ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Ժաննա Անդրեասյանը:

Քննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

Քննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։ Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝ Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.). Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տունը (1945-1950 թթ.). Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիրը (1985-1986 թթ․). Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող հնձանը (19-րդ դ․ վերջ - 20-րդ դ. սկիզբ). Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ Սարգիս մատուռը (19-րդ դ.): Հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտը (մ.թ.ա. 1-ին հազ. սկիզբ). Դաշտաքար գյուղի բնակատեղին (մ.թ.ա. 3-1-ին դդ.). Ուրցաձոր գյուղի գյուղատեղին (մ.թ.ա. III հազ., միջնադար). Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցին (13-14-րդ դդ․)։ Միաժամանակ քննարկվել են նաև Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտի (Ք.ա. 1-ին հազ. սկիզբ, երկաթե դար), Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ Սարգիս մատուռի (19-րդ դ.), Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցու (13-14-րդ դդ․) և ևս 22 այլ նորահայտ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։
19:14 - 06 մարտի, 2025
Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար

Պետություն-մասնավոր համագործակցությամբ կրթաթոշակի հնարավորություն՝ օտարերկրյա հեղինակավոր բուհեր ընդունվողների համար

ՀՀ կառավարությունը 2025թ. մարտի 6-ի նիստում հաստատեց ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախագիծը ներկայացնելիս ընդգծեց, որ դրա ընդունումը բխում է ոլորտում իրականացվող բարեփոխումներից և Կառավարության՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում, մասնավորապես՝ ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրում և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: «Հաշվի առնելով նախկինում եղած ռիսկերը՝ փորձել ենք այնպիսի մեխանիզմ ներդնել, որը ավելի մեծ արդյունավետություն կունենա և հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար»,- նշեց Ժաննա անդրեասյանը: Նա ընդգծեց, որ փորձ է արվում կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական միջամտության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռել, որ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկյա հեղինակավոր բուհերում, ֆինանսավորում ստանան պետության կողմից: Խոսքը այն ուսումնական հաստատությունների մասին է, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում, մասնավորապես՝ 1. առաջին 65 բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում, 2. առաջին 75 բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները՝ մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։ Սովորողին յուրաքանչյուր կրթական աստիճանով ուսումնառության համար կրթաթոշակ կարող է տրվել մեկ անգամ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով ծրագրի գործելու հիմնական պայման է, որ մասնակցություն ունենա մասնավորը. «Առևտրային կազմակերպությունը, որը վերջին 5 տարվա ընթացքում ունեցել է առնվազն 100 աշխատող, պետք է համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո պետությունը ևս ամեն տարի մինչև 10 մլն դրամ (մնացորդային գումարի չափով) կրթաթոշակ կտրամադրի»: Այս նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, գործատուի և սովորողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր: «Կարևոր պայման է նաև այն, որ սովորողը ուսումնառությունն ավարտելուց հետո համապատասխան մասնագիտությամբ առնվազն 3 տարի պետք է աշխատի առևտրային կազմակերպությունում»,- ընդգծեց նախարարը: Այս կետի իրացումն ապահովելու համար գործատուն և սովորողը պետք է կնքեն աշխատանքային պայմանագիր, որը կողմերի համաձայնությամբ կարող է ներառել այլ կետեր ևս: Գործատուն պարտավորություն ունի ՀՀ պետբյուջե փոխանցել պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի կրկնապատիկը առնվազն 3 տարի փաստացի աշխատելու կանոնը չպահպանելու դեպքում, և պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի եռապատիկը, եթե շահառուն՝ 1. ուսման ավարտից հետո մասնագիտությանը համապատասխան աշխատանքի չի անցնում գործատուի մոտ, 2. ուսումնառությունը կիսատ է թողնում, 3. տեղափոխվում է կարգով չնախատեսված այլ հաստատություն: Ժաննա Անդրեասյանի խոսքով այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որ մի շարք առանցքային ոլորտներ համալրվեն որակյալ կադրերով, որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական և արդյունաբերական գործընթացներում՝ դրանք դարձնելով ավելի արդյունավետ և արտադրողականության տեսանկյունից բարենպաստ: Նոր գիտելիքներով ինտելեկտուալ կապիտալը կնպաստի փորձի փոխանցմանն ու փոխանակմանը։  Կրթաթոշակային նոր քաղաքականություն մշակելու շրջանակներում իրականացվել է նաև մասնավոր կազմակերպությունների  փորձի՝ ուսանողների հետվերադարձի վիճակագրության ուսումնասիրություն:  «Օրինակ՝ «Լույս» հիմնադրամի պարագայում շուրջ 20%-ն է վերադարձել և որևէ կերպ ներդրում ունեցել երկրի տնտեսությունում: Կարծում ենք՝ այս մոտեցմամբ խնդիրը էապես կարգավորվում է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Խոսելով կրթաթոշակի տրամադրման մեխանիզմների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետագայում համանման գործունեություն պատվիրակվել է «Իմ քայլը» հիմնադրամին, որի դեպքում արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 61%-ն է վերադարձել. «Էլի 40% չվերադարձելիություն ունենք, որը պրոբլեմ է»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ծրագրի շրջանակում կրթաթոշակ ստացողների պարտադիր հետվերադարձի համար գործուն մեխանիզմներ սահմանել։ Ընդունված կարգով նախատեսված պետական կրթաթոշակներին տրվող ընդհանուր չափը և կրթաթոշակների առավելագույն թիվը հրապարակվելու են Կոմիտեի կայքում յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 1-ը: Սովորողները կարգի շահառու դառնալու համար կարգում ներկայացված փաստաթղթերը ներկայացնելու են մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը:
15:40 - 06 մարտի, 2025
Շանհայի վարկանշավորման համակարգի բուհեր ընդունված և ավարտած 45 ուսանողից 19-ը չի վերադարձել Հայաստան |1lurer.am|

Շանհայի վարկանշավորման համակարգի բուհեր ընդունված և ավարտած 45 ուսանողից 19-ը չի վերադարձել Հայաստան |1lurer.am|

1lurer.am: 2018-ից գործում է տարկետման համակարգ, որը տրամադրվում է Շանհայի վարկանշավորման համակարգի առաջին 50 բուհեր ընդունված ուսանողների համար: 2018 թվականից ի վեր 380 հոգի օգտվել է այդ համակարգից, նրանցից ավելի քան 330-ը դեռ սովորում է, իսկ 45-ը ավարտել է: Այդ մասին Կառավարության՝ մարտի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ավարտած ուսանողներից քանի՞սն են վերադարձել ՀՀ, քանի որ եթե 45-ն էլ չեն վերադարձել, ապա արտոնությունը պետք է հանել: «Այս պահին հստակ տվյալ ունենք 19-ի վերաբերյալ, որոնք չեն վերադարձել, մյուսների հետ փորձում ենք, շարունակում ենք կապ հաստատել»,- ասաց նախարարը: Վարչապետը նկատեց՝ էական չէ՝ չվերադարձողները տղանե՞ր են, թե՞ աղջիկներ, քանի որ խնդիրը միայն զինվորական ծառայության անցնելը չէ: «Վերադարձածների վիճակագրությունը կտաք, եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինի, մենք այդ արտոնությունը բան ենք անում… Կներեք, մենք այդքան ռեսուրս չունենք՝ զարգացած երկրների զարգացման համար ներդրում անելու: Իրենք իրենց զարգացման համար ներդրում անելու ձևը կգտնեն»,- ասաց վարչապետը: Հիշեցնենք, որ քննարկումը ծավալվել է այն որոշման նախագծի համատեքստում, որով առաջարկվում է ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը վերանայել ֆինասնավորման տեսանկյունից: Այն է՝ պետությունը և տվյալ մասնագետի կարիքն ունեցող, առնվազն 100 աշխատող ունեցող ընկերությունը պետք է համաֆինանսավորեն տվյալ մասնագետի վերապատրաստման համար 50/50 համամասնությամբ: Կրթությունից հետո շրջանավարտը պետք է առնվազն 3 տարի աշխատի տվյալ կազմակերպությունում:
13:41 - 06 մարտի, 2025
