 27 անդամից 14-ը քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել