Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան
09:46 - 08 դեկտեմբերի, 2023

Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան

Օրեր առաջ Ալավերդու ավագանիների 14 ձայներով անվստահություն էր հայտնվել Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին։  Համայնքի ղեկավար է ընտրել ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։ 

Արկադի Թամազյանը դիմել է Ալավերդու բնակիչներին. 

«Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Օրեր առաջ բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ ՏԻՄ ինստիտուտի բացահայտ ոտնահարման հերթական փորձն արդեն մեր համայնքում։

Շուրջ 1000 ոստիկանի հովանավորչությամբ մի խումբ պատեհապաշտներ, կոպտագույնս արհամարհելով օրենքները, տեսանելի խախտումներով տիրացան համայնքի կառավարմանը։
Ակնհայտ է, որ այդ մարդկանց նպատակը ոչ թե համայնքին ծառայելն է, այլ սեփական խղճուկ ամբիցիաներն ու շահերն ամեն գնով բավարարելը։

Այս մեկ տարվա ընթացքում ես և իմ թիմն ապացուցեցինք, որ համայնքը կառավարվում է բնակիչների ակտիվ մասնակցությամբ, և չնայած երկրի կենտրոնական իշխանությունների հաճախակի ստեղծած արհեստական խոչընդոտներին՝ իրականացված աշխատանքները տեսանելի են և ծանրակշիռ։
Սիրելինե՛րս, այս օրերին ձեր կողմից ուղարկված նամակները, հեռախոսազանգերը, համացանցային հրապարակումներն իրապես ոգևորիչ են, որի համար շնորհակալ եմ։ Համոզված եմ, որ ձևավորված կայուն փոխվստահության մթնոլորտում մենք միասին վերադառնալու ենք Ալավերդին զարգացնելու մեր ընդհանուր գործին։

Հավելեմ նաև, որ մեր թիմը դիմել է դատարան՝ համայնքի ղեկավարի պաշտոնը հակաօրինական, բռնի զավթելու հայցով։

Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը։
Իսկ այդ պայքարում անգնահատելի է ձեզնից յուրաքանչյուրի դերը։
Ես ձեզ հետ կշարունակեմ լինել ամենօրյա կապի մեջ՝ քննարկելու համար մեր հետագա ծրագրերը և անելիքները։

Վաղը համայնքային իշխանությունը զավթածները նախատեսել են համայնքի ղեկավարի երդմնակալության արարողություն, որը ևս համարում եմ հերթական հակաօրինական քայլը։
Շնորհակալ եմ»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել