Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Արայիկ Հարությունյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Հանդիպմանը մասնակցում են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
12:32 - 19 նոյեմբերի, 2022
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Դավիթ Բաբայան |24news.am|

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Դավիթ Բաբայան |24news.am|

24news.am: Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Ալիևի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ իրենց պետական քաղաքականության կարևորագույն ուղղությունների մի մասն է ՌԴ-ին հարվածելը։ Իհարկե, նրանք պետական մակարդակով ոչինչ չեն ասում, բայց առանձին գործիչների, վերլուծաբանների միջոցով հակառուսական մեծ արշավ են սկսել: Այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է խոսել ԼՂ-ում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով: Բաբայանի խոսքերով, ՌԴ-ի հետ որևէ գաղտնի օրակարգ չկա, ՌԴ-ն կողմ է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն, միաժամանակ հասկանալով, որ Արցախի հարցը հիմա բարդ է լուծել, այն պետք է թողնել ապագային, Ադրբեջանն էլ փորձում է առիթից օգտվել։ Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքվի համար անընդունելի է, որ խաղաղության պայմանագրում նշվի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը, Դավիթ Բաբայանը նշեց, որ Ալիևը շատ բան կարող է ասել, եթե ՀՀ-ն ընդունի նրանց ասածը, ապա մենք, որպես ժողովուրդ, կդադարենք գոյություն ունենալ, պետք է այս հարցում սկզբունքորեն պաշտպանենք մեր շահը: «ՀՀ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ պայմանագրում վերապահում լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասով, Արցախը չի´ եղել և չի´ լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Բաբայանը: Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․], որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։ Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել»։ Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող հայերի» հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում։ «Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե   նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել», - ասել է Ադրբեջանի նախագահը։ Առավել մանրամասն՝ 24news.am-ում
22:49 - 18 նոյեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը զրուցել է ՄՄՀ արտգործնախարար Վիտալի Իգնատևի հետ

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը զրուցել է ՄՄՀ արտգործնախարար Վիտալի Իգնատևի հետ

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ)  արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։  Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին, հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաների շուրջ։ Կարևորվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերի պահպանումն ու ընդլայնումը։ Նախարար Բաբայանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձդնեստրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ և նշել, որ Արցախում ապրումակցում են Մերձդնեստրի ժողովրդին: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ՄՄՀ ղեկավարությանը կհաջողվի հնարավորինս սեղմ ժամկետում կայունացնել իրավիճակը։
15:14 - 14 նոյեմբերի, 2022
«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|

