«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ։
Ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին: Ծննդավայրը՝ Ստեփանակերտ: 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։ 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։ 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։
1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։
1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները։ 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։ 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։
1995-1999 թթ. ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996)։ 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, 4.5 տարի անց նրան ներում է շնորհվել։
2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը ։ 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: 2018 թվականին ազատ է արձակվել բանտից։