ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ՀՀ և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին:
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել կանչում են՝ «Էստի Համեցեք, Հայաստանից դեռ բան է մնացել»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ ակնարկելով ԱԺ պատին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված քարտեզի մակետի մեծ տարբերակը փակցնելու փաստը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պետական գերատեսչությունների վրա փակցվող դրոշ, զինանշան, ՀՀ տարածքի մակետ պետք է համապատասխանի պահանջներին. «Եվ պատահական չէ, որ ես հարցնում եմ, թե որ ակտի հիման վրա է այս մակետը պատրաստվել»:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ Մինասյանին կոչ արեց այդ հարցն ուղղել իր կուսակից Լևոն Մկրտչյանին. «Ես դպրոցում և համալսարանում սովորել եմ այն ժամանակ, երբ Լևոն Մկրտչյանը կրթության և գիտության նախարարն էր: Ես իմ դպրոցական դասագրքերում տեսել եմ էս քարտեզը որպես Հայաստանի Հանրապետություն՝ մեջն էլ գրված, որ ՀՀ տարածքը 29 743 քառ. կմ է»:
Մինասյանի ելույթի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Աննա Մկրտչյանի փակցրած քարտեզը:
comment.count (0)