«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|

aravot.am: «Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,- Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսպես որակեց ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո։ Դավիթ Բաբայանը փաստեց՝ շատ հեշտ կարելի է դա պարզել, որ դա ապատեղեկատվություն է ու պարզաբանեց․ «Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Եթե նույնիսկ այս վիճակում նրանք այսպիսի քայլերի են դիմում, բնական է, սա շահարկում է, տեղեկատվական ահաբեկչություն, որն իրականության հետ որևէ կապ չունի։ Հետևաբար սա է խնդիրը։ Կարծում եմ՝ սա նաև հարված է ռուս խաղաղապահներին։ Ի՞նչ է նշանակում՝ այսինքն՝ զինտեխնիկա, ահաբեկիչներ։ Նման բաներ են գրում։ Ի՞նչ է, սա Ռուսաստանի՞ դեմ են անում, այն էլ Սոչիի հանդիպումից հետո՞։ Սա նաև աշխարհաքաղաքական առումով  հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ապակայունացման քաղաքականություն է»։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանական կողմը սա հմտորեն է անում, թե տեսեք՝ թելեգրամյան ալիքներ և այլն։ Նա փաստեց՝ մերթընդմերթ դրա մասին պետական գործիչներ էլ են խոսում, ինչի առիթով Դավիթ Բաբայանը կրկնեց՝ ընդհանրապես որևէ հիմք չկա ու շեշտեց․ «Դա ապատեղեկատվություն է։ Կան տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս։ Այդ թվում տեսախցիկ կա տեղադրված Շուշիի մոտ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում»։ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ բոլոր այսպիսի հայտարարությունները չեն կարող չնկատվել ռուս խաղաղապահների, այլ մարմինների կողմից։ Նրա բնութագրմամբ՝ սա բացեիբաց շանտաժ, շահարկում և քարոզչություն է։ Հարցին՝ սա նաև ՀՀ-ի և Արցախի ազգային անվտանգության խնդիր չէ՞, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղ շանտաժ և ահաբեկչություն, ուրիշ ոչ մի բան»։
18:37 - 06 նոյեմբերի, 2022
Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը, բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ կարող սպասվել հայոց քաղաքակրթությանը, եթե հանկարծ կործանվի Արցախը, այնուհետև սարսափելի, մահացու վտանգներ մայր Հայաստանի համար, դե եթե մայր Հայաստանն էլ չլինի, էլ ի՞նչ սփյուռք», - հավելեց Բաբայանը: Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ «Հայաստանը ինչ թուղթ էլ ստորագրի, մենք դա չենք ընդունելու», Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ «ինչ էլ որ ստորագրի», կարող է լավ բան է ստորագրում, մենք պետք է ասենք՝ ինչ է Հայաստանը ստորագրում է, մենք դե՞մ ենք: Սա մեկ հայրենիք է, այո, տարբեր պետություններ են, բայց այնքան են իրար հետ կապված, որ Արցախի ճակատագրից կախված է նաև Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի, դրա համար մենք ոչ թե ինչ-որ մեկին վերջնագրեր ենք ներկայացնում, ոչ, մենք ասում ենք՝ «ժողովուրդ ջան, էս է, մենք միասնական ենք», հետևաբար պետք է լինի այնպես, որ Արցախի ճակատագիրը չվտանգվի, որովհետև միայն վտանգը չի, ցեղասպանություն է լինելու, դրանից հետո անցնելու են Հայաստանին: Արցախը ծանր բան է, բայց բեռ չէ: Վահան է եղել, իսկ վահանը ծանր պետք է լինի, թղթյա վահան չի լինում: Հիմա տեսնում եք չէ՞, որ Արցախը վիրավորված, այդ վահանը ջարդուխուրդ եղած ինչպիսի վտանգներ է առաջացել մայր Հայաստանի համար»: Մեկ այլ հարցի էլ՝ «մի կողմից Արցախի կառավարությունը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, մյուս կողմից՝ դիմում միջազգային հանրությանը, որ ճանաչեն Արցախի անկախությունը չե՞ք կարծում, որ այս հարցում մեղմ ասած սխալ հաշվարկված քաղաքականություն եք վարում», Արցախի ԱԳ նախարարը պատասխանեց. «Ազգային ժողովի այս հայտարարության մեջ նշվել է նաև Կոսովոն: Այսինքն՝ մենք պետք է հնարավորինս օբյեկտիվ լինենք: Խնդիրը նա չէ, որ մենք պետք է գնահատական տանք՝ ով է ճիշտ, ով է սխալ. հիմա արևմտյան աշխարհը չի ընդունում ցանկացած բան, որը կապված է Ռուսաստանի հետ, սա պարզ է, որովհետև իրենց մոտ հարաբերությունները մտել են բավականին թեժ ժամանակաշրջան, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ չեն ընդունում, օրինակ, այն, ինչ տեղի է ունենում արևմտյան բլոկում, նույն Կոսովոյի վերաբերյալ լրիվ իրարամերժ կարծիքներ են»: Արցախի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «պետք է փորձենք ցանկացած ինքնորոշման իրավունք և նրա իրականացման փաստն օգտագործենք, փաստենք, որ այդպես կա, և մենք էլ դրանից ինչ-որ մի օգուտ կարողանանք քաղել»: «Մեր խնդիրն այն չէ, որ մենք մտնենք, տեսնենք՝ ով է ճիշտ, ով է սխալ, նախևառաջ սա մեր գործը չէ, երկրորդ՝ մենք այդ ռեսուրսը չունենք և իմաստ էլ չկա մտնենք այդ ամենի մեջ», - հավելեց Բաբայանը: Շարունակությունը azatutyun.am- ում  
16:25 - 03 նոյեմբերի, 2022
Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
 |armenpress.am|

Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Ստեփանակերտում կարևորում են Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, սակայն նշում են՝ դրանից  չպետք է ակնկալել վերջնական կարգավորում ու խաղաղություն: Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Նախ և առաջ պետք է գիտակցել, որ մի հանդիպման ժամանակ չի կարող համապարփակ կարգավորում լինել:Այդպես չէ, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է աշխարհում, թերևս, այնպիսիններից մեկը ինչպիսին իսրայելա-արաբականն է: Ամենակարևորն այն է, որ ուղղակի, անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ: Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել: Հղում է կատարվել մի շարք պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Սա շատ կարևոր է և ամենաշոշափելի ձեռքբերումն է»,-ասաց արտգործնախարարը՝ հանդիպման արդյունքներից  դրական համարելով նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարության կարևորումն իրենց վերապահված պատասխանատվության գոտում, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի,  մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ գոյություն ունի համապատասխան  սուբյեկտ, միավոր: «Հետևաբար, այս տեսակետից պետք է նայել հանդիպման արդյունքներին: Իհարկե, կարող է փլվել ցանկացած փաստաթուղթ,   հանդիպում, բայց դրանք շատ կարևոր են: Պետք է հասկանանք, որ սա աշխարհաքաղաքականություն է: Ունենք կարևոր մի հանդիպում, իրադարձություն, որով ֆիքսվել է, որ գործընթացը շարունակական է, որ ոչինչ կարգավորված չէ և պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ: Բացի այդ,  մեկ անգամ ևս նշվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում. սա է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության փաստաթղթի էությունը»,-ասաց Արցախի արտգործնախարարը: Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր է նաև Սոչիի հանդիպումն ու ընդունված հայտարարությունը դիտարկել վերջին զարգացումների տեսանկյունից, երբ մոտեցումներ, առաջարկներ էին շրջանառվում Արցախն Ադրբեջանի կազմ «խցկելու» վերաբերյալ: Ի տարբերություն դրանց, ըստ Արցախի քաղաքական գերատեսչության ղեկավարի, Սոչիում նշվեց, որ խնդիրը բարդ է, դեռևս կարգավորված չէ և պետք է աշխատել: «Պետք է հասկանանք, որ մեր ցանկությունները, հատկապես էմոցիոնալ դաշտում, միշտ չէ, որ տեղ են գտնում: Դրա համար պետք է աշխատենք, առաջին հերթին՝ մենք: Պետք է լինենք համառ, հույսներս առաջնահերթ դնենք մեր կամքի վրա, երբեք անտարբեր չլինենք ու չմտածենք, որ ամեն ինչ կորած է, կորսված: Եթե մենք կամք ցուցաբերենք, ինչպես ցուցաբերել ենք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ և ցույց տանք, որ մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա այդ ամենը վերջապես հաշվի կառնվի»,- համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը: Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով կողմերը հայտարարություն  են ընդունել: 
14:58 - 01 նոյեմբերի, 2022
Մենք մերժելու ենք ցանկացած առաջարկ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան

Մենք մերժելու ենք ցանկացած առաջարկ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։  Վերջինիս ելույթը ներկայացնում ենք ստորև.   «Սիրելի ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ։ Միայն այն փաստը, որ բոլորդ կանգնած եք այստեղ, այն, որ տասնյակ հազարավոր արցախցիներ և հայեր հավաքվել են այստեղ, արդեն պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը, տարբեր երկրներին։ Իսկապես, մենք ապրում ենք օրհասական ժամանակաշրջան, առերեսվում ենք գոյաբանական խնդիրների, ավելին ոչ միայն Արցախը, այլ նաև մայր Հայաստանը և Սփյուռքն են առերեսվում  նմանատիպ խնդիրների։ Նրանց ապագան կախված է արցախցուց, Արցախից։  Ի՞նչ պետք է անենք, որ դուրս գանք այս ծանր վիճակից, իհարկե պետք է աշխատենք և՛ ներքին,և՛ արտաքին ոլորտներում։ Ներքին ոլորտներում ամենակարևորը այն է, որ չլինենք անտարբեր, դա կարող է կործանել մեզ։  Յուրաքանչյուրիցդ է կախված մեր ապագան, յուրաքանչյուրիցս է կախված լինելու է հաղթանակ, թե պարտություն։  Ինչ վերաբերում է արտաքինին, իհարկե, մեծ աշխատանք է տարվում համայն հայության հետ մեկտեղ։ Պետք է  լինենք  սկզբունքային, պետք է տեղ տանք արհեստավարժությանը և հայրենասիրությանը։ Մեզ համար անընդունելի է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս, մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ։  Եթե այդպիսի առաջարկ ներկայացնեն մեզ տարբեր երկրներ, մենք դա դիտարկելու ենք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։  Հավատացեք, որ իվիճակի ենք պաշտպանել Արցախը, հավատացեք, որ կա այդ ներուժը։  Յուրաքանչյուրս հիմա ունի ընտրության հնարավորություն, կամ պետք է պատմության մեջ մտնենքամենաթուլամորթ,ամենաանարժանապատիվ, ամենաանհայրենիք սերունդ, որի ժամանակ կործանվեց բիբիլիական Արցախը, կամ պետք է պատմության մեջ մտնենք, որպես սկզբունքային, հայրենասեր սերունդ, որն անկախ դժվարություններից` կարողացավ փրկել այս աստվածային հողակտորը։  Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք անել, քանի որ ունենք Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, որը նայում է մեզ վրա։  Ի վերջո, ոնց ենք նայելու մեր երեխաներին, մեր մեծերին, մեր սգացող մայրերին, ինչպես ենք կանգնելու մեր հերոսների հիշատակի առջև, ինչ պատասխան ենք տալու Աստծո առջև, հետևաբար պետք է բոլորս իմանանք, որ մեր  ճակատագիրը միասնական է, չի լինեոլւ ոչ մի խաղ ժողովդրի մեջքի հետևից։ Բոլորս միասին պահելու ենք Արցախը, անկախ բոլոր դժվարություններից և այդ շանսը կա։ Մենք բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը տարածաշրջանում ռ Խաղաղապահ առաքելության այդ բարդ գործը որն իրականացվում է։ Երբ մենք ասում ենք, որ ՌԴ-ն ու ռուս ժողովուրդը եղբայրական է, ուզում ենք հայտարարել, որ դա ուղված չէ որեէ պետության դեմ, որովհետև մենք ունենք Սփյուռք։  Եկեք բռունցքվենք, կան բոլոր շանսերը Արցախը պահելու։ Իմաստություն և ուժ մեր ժողովուրդին»։
16:42 - 30 հոկտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի ԱԳ նախարարն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 19-ին ընդունել է բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, նշելով, որ նույն օրը տեղի է ունեցել նաև Ռուբեն Վարդանյանի հանդիպում-քննարկումը ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների հետ։ Քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։Դավիթ Բաբայանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի զարգացման ու զորացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ ընդգծելով այդ որոշման կարևորությունը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական տեսանկյուններից։Նախարարը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար և շեշտել այս բարդ շրջանում արցախակենտրոն մոտեցում և ազգային մտածելակերպ ունեցող գործիչների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։
17:01 - 19 հոկտեմբերի, 2022
Դեմ չենք, որ ՀՀ-ն-ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, բայց առանց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու․ Արցախի ԱԳ նախարար
 |tert.am|

Դեմ չենք, որ ՀՀ-ն-ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, բայց առանց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու․ Արցախի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Արցախի պատվիրակությունը 2-3 օր է, ինչ Երևանում է, հանդիպումներ են եղել ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր ԱԺ նախագահի հետ, նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք ԱԳ նախարարի և վարչապետի հետ։ Եկել ենք այստեղ՝ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար, ոչ միայն արցահայությունը, այլև ողջ հայությունը գտնվում է յուրահատուկ իրավիճակում, այսօր հայտնվել ենք գոյաբանական մարտահրավերների առաջ, շատ կարևոր է, որ ստանանք մի շարք հարցերի պատասխաններ և տեղեկանանք տարբեր գործընթացների մասին։ Ազնիվ ձևով քննարկել են նույնիսկ ամենաբարդ հարցերը, մեզ համար կարևոր է, որ Արցախի հարցում ունենանք հստակ դիրքորոշում»,- ասաց Բաբայանը։ Անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպմանը և ՀՀ-ի ու Ադբեջանի միջև փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությանը՝ Բաբայանը ասաց․ «Մենք դեմ չենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի և նաև ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մի մաս։ Այս հանդիպումների ընթացքում եղան պարզաբանումներ այն մասին, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»։ Հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Երևանում հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Ըստ ԱԽ հաղորդագրության՝ հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման մասին հաղորդագրություն տարածեց նաև Արցախի ԱԺ-ն, նշելով, որ ԱՀ պատվիրակությունն ընդգծել է՝ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը' պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։
13:03 - 14 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ բոլոր կողմերի ներգրավմամբ. Բաբայան |armenpress.am|

Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ բոլոր կողմերի ներգրավմամբ. Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությանը: Բաբայանն ընդգծեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ձևաչափ կա, որն  ընդունվել է ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ՝  1994 թվականին։ «Խնդիրը նրանում է, որ պետք է պահպանել այդ ձևաչափը, որով Արցախը ճանաչված է որպես և՛ բանակցությունների, և՛ հակամարտության կողմ ։ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն, իհարկե,  պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Արցախի  և Հայաստանի ներգրավմամբ։ Ուղիղ բանակցությունները  կարող ենք ընկալել տարբեր ձևերով, բայց եթե քաղաքական հարցի մասին ենք խոսում, ապա  Ադրբեջանը պետք է ընդունի մեր սուբյեկտայնությունը և Արցախը՝ որպես հակամարտության լիիրավ կողմ, այնուհետև հավասարը հավասարի հետ կարող ենք բանակցել»,- ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով ՝ բնական է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ խուսափի, չհանդիպի Արցախի ներկայացուցիչների  հետ, չքննարկի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հետևաբար պետք է ձգտել լիարժեք ձևաչափի վերականգնմանը։  «Կան  շփումներ, որ  անհրաժեշտ են: Օրինակ, եթե նրանց կողմը հովիվ է անցել, ապա նրան վերադարձնելու,  մեր զոհվածների մասունքների որոնման համար պետք են,  չէ,՞ ինչ-որ շփումներ, բնական է, ռուս խաղաղապահների հետ միասին։ Այսինքն՝ ուզած- չուզած պետք են շփումներ, ինչը, սակայն,  կոչել  բանակցություններ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, բնականաբար, ճիշտ չէ»,- մանրամասնեց Բաբայանը։ Դավիթ Բաբայանն անդրադարձել է նաև հարցին, թե Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա Ադրբեջանի վերջին հարձակման համատեքստում ինչ առաջնահերթ անելիքներ կան և որոնք են օրակարգային հարցերը դիվանագիտական ճակատում՝ հաշվի առնելով անվտանգային մարտահրավերները: Նրա գնահատմամբ՝ պետք է շատ ճիշտ և  իմաստուն արտաքին քաղաքականություն վարել ՝ հասկանալով, որ Արցախի անվտանգությունը, Արցախի ժողովրդի  հուսալի ու արժանապատիվ ապագան անհնարին է ապահովել առանց դրա։  «Անհրաժեշտ է զերծ մնալ արկածախնդրությունից: Մենք ունենք բնական դաշնակիցներ, եղբայրական երկրներ։ Ընդհանրապես, հայ ժողովուրդը, ինչպես հրեաները, այն եզակիներից է, որ  ի վիճակի է շատ ու շատ երկրիների հետ նորմալ հարաբերություններ ունենալ. նույնիսկ այն երկրների, որոնք մեկը մյուսի հետ վատ հարաբերություններ ունեն:  Մենք ունենք Սփյուռք և պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ  բոլոր երկրների հետ, որտեղ կա  հայկական համայնք:  Սա մեր շահերից է բխում, ինչը  չի նշանակում, որ մեկը մյուսի հաշվին պիտի իրականացվի:Ես դա անթույլատրելի եմ համարում: Այն պարագայում, որ Ռուսաստանում 3 մլն հայ է ապրում, ինչո՞ւ պետք  է հակառուսական լինենք, հատկապես, երբ դրանից է կախված ապագան:  Եթե չլինեն  ռուս խաղաղապահները, չի լինի Արցախը։ Սա  չի նշանակում, որ պետք է Արևմուտքի հետ թշնամի դառնանք, բնավ, որովհետև 2 մլն հայ կա ԱՄՆ-ում։  Արևմտամետ լինելու միակ չափանիշը պետք է լինի ռուսատյացությու՞նը. սա  նորմալ  երևույթ  չէ։ Մենք պարտավոր ենք մեր բնական դաշնակցի  հետ ունենալ  լավ հարաբերություններ , որոնք ձևավորվել են օբյեկտիվորեն, երկար ժամանակի  ընթացքում։  Ընդհանրապես,  ցանկացած քաղաքակրթություն պետք է ուսումնասիրել  և  հարգել, պետք է մտածել, թե ինչ կարելի է այնտեղից ընդօրինակել, որը կարող է մեզ օգտակար լինել:   Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
16:13 - 05 հոկտեմբերի, 2022
Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին

Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 30-ին  մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:    Նիստի ընթացքում շոշափվել են Լոս Անջելես-Արցախ կապերի զարգացման հեռանկարներին, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգովորմանն առնչվող հարցեր։Նախարար Բաբայանը կարևորել է Արցախի Հանրապետության կապերը Լոս Անջելես քաղաքի հետ՝ ընդգծելով, որ Արցախում բարձր են գնահատում մեգապոլիսի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը՝ այն որակելով որպես կարևոր բարոյական, քաղաքական և մարդասիրական օրինակելի որոշում։Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Արցախի ԱԳ նախարարը ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արտգործնախարարը կարևորել է նաև բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։Նիստին ներկա են գտնվել նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
12:53 - 01 հոկտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարը Էնթոնի Պորտանտինոյի և Ադրին Նազարյանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի ԱԳ նախարարը Էնթոնի Պորտանտինոյի և Ադրին Նազարյանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Արցախ-Կալիֆորնիա հարաբերություններին և Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։Նախարարը երախտագիտություն է հայտնել Էնթոնի Պորտանտինոյին և Ադրին Նազարյանին տարիներ շարունակ սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշում ունենալու և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու համար։Հանդիպմանը մասնակցել են  նաև Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և ս­պորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայ Դատի ներկայացուցիչներ։
12:32 - 30 սեպտեմբերի, 2022