Քաղաքացիները հավաքվում են ՀՀ ԱԳ նախարարության դիմաց պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը անդրադարձավ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը:
«ՀՀ ԱԳՆ-ի՝ րոպեներ առաջ արված հայտարարությունը վերաբերում է մտահոգությանը: Մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, սակայն Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգվի, այլ պետք է գործողություններ իրականացնի: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ Ադրբեջանի առկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն Հայաստանի ուժերով այս հարցը լուծել, սակայն Հայաստանը պետք է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը:
Մասնավորապես առաջարկում ենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները հրավիրվեն ՀՀ ԱԳՆ և ՀՀ կողմից հստակ պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, որոնք բացառապես գերի են, անկախ նրանից, թե նրանց նկատմամաբ ինչ դատավարություն ոն անցկացվում, պետք է օր առաջ ազատ արձակվեն: Միջազգային հանրության առաջ պետք է հստակ պահանջ դրվի, քանի որ դա միջազգային իրավունքների, նորմերի խախտում է, սա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս չի կազմում, ինչպես սահմանազատումն է և այլ հարցեր»,- նշեց նա:
Առաքելյանն ընդգծեց, որ Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը չի իրականացվում:
«Եթե Ռուբեն Վարդանյանը և մնացած հայրենակիցները Բաքվում գերի են, Նիկոլ Փաշինյանը և մնացած ՔՊ-ականները Բաքվի ստրուկներ են: Եվ ստրուկի հոգեբանությամբ նրանք չեն պատրաստվում որևէ բան անել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանություններն ասում են, որ օր ու գիշեր աշխատում են այս ուղղությամբ, բայց չեն բարձրաձայնում չվնասելու համար, Առաքելյանն արձագանքեց. «Եթե նույնիսկ ընդունենք, որ իրենց ասածը ամբողջովին ճիշտ է, չկա արդյունք: Այո, ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ կառավարության պարտականությունն է, և նրանց օր ու գիշեր աշխատանքը եթե արդյունք չի տալիս, ապա այս մարդիկ պետք է հեռանան: Այսինքն՝ իրենց գլխավոր պարտականություններից մեկը չեն կատարում»:
comment.count (0)