Հազարավոր երեխաներ՝ հերթում. Երևանում ծնվածների միայն կեսին կարող են ընդունել համայնքային մանկապարտեզները

Հազարավոր երեխաներ՝ հերթում. Երևանում ծնվածների միայն կեսին կարող են ընդունել համայնքային մանկապարտեզները

Ի՞նչ կկատարվի, եթե Երևանում ծնված 2-6 տարեկան բոլոր երեխաները հերթագրվեն գալիք ուսումնական տարում համայնքային մանկապարտեզ հաճախելու համար։  Կարճ պատասխան  Երևանում ծնված նախադպրոցական տարիքի՝ 2-6 տարեկան 55 9041 երեխաների կեսին հերթը չի հասնելու, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 162 մանկապարտեզների տեղերի քանակը 27 9702 է՝ կրկնակի պակաս երեխաների թվից։ Իհարկե, բոլոր երեխաները չեն հերթագրվում՝ հաճախելով մասնավոր մանկապարտեզներ կամ մնալով տանը՝ ծնողների կամ դայակների մոտ։ Սակայն խնդիր է անգամ հերթագրվածներին տեղավորելը։ Այս հարցի տվյալահեն պատասխանը ստանալու և հերթերի՝ «Ինֆոքոմի» ստեղծած հաշվիչը փորձարկելու համար շարունակի՛ր կարդալ։ Երկար պատասխան (13 րոպե + դիտելիք և լսելիք) Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 162 համայնքային3 մանկապարտեզ, որոնց տարողունակությունը թույլ է տալիս նախադպրոցական կրթություն իրականացնել 27 970 երեխայի համար, մինչդեռ մայրաքաղաքում ծնված և այժմ 2-6 տարեկան երեխաները 55 904-ն են։  Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին նախադպրոցական կրթություն ստացողների ընդգրկվածությունը Երևանում 46․4% է, Հանրապետությունում՝ 36․2%: ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով ակնկալվում է, որ 2030 թվականին Հանրապետությունում 3-5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված է լինելու նախադպրոցական ծառայություններում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, որ Երևանի պարագայում այդ արդյունքին հասնելն իրատեսական է։ Նման արդյունքի հասնելու համար նույն ծրագրով նախատեսվում է ինչպես համայնքային նախադպրոցական առկա հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում, նորերի կառուցում, այնպես էլ մասնավոր հաստատությունների թվի աճ։  Մանկապարտեզի հերթում՝ հազարավորներ Մենք դիտարկեցինք, թե ինչպիսի հարաբերակցություն է նախադպրոցական տարիքի երեխաների և մանկապարտեզների տարողունակության միջև։ Սակայն բոլոր ծնողները չեն, որ ցանկանում են երեխաներին ուղարկել համայնքային մանկապարտեզներ՝ նախընտրելով մասնավոր մանկապարտեզները կամ տնային առօրյան։ Բոլոր այն ծնողները, որոնք ցանկանում են երեխային ուղարկել համայնքային մանկապարտեզ, պետք է հերթագրվեն Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» կառավարման համակարգում։ Ըստ այս համակարգի՝ մարտի 3-ի դրությամբ համայնքային մանկապարտեզ է հաճախում 27 490 երեխա, հերթագրված է 14 853 երեխա։ Այս պահին հաճախողներից 8 910-ը ավագ խմբի երեխաներն են՝ ծնված 2019 թվականին։ Ստացվում է, որ սեպտեմբերին նրանք մանկապարտեզը կավարտեն, և նրանց տեղերը կզբաղեցնեն միջին խմբի՝ 2020 թվականին ծնված 8 863 երեխաները և նույն թվականին ծնված, բայց հերթում սպասող 414 երեխաներից 47-ը։ Նույն տրամաբանությամբ կվերադասավորվեն նաև մյուս խմբերի երեխաները։  2023 թվականին ծնված երեխաները, որոնք ցանկանում են հաճախել կրտսեր խումբ, մարտի 3-ի դրությամբ 5 181-ն են։ Հաշվի առնելով նախորդ տարիներին ծնվածներից համայնքային մանկապարտեզ դիմողների քանակը՝ այս թիվը մինչև սեպտեմբեր կարող է հասնել 9 000-ի։  Ստացվում է՝ սեպտեմբերի դրությամբ ավելի քան 9 600 հերթագրված երեխա այնուամենայնիվ չի կարողանա հաճախել մանկապարտեզ, ինչը ցանկություն ունեցողների 26%-ն է։ Այսինքն՝ մանկապարտեզների ներկա տարողունակության պայմաններում համայնքային նախադպրոցական հաստատությունները նախընտրող երեխաների միայն 74%-ին կհաջողվի գոնե մեկ տարի հաճախել մանկապարտեզ։   Մանկապարտեզներում հերթերը՝ ըստ վարչական շրջանների Մենք ուսումնասիրել ենք Երևանի բոլոր վարչական շրջանների համայնքային մանկապարտեզների տարողունակությունն ու հերթերը․ մարտի 1-ի դրությամբ բացարձակ թվով հերթագրված երեխաների ամենամեծ թիվը Շենգավիթ վարչական շրջանում է, իսկ ամենաքիչը՝ Նուբարաշենում։ Նուբարաշեն վարչական շրջանում, սակայն, քիչ են նաև մանկապարտեզներում առկա տեղերը։ Այս պահին գործում է երկու մանկապարտեզ, որոնք միասին ունեն 281 սան, իսկ այս պահին հերթագրված է 267 երեխա, այսինքն՝ արդեն իսկ հաճախողների 95%-ի չափով էլ հերթագրվածներ կան։ Սակայն Նուբարաշեն վարչական շրջանում այդ ծանրաբեռնվածությունը կարող է առաջիկայում նվազել, քանի որ քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2025 թվականին այս վարչական շրջանում մանկապարտեզի կառուցման աշխատանքներ են իրականացվելու՝ հիմք ունենալով հենց գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթագրման ցուցանիշները, նախադպրոցական կրթության՝ տարեցտարի աճող պահանջարկը։ Այս ցուցանիշով Նուբարաշենին հաջորդում են ավելի մեծ բնակչությամբ Էրեբունի վարչական շրջանը, որտեղ արդեն 1 մանկապարտեզի կառուցմամբ խնդիրը չի կարող լուծվել։ Էրեբունիում ամենացածրն է նաև ամեն 1000 բնակչի հաշվով մանկապարտեզներում առկա տեղերի քանակը4։ Այս վարչական շրջանի բնակչությունը 126 700 է, իսկ բոլոր մանկապարտեզները միասին ունեն 1 900 տեղ։ Ստացվում է, որ ամեն 1000 բնակչի հաշվով մանկապարտեզում ընդամենը 15 տեղ կա։ «Հաշվիր» ինքդ․ մանկապարտեզների հաշվիչ «Մանկապարտեզ» կառավարման համակարգի տվյալների հիման վրա «Ինֆոքոմը» ստեղծել է տեղեկատվական հաշվիչ,5 որի միջոցով կարող եք տեղեկություններ ստանալ Երևանի մանկապարտեզների տարողունակության, սաների թվի, հերթագրված երեխաների թվի, ծանրաբեռնվածության մասին երեք մակարդակում՝ ամբողջ համայնքում, առանձին վարչական շրջաններում և առանձին մանկապարտեզներում։ Ընտրեք վարչական շրջանը և/կամ առանձին մանկապարտեզը և ծանոթացեք այս պահին առկա իրավիճակին։ Ինչ են պատմում ծնողները «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը սահմանում է, որ ծնողներն  ազատ են ընտրել երեխայի նախադպրոցական կրթությունն ապահովելու տարբերակը՝ այն կազմակերպելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ընտանիքում, անհատական մանկավարժական գործունեության միջոցով և նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում։ «Ինֆոքոմը» օնլայն հարցում է անցկացրել նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների շրջանում։ Հարցմանը մասնակցած երևանաբնակ 216 ծնողից 108-ը կամ 50%-ը նշել է, որ երեխան/երը հաճախում են համայնքային մանկապարտեզ, ինչը շատ մոտ է վերևում ներկայացված հաշվարկային ցուցանիշին՝ Երևանի՝ նախադպրոցական տարիքի բոլոր երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու 50% կարողությանը։ Մյուս կեսն այս պահին օգտվում են այլընտրանքային տարբերակներից։ Սակայն եթե երեխան համապատասխան տարիքում չի կարող մանկապարտեզ հաճախել ազատ տեղ չլինելու պատճառով, ապա որոշակիորեն սահմանափակվում է պետության սահմանած նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը, քանի որ այդ դեպքում դա ոչ թե ծնողի ընտրությունն է, այլ հարկադրված որոշում։ Մեր հարցմանը մասնակցած 216 ծնողներից 63-ը նախընտրում է մասնավոր մանկապարտեզ։ Նրանցից 27-ը, սակայն, նշել է, որ դա հարկադրված ընտրություն է՝ պայմանավորված համայնքային մանկապարտեզներում առկա հերթերով։ Անահիտ Էվոյանը, օրինակ, իր երեխային հերթագրել է իր բնակավայրի՝ Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկում, երբ երեխան 3 տարեկան էր։ Այդ տարի երեխայի հերթը չի հասել, և նա ստիպված երեխային տարել է մասնավոր մանկապարտեզ՝ հույս ունենալով, որ հաջորդ տարի հերթը հասնելուն պես կտեղափոխի։ Սակայն հերթը չի հասել, և երեխան շարունակել է հաճախել մասնավոր մանկապարտեզ, որից Անահիտը այժմ շատ գոհ է։ Ավան վարչական շրջանի բնակիչ Հասմիկ Ամիրյանը սկզբում դիմել է մասնավոր մանկապարտեզ, քանի որ երեխան 1.5 տարեկան էր, հետո հերթագրել համայնքային մանկապարտեզում։  «Հերթը ժամանակին հասավ, սակայն մանկապարտեզի շենքային պայմանները տեսնելուց հետո հրաժարվեցի երեխային տեղափոխել, և շարունակեց հաճախել մասնավոր մանկապարտեզ։ Այժմ երեխաս 5 տարեկան է, և նախատեսում ենք այս վերջին տարում դիմել մեր ընտրած դպրոցի նախակրթարան, որը նույնպես վճարովի է»,- նշում է Հասմիկը։ Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ մասնավոր կենտրոններից