Նարեկ Զեյնալյան

Նարեկ Արտավազդի Զեյնալյանը ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Մանկաբույժ (բակալավր), բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու: 

Ծնվել է 1979թ․ ապրիլի 18-ին Երեւանում: 2007-2008 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Միչեւ 1996 թ․ սովորել է ՀՀ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի բժշկական քոլեջում, իսկ 2002-ին ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը, 2004-ին՝ նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան, իսկ 2007 թվականին՝ «Հանրային առողջություն եւ առողջապահության կառավարոման» ասպիրանտուրան, 2012 թվականին՝ օրդինատուրան՝ «Պրոկտոլոգիա» մասնագիտությամբ:

2008-2010 թվականներին «ԲԲՋ» բժշկական կենտրոնում աշխատել է բժիշկ-էնդոսկոպիստ, 2004-2007թթ․եւ 2008-2013 թվականներին աշխատել է որպես  ԵՊԲՀ «Հանրային առողջության եւ առողջապահության կառավարում» ամբիոնի դասախոս, 2008-2014 թվականներին «Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ,  2014-2017թթ․
«ՍլավՄեդ», իսկ 2010-2018թթ․ «Էրեբունի» բժշկական կենտրոններում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ:

2018թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ («Իմ Քայլը» դաշինք):
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

«Հորդոր չի եղել, խնդրանք է եղել, իսկ խնդրանքը սահմանադրական կատեգորիա չի». Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին
 |news.am|

«Հորդոր չի եղել, խնդրանք է եղել, իսկ խնդրանքը սահմանադրական կատեգորիա չի». Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին |news.am|

news.am: Իմ որոշմամբ ես դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին պատգամավորական գործառույթներս դատարեցնելու մասին. դիմումը գրվել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով մանդատը վայր դնելու որոշմանը: Անդրադառնալով նրան, որ մանդատից հրաժարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով, նա ասաց. «Հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում»: Դիտարկմանը, որ վարչապետը դրանով միջամտել է օրենսդիր իշխանության գործերին, ինչը հակասահմանադրական է, Զեյնալյանն ասաց. «Խնդրանքը սահմանադրական կատեգորիա չի և խնդրանքի արդյունքում ես կայացրել եմ որոշում: Սահմանադրության ոտնահարում չի եղել»: Հիշեցնենք, որ նման «խնդրանքով» Փաշինյանը դիմել էր նաեւ Հովիկ Աղազարյանին, սակայն վերջինս դեռեւս մանդատը վայր դնելու որոշում չի կայացրել: 
13:00 - 26 նոյեմբերի, 2024
«Պարտադրանք չի եղել, իմ որոշումն է». Նարեկ Զեյնալյանը՝ մանդատից հրաժարվելու մասին |azatutyun.am|

«Պարտադրանք չի եղել, իմ որոշումն է». Նարեկ Զեյնալյանը՝ մանդատից հրաժարվելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը պնդում է՝ որևէ մեկի պարտադրանքով չի հրաժարվել պատգամավորի մանդատից։ Նա նաև հերքեց տեղեկություններն այն մասին, թե կարող է նշանակվել Առողջապահության նախարարի պաշտոնում՝ նշելով, թե «դա իրականության հետ կապ չունի»։ Նարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելու դիմում է այսօր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Զեյնալյանը գրավոր դիմումով հետ վերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես կգա հայտարարությամբ, եթե այն հետ չվերցնի, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն կկազմվի, որը կստորագրի և կհրապարակի Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված։ Մանդատը վայր դնելու մասին Զեյնալյանը հայտարարեց նոյեմբերի 19-ին։
17:08 - 22 նոյեմբերի, 2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը  2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
13:24 - 22 նոյեմբերի, 2024
Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս․ Նարեկ Զեյնալյան

Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս․ Նարեկ Զեյնալյան

Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում. 2019-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել է թվով 49 օրենսդրական նախաձեռնություն, ունեցել եմ ավելի քան 50 ելույթ, կազմակերպել եմ բազմաթիվ քննարկումներ տարբեր թեմաներով, ընտրվել եմ Global TB Caucus-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համանախագահ, Եվրոպական Պառլամենտական ֆորումի վերականգնողական իրավունքի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Միջազգային տարբեր հարթակներում մասնակցել եմ առողջապահական համակարգի հետ կապված բազմաթիվ քննարկումների։ Իմ քաղաքական թիմի հետ հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ, և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները»,- ասված է գրառման մեջ։
17:08 - 19 նոյեմբերի, 2024
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am:  Դուք գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա այս հարցի վերաբերյալ, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո, և այդ վարույթը պիտի քննարկվի, և քննարկման արդյունքում արդեն հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցենք նաև ձեզ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրերին: Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ բացառվում, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը դնեն իրենց մանդատները, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ կա հարուցված կարգապահական վարույթ, որը, բնականաբար, կունենա հետևանքներ: «Կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա այդ վարույթը հարուցելու համար առնվազն բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին արդեն լրացուցիչ կծանոթանաք»,- ասաց նա: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Հովիկ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։ Վերջինս, սակայն, հերքել էր։ Ըստ լուրերի՝ պատգամավորական մանդատը վայր կդնի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը դեռևս չի մեկնաբանել լուրը։  Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանըպաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:
12:47 - 18 նոյեմբերի, 2024
ԱԺ-ում առաջարկում են բարձրացնել փոխնակ մայր լինելու տարիքային շեմը՝ դարձնելով 38 տարեկան
 |armenpress.am|

ԱԺ-ում առաջարկում են բարձրացնել փոխնակ մայր լինելու տարիքային շեմը՝ դարձնելով 38 տարեկան |armenpress.am|

armenpress.am: Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր և գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթևիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հուլիսի 11-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, իսկ մինչև 22 շաբաթական հղիության ընդհատման պարագայում միայն հիվանդանոցային պայմաններում` բժշկի հսկողության տակ: Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես՝ առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաև փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը` 35-ից դարձնելով 38 տարեկան: Բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչև 55 տարեկանը: Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման և ոչնչացման հետ: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հռիփսիմե Հունանյանը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ և արժանացել հավանության:
16:03 - 11 հուլիսի, 2024
Ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կարող է պահանջվել վճարել միայն նախորդ տարիների պարտքը. ԱԺ պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ

Ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կարող է պահանջվել վճարել միայն նախորդ տարիների պարտքը. ԱԺ պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ: Ինչպես տեղեկանում ենք Բաբկեն Թունյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից, նախագծի ընդունվելու դեպքում ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ըստ հայեցողության՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ «Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ՝ հունվարին կամ փետրվարին, և գույքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»,- նշված է պատգամավորի գրառման մեջ:
12:09 - 07 մարտի, 2024
Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան
 |armenpress.am|

Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին։ Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով։ Ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են»,- ասաց Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով ամբողջ կառուցվածքը և տրամաբանությունը շարադրված են։ «Առաջիկայում Ազգային ժողով կգա օրենսդրական մեծ փաթեթ, և դրա շրջանակներում քննարկումներ և բանավեճեր կունենանք։ Ազգային ժողովը պետք է ընդունի և հաստատի օրենքը, որի հիման վրա կառավարությունը արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։ Բնականաբար, բոլորիս նպատակն է հանրությանը տրամադրել միանման, հասանելի և մատչելի բժշկական ծառայություն»,- եզրափակեց Զեյնալյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ 2024 թվականի կեսերից առողջապահական ապահովագրության ներդրումը սկսելու համար կհատկացվի 18 միլիարդ դրամ։ «Առոջապահական ապահովագրության ներդրման հայեցակարգը բավականին ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել և կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն ոչ միայն ընդհանրական, բնութագրիչ և սկզբունքներ հավաստող է, այլ նաև հայեցակարգի մեջ բավականին հարցերի պատասխաններ են տրված։ Շուտով կունենանք օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,- ասաց Ավանեսյանը։
11:44 - 06 նոյեմբերի, 2023
Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի. ոչ մի ուռուցքով հիվանդ չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի. ոչ մի ուռուցքով հիվանդ չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Նորաբաց պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտների, այլև հարազատների հետ: Աշխատակազմը ներառում է 45 հաստիք:   Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին:  «Մենք նվիրումով և ջանասիրությամբ պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի, որ մեր քաղաքացին առերեսվելով ախտորոշման հետ՝ հնարավորություն ունենա արժանապատիվ պայմաններում ստանալ հասանելի, իր կարիքներին համապատասխան բարձրորակ բուժօգնություն»,- պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Ավանեսյանի խոսքով՝ 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հատկացված պետական պատվերը շեշտակի` 78%-ով աճել է 2018 թվականի համեմատ, վերջին 2 տարիներին ևս ավելացել են հատկացումները, 55%-ով էլ ավելացել են վճարովի ծառայությունները: Իսկ շահառուների թիվը 2021-ին՝ 2020 թվականի համեմատ, ավելացել է 27%-ով: Կրկնակի բարձրացրել են նաև աշխատավարձային ֆոնդը:  «Հիվանդանոցը վերազինվել է 150 անուն ժամանակակից սարք-սարքավորումներով, լուծվել է ենթակառուցվածքների խնդիրը` կառուցվել են նոր շինություններ, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ»,- նշեց նախարարը: Ավանեսյանը վստահեցրեց, որ առողջապահության նախարարությունը շարունակելու է նպաստել ուռուցքաբանության զարգացման բոլոր նախաձեռնություններին և ապահովել Հայաստանում հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ` ուշադրության կենտրոնում պահելով մարդուն։  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրեց պալիատիվ ծառայության էությունը և կարևորությունը երկրի  համար։  Նա շնորհավորելով կենտրոնի տարեդարձն՝  ընդգծեց, որ 75 տարիների ընթացքում  կենտրոնն իր կայուն տեղն ու դերն է ունեցել երկրի առողջապահական համակարգում։ Նա նշեց, որ ՀՀ-ում ուռուցք ունեցողների մոտ 70-80 տոկոսն իր բուժումը ստանում է իրենց կենտրոնում։  «Մենք նպատակադրվել ենք առաջիկա 2 տարիների ընթացքում դառնալ զարգացած երկրներում հայտնի ուռուցքաբանական կլինիկաներին հավասար մրցակից։ Իրականում, սրանք զուտ խոսքեր կամ տեսլական չեն. վերջին 3 տարում բուժհիմնարկում կատարվել են մեծածավալ աշխատանքներ թե՛ կենցաղի, թե՛ սարքավորումների և թե՛ նոր մասնագետների ու ծառայությունների ուղղությամբ։  ՈւԱԿ-ն իր խնայած միջոցների հաշվին նաև մեծածավալ ներդրումներ է կատարել. այն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 258-րդն է: Այս ամենի վերջնարդյունքը պետք է լինի այն, որ ոչ մի ուռուցքով հիվանդ Հայաստանից չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով»,- նշեց նա: Միջոցառումների շրջանակում բացվեց  նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։
16:25 - 08 հոկտեմբերի, 2022
Հնարավորություն կտրվի գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլ նաև բնակելի տների դեպքում. Թունյան
 |1lurer.am|

Հնարավորություն կտրվի գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլ նաև բնակելի տների դեպքում. Թունյան |1lurer.am|

1lurer.am:  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Հայկ Ցիրունյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Այն հնարավորություն կտա գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու (ինչպես գործող օրենսդրությամբ), այլ նաև բնակելի տների դեպքում։ «Խնդիրն այն էր, որ օրենքի գործող ձևակերպումներով՝ գնման իրավունքի հնարավորությունը տրված էր միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքում, իսկ բնակելի տների դեպքում նման հնարավորություն չկար: Ու հաշվի առնելով, որ մենք սահմանափակել ենք եկամտահարկի վերադարձի համակարգը և շեշտը դրել ենք մարզերում իրականացվող շինարարության վրա, որովհետև այնտեղ բնակելի տների կառուցումն ավելի տարածված է, այս փոփոխությունն ավելի անհրաժեշտ ու հրատապ է դառնում»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց Թունյանը: 
14:21 - 17 մայիսի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Պատվաստումները պարտադիր չեն և պարտադիր չեն կարող լինել. Նարեկ Զեյնալյան |armenpress.am|

