Մինսկի խումբ

Մինսկի խումբը (ՄԽ) ձևավորվել է 1992 թվականին։  ՄԽ-ի գործունեության նպատակը Արցախյան հակամարտության խաղաղ կարգարումն է:

Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտի), Ռուսաստանի Դաշնությունը (Իգոր Խովաև) և Ամերիկայի Միացյալ Նահանգները (Էնդրյու Շոֆեր):

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Հոկտեմբերի 2֊ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի կողմից կատարված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից և հանցագործների պատասխանատվության ենթարկումը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
21:29 - 02 հոկտեմբերի, 2022
Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ, անդրադարձել Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործություններին

Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ, անդրադարձել Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործություններին

Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։ Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, որոնց վերաբերյալ տեսանյութերն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է սոցիալական ցանցերում` նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: »
19:46 - 02 հոկտեմբերի, 2022
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին։ «Գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի»,- նշված Twitter-յան միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ: Երկրի ԱԳՆ-ից նշել էին՝ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ Նշենք, որ նմանատիպ հայտարարություն արել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում նշելով, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։  
19:00 - 27 օգոստոսի, 2022
ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Հուլիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Նշենք, որ երեկ Բլինքենի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ գործընկերների հետ ներգրավվելուն, որ աջակցեն Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնելու հարցում։ Նա նաև կոչ է արել Ալիևին ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանային տրանսպորտային կապերի կոմունիկացիաների բացմանը: Նա խրախուսել է շարունակել երկխոսությունը, ինչպես, օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ Իլհամ Ալիևը թբիլիսյան հանդիպումը գնահատել է որպես առաջին քայլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանը արդեն ձևավորել է իր հանձնաժողովի կազմը խաղաղության պայմանագրի պատրաստման համար և հայկական կողմից սպասում է նույն քայլին։ «Զրույցի ընթացքում ողջունվել է վերջերս Ադրբեջանի և ԵՄ հանձնաժողովի միջև էներգետիկ ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- նշված է ադրբեջանական գործակալության հաղորդագրության մեջ։
11:20 - 26 հուլիսի, 2022
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է. «Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ։
18:31 - 25 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ դերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, և բարձր է գնահատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը՝ իբրև ԵԱՀԿ պատասխանատվության գոտում համապարփակ և անբաժանելի անվտանգության ապահովման շուրջ երկխոսության խորհրդարանական հարթակ:  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին համակարծիք էին, որ պատվիրակության այցը լավ առիթ է՝ ուրվագծելու կողմերի միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորությունները: Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տարվող աշխատանքների շուրջ դիրքորոշումները։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի և Լեռային Ղարաբաղի հակամարտություն չկա, միջազգային հանության շրջանում առկա է համընդհանուր կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ: Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:  Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակաբար հայտարարվող նկրտումները, որոնք լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հայտարարությունների անկեղծությունը։ ԱԳ նախարարը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նպատակաուղղված քաղաքականություն է վարում 44-օրյա պատերազմի իրվերահսկողության տակ անցած տարածքներում հայկակակն կրոնական ու մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է հրատապ լուծում պահանջող այս խնդիրների լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական քայլերի կարևորությունը։ 
20:18 - 16 հունիսի, 2022
Հայ-բելառուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով․Բելառուսի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին |armenpress.am|

Հայ-բելառուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով․Բելառուսի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Բելառուսի արտաքին գործերի նախարարը նշեց, որ մասնավորապես քաղաքական և առևտրատնտեսական կապերը դինամիկ կերպով զարգանում են։ Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աննախադեպ ցուցանիշներ է գրանցել։ Վլադիմիր Մակեյը նաև խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ընդգծելով, որ Բելառուսը կտրականապես դեմ է ռազմական ճանապարհով խնդրի լուծմանը և որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես դիվանագիտական և քաղաքական ճանապարհով։ - Պարոն Մակեյ, ի՞նչ հարցեր են քննարկվել և որոշումներ են կայացվել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: - Գիտեք, որ այս տարի լրացավ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30 տարին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20 տարին։ Իհարկե, այս նշանավոր տարեթվերը հետք են թողնում նաև քննարկումների վրա՝ կապված մեր կազմակերպության գործունեության հետ։ Այսօր տեսնում եք, թե ինչպիսի վտանգների և մարտահրավերների առջև են կանգնած հետխորհրդային, այդ թվում՝ մեր կազմակերպության անդամ երկրները։ Դա գլոբալ մարտահրավերներ են՝ կլիմայի փոփոխություն, համավարակ, ինչպես նաև այնպիսի հանգամանքներ, որոնք ներկայացնում են իրական վտանգներ մեր կազմակերպության համար՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ՆԱՏՕ-ի ամրապնդումը կազմակերպության արևմտյան սահմանին և այլն։ Իհարկե, նշելով այդ հոբելյանական տարեթվերը, մենք որևէ կերպ չենք պատրաստվում եղած հաջողություններով բավարարվել, ընդհակառակը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի այս նիստին քննարկել ենք մեր կազմակերպության ամրապնդման, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում կազմակերպության տեղը որոշելու հարցերը միջազգային հարաբերությունների համատեքստում։ Գտնում ենք, որ մեր կազմակերպությունը պետք է կարողանա համարժեք պատասխանել այն մարտահրավերներին և վտանգներին, որոնք առաջանում են գրեթե ամեն օր։ Հենց այդ հարցին ենք մենք մեծ ուշադրություն դարձրել խորհրդի նիստին՝ սկզբում նեղ կազմով, ապա՝ նաև ընդլայնված կազմով։ Մենք կարծիքներ ենք փոխանակել միջազգային իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Ես տեղեկացրել եմ այն մասին, թե ինչպիսի միջոցներ է ձեռնարկում ՆԱՏՕ-ն մեր արևմտյան սահմաններին։ Ցավոք, տեսնում ենք լարվածության աճ, որն ուղղված է այդ թվում մեր կազմակերպության դեմ. մեր սահմաններին ՆԱՏՕ-ի զինծառայողների քանակը ավելանում է, աճում է զորավարժությունների քանակը, որոնք ՆԱՏՕ-ի կողմից անցկացվում են ամեն տարի և այլն։ Մտքեր են փոխանակվել նշված իրադրության վերաբերյալ, և պայմանավորվել ենք սերտ համագործակել կազմակերպության արտաքին քաղաքականության ոլորտում։ Մենք պայմանավորվել ենք ավելի սերտ խորհրդակցություններ անցկացնել թեմաներով, որոնք առնչվում են արտաքին քաղաքականությանը, ռազմական ոլորտին, անվտանգությանը։ Այս խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է համապատասխան խորհրդակցությունների 2021-24 թվականների ծրագիրը, ընդունվել է համապատասխան հայտարարություն մեր տարածաշրջանում իրադրության վերաբերյալ, որտեղ հստակ նշվում է անվտանգության անբաժանելիության սկզբունք ստեղծելու անհրաժեշտության մասին։ Չի կարող մի պետության անվտանգությունը կառուցվել մյուս պետության հաշվին։ Ընդհանուր առմամբ Երևանում անցկացված ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը եղել է հագեցած, արդյունավետ և բեղմնավոր։ Համոզված եմ, որ այն որոշումները, որոնք ընդունվել են այս խորհրդի նիստի շրջանակում, կարող են լավ հիմք ծառայել մեր կազմակերպությունը ամրապնդելու գործում։  - Արդյո՞ք նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը: Ինչպիսի՞ն է Բելառուսի դիրքորոշումը ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման վերաբերյալ, ի՞նչ լուծումներ եք տեսնում: - Չէի ասի, որ այդ հարցը ուղղակի կերպով քննարկվել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Հայկական կողմը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի  և զարգացումների մասին։ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանն այդ թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բելառուսի դիրքորոշումը եղել է և մնում է միանշանակ՝ մենք կտրականապես դեմ ենք ռազմական ճանապարհով հարցի լուծմանը։ Գտնում ենք, որ բոլոր նման հարցերը, հակամարտությունները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ՝ դիվանագիտական և քաղաքական կարգավորման ճանապարհով։ Պետք է գործարկվի դիվանագիտական և քաղաքական քայլերի ողջ գործիքակազմը, որպեսզի ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարգավորվի որքան հնարավոր է շուտ։ Գտնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները լավ հիմք են ստեղծում խնդրահարույց այս իրավիճակի լուծման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, թե ինչպես է առաջ գնում սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը շատ զգայուն է այս փուլում։ Մենք լիովին աջակցում ենք այն ջանքերին, որոնք ընդունվում են երեք երկրների կողմից հակամարտության արագ կարգավորման համար և, ինչպես տեսնում ենք (այդ մասին ևս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը), այս առումով առաջացել են որոշակի հուսադրող պահեր։ Այս գործընթացին, իհարկե, ամբողջությամբ կաջակցենք՝ նկատի ունենալով, որ հարցը պետք է լուծվի որքան հնարավոր է արագ և այն պետք է լուծել դիվանագիտական և քաղաքական միջոցներով։Շարունակությունը՝ armenpress.am-ում
17:55 - 10 հունիսի, 2022
Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների միջև․ Միրզոյան |civilnet.am|

Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների միջև․ Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: «Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև, կապ, որ Թուրքիան է փորձում գտնել կամ ընդգծել յուրաքանչյուր առիթով»․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հունիսի 9-ի համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ուրախ է Թուրքիայի բարձրագույն իշխանությունից լսել հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին, սակայն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործըթնացը կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ, ըստ Միրզոյանի, կառուցողական չէ։ «Կան որոշակի տարբերություններ նաև այն առումով, որ մենք այլ պատկերացումներ ունենք տեմպի մասին»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցությունններում տարբեր ուղղություններով դիրքորոշումները չեն համընկնում։ «Հնարավաոր չէ չանդրադառնալ Ղարաբաղի հակամարտությանը, քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն ձևաչափը, որն ստեղծվել է՝ խաղաղ կարգավորում գտնելու նպատակով», -հայտարարեց Միրզոյանը՝ շեշտելով, որ որոշակի դրական տեղաշարժ կա տարածաշրջանային, տրանսպորտային ապաշրջափակման առումով։ Իր խոսքում Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը շարունակում է հավատալ, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատված ստատուս քվոն և մարտի 23-ի դրությամբ եղած վիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինուժի կողմից Փառուխ գյուղ ներխուժմամբ։
14:47 - 09 հունիսի, 2022
Շահագրգռված ենք ակտիվացնելու միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին |1lurer.am|

Շահագրգռված ենք ակտիվացնելու միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ իրենց քննարկման առանցքում է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: «Վերահաստատել եմ ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ: Այս համատեքստում առանցքային է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը: ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը»,- ասաց Միրզոյանը:
13:25 - 09 հունիսի, 2022
Վարչապետը հյուրընկալել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին

Վարչապետը հյուրընկալել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այս տարի նշվում է ՀԱՊԿ ստեղծման 30-ամյակը, ինչը կարևոր իրադարձություն է: «Բազմիցս ենք նշել, որ սա լավ հնարավորություն է իմի բերելու արդյունքները, վերլուծելու մեր ձեռքբերումները, բացթողումները, քայլերը, թե ինչով և ինչպես կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր կազմակերպությունը: Այս համատեքստում, իհարկե, Խորհրդարանարական վեհաժողովի խորհրդի դերը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ ՀԱՊԿ փաստացի այն քաղաքական պլատֆորմն է, որտեղ բոլոր այս հարցերը պետք է քննարկվեն: Կարծում եմ՝ խորհրդարանական ֆորմատը ստեղծում է դրա համար առավել լայն հնարավորություններ: Վերջին անգամ մենք այս ֆորմատով հանդիպել ենք 2019 թվականին, դրանից հետո տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ աշխարհում՝ կորոնավիրուսի հետ կապված, բացի այդ իրավիճակը մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում բավականին լարված է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար: Սա այն թեմաներից մեկն է, որը շատ կարևոր է և՛ մեր երկրի, և՛ ընդհանարպես կազմակերպության համար: Որպես նախագահող պետություն՝ մենք այս խնդիրը համարում ենք մեր նախագահության առաջնահերթություններից մեկը և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ հարցի շուրջ գալ կոնկրետ որոշումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ խորհրդի նիստը հնարավորություն է տալիս մշակել որոշումներ և զարգացնել հարաբերությունները երկրների միջև: «Վեհաժողովը թույլ է տալիս ներդաշնակեցնել օրենսդրությունները, մշակել մոդելային օրենքներ: Երբ խոսում ենք օրենսդրությունների ներդաշնակեցման մասին՝ առաջին հերթին դա վերաբերում է ահաբեկչության, էքստրեմիզմի դեմ պայքարին, ռազմաքաղաքական համագործակցությանը, խաղաղապահ ուժերի գործունեությանը և այլ հարցերի»,- ասել է պարոն Վոլոդինը՝ հավելելով, որ խորհրդի նիստի աշխատանքները սովորաբար սկսում են ՀԱՊԿ-ն նախագահող երկրի առաջնահերթությունների քննարկումներից: Այնուհետև հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մեխանիզմների զարգացման, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ իրականացվող քայլերին: Վերջինիս հետ կապված վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը:
17:33 - 06 հունիսի, 2022
Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար  |azatutyun.am|

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: «Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։ «Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եւ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», - նշեց նա։ Այդուհանդերձ, Շարլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսեց միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն առաջացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. - «Կարծում եմ, ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։ Երկու մայրաքաղաքներից էլ Տոյվո Կլաարը ընդհանուր առմամբ դրական ուղերձներ է ստանում։ Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի վերաբերյալ Տոյվո Կլաարն ասում է՝ հիմա ամենակարևորն է փորձել առաջ մղել գործընթացը՝ արձագանքելով դիտարկմանը թե մինչ Երևանը խոսում է Մինսկի խմբի մասին, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, եռանախագահությունն էլ կարող է լուծարվել. - «Եվրամիությունը չի պնդում, թե ունի որևէ բանի հեղինակային իրավունք: Մենք շահագրգռված են առաջընթաց տեսնելու ու դրան աջակցելու մեջ, և դա, կարծում եմ, այն է, ինչին նախագահ Միշելը կարողացավ հասնել առաջնորդների հետ իր երեք հանդիպումների, ինչպես նաև նախագահներ Մակրոնի, Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ իր հանդիպման միջոցով։ Եվ դա այն է, ինչ մենք ուզում ենք անել», - ասում է դիվանագետը՝ հիշեցնելով, որ կան նաև այլ ձևաչափեր, մասնավորապես մոսկովյան եռակողմ հանդիպումները առաջնորդների մակարդակով, ապաշրջափակման հարցով՝ փոխվարչապետերի հանձնաժողովն է վերսկսել նիստերը. - «Դա հոյակապ է, շատ լավ է, եթե այն մեզ առաջ տանի ճիշտ ուղղությամբ: Այսպիսով, Եվրամիության միակ ու միակ շահն է օգնել գործընթացին ու օգնել հասնելու կայուն և համապարփակ կարգավորման»: Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում
17:01 - 06 հունիսի, 2022
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը: Տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը: Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը և աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:
17:23 - 03 հունիսի, 2022
Մեր քննարկումները ապաշրջափակման մասին են, և ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով․ Արարատ Միրզոյան

Մեր քննարկումները ապաշրջափակման մասին են, և ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին. -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Ի՞նչ կասեք այս մասին: - Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, և հետևաբար, Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունն ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի և, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է: Հայաստանն, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, և կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով: -Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու: -Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած՝ ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։
15:51 - 28 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին  ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
13:26 - 26 մայիսի, 2022
Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

news.am: ԵՄ-ն իր միջնորդական առաքելությունն է իրականացնում համարյա այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրականացնում էին