ոչ բոլորն են, որ իրականացնում են լիցենզավորված գործունեություն։ Մասնավորապես, 2023-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ԿԳՄՍ նախարարությանը տրամադրել է Երևանում նախադպրոցական ոլորտում գործող առնվազն 320 կազմակերպության ցանկ, որոնցից միայն 137-ն են լիցենզավորված եղել:  «Եթե կազմակերպությունն իրականացնում է ամբողջական կրթական ծրագիր՝ 8 ժամ տևողությամբ, բնականաբար պետք է ստանա լիցենզիա՝ մանկապարտեզի կամ նախակրթարանի համար՝ ապահովելով տվյալ գործունեության համար սահմանված լիցենզավորման պայմաններն ու պահանջները (շենքային պայմաններ, սանիտարական նորմեր, մասնագիտական անձնակազմի որակավորման պահանջներ և այլն)»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաճյանը: Մասնավոր նախակրթական կենտրոնների ամսական վարձավճարը սկսվում է 30 հազար դրամից և հասնում 250-300 հազար դրամի։ Ըստ հարցման շրջանակում ծնողներից ստացված տվյալների՝ միջին ամսավճարը կազմում է 104 հազար դրամ։ Կենտրոն վարչական շրջանի բնակիչ Արփի Ավետիսյանը նույնպես նախընտրում է մասնավոր մանկապարտեզ, քանի որ կրթության որակի և մասնագետների աշխատանքի առումով այդքան էլ չի վստահում համայնքային մանկապարտեզներին։ Իսկ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Քրիստինա Խաչատրյանը, ում երեխայի հերթը հասել է հերթագրումից մեկ տարի անց, այդ ընթացքում երեխայի առօրյան հաստատությունում ապահովելու համար դիմել է մասնավոր մանկապարտեզ, սակայն երեխան չի հարմարվել։ Այժմ երեխան հաճախում է համայնքային մանկապարտեզ, և Քրիստինան շատ գոհ է մանկավարժների աշխատանքի արդյունքից։ Հարցման մասնակից 216 ծնողներից 9-ն էլ նշել է, որ նախադպրոցական տարիքի երեխայի առօրյան ապահովում է դայակի օգնությամբ։ Նրանցից մեկը՝ Նանեն, չի դիտարկում նախադպրոցական հաստատություն դիմելու տարբերակը․ վստահ է, որ նույնիսկ ամենաորակյալ մանկապարտեզը չի կարող անհատական վերաբերմունք ապահովել։ «Կարծում եմ, որ երեխային հենց տան պայմաններում անհատական մոտեցում պետք է ցուցաբերի դայակը։ Մեկ դայակը չի կարող տասը երեխայի խնամել։ Օրինակ՝ իմ բալիկն անընդհատ ուշադրության կարիք ունի, մենք տանն էլ իր հետևից անընդհատ վազում ենք։ Իսկ սոցիալիզացվելու համար նախընտրում եմ 4-5 տարեկանում տարբեր խմբակներ տանել, որ նախքան դպրոց գնալը ապահովենք շփումը հասակակիցների հետ»։ Դայակի ծառայության ծախսը, կախված ներգրավման ժամերից, տատանվում է 30 հազար դրամից մինչև 150 հազար դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 250 հազար։ Նանեն նշում է, որ դայակը խնամքից բացի նաև մասնագիտական մոտեցում է ցուցաբերում, ապահովում է կրթությունը, երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացումը, դրա համար չի սահմանափակվել միայն բարեկամների օգնությամբ։ Հարցմանը մասնակցած ծնողներից 26-ը նշել է, որ երեխային իրենք են խնամում տանը, որոնցից 19-ը նշել է, որ հարկադրված չի աշխատում, քանի որ պետք է մնա տանը և խնամի երեխային։ Սյուզաննան, որն ապրում է Նորք-Մարաշում, իր 2 տարեկան երեխային հերթագրել է այս տարի և հուսով է, որ նա սեպտեմբերից կհաճախի, քանի որ նրա դեպքում կա արտահերթության արտոնություն՝ երեխան ընտանիքում երրորդ զավակն է։ «Հենց երեխաս սկսի հաճախել մանկապարտեզ, ես կկարողանամ աշխատանքի անցնել, մինչ այդ ստիպված եմ տանը մնալ և ինքս խնամել»,- պատմում է Սյուզաննան։ Նախադպրոցական կրթության ազդեցությունը երեխայի զարգացման վրա Նախադպրոցական կրթությունը մինչև վեց տարեկան երեխայի մեջ ձևավորում է վարվելակերպի տարրական նորմեր, նրա ընդունակությունները, հակումներն ու կարողությունները։ Այդ շրջանը կարևոր է գնահատվում երեխայի էմոցիոնալ, սոցիալական և կոգնիտիվ կարողությունների զարգացման համար, սակայն ինչպես նշեցինք՝ Հայաստանում օրենքով պարտադրված չէ։ Նախադպրոցական կրթության իրավունքի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի ուսումնասիրության համաձայն՝ հետազոտված 193 երկրներից 51-ում նախադպրոցական կրթությունը պարտադիր է: Այդ երկրներից 11-ը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներ են՝ այդ թվում Չեխիա, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Սերբիա, Մոլդովա։ Այն երկրները, որոնք ընդունել են պարտադիր նախադպրոցական կրթության դրույթները, հիմնականում պատկանում են միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներին։ Հետազոտությունը նաև պարզել է, որ անվճար կամ պարտադիր  նախադպրոցական կրթություն ունեցող երկրներն ունեն վաղ մանկության բարեկեցության բարձր ցուցանիշներ: Բրազիլիայում համեմատել են 1-5 տարեկան 167 երեխաների երկու խումբ, որոնք հաճախում են և չեն հաճախում հանրային ցերեկային մանկական կենտրոններ, և արձանագրել, որ հաճախող երեխաներն ավելի շատ հնարավորություններ ունեն համագործակցության, հարմարվողականության, տարեկիցների հետ հարաբերություններ կառուցելու, սոցիալիզացվելու համար։ Ինչ է պլանավորում քաղաքապետարանը «Մանկապարտեզ» կառավարման համակարգի տվյալներով 14 համայնքային մանկապարտեզ վերանորոգման կարգավիճակ ունի, որոնցից 9-ում փաստացի իրականացվում են շինարարական աշխատանքներ, իսկ դրանցից 5-ը առայժմ պարզապես փակ են վերանորոգման նպատակով։ Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությամբ Երևանում նախատեսվում է հաջորդող տարիներին հիմնանորոգել ևս 32 մանկապարտեզ։ Եթե վերադառնաք մեր տեղեկատվական հաշվիչին, քարտեզի վրա կարմիր շրջանակներով կարող եք տեսնել վերանորոգվող մանկապարտեզները։ Քաղաքապետարանը հայտնում է, որ 2025 թվականին քաղաքաշինական առկա և կանխատեսվող իրավիճակի դիտարկման արդյունքների համադրմամբ նախատեսվում է պատվիրել 4 մանկապարտեզ, ինչպես նաև ավարտին հասցնել 4 նոր մանկապարտեզների կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Ինչ պատկեր է Թբիլիսիի մանկապարտեզներում Հարևան Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում, որը բնակչության թվով համադրելի է Երևանի հետ (Թբիլիսի՝ 1․26 միլիոն, Երևան՝ 1․13 միլիոն), գործող նախադպրոցական պետական հաստատությունները 190-ն են, որտեղ, ըստ Վրաստանի վիճակագրական կոմիտեի, նախադպրոցական կրթություն է իրականացվում 51 461 երեխայի համար։  Թբիլիսիի մանկապարտեզներում կրտսեր խմբում առավելագույնը 25 երեխա է, Երևանում՝ 20, իսկ միջին և ավագ խմբերում երեխաների առավելագույն թիվը 30 է, ինչպես Երևանում։ Այսպիսով Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղի սահմանափակ լինելու պատճառով հազարավոր երեխաներ շարունակում են սպասել իրենց հերթին՝ երբեմն ստանալով մանկապարտեզ հաճախելու ընդամենը մեկ տարվա հնարավորություն։  Զուգահեռ՝ ծնողները  հաճախ ստիպված են այլընտրանքներ փնտրել՝ մասնավոր մանկապարտեզներ, դայակների ծառայություններ կամ տնային խնամք։ Մանկապարտեզների ծանրաբեռնվածությունը ոչ միայն ազդում է  կրթության հասանելիության, այլ նաև ծնողների աշխատունակության վրա։ Ծանոթագրություն 1. ՀՀ վիճակագրական կոմիտեն չունի Երևանում փաստացի բնակվող կամ գրանցված նախադպրոցական տարիքի երեխաների թվի վերաբերյալ տվյալներ։  Այդ մասին մոտարկված տվյալը ստացել ենք Վիճակագրական կոմիտեից։  2018-2024 թվականներին Երևանում ծնված երեխաներից առանձնացրել ենք 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ 2-6 տարեկաններին, այսինքն՝ նախադպրոցական կրթության շահառուներին։ Արդյունքում ստացվել է 55 904 երեխա։ Այս թիվն, իհարկե, կարող է տատանվել, քանի որ Երևանում ծնված լինելը չի նշանակում փաստացի բնակվել այդտեղ և հակառակը՝ փաստացի բնակվողների մեջ կարող են լինել երեխաներ, որոնք չեն ծնվել Երևանում, բայց ապրում են այդտեղ։ Միաժամանակ, այս տվյալներում ներառված չեն բռնի տեղահանումից հետո Երևանում հաստատված արցախցի ընտանիքների երեխաները, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաները։ 2. Մանկապարտեզների քանակի, խմբերի, սաների և հերթագրված երեխաների թվի մասին բոլոր տվյալները վերցված են Երևանի «Մանկապարտեզ» կառավարման համակարգի պաշոնական կայքից: Վերանորոգման ենթակա մի քանի մանկապարտեզների տվյալներում երևում են որոշակի թվով գրանցված սաներ: Մանկապարտեզների մասին պաշտոնական կայքում նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների ընդհանուր թիվը ներառում է նաև վերջիններիս, սակայն մեր հաշվարկում նրանց չենք ներառել, քանի որ նրանք միայն գրանցված են, ոչ թե փաստացի հաճախող։ 3. Համայնքային մանկապարտեզ ասելով՝ տվյալ դեպքում հասկանում ենք Երևանի ենթակայությամբ գործող մանկապարտեզները, որոնց մարդիկ հաճախ անվանում են «պետական» մանկապարտեզ, սակայն 1996 թ․ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմամբ պետությունը նախադպրոցական կրթությունը հանձնել է համայնքներին, և դրանք այժմ կոչվում են Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ ՀՈԱԿ, և գործում են համայնքային բյուջեով։ 4. Հասանելիությունը գնահատելու համար 1000 բնակչի հաշվով առկա տեղերի ցուցանիշը այդքան էլ կատարյալ պատկեր չի տալիս․ մանկապարտեզներում առկա տեղերի քանակը նախընտրելի կլիներ հաշվարկել նախադպրոցական տարիքի 1000 երեխայի հաշվով, սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեն ըստ վարչական շրջանների նման բացվածք չունի։ Վարչական շրջանների բնակչության թիվը վերցված է 2024 թվականի Հայաստանի ժողովրդագրական ժողովածուից։ 5. Հաշվիչն արձանագրում է տվյալ պահին առկա իրավիճակը։ Տարվա ընթացքում առանձին ցուցանիշներ կարող են փոփոխվել, հատկապես ուսումնական տարվա ավարտին և մեկնարկին, սակայն վարչական շրջանների և առանձին մանկապարտեզների տվյալների միջև համեմատությունը կարտացոլի մանկապարտեզների հասանելիության/ծանրաբեռնվածության հիմնական պատկերը։ Ի տարբերություն հաշվիչի, որը ամեն շաբաթ թարմացվում է, նյութում ներկայացված հաշվարկներն իրականացված են մարտի 3-ի դրությամբ առկա տվյալների հիման վրա։ Հեղինակներ՝ Միլենա Բարսեղյան, Կատյա Մամյան, Յուրի Ագաֆոնով Մանկապարտեզների հաշվիչը՝ Յուրի Ագաֆոնովի
21:39 - 05 մարտի, 2025
Առաջարկվում է ԿԳՄՍ նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը

Առաջարկվում է ԿԳՄՍ նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանn ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել: «Փորձում ենք սպորտային կարևոր ենթակառուցվածքը վերադարձնել պետությանը և վերջինիս բարեկարգմամբ նպաստել նաև մեր երկրում սպորտի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ստացվել: Նախարարի խոսքով՝ արդեն իսկ կան մի շարք ծրագրեր, որոնք օրենքի ընդունմամբ հնարավոր կլինեն իրագործել: ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարևորելով տաբեր ձևաչափերով մասնավորի հետ համագործակցությունը, տեղեկացրել է՝ արդեն իսկ համագործակցության վերաբերյալ հետաքրքրություն կա ֆուտբոլային և մարզական այլ կազմակերպության կողմից: Հիշեցնենք՝ նախատեսվում է հիմնանորոգել մարզահամալիրն ու ստեղծել հավաքականների մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցում կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, ՀՀ առաջնություններ, միջազգային այլ մրցաշարեր: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն: Նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:
18:11 - 25 փետրվարի, 2025
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում

Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ գրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում. կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Միաժամանակ, շրջաբերական գրության մեջ շեշտվում է, որ վերոնշյալ միջոցառումների կազմակերպման ընթացքում պետք է բացառել պարտադրված դրամահավաքը: ««Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքությունը, այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված՝ ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների և դասարանների ձևավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին և նվերներին»,- մասնավորապես նշվում է շրջաբերականում: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Հավելենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-600 հեռախոսահամարով:
15:11 - 24 փետրվարի, 2025
Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում

Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Համաժողովի պանելային քննարկումներից մեկի թեման պետության վարած գիտական քաղաքականությունն էր։ Մասնակիցներն էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ)՝ տվյալների հավաքագրման վերլուծությունների բաժնի պետ Սմբատ Հակոբյանը,  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու (ԵՊՀ) Սոնա Մանուսյանը, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը (ԳԱԱ Հնագիտության ազգագրության ինստիտուտ)։  Պանելը վարում էր «Բուն» TV-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը, որը քննարկումը սկսեց հետևյալ հարցից՝ ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»։  Մի քանի պանելիստներ նշեցին՝ տերը մեկը չէ․ և՛ կառավարությունն է, և՛ գիտնականներն իրենք են, և՛ հանրությունն է։  Աղասի Թադևոսյանն, ինչպես նախորդ քննարկման մասնակիցները, կարևորեց ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելը։  «Կարող է ինչ-որ մի մարդ (կապ չունի՝ այդ մարդը երկրի ղեկավարն է, թե ով) վեր կենա, որոշի, որ ինքը այնքան կոմպետենտություն ունի, որ կարող է ամբողջ ազգին կանգնել ու ասել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Օրինակ՝ ինքնության հարցում իրակա՞ն Հայաստանն է ճիշտ, թե՞ պատմականը այն դեպքում, երբ որ պատմական Հայաստանն էլ է իրական։ Եթե խոսում ես այդպիսի բաներ, գոնե պետք է խոսես միֆական Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրության մասին։ ․․․․ Քաղաքական ոլորտների մարդիկ կոմպետենտ չեն գիտական դիսկուրս ու մտավոր դիսկուրսի հարցում, դա գիտությունն է ստեղծում, նրանք սպառողներն են, նրանք պետք է օգտվեն մեր ստեղծածից»։  Աղասի Թադևոսյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն ասաց՝ գիտության արտադրանքը կիրառության մեջ դնելն իսկապես խոչընդոտների է բախվում․ «Բարի ցանկությամբ շատ դժվար է վեր կենալ և ասել՝ մենք ուզում ենք Հայաստանում այս գիտությունը զարգանա, այս թեմայով զբաղվեն գիտնականները, մենք էլ վերջում ստանանք այս արդյունքը, որը կլինի շատ չափելի։ Կա շատ մեծ ճեղքվածք այն պետական քաղաքականության, որ պիտի վարի, օրինակ, Ֆինանսների նախարարությունը կամ Առողջապահության նախարարությունը, և գիտության միջև։ Այդ կոմունիկացիան բացակայում է»։  ԲԿԳԿ ներկայացուցիչը, սակայն շեշտեց, որ Հայաստանում փոխարենն ակադեմիական ազատությունն է բարձր մակարդաի վրա՝ գիտնականներն ունեն ազատություն որոշում կայացնելու, թե ինչ թեմա հետազոտեն և ինչպես հետազոտեն․ «Ըստ իս, եթե նրանք գիտակցում են խնդիրներ, որոնցով ուզում են զբաղվել, և դա կիրառական նշանակություն ստանա, կա ազատ դաշտը դա անելու։ Այլ հարց է, որ համակարգվածություն չկա դրա մեջ»։  Սմբատ Հակոբյանը Հարություն Վերմիշյանն արձագանքեց՝ շատ մեծ ռիսկ կա շփոթելու ազատություն և ինքնագլխություն եզրույթները․ «Գայթակղությունը բավական մեծ է լինել ինքնագլուխ թեմայի ընտրության, մեթոդի, տեսության ընտրության գործունեության և արդյունք սահմանելու հարցում, բայց սա ինքնագլխություն կարող է չկոչվել, դառնալ ազատություն այն դեպքում, երբ մենք ունենք գիտական համարժեք հանրույթ։ Գիտնականը զուտ դիպլոմավորված մասնագետը չէ, գիտությամբ զբաղվելը սոցիալականացում է ենթադրում, և եթե մենք ունենք այդ բարեվարքության  առումով սոցիալականացված հանրույթ, ազատությունը այն ճոխությունն է, այն արժեքն է, որը որ պետք է շրջանառվի։ Օրինակ, նույն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, համալսարանները և մնացած պատասխանատու կառույցները ինչքանո՞վ են տիրապետում իրավիճակին, ինչքանո՞վ է այդ արժեքային դաշտը ստեղծված»։  Նա որպես օրինակ նշեց հայկական գիտական ամսագրերը, որոնք այսօր գրեթե անկում են ապրում, և որոնք գրախոսության, օբյեկտիվության ու այլ խնդիրներ ունեն։ Հարություն Վերմիշյանը Աղասի Թադևոսյանը նկատեց՝ պետությունը չպիտի մտնի բովանդակային ոլորտ ու գիտնականներին թելադրի՝ ինչ թեմաներով զբաղվել, փոխարենը՝ կառավարող վերնախավերը, իրենց առաջ դրված խնդիրներից ելնելով, կարող են որոշակի հարցադրումներ ձևակերպել և խրախուսման տարբեր մեխանիզմներ մտածել, օրինակ՝ դրամաշնորհային ծրագրերով խրախուսել գիտնականներին զբաղվել պետության համար կարևոր թեմաներով։  Սոնա Մանուսյանը կարևորեց կիրառական հարցերից առաջ նախևառաջ տեսական հարցերի պատասխաններ տալը՝ հաշվի առնելով իր ոլորտի՝ հոգեբանության առանձնահատկությունները․ «Հոգեբանությունը ներմուծված գիտություն է Հայաստանում, նա չի կայացել որպես գիտակարգ, առաջին հերթին ներմուծվել է որպես պրակտիկա։ Ինձ համար մի քիչ ավելի մեծ խնդիր է, որ մենք դեռ տեսական հարցերին պատասխանենք, նոր խոսենք կիրառականի մասին։ Մենք նույնիսկ չենք հասկացել՝ մեր քաղաքացին ինչպիսին է հոգեբանական մակարդակում և այլ մակարդակներում։ Իսկ դրա համար պետք է մեզ տան ժամանակ, պետք է լինի վստահություն»։  Սոնա Մանուսյանը Աղասի Թադևոսյանը մտահոգություն հայտնեց գիտնականների ատեստավորման նոր կարգի մասով։ Նա նշեց՝ միջազգային տպագրություններին դեմ չէ, բայց թեմաներ կան, որոնց շուրջ շատ ավելի լավ է, օրինակ, հայերեն մեկ գիրք ունենալը, քան միջազգային ամսագրերում երեք հոդված։  Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Հարություն Վերմիշյանը համաձայնեց, որ հայերենով գիտական աշխատանքները կարևոր են, սակայն նաև նշեց, որ  մրցակցությունը զարգացման հիմք է։ Նա նշեց՝ արժեքավոր գրքերի կողքին երբեմն հրապարակվում են առանց գրախոսման աշխատանքներ․ «Քննական արժեքներ ունեցող գիտնականը շատ կարևոր հայերեն պրոդուկտ է տալիս, բայց երբ հայերենը դառնում է չափման հիմքը, սկսում են այլ պրակտիկաներ՝ խտրական դիրքում դնելով նույն այդ բարեվարք գիտնականին»։  Սմբատ Հակոբյանը նշեց՝ խնդիր կա հասնելու միջազգային չափանիշներին․ «Եթե դու շարունակում ես անել այն գիտությունը, որը Խորհրդային Միությունից ես ժառանգել և, օրինակ, տպել 600, 700, 1500 էջանոց մենագրություններ՝ ասելով, որ սա արժեք է․․․Գուցե ինչ-որ արժեք ներկայացնում է, բայց դրա չափելիությունը ոչ մի տեղ չկա»։ Աղասի Թադևոսյանն ասաց՝ ինքը կողմ է, որ հայ գիտնականները արտասահմանյան ամսագրերում հոդվածներ տպեն, բայց կողմ չէ այն իմաստին, որ դրվում է այդ նպատակի տակ։ Գիտնականի խոսքով պետք է հաշվի առնել միջազգային ամսագրերում մտքի գաղութացումը․ «Շատ ամսագրեր քեզ ստիպում են գրել և մտածել հենց այն չափանիշների համապատասխան, որոնցով, իրենք գտնում են, որ պետք է մտածել։ Երբ որ դու ինքդ փորձում ես մտածել, կարող են կտրել քո այդ մտքերը, խմբագրել կամ վերջին հաշվով հոդվածը չվերցնել։ Հիմա շատ լուրջ հարց է․ ինչպե՞ս ապահովենք մեր մտքի ինքնուրույնությունը՝ միևնույն ժամանակ նաև մասնակից դառնալով միջազգային գիտական տեսությունների և մտքի ձևավորման գործին։ Սա է, որ քեզ գաղութացումից փրկելու է, այսինքն՝ դու՝ որպես գիտնական, պետք է աճես և կայանաս և ունենաս այնքան ուժեղ ասելիք, որ հետո նաև այդ քո ասելիքը միջազգային լեզվով միջազգային հարթակներում ներկայացնես»։ Սոնա Մանուսյանն էլ որպես օրինակ բերեց հոգեբանությունը։ Նա նշեց՝ Հայաստանը միջազգային հետազոտողների համար հետազոտություններում շատ փոքր դեր ունի․ «Օրինակ, այս ինչ միջմշակութային տեսության շրջանակներում Հայաստանի տվյալները ինչ են ասում։ Արդյունքում ամբողջական տեսական հավակնությունները շատ դժվար է իրացնել տպագրվելու մակարդակում։ Դու կարծես, որոշակիորեն աղճատելով քո հիմնական ասելիքը, տեղավորվում ես կամ հրաժարվում ես տեղավորվել ինչ-որ իմաստով գաղութացնող դիսկուրսների կամ հրապարակումների մեջ»։ Աղասի Թադևոսյանն էլ նշեց՝ կարևոր է միջազգային լեզվի կիրառումը, հոդվածներ կարդալը, տեսությանը ծանոթանալը․ «Գիտությունը համաշխարհային երևույթ է, ազգային երևույթ չի, բայց միևնույն ժամանակ նաև գիտությունը ազգային երևույթ է, և այս հարցը պետք է լուծել այդ միջազգայինի և ազգայինի շատ ներդաշնակ հատման կետերը գտնելով։ ․․․․ Մենք պետք է գտնենք լուծումներ, որոնք որ ապահովում են միջազգային ստանդարտներով գիտություն անելը Հայաստանում, բայց դա չպետք է բացառի նաև հայերենով գիտություն անելու հնարավորությունը»։  Դահլիճում ներկա էր ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, որը նկատեց՝ քննարկումը լսելով հասկացավ, թե որքան մոտ են իրար հումանիտար, հասարակակագիտական և բնագիտամաթեմատիկական ուղղությունների խնդիրները՝ առաջնահերթությունների բացակայություն, անորոշություն, երկխոսության իմիտացիա, գիտնականների անհաղորդություն միջազգային ստանդարտներին, հայաստանյան հետազոտությունների պատվերի ձևակերպման բացակայություն և այլն։  ԲԿԳԿ ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն իր խոսքում նշել էր մարդկային ռեսուրսի պակասի խնդրի մասին՝ ասելով, որ հաճախ շատ խնդիրներ լուծելու համար թիմեր հավաքելիս մասնագետների պակաս կա, և իրենք, օրինակ, խրախուսում են հետազոտություններում ուսանողների ներգրավումը տարբեր ծրագրերով։  Դահլիճից հարց հնչեց, թե կառավարությունն արդյո՞ք տարբեր ոլորտների համար մարդկային ռեսուրսների հաշվարկ ունի։  Սմբատ Հակոբյանն ասաց՝ տվյալներ, թե քանի գիտնական կա, նրանք ինչ տարիքի են, որքան հոդված են տպագրում, որտեղ են աշխատում, Կոմիտեն ունի, մշակում է, և դրանց հիման վրա որոշումներ կայացվում են։ Որոշումներ էլ կան, որ միջազգային մշակված ստանտարդների հիման վրա են կայացնում։ Սակայն ճշտող հարցին, թե արդյո՞ք կոնկրետ ոլորտներում ռեսուրսները գնահատվում են, երբ այս կամ այն գիտական խնդիրը լուծելու հարցը կա, ԲԿԳԿ ներկայացուցիչը պատասխանեց՝ նման քաղաքականություն չի վարվում։  Կարդացեք նաև համաժողովի պանելային նախորդ քննարկումը՝ պետության խնդիրների լուծման հարցում գիտության դերի մասին։   Լուսնակարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան
21:24 - 22 փետրվարի, 2025
Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով

Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Պանելային առաջին քննարկմանն թեման գիտության քաղաքականության մշակումն ու գիտության առջև դրված կիրառական խնդիրներն էին։ Քննարկման մասնակիցներն էին Մյունստերի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Զարեհ Ասատրյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանը (Լեյդենի համալսարան), պատմաբան-ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)՝ Հայ մատենագիտութեան թուանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը։  Քննարկմանը հրավիրված էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, որը վերջին պահին հայտնել էր, որ տեխնիկական պատճառներով չի կարող ներկա գնտվել։ Ի դեպ, տարբեր պատճառաբանություններով հաջորդ օրը համաժողովին չէին եկել նաև էկոնոմիակայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։Քննարկումը վարում էր «Գիտուժ» նախաձեռնության՝ հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը։ Պանելիստներն ուղղված առաջին հարցը հետևյալն էր․ արդյո՞ք գիտության քաղաքականություն մշակողների համար պարզ է, թե որ թեմաներն են Հայաստանի համար կարևոր, և ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով։  Պանելիստների մոտ, կարծես, կոնսենսուս կար այն մասով, որ կառավարության վարած քաղաքականության մեջ դրական փոփոխություններ կան, ինչպիսին է, օրինակ, գիտության ֆինանսավորման աճը։ Գիտնականները, սակայն, բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, օրինակ, նշեց․ «Մենք հստակ ձևակերպում, կարծեք թե, չունենք, թե որոնք են մեր իրական առաջնահերթությունները, հենց թեկուզ հայագիտության մեջ, որն այսօր, հայտարարվում է, որ ռազմավարական է երկրի համար։ ․․․․ Մեր գիտնականները և խմբերն իրենք են որոշում առաջնահերթությունները, իսկ դրանք այսօր հաճախ դառնում են քաղաքական կյանքի թելադրանքով ստեղծված իրավիճակների վերլուծություններ»։ Հրանուշ Խառատյանը Սուրեն Մանուկյանն էլ հավելեց՝ վերջին չորս-հինգ տարին պարզ էր, թե պետությունն ինչ խնդիր պետք է դներ հասարակագիտության առջև․ «Պատերազմում պարտությունից հետո միգուցե կարելի էր առաջարկել, որ մենք ռեֆլեքսիա անցկացնեինք և հասկանայինք՝ ինչ է մեզ հետ կատարվել։ Բայց չգիտես ինչու հիմա քաղաքական դաշտը մեզ առաջարկում է վերադառնալ 100 տարի առաջ, ռեֆլեքսիայի ենթարկել թեմաներ, որոնց շուրջ, թվում է, թե մենք ունենք արդեն կոնսենսուս, բայց երբևիցե չի ընդգծում այսօրվա գոյություն ունեցող խնդիրը։ Մենք բոլորս ապրում ենք տրավմայի պայմաններում, և մինչև այս տրավման չարժևորենք, չհասկանանք՝ ինչ է մեզ հետ կատարվել նաև հասարակական մակարդակով, մեր պետության զարգացումը շատ կդանդաղի և խոչընդոտներ կունենա»։  Պատմագետ-ցեղասպանագետի դիտարկմամբ իշխանությունը հասարակագիտական համայնքին դիտարկում է ավելի շատ որպես ընդդիմախոս և չի գնում նրա հետ համագործակցության․ «Երբ մի օրում մի մարդու ցանկությամբ (կապ չունի՝ ինչ պաշտոն է զբաղեցնում) գիտակարգի, որով դու զբաղվում ես՝ հայոց պատմության անվանումը փոխվում է և դառնում է այլ անվանում, դու զարմանում ես՝ մեկ, երկրորդը՝ վիրավորվում ես, որ քեզ չեն հարցրել, թեև դու այդ ոլորտով ես զբաղվում։ Սա այն պարզ օրինակն է, որ մեզ հետ պետությունը ուղղակիորեն չի ուզում խոսել, չի ուզում մեր փորձառությունը, մեր գիտելիքը օգտագործել այդ դաշտը զարգացնելու համար»։ Սուրեն Մանուկյանը Նշենք, որ գիտնականը նկատի ունի կառավարության՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին որոշումը։ Հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանն էլ նշեց՝ կարևոր է, որ հայրենագիտության՝ հայոց լեզվի ու մշակույթի նվաճումները տեսանելի լինեն միջազգային գիտական շրջանակներում, քանի որ թշնամի երկրներն օգտագործում են միջազգային հարթակները կեղծիքներ տարածելու համար։ «Բազում միջազգային քննարկումներ են եղել, օրինակ, «Ղափան» կամ «Զանգեզուր» և այլ տեղանունների վերաբերյալ, ու մեր գիտնականները մնացել են իներտ․ «Բա մեզ սազո՞ւմ է, որ մենք այդ ցածրամակարդակ քննարկումներին մասնակցենք կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի մեջբերած դիսկուրսներին մասնակցենք»։ ․․․․ Հայրենագիտության կարևորագույն խնդիրներից մեկը այս պատմական ամբողջ դիսկուրսները, այս ամբողջ համատեքստում հայոց լեզվի և մշակույթի ակադեմիական ուսումնասիրության արտադրանքները արտահանելն է միջազգային ասպարեզ»,- ասաց նա։ Այդ համատեքստում գիտնականը ողջունելի համարեց ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը, սակայն նաև շեշտեց՝ հավասարակշռություն պիտի լինի, և հայերենի՝ որպես գիտական լեզվի վարկը չպիտի իջնի դրա հաշվին։  Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Զարեհ Ասատրյանը տնտեսագրության մեջ առանձնացրեց մի քանի կարևոր մեխանիզմ, որոնց միջոցով հետազոտությունները բերում են պետական ու հասարակական մարտահրավերների լուծմանը։ Առաջինը նա կարևորեց մարդկային կարողությունների ձևավորվումը, այսինքն՝ լավ տնտեսագետների ձևավորումը, որոնք հետո կգնան մասնավոր ու պետական հատված։ Գիտնականն ապա նշեց պետության տնտեսական փաստահեն քաղաքականության ձևավորմանն ուղղված հետազոտությունները։ Եվ երրորդը՝ կարողությունների զարգացման և հետազոտությունների միջոցով տնտեսական քաղաքականության շուրջ հանրային քննարկումների մակարդակի բարձրացումը։ Անդրադառնալով այն հարցին, թե հումանիտար ու հասարակագիտական ուղղությունները կոնկրետ ինչ խնդիրներ կարող են լուծել Հայաստանի համար, գիտնականը նշեց՝ նախ գիտությունն է պետք զարգացնել ու հասցնել որոշ մակարդակի․ «Ֆունդամենտալ խնդիրն այն է, թե ինչպես դուրս բերենք մեր գիտությունը լճացած վիճակից, դարձնենք միջազգայնորեն մրցակցային։ Դրանից հետո, երբ որ մենք ունենանք լավ գիտնականներ, որոնք հոդվածներ են հրապարակում միջազգային ամսագրերում և այլն, նրանք շատ ավելի հեշտ կարող են անել իրենց հետազոտություններն այն խնդիրների մասին, որ հայկական են, որ կոնկրետ մեզ են վերաբերում»։ Նշենք, որ սա ներկայումս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) վարած քաղաքականությունն է․ գիտությունը դարձնել միջազգայնորեն մրցունակ, ապա խոսել խնդիրների լուծման մասին։ Այս մասին Ազգային ժողովում անցած տարվա վերջին հայտարել էր ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը։  Մերուժան Կարապետյանը խոսեց այն մասին, որ ԳԱԱ-ն Հայաստանում հիմնվել է 1943-ին, և նրա կառավարման ձևը մինչև օրս չի փոխվել․ «Գիտության կառուցակարգերը և կանոնակարգերը Հայաստանում շարունակում են մնալ 1943 թվականի վիճակին։ Սա գիտնականների գործն է, գիտնականները պիտի վերակառուցեն այդ կառույցները։ Ավելի ժամանակակից խնդիրներ լուծելու ուղղությամբ չնչին տեղաշարժեր նկատվում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ինչ-որ տեղ գուցե Արևելագիտության ինստիտուտում, մյուսները (նկատի ունի հումանիտար և հասարակագիտական ուղղվածության մյուս ինստիտուտները,- խմբ․) շատ ծանր կացության մեջ են»։ Մերուժան Կարապետյանը Հաջորդիվ պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձան այն հարցին, թե հումանիտար և հասարակական գիտությունները կիրառական կոնկրետ ինչ խնդիրներ հիմա կարող են լուծել պետության, հասարակության ու անհատի համար։ Հրանուշ Խառատյանը նշեց՝ երբ Կառավարությունը, Ազգային ժողովը օրենքներ են մշակում, երբեմն ուղարկում են փորձագիտական քննարկման, երբեմն գիտնականների կարծքիները նաև հաշվի են առնվում․ «Բայց ինձ թվում է՝ հաշվի են առնում այն դեպքերում, երբ որ մեր պատասխանները իրենց քիմքին և իրենց պատկերացումներին համապատասխանում են։ Երբ որ մենք փորձագիտական կարծիք ենք գրում և ուղարկում ենք, և այն ստիպում է փոխել որոշ ընթացք, որպես կանոն, լուռ են մնում»։ Ինչ վերաբերում է պետության կողմից, այսպես կոչված, հետազոտական պատվերներին, գիտնականը նկատեց՝ վերջին տարիներին հայտարարվող նպատակային ծրագրերում որոշակի պատվերներ երևում են․ «Բայց նաև, օրինակ, պետությունը մեզ երբեք չի պատվիրի գիտական ժամանակակից վերլուծություններ մեզ համար չափազանց կարևոր այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, ընդհանրապես, Կովկասը։ Մենք գտնում ենք գումարներ, գնում ենք Թուրքիայում ենք անում հետազոտություններ, Իրանում ենք անում հետազոտություններ, բերում ենք, տեքստ ենք գրում։ Անձամբ ես շատ հաճախ պետական կառույցներին ուղարկում եմ, նույնիսկ ԱԱԾ-ին եմ ուղարկում»։ Հրանուշ Խառատյանն առանձնացրեց մի հրատապ խնդիր, որի լուծումը կառավարությունը կարող էր պատվիրակել գիտնականներին՝ Արցախից տեղահանված փախստականների խնդիրը․ «Որտե՞ղ պիտի ապրեն Արցախի փախստականները, միասի՞ն պիտի ապրեն և իրենց ինքնությունը պահեն, մինչև կվերադառնան կամ ցավոք չեն վերադառնա, թե՞ պետք է դիֆուզվեն, և անհետանան Արցախի առանձնահատուկ մշակույթը, բարբառը, Արցախի անվան և Արցախի պատմության առարկայական ներկայացումը։ Սա կիրառական հարց է, քաղաքականության հարց է, և ես կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը որոշ պատասխանատվություն ունի այս հարցի լուծման համար»։ Սուրեն Մանուկյանի խոսքով առաջին կարևոր բանը, որ հասարակագիտությունը, հայագիտությունը տալիս են պետությանն ու հասարակությանը, քննադատ մտածողությունն է․ «Կառավարման ճգնաժամը, որ մենք ունենք հիմա և ունեցել ենք երկար ժամանակ, երբ որ գերատեսչությունները շատ դեպքերում չեն հասկանում նույնիսկ՝ ինչ են անում, կամ գերատեսչություններում բացակայում է ճկուն լինելը, քաղաքականությունը փոխելը, երբ որ պետք է, այդ քննադատական մոտենալը նույնիսկ փաստաթղթերին և հաստատված կանոնակարգերին, հասարակական գիտությունների բարձիթողի վիճակի ուղղակի արտահայտությունն է և հետևանք է»։ Որպես մեկ այլ կարևոր նշանակություն ցեղասպանագետն առանձնացրեց ինքնության ձևավորումը՝ շեշտելով, որ պետք չէ այս ձևակերպումն ընկալել որպես պաթոս․ «Դա այն հարցի պատասխանն է, թե ինչու ապրել Հայաստանում։ Ինչո՞ւ դու պետք է քեզ ընկալես այս հանրույթի մի մաս, ինչո՞ւ դու պետք է գերադասես ավելի ապահով կյանքը ինչ-որ մի այլ տեղ և մնաս այստեղ։ ․․․․ Պատմագրությունը, հայագիտությունը կապում են մեզ բոլորիս՝ որպես հանրության, այս հողի հետ և այս պետության հետ»։  Եվ վերջում գիտնականն առանձնացրեց այս գիտակարգերի ևս մի կարևոր գործառույթ՝ պատմության ուսումնասիրությամբ ճանաչել նախ մեր հասարակությունը, ապա այն ազգերին, որոնք շրջապատում են մեզ, որպեսզի կարողանանք ինքներս մեզ և նրանց հետ ճիշտ հարաբերվել։  Գիտության միջոցով ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելու համատեքստում Հրաչ Մարիտրոսյանն առանձնակի շեշտեց հայրենագիտության և մասնավորապես՝ լեզվի ուսումնասիրության դերը․ «Մշակութային ոլորտի մասնագետները կարողանում են աշխատել փաստագրված նյութական իրողությունների հետ։ Հայը կա 5-6 հազար տարի, և նրա լեզուն ու մշակույթը արտացոլված են լեզվի պատմության գիտակարգում։ Լեզուն, փաստորեն միակ համակարգային ամբողջական գիտակարգն է, որը ծածկում է այդ 5-6 հազար տարվա պատմությունը։ Բացարձակապես ոչ մի այլ գիտակարգ չկա, որ կարողանա ընդգրկել այդ ամբողջ ընթացքը»։ Զարեհ Ասատրյանը մի քանի օրինակներ բերեց, թե ինչպես կարող են տնտեսագիտությունն ու հասարակական գիտությունները Հայաստանում կիրառություն ունենալ՝ հարկային քաղաքականության մշակում, առողջապահական ապահովագրության ներդրում, Արևմուտքի ու Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ։ Գիտնականը նշեց՝ սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ որոշումների կայացման համար քանակական վերլուծություններ պետք է իրականացվեն։ «Ովքե՞ր պիտի դա անեն։ Հեծանիվ պետք չի հնարել։ Արտասահմանում ովքե՞ր են անում։ Նախ անում են պետական մարմինների հետազոտողները։ Դրա էլեմենտներն, ի դեպ, Հայաստանում կան․ հենց այդ մասն է, որ զարգացած է։ Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը, որոշ այլ նախարարություններ ու մարմիններ որոշակի կարողություններ ունեն։ Մյուսը՝ կարող են պատվիրակել գիտնականներին, որ աշխատում են գիահետազոտական հիմնարկներում և նաև համալսարաններում»,- ասաց նա։ Գիտնականը որպես օրինակ բերեց Մաննհայմի եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնը որտեղ ինքն է աշխատում։ Նա նշեց՝ կենտրոնը զբաղվում է նման կիրառական հարցերով և կապված է քաղաքականություն մշակողների հետ։  Իսկ որպեսզի պետական մարմինները կիրառեն գիտության արդյունքները քաղաքականություն մշակելիս, Զարեհ Ասատրյանի խոսքով պետք է գիտնականներն ու գիտական կազմակերպությունները մեծ հեղինակություն ձեռք բերեն, որպեսզի նրանց կարծիքի հետ հաշվի չնստելը դժվարանա։ Սուրեն Մանուկյանը հավելեց՝ գիտնականների հեղինակությունը հանրության աչքում ցածր է։  Զարեհ Ասատրյանն էլ ասաց՝ անկախ կառավարության քայլերից ու վերջին տարիներին տարվող քաղաքականությունից՝ գիտական հանրույթն էլ պիտի քայլեր ձեռնարկի «լճացած վիճակից դուրս գալու համար», և միայն պետության կողմից չէ, որ քայլեր պիտի արվեն։ Կարդացեք նաև համաժողովի պանելային հաջորդ քննարկումը՝ գիտության քաղաքականության վերաբերյալ։   Լուսանկարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան
21:23 - 22 փետրվարի, 2025
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն ընդունել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են նախարարությունից։ Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդե Հովասափյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է դեսպանության և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնել ջանքեր դրա շարունակականության ապահովման համար: Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու վերապատրաստման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ակտիվ ներգրավվածության համար: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստանն ակտիվ համագործակցում է Մեծ Բրիտանիայի բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Լոնդոնի կրթության ամենամյա համաշխարհային համաժողովին մասնակցության կարևորությունը՝ որպես հարթակ ոլորտում միջազգային փորձին ծանոթանալու և Հայաստանի փորձառությունը ներկայացնելու համատեքստում: Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, համատեղ աշխատանքը ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության մշակման ուղղությամբ՝ նշելով, որ Կառավարության կողմից հաստատված ռազմավարությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաև անգլերենով: Նշվում է, նաև, որ վկայակոչելով արդեն իսկ իրականացված նախաձեռնությունները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու նաև մշակույթի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորությունները՝ ընդգծելով, որ այս ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բրիտանական փորձի ուսումնասիրման և ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորությունը: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունն ու դրական առաջխաղացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակումների հնարավորություններին՝ արդյունավետ համագործակցության ընդլայնման համատեքստում:
18:15 - 11 փետրվարի, 2025
ԿԳՄՍ նախարարն ու Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ընդլայնելու ուղղությամբ

ԿԳՄՍ նախարարն ու Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ընդլայնելու ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությամբ փոխգործակցությունն առավել կխորանա: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է իտալերենի զարգացմանն ուղղված ծրագրերն ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Երևանի 3 դպրոցում իրականացվում է իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր՝ Իտալիայից ժամանած մասնագետների ներգրավմամբ: Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է Վենետիկի Կա Ֆոսկարի և Հռոմի Լա Սապիենցա համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունությունը, ինչպես նաև առաջարկել է զարգացնել երկխոսությունն ու փոխհամագործակցությունը ՀՀ պետական բուհերի հետ՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ԵՄ ընձեռած հնարավորությունների, մասնավորապես՝ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում համագործակցության խթանման և բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտներում միջբուհական կապերի ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը կարևորել է նաև համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում՝ վստահություն հայտնելով, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ: Քննարկվել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման բնագավառում իտալական կողմի աջակցությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման հնարավորությունը։ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ստանձնում իր առաքելությունը Հայաստանում: Ընդգծելով պատմական սերտ առնչությունները, դարավոր կապերն ու ընդհանուր արժեհամակարգերը՝ դեսպանը վստահություն է հայտնել՝ Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես մշակույթի ոլորտում առկա է համագործակցության լայն ներուժ: Կարևորելով համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։
18:38 - 05 փետրվարի, 2025
Ձեր փորձառությունը կարող է որոշիչ լինել մասնագիտական կողմնորոշման հարցում. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գործարար կանանց հետ

Ձեր փորձառությունը կարող է որոշիչ լինել մասնագիտական կողմնորոշման հարցում. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գործարար կանանց հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ: «Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից: Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է: ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և մենք հատուկ խրախուսում ենք պետություն-մասնավոր համագործակցությունը, որը նաև որակական փոփոխության նախապայման է»,- ողջունելով ներկաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։ «Մադամ» գործարար կանանց միության անդամները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունը, մասնավորապես՝ շեշտելով առնչությունները կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների հետ: Այս համատեքստում նախարարը կարևորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Հանրակրթության նոր չափորոշչով պահանջվող մասնագիտական կողմնորոշման բաղադրիչի կիրառման տեսանկյունից․ «Բոլոր դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման պարտադիր խմբակներ․ 8-րդ դասարանից սկսած՝ աշակերտները որոշակի պատկերացում պետք է ունենան տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների ու դրանց հնարավորությունների մասին: Ու այստեղ ձեր փորձառությունը ներկայացնելն արդյունավետ և ոգևորող կարող է լինել»: Կրթական ոլորտում մասնավոր հատվածի ներգրավվածության մասին խոսելիս անդրադարձ է եղել նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանը՝ կարևորելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ներդրումը, որը, ըստ նախարարի, պետական քաղաքականության առաջնահերթությունն է, այստեղ ևս գործարար կանանց փորձառությունը կարևոր է: Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում նախարարն անդրադարձել է դրամաշնորհային ծրագրերին: «Մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնցով խրախուսվում են երիտասարդ մասնագետները, հատկապես մարզերում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այստեղ ևս կարևոր է մասնավոր ընկերությունների աջակցությունը։ Անդրադարձ է եղել նաև սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում համագործակցության հնարավորություններին։
18:51 - 04 փետրվարի, 2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, բուհերի ղեկավարներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունն առաջնահերթություն է երկու երկրների կառավարությունների համար: «Այս նպատակով նախատեսել ենք մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչը հնարավորություն է ընձեռելու ՀՀ երկու բուհերին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, ամրապնդելու կապերը և խորացնելու համագործակցությունը համապատասխանաբար Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիական ինստիտուտի միջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ ԵԹԿՊԻ-ն, լինելով ֆրանկոֆոն բուհ, Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ նոր ծրագրեր իրականացնելու, կապերը սերտացնելու, բուհի միջազգայնացմանը զարկ տալու նոր հնարավորություն կունենա, ինչը երկկողմանի շահավետ կլինի: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում, որոնք կնպաստեն ֆրանկոֆոն միջավայրի բարելավմանը և նոր ծրագրերի իրականացմանը: Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր են ագրոկրթության զարգացումը և այս ուղղությամբ հեռանկարային ծրագրերի իրականացումը: «Նախորդ տարի բազմաթիվ կարևոր որոշումներ են ընդունվել՝ ուղղված ագրարային կրթության զարգացմանը: Ակադեմիական քաղաքի համատեքստում նախատեսվում է բուհի ամբողջական վերափոխման և ագրարային ոլորտի կրթության նոր հայեցակարգի մշակում: Վստահ ենք, որ այս համագործակցությունն օգնելու է ամրապնդել կապերը Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ և միաժամանակ զարկ տալ ագրարային ոլորտում կրթության բարեփոխմանը՝ խթանելով որոշ կրթական ծրագրերով, այդ թվում՝ մարքեթինգային և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական գիտելիքներ պահանջող մասնագիտություններով կրթության կազմակերպումը»,- հայտնել է նախարարը: Նրա տեղեկացմամբ՝ ներկայում շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը բուհերի կառավարման թափանցիկության, հաշվետվողականության նոր չափանիշներ է սահմանում, և համագործակցությունները օգնելու են փոխառել մեկմեկու դրական փորձը: «Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համատեղ ջանքերի արդյունք համարվող Ֆրանսիական համալսարանը Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխման մասնակիցներից է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ընդգծել է երկկողմ կապերի զարգացման դինամիկան․ «Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային և կրթական համագործակցությունն առաջընթաց է ապրում, և այս ուղղությամբ ջանքերն անգնահատելի են: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Ֆրանսիական ինստիտուտի համատեղ աշխատանքներով համագործակցության նոր հիմք է դրվում»: Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համար ագրարային ոլորտն առաջնահերթ է, ուստի կարևոր է, որ բարձրագույն կրթության, գիտության ոլորտներն իրենց դերն ունենան այս բնագավառում: Հաջորդաբար տեղի է ունեցել համագործակցության փաստաթղթերի ստորագրումը՝ • «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեության համար տարածք տրամադրելու մասին» պայմանագիրը, որը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ • «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի միջև» համագործակցության համաձայնագիրը ստորագրել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարը։ • «ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ագրարային կրթության ոլորտում համալսարանական համագործակցության վերաբերյալ» գործընկերության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինին։ • «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև ՀՀ-ում ագրարային ոլորտի կրթության որակի և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։ Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նշմամբ՝ աշխարհի զարգացման տեմպերը պահանջում են համագործակցության ընդլայնում. «Ագրարային համալսարանը կարևորում է հանրապետության գյուղատնտեսության վերելքի ապահովումը՝ բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման միջոցով: Այս համագործակցությամբ մենք սկիզբ ենք դնում գյուղատնտեսության ուղղությամբ ֆրանսիական բարձրագույն կրթության կազմակերպման փորձը Հայաստան բերելու գործընթացին: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի տեղեկացմամբ՝ բուհի համագործակցությունը Ֆրանսիական ինստիտուտի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն երկու տարվա պատմություն ունի․ «Օրեր առաջ պայմանագիր ենք կնքել, որի շրջանակում Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի հետ նոյեմբերից սկսելու ենք աշխատել երկակի դիպլոմների տրամադրման ուղղությամբ՝ ժամանակակից պարի մասնագիտացմամբ։ Անչափ կարևորում եմ այն որակը, որը կունենանք այս համագործակցության շրջանակում, որովհետև մեր ուսանողներն ու դասախոսներն ունեն այն պոտենցիալը, որի շնորհիվ որոշակի փուլում կհավասարվենք միջազգային մակարդակին»,- ասել է ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը:
18:04 - 31 հունվարի, 2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ: ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: «Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ տարին արդյունավետ կլինի ստեղծագործական գործունեության համար: Նա առանձնակի կարևորել է համատեղ աշխատանքը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերին: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման մեխանիզմներին՝ նշելով, որ այն հընթացս լավարկվում է: Միևնույն ժամանակ, Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր մոդելին անցնելու չափորոշիչները, ինչպես նաև անդրադարձել նախարարության կողմից կազմակերպություններին ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշների հստակեցման և չափելիության խնդրին։ Նախարարը գոհունակությամբ նշել է, որ, ի թիվս Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական և Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնների, մշակութային հաստատություններից ֆինանսավորման նոր մոդելին է միացել նաև Երևանի պետական կամերային թատրոնը և հույս հայտնել, որ թատերահամերգային մյուս կազմակերպությունները ևս ժամանակի ընթացքում կանցնեն ֆինանսավորման նոր մոդելի գործարկմանը, որը մշակութային կազմակերպությունների գործունեությունը բարելավելու գործուն հնարավորություն է։     «Հնարավոր է, որ թատերահամերգային կազմակերպությունների կառավարման ոլորտում առկա են տարիների ընթացքում կուտակված հարցեր: Այս հարցերին պետք է անդրադառնանք համատեղ՝ գտնելով և գործարկելով առավել արդյունավետ մեխանիզմներ»,- ասել է նախարարը։ Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև մշակութային կրթության արդյունավետ կազմակերպմանը՝ կարևորելով «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ ուսանողների ներգրավումը կազմակերպությունների աշխատանքներում, որը կնպաստի նաև կրթական համակարգի գործունեության բարելավմանը։ Խոսվել է նաև կազմակերպությունների աշխատանքային գործունեության պլանավորման, դրամաշնորհային ծրագրերի քաղաքականության, դահլիճների վարձակալության, հյուրախաղային գործունեության և այլնի մասին։ «Մեծ ուշադրություն ենք դարձնում թատերահամերգային կազմակերպությունների ծրագրերի հանրայնացմանը, կրթամշակութային ծրագրերի իրականացմանը։ Մեզ համար առանձնակի կարևոր ուղղություն է մշակույթի ապակենտրոնացումը։ Կարևորում ենք, որ թատերահամերգային կազմակերպություններն առավել շատ հանդես գան մարզերում, իսկ մարզային մշակութային կազմակերպություններն էլ՝ մայրաքաղաքում»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։ Թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ  հանդիպմանը քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, ինքնազբաղ արվեստագետների ներգրավմանը և ոլորտին վերաբերող մի շարք այլ առանցքային և ընթացիկ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:02 - 31 հունվարի, 2025