Առաջարկում եմ մինչեւ սեպտեմբերի 7-ը հասնել կոնսենսուսային թեկնածուի, իսկ մնացածը ինքնաբացարկ ներկայացնեն. Նորիկյան
|news.am|
news.am: Բոլոր այն ուժերը, որոնք ստվերային պայմանավորվածություն ունեն գործող իշխանության հետ Երեւանի ավագանու կազմի ձեւավորված համար, ովքեր ուղղակի մտել են մրցակցության մեջ հետագայում գործող իշխանությանն ապավինելու եւ նրանց միջոցով մեծամասնություն ձեւավորելու համար, եւ այսօր հանդես են գալիս իշխանության հետ ինչ-ինչ անհամաձայնություններով, նրանք պարզապես շանտղություն են անում մեր հասարակության ու պետության նկատմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:
Այնուհետեւ Նորայր Նորիկյանը հանդես եկավ քաղաքական ուժերին ուղղված առաջարկով. «Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, նրանցում ընդգրկված թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչեւ սեպտեկբերի 7-ը, ժամը 18.00-ն: «Արդար Հայաստանի» նպատակն է առաջին անգամ ընտրությունների միջոցով հասնել իշխանության հեռացմանը եւ իրական ընդդիմության հաղթանակին: 1990-ից մինչ օրս երբեք ընդդիմությունն ընտրությունների միջոցով իշխանության չի եկել:
Եթե դուք իսկապես ուզում եք հեռացնել գործող իշխանությանը, եթե իսկապես ցանկանում եք ձեւավորել Երեւանում նոր իշխանություն, մենք ունենք ընդամենը երկու օր ժամանակ: Եթե այն ուժերը, որոնք իսկապես ձգտում են որակական փոփոխություններ, Երեւանում ձեւավորել նոր իշխանություն, առաջարկում եմ մինչեւ սեպտեմբերի 7-ը հասնել կոնսենսուսային թեկնածուի առաջադրմանը, իսկ մնացած ուժերը ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն եւ ամբողջությամբ սատարեն կոնսենսուսով ձեւավորված թեկնածուին: Եթե այդպիսի կենսենսուսային թեկնածու կձեւավորվի մեզնից դուրս, ես պատրաստ եմ ինքնաբացարկի դիմում ներկայացնել եւ սատարել այդ մեկ միասնական թեկնածուին: Եթե քաղաքական ուժերը կհանգեն հետեւության, որ ես կարող եմ լինել այդ կոնենսուսային թեկնածուն, ես պատրաստ եմ վերցնել այդ պատասխանատվությունը»,- հայտարարեց նա:
13:47 - 05 սեպտեմբերի, 2023