aysor.am: Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել, «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
«Ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել: Ես ժամանակին՝ 2021-ին, մի քանի բառով վարչապետին գրել էի այդ ընկերության հետ համագործակցության մասին: Ֆրանսիական այդ ընկերության մոտ էլեկտրոնիկան շատ ուժեղ զարգացած է: Ասենք նույնիսկ ԱԹՍ-ներին ճնշի, թույլ չտա, որ գոտի մտնեն: Ուրախ եմ, որ ի վերջո այդ զենքերը գնելու հնարավորությունը Հայաստանն ունեցավ՝ հրթիռային համակարգ՝ թե՛ խփելու, թե՛ պաշտպանվելու: Սա համարում եմ ճիշտ գնում»,-ասել է նա:
Ըստ Բաբայանի՝ «ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը գոյություն չունի վաղուցվանից»։
«2020 թվականի պատերազմից հետո դա չկա, որևէ օգնություն, որևէ զենք չի տրամադրվել: Դրա համար Հայաստանը որոշել է իր համար իր հակաօդային պաշտպանության ուժերը թարմացնել և ընտրել այն զենքերը, որոնք իրեն հարմար են և ինքը ճիշտ է համարում»,- ասել է նա։
Բաբայանի խոսքով՝ Ռուսաստանին փող է տրվել զենք մատակարարելու դիմաց, ինչը չի արվել. «Իրենք այնքան զբաղված են Ուկրաինայում, որ չեն կարող մատակարարել, իսկ մենք էլ չենք կարող նստել, սպասել, թե երբ են մատակարարելու»,- նշել է նա։
Սամվել Բաբայանը խնդիր չի տեսնում, որ Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ համակարգը լինի ֆրանսիական, իսկ հրետանային համակարգերը, օրինակ, հնդկական:
comment.count (0)