Պատվաստումները պարտադիր չեն և պարտադիր չեն կարող լինել. Նարեկ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: Վերջին տասն օրվա կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում դիտվում է կորոնավիրուսի դեպքերի կայուն աճ, որը պայմանավորված է վիրուսի մուտացիայով` «Դելտա» շտամով, որի վարակելիության աստիճանը շատ ավելի բարձր է: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը «Հաշվի առնելով դա՝ պատվաստումները պարտադիր չեն և պարտադիր չեն կարող լինել: Բայց և այնպես պետությունը կիրառում է որոշակի գործիքակազմ, որպեսզի բնակչությանը բերի պատվաստումների, որովհետև սա է միակ միջոցը համավարակի դեմ արդյունավետ պայքարի: Շատ եվրոպական երկրներում, ԱՊՀ երկրներում շատ ավելի խիստ մեթոդներ են կիրառվում՝ ընդհուպ մինչև հանրային վայրերի մուտքի արգելք, եթե անձը պատվաստված չէ»,- ասաց Զեյնալյանը: Պատգամավորի խոսքով` Հայաստանում կիրառվում են տարբեր գործիքներ, հնարավորություն են տալիս բնակչությանը որպես այլընտրանք որոշակի ժամանակահատվածը մեկ անցնել թեստավորում, եթե անձը չի ցանկանում պատվաստվել: «Այստեղ պարտադիր պատվաստման մասին խոսք լինել չի կարող: Եթե նույնիսկ դուք տեսնում եք ենթադրաբար մարդու իրավունքների որոշակի ոտնահարում, ապա նշեմ, որ հանրային առողջությունը շատ ավելի բարձր է, քան այդ ենթադրաբար մարդու իրավունքների ոտնահարումը: Եվ, այո, պետությունը պետք է շարունակի կիրառել որոշակի գործիքներ, որպեսզի բնակչությանը «ստիպի», բերի դեպի պատվաստումների, որպեսզի ունենանք առնվազն 50 տոկոս պատվաստվածություն բնակչության շրջանում, որպեսզի կարողանանք կառավարելի դարձնել համավարակի տարածումը»,- եզրափակեց Զեյնալյանը:
12:28 - 12 օգոստոսի, 2021
Կորոնավիրուսից առողջացածներին պատվաստումը նույնպես ցուցված է. Զեյնալյան |1lurer.am|

Կորոնավիրուսից առողջացածներին պատվաստումը նույնպես ցուցված է. Զեյնալյան |1lurer.am|

1lurer.am: Աշխարհում չկա որևէ դեղամիջոց, որը չունենա կողմնակի ազդեցություն, այդ թվում՝ ծանր կողմնակի ազդեցություն: Պատվաստանյութերը նույնպես ունեն կողմնակի ազդեցություններ, տարբերությունը ռիսկերի և ռիսկերի գնահատման մեջ է: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով պատվաստումների թեմային: «Խնդրում եմ և հորդորում եմ՝ դրսևորել այդ կամային հատկությունները և ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, քանի որ համաճարակը հաղթահարելու միակ տարբերակը պատվաստումներն են: Մնացածը՝ այն, ինչ որ մենք կիրառում ենք և շարունակելու ենք կիրառել՝ դիմակներ, սոցիալական հեռավորություն, ձեռքերի ախտահանում, ընդամենն օգնող միջոցներ են, մինչև ունենանք համընդհանուր պատվաստում»,- ասաց Զեյնալյանը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք կարիք կա՞ պատվաստվեն մարդիկ, որոնք արդեն հիվանդացել և լավացել են, ասաց՝ գոյություն չունի որևէ վիճակագրական հավաստի վերլուծություն, թե ինչքան է մնում իմունիտետն այդ դեպքում, և, հետևաբար, ովքեր հիվանդացել և լավացել են, նրանց ևս ցուցված է ստանալու պատվաստումներ: Զեյնալյանը նշեց, որ առաջիկայում ԱԺ-ում շրջիկ խմբի միջոցով պատվաստման գործընթաց ևս կկազմակերպվի:
14:01 - 03 մայիսի, 2021