Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Թրամփ․ Հութիների ցանկացած կրակոց կդիտարկվի որպես Իրանի կրակոց
 |azatutyun.am|

Թրամփ․ Հութիների ցանկացած կրակոց կդիտարկվի որպես Իրանի կրակոց |azatutyun.am|

azatutyun.am: Հութիների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները ստեղծվել են Իրանի կողմից, պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հութիների կողմից արձակված ցանկացած կրակոց այս պահից կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից և Իրանի զենքից արձակված։ Եվ Իրանն է պատասխանատվությունն ու հետևանքները կրելու, որոնք սարսափելի կլինեն», - իր Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։ Անցած շաբաթ օրը Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Եմենում հութի զինյալների դեմ և զգուշացրել Իրանին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։ Թրամփը հութիներին որակել էր «Իրանի կողմից ֆինանսավորվող հրոսակներ»։ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հերքել է Միացյալ Նահանգների պնդումը Եմենի կողմից որոշումների ընդունման և պետական քաղաքականության մեջ Թեհրանի ներգրավվածության մասին։
20:28 - 17 մարտի, 2025
Պեկինում հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները
 |azatutyun.am|

Պեկինում հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Պեկինում այսօր հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները, մտքեր փոխանակել «Իրանի միջուկային ծրագրի ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։ Համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդգծել են «բոլոր անօրինական, միակողմանի պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը», փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։ «Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը նշել են, որ համապատասխան կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն՝ լուծելու ներկա իրավիճակի խորքային պատճառները և հրաժարվեն պատժամիջոցներից, ճնշումներից կամ ուժի սպառնալիքից», - եռակողմ հանդիպումից հետո ասել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն։ Դիվանագետներն ընդգծել են, որ «փոխադարձ հարգանքի» վրա հիմնված երկխոսությունը խնդրի միակ գործնական լուծումն է՝ կոչ անելով «համապատասխան կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը և կարող է խաթարել դիվանագիտական ջանքերը»։ Օրեր առաջ էլ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել՝ եռակողմ ռազմական կապերն ամրապնդելու նպատակով։
16:17 - 14 մարտի, 2025
Սա կարևոր քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար. Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը

Սա կարևոր քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար. Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը

Իրանը ողջունում է խաղաղության պայմանագրի կետերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաքային՝ նշելով, որ սա անհրաժեշտ և կարևոր քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար։  Նա նաև հույս է հայտնել, որ, «հաշվի առնելով վեճերը երկխոսությամբ և դիվանագիտությամբ լուծելու երկու կողմերի հանձնառությունը, շուտով ականատես կլինեն երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանը»: Հիշեցնենք, որ նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։  
10:19 - 14 մարտի, 2025
Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ  պատերազմ չեն ցանկանում, բայց պատրաստ են ԱՄՆ-ի դեմ վճռական հակաքայլերի |armenpress.am|

Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ պատերազմ չեն ցանկանում, բայց պատրաստ են ԱՄՆ-ի դեմ վճռական հակաքայլերի |armenpress.am|

armenpress.am: Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն սխալ քայլեր ձեռնարկի, ապա հակաքայլերը վճռական կլինեն։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ամերիկացիները և նրանց գործակալները սխալ գործողություններ ձեռնարկեն, Իրանի հակաքայլերը կլինեն վճռական և հստակ: Եվ ամենաշատը կտուժի ԱՄՆ-ն»,- Խամենեիի խոսքն է մեջբերել ISNA գործակալությունը: Խամենին նաև հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չէր կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ստեղծելուց, եթե Թեհրանն իսկապես ցանկանար։ «Իրանի միջուկային զենքի վերաբերյալ նրանք ասում են. «Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»: Նույնիսկ եթե մենք ուզենայինք միջուկային զենք ստեղծել, ԱՄՆ-ն չէր կարողանա կանգնեցնել մեզ: Այն փաստը, որ մենք միջուկային զենք չունենք և չենք ձգտում այն ​​ունենալ, բացատրվում է նրանով, որ ինքներս չենք ուզում ունենալ՝ տարբեր պատճառներով»,-ասել է Խամենեիին։
22:26 - 12 մարտի, 2025
ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց հետ կապված խնդիրներին

ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց հետ կապված խնդիրներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը: ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են դարձել մի շարք իրավական խնդիրներ, որոնց լավարկումը կնպաստի երկու երկրներում անազատության մեջ պահվող օտարերկրյա քաղաքացիների իրավունքների լավագույն պաշտպանությանը։ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հատկապես քրեական և վարչական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ կատարվող բարեփոխումների ընթացքը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա նաև օտարերկրյա անձանց դատավարությունների ժամկետների կրճատման վրա։ Արթուր Աթաբեկյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ ևս, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:
15:06 - 10 մարտի, 2025
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին բացառել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին բացառել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին բացառել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, որ նա ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Այս մասին հաղորդում է Իրան Ինթերնեյշնլը մեդիա գործակալությունը։ «Որոշ հալածող կառավարությունների պնդումները ուղղված չեն բանակցություններում խնդիրների լուծմանը, այլ ուղղված են գերակայություն հաստատելուն և իրենց պահանջների պարտադրմանը», - ասել է Խամենեին Թեհրանում Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: «Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի ընդունի նրանց պահանջները»,- հավելել է նա։ Նրա մեկնաբանությունները հաջորդել են Թրամփի հայտարարությանը, որ ինքը Իրանի առաջնորդին նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ միաժամանակ զգուշացնելով, որ այլընտրանքը ռազմական միջամտությունն է։
21:42 - 08 մարտի, 2025
Իրանը հրաժարվում է ուղիղ բանակցություններից ԱՄՆ-ի հետ՝ շարունակվող ճնշումների պատճառով |armenpress.am|

Իրանը հրաժարվում է ուղիղ բանակցություններից ԱՄՆ-ի հետ՝ շարունակվող ճնշումների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Իրանը չի մտնի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեջ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման և սպառնալիքի քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին AFP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ոչ մի ուղղակի բանակցությունների մեջ չենք մտնի ԱՄՆ-ի հետ քանի դեռ նրանք շարունակում են իրենց առավելագույն ճնշման քաղաքականությունը և իրենց սպառնալիքները»,- ասել է Արաղչին։ ծ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ և նշել, որ մարտի 6-ին նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ հույս հայտնելով, որ Թեհրանը համաձայնություն կտա բանակցություններին։  
20:53 - 07 մարտի, 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Իրանի պետական հեռուստատեսությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Իրանի պետական հեռուստատեսությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը (IRIB): Հարցազրույցը՝ ստորեւ.  IRIB - Հանուն Բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք ամբողջությամբ չեն իրացվել: Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ինչպե՞ս է սահմանվում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ և ուրախ եմ այս հնարավորության համար: Ես միշտ ընդգծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա: Եվ սա թերևս երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում: Եվ մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական երկխոսության մակարդակում, և՛ տնտեսական գործակցության մակարդակում: Մենք ուրախ ենք տեսնել ավելի շատ զբոսաշրջիկների Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն այցելող և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն այցելող, և նաև մեր առևտրաշրջանառությունը բնական տեմպերով աճում է: Իհարկե, կան նաև խնդիրներ, խոչընդոտներ, որոնց չլինելու դեպքում գուցե թե այդ հարաբերությունները, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին, բայց նաև կարծում եմ, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք աճի բավականին լավ տեմպ ունենալ: Պիտի ասեմ նաև, որ մեր առևտրաշրջանառության աճը համարժեք է մեր տնտեսական աճին, որը բավականին բարձր է: Այս առումով՝ կարծում եմ, որ մենք պետք է գոհ լինենք հարաբերությունների այն մակարդակից, որն ունենք և աշխատենք, իհարկե, ավելի արդյունավետ դարձնել այդ հարաբերությունները։ IRIB - Դուք ասացիք, որ Իրանը պետք է հարաբերությունները զարգացնելու ինչ-որ քայլեր ձեռնարկի: Ի՞նչ պետք է անի: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, ես ասացի, որ մեր հարաբերությունները բնականոն զարգացման ծիրի և ուղեծրի մեջ են, և կարծում եմ, որ և՛ Հայաստանի Կառավարությունը, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարությունն այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարաբերությունների զարգացումն ապահովելու համար, իրականացնում են, և դրա վկայությունը մեր առևտրաշրջանառության աճն է: Եվ նաև ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ իրանական ընկերությունները բավական լայնորեն ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, այսօր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև նոր մաքսային անցակետի շինարարության մեջ է ներգրավված Իրանի Իսլամական Հանրապետության ընկերություն, Հյուսիս-Հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածը հիմա հաջողությամբ իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող ընկերություն։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության կողմից կա կամք բնական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը պահելու բնական ուղեծրի վրա։ IRIB - Ինչպես տեղյակ եք՝ Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարևորը երկու երկրների ազգային շահերն են: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ հարաբերությունները Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևն ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ միջազգային հարաբերությունները բարդ են և միշտ էլ բարդ են եղել, այսինքն` մենք մարդկության պատմության մի ժամանակաշրջան չենք կարող դուրս բերել, որ ասել, գիտեք ինչ՝ հարաբերությունները շատ պարզ էին, հարաբերությունները միշտ բարդ են և միշտ կա ցանկություն անել ավելին և այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման և աճերի: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն ենք, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանիկ, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող և զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք… Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից: IRIB - Ասում են՝ Ձեր իշխանությունն արևմտամետ է: Արդյոք այս քաղաքականությունը չի հակասում... Այդ մտահոգությունը գոյություն ունի, որ այս ընթացքը՝ արևմտամետությունը, կազդի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեր հարաբերությունների վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր Կառավարությունը որդեգրել է և իրականացնում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և այս ձևակերպումն իսկ չի ենթադրում կամ նույնիսկ բացառում է մետության որևէ քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնվում է և ավելի ու ավելի շատ պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա, և սա մեր ընդհանուր մոտեցումն է: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա, հեղափոխությունից հետո այդ գնահատականներն ավելի սուր և ավելի շատ էին հնչում: Բայց եթե մենք հետահայաց նայենք 2018 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների դինամիկային, թող անհամեստություն չդիտվի, բայց ես չեմ կարծում, թե վերջին յոթ տարվա հարաբերությունների զարգացման այս դինամիկան զիջում է նախկինում գոյություն ունեցած որևէ յոթ տարվա։ Մյուս կողմից պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 2000 թվականից, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը նաև այս կազմակերպության հենց հիմնարար բերումով, շատ ամուր կապեր ունի Եվրոպայի հետ, եթե արևմուտք ասելով նկատի ունենք Եվրոպան, Հայաստանը նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է: Մյուս կողմից՝ մենք 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո որդեգրել ենք ժողովրդավարական բարեփոխումների մի օրակարգ, և այդ բարեփոխումների շուրջ բավականին ակտիվ համագործակցություն ենք ծավալում Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ և այլն, և այդպես շարունակ: Բայց մյուս կողմից՝ մենք նաև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանային քաղաքականությանը, ընդ որում՝ արձանագրելով, որ մեր տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր տեսլականը, կառավարման իր մոդելը, քաղաքական իր հայացքը և գաղափարախոսությունն ունի, և մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի և պետության ինքնիշխան իրավունքին՝ որոշելու իր զարգացման բովանդակության վերաբերյալ հարցերին։ Բայց մյուս կողմից՝ տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի, պայմանական, արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ։ Եվ այս առումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, որովհետև ինչպես ասացի, դա բխում է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունից։ Ես կարող եմ այդպիսի հավակնոտ պնդում անել, որ մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը: Այս ըմբռնումն է, որ բնականոն պայմաններ է ստեղծում մեր հարաբերությունների խորացման համար: IRIB - Այս հարցն առաջացավ իմ մեջ, եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Այսինքն՝ մեր բնականոն և բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, և ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետև դա այնքան ակնհայտ է։ Ասացի, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ գան Հայաստանի Հանրապետություն։ Ես ամենապարզ օրինակն եմ բերում, որպեսզի լսարանին էլ հասկանալի լինի իմ ասածը, ավելի բարդ բովանդակությունների մեջ չեմ մտնում։ Մենք ուզում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի շատ զբոսաշրջիկներ գան։ Ե՞րբ դա տեղի կունենա, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունում լինի լավ բնական տնտեսական զարգացում, կայունություն և անվտանգություն։ Ես այս մի օրինակը բերեցի, որն իմ ասածի ընդամենը շատ փոքր հատվածն է, չնայած շատ կարևոր հատված, ես այս օրինակը բերեցի՝ ցույց տալու համար, թե ինչպիսի՞ն է մեր ընկալումը Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ։ Բայց մյուս կողմից, ես ուզում եմ ասել նաև, որ մենք փոխադարձաբար պետք է նաև հնարավորությունները տեսնենք։ Դուք խոսեցիք չօգտագործված հնարավորությունների մասին, բայց նաև պետք է ընդգծել՝ որո՞նք են այդ չօգտագործված հնարավորությունները։ Մասնավորապես, Հյուսիս-հարավ առևտրատնտեսական ուղղությամբ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցելու շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն, և մենք աշխատում ենք հիմա դրա վրա։ Մյուս կողմից կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք և դեպի հյուսիս Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ, ամենավստահելի ճանապարհն է, և մենք այս թեմաների շուրջ էլ քննարկումներ ենք ունենում Իրան Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ: Սրանք հարցեր են, որոնք էլի կարող են արտահայտվել, եթե երկու երկրների և կառավարությունների միջև լինի վստահություն։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք ամենաբարձր մակարդակով մեր շփումներում արձանագրում ենք, որ երկու երկրների կառավարությունների, երկու երկրների միջև կա վստահություն։ Վստահություն չի նշանակում, որ մենք բացարձակապես ամեն ինչին նայում ենք նույն կերպ, ամեն ինչի շուրջ ունենք նույն մեկնաբանությունը։ Ոչ, վստահություն նշանակում է, որ մենք փոխադարձաբար մեր և տարածաշրջանային հարաբերությունների մասով ծանոթ ենք միմյանց մտքերի ընթացքին, և այդ մտքերի ընթացքի նկատմամբ ունենք որոշակի ըմբռնում։ IRIB - Վերջերս ռազմավարական համագործակցության համաձայնագիր եք ստորագրել Միացյալ Նահանգների հետ: Նկատի ունենալով այն դառը փորձը, որ նման երկրների հետ ունեցել ենք, որքանո՞վ եք հույս հայտնում, որն այն կկիրառվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես արդեն ասացի, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության ներքո մենք զարգացնում ենք մեր բոլոր գործընկերների հետ հարաբերությունները: Միացյալ Նահանգների հետ էլ մեր հարաբերությունները նորություն չեն, և այո, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, ընդ որում՝ բոլորովին վերջերս է ստորագրվել այդ փաստաթուղթը, և մենք պիտի այդ փաստաթուղթը որպես օրակարգ վերցնենք և փորձենք իրագործել։ Ընդ որում՝ շատ կարևոր է արձանագրել, որ դա հրապարակային փաստաթուղթ է, և ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների, գործընկերների, մեր տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ հնարավորությունները, որոնք միշտ էլ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն։ Սա, իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ասացի, երբեք էլ հեշտ չի եղել և երբեք էլ հեշտ չի լինելու, պետք է պարզապես գտնել ուղիներ, ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ։ IRIB - Դժվարությունը, խնդիրը Հայաստանը չէ, այլ ԱՄՆ-ն է, որը չի կատարում իր հանձնառությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյան -Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել նաև մեր տարածաշրջանային շահերը և մենք շարունակելու ենք այս գործելակերպով առաջնորդվել։ IRIB - Ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները Թրամփի իշխանության գալուց հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դե գիտեք, Միացյալ Նահանգներում ընդամենը մի ամիս առաջ է նոր վարչակազմ ձևավորվել և նոր վարչակազմի ձևավորման ու նոր վարչակազմի հետ հարաբերություններում ադապտացման փուլ է բոլոր երկրների համար: Այդ ադապտացման փուլն անցնելուց հետո է, որ պետք է այդ հարաբերությունները գնահատվեն։ IRIB - Հաշվի առնելով Ադրբեջանից Նախիջևան տարանցիկ երթուղու հետ կապված մարտահրավերները՝ խնդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ն է Հայաստանի ընդհանուր քաղաքականությունն այս երթուղու առնչությամբ, ինչո՞ւ դեռևս չի ստորագրվել և ի՞նչ կարմիր գծեր գոյություն ունեն Հայաստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեղյակ եք, որ մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ կամ արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնումը։ Կարողացա՞ ներկայացնել՝ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Եվ մենք, բոլորովին վերջերս, շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին այս խնդիրը լուծելու համար, և խոսքն առաջին փուլում վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը: Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ: Եվ այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք՝ լիարժեք բավարարում է այս պայմանին: Բացի դա, շատ կարևոր է, որ ինքը բավարարում է նաև լիարժեք, լիաթոք, ամբողջական բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին, այսինքն, որ այդ բեռնափոխադրումներն իրականանան, չլինեն խոչընդոտներ և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, ինչն է այստեղ նրբությունը, որ այսօր Ադրբեջանից դեպի Նախիջևան կապ կա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և մենք ասում ենք նաև, որ ըստ էության, մեր պատկերացումներն այնպիսին են, որ այն պայմանները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջարկում է Ադրբեջանին, նույն պայմանները պատրաստ ենք նաև առաջարկել մենք, իհարկե՝ հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է: Մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների գնալ՝ իհարկե, փոխադարձության սկզբունքով: Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե ինչ տեղի կունենա այս նախագիծն իրագործելու պարագայում։ Սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկարողանան միմյանց տարածքներն օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։ Դուք գիտեք, որ մենք այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի կունենանք, ինչն էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները: Եվ միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ ունենալ երկաթուղային լիարժեք բեռնափոխադրումներ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիարժեք կերպով կինտեգրվեն միջազգային երկաթուղային ցանցին: Բայց սա միևնույն ժամանակ, նորից ուզում եմ ասել, էականորեն կխորացնի նաև առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի և Հայաստանի միջև։ Տեսեք, երբ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ և ամենահարմար ճանապարհներից է, բայց այսօրվա դրությամբ մենք երկաթուղային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն չունենք։ Շատ վաղուց է քննարկվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը, բայց ռելիեֆի բերումով նման երկաթուղին չափազանց մեծ ներդրումներ է պահանջում և այսօրվա պայմաններում դեռևս չկա հիմնավորում, որ հնարավոր բեռնափոխադրումները թեկուզ երկարաժամկետում կկոմպենսացնեն այդ ծախսը: Բայց իմ նշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման պարագայում և մենք երկաթուղային կապի հնարավորություն կունենանք դեպի Պարսից ծոց, դեպի Օմանի ծոց, նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ Հայաստանի տարածքով դեպի Սև ծով և ապա նաև դեպի արևմուտք։ Սա շատ կարևոր նախագիծ է, բայց ուզում եմ ասել, որ մենք շատ ակտիվ և լուրջ ենք տրամադրված և ուզում ենք, որ այս նախագիծն իրականացվի, այո, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանից՝ Երասխից դեպի Մեղրի, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ընդգծել միջազգային կարևորագույն համատեքստը։ Այսօր միջազգային փոխադրման գլոբալ ճգնաժամ կա, որը պայմանավորված է այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Եվ այսօր ահռելի մեծ ծավալի բեռներ սպասում են հնարավորության արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ հոսելու համար, և եթե մեր տարածաշրջանային այս տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները բացվեն, այդ բեռնափոխադրումների ծավալն այնքան մեծ է, որ նույնիսկ և՛ Հայաստանի, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի տարածքով ենթակառուցվածքները չեն բավարարի այդ ամբողջ հոսքը սպասարկելու համար: Սա նաև տարածաշրջանային համագործակցության ենթակառուցվածքային նոր նախագծերի մասին մտածելու շատ մեծ հնարավորություն է տալիս: IRIB - Որոշ երկրներ ինչ-որ տեսակետ են հայտնել, թե երրորդ երկրներն այս խաչմերուկի ճանապարհները հսկեն կամ ՄԱԿ-ի կողմից լինի: Ո՞րն է Ձեր տեսակետը, ինչպե՞ս եք գնահատում դա: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե թարգմանենք քիչ առաջ իմ ասած սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականության լիարժեք հարգում, եթե սա այս թարգմանության միջոցով պատասխանենք Ձեր հարցին, պատասխանը հետևյալն է՝ երրորդ ուժերի մասին խոսակցությունը ներկայության… IRIB - Այսինքն՝ նրանք որպես դիտորդներ ներկա լինեն այդտեղ երրորդ երկրի կողմից: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե թարգմանենք իմ ասածը, դա նշանակում է, որ երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն՝ մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում և նման անհրաժեշտություն չկա բնականորեն: Ավելին ասեմ, տեսեք՝ շատ է խոսվում դրա մասին և որոշ շահարկումներ կան, բայց ուզում եմ նորից ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր, երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք չի բերել և չի համաձայնվել, որ կամ տրանսպորտային երթուղիների տրամաբանությամբ, կամ որևէ այլ տրամաբանության մեջ մեր տարածքում մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով սահմանափակվի։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս չունեն։ IRIB - Դուք հայտարարել եք, որ խաղաղության պայմանագիր կստորագրեք Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ մինչև հիմա չի ստորագրվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև խաղաղության պայմանագրի նախագծում դեռ կան երկու հոդվածներ, որոնց շուրջ դեռ չի հաջողվել գալ համաձայնության, և մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ: IRIB - Նոուրուզի՝ իրանական Նոր տարվա շեմին ենք կանգնած: Ո՞րն է Ձեր պատգամը այդ առիթով Իրանի ժողովրդին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրանի ժողովրդին ցանկանում եմ բարեկեցություն, զարգացում, խաղաղություն, երջանկություն, ինչը և ցանկանում եմ Հայաստանի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Իրանի ժողովրդին, բարեկամ եղբայրական ժողովրդին ցանկանում եմ այն նույնը, ինչ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Եվ իհարկե, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետությանը, նրա բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության իմ գործընկերներին այդ կարևոր տոնի առիթով: IRIB - Խորին շնորհակալություն, պարոն վարչապետ, մեզ ժամանակ տրամադրելու համար: Ես էլ իմ հերթին հաջողություն եմ մաղթում Ձեզ և Հայաստանի ժողովրդին: Անչափ շնորհակալ եմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ շատ:
09:50 - 05 մարտի, 2025
ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, և սա, թերև, երաշխիք է, որ երկու երկների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում։ Այս մասին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր հարաբերությունները զարգանում են և քաղաքական երկխոսության, և տնտեսական գործակցության մակարդակում, բնական տեմպերով աճում է մեր առևտրաշրջանառությունը։ Կան խնդիրներ և խոչընդոտներ, եթե դրանք չլինեին, հարաբերությունները մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին։ Այն, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, այդ բանաձևը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար։ Միջազգային հարաբերությունները բարդ են և միշտ էլ բարդ են եղել, միշտ կա ցանկություն՝ անել ավելին, այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման և աճերի։ Մենք Իրանի ԻՀ-ի շահերի նկատմամբ զգայուն ենք, և ԻԻՀ-ն նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն են, ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հենց հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու վրա։ Ես միշտ հակված եմ Իրանի հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք կան՝ գաղտնիք չէ, այդ թվում՝ բարդ հարաբերությունները Իրանի և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք ունենք լավ հարաբերություններ, և մենք փորձում ենք Իրանի զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում այն պատճառով, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից։ Իրանի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, դա բխում է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունից։ Մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի և այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա ՀՀ-ին»,- ասաց Փաշինյանը։ Հարցին՝ եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի ԻՀ-ի դեմ, որո՞նք են լինելու ձեր գործողություններն այդ պարագայում, Նիկոլ Փաշինյանը նախ ասաց՝ պետք է ճշտել՝ ինչ է նկատի առնվում սպառնալիք ասելով, բայց ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Մեր բնականոն և բնական շահերի վրա հիմնված հարաբերությունները հենց են գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը, անվտանգությունը չափազանց կարևոր են մեզ համար։ Պատասխանելով լրագրողի հարցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթի մասին, Փաշինյանն ասաց, որ այդ փաստաթուղթը որպես օրակարգ պիտի փորձել իրագործել․ «Դա հրապարակային փաստաթուղթ է, ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների, տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, և այդ համագործակցության համատեքստում տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ հնարավորություններն ավելի կընդգծվեն»։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այդ համատեքստում կարևոր թեմա է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկաթուղու բացումը․ «Մենք վերջերս կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին, որը նախ վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը։ Այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։ Այն լուծումը, որն առաջարկել ենք, լիարժեք բավարարում է ինչպես այս, այնպես էլ բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին»։ Տարածաշրջանային կոմունիկացիաները երրորդ երկրների ուժերի կողմից վերահսկելու խոսակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասաց, երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է ՀՀ-ի համար․ « Մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում և նման անհրաժեշտություն չկա բնականորեն։ ՀՀ-ն երբեք, ոչ գրավոր, ոչ բանավոր պարտավորություն չի ստանձնել, որ որևէ տրամաբանության մեջ մեր տարածքում մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը սահմանափակվի»։
22:26 - 04 մարտի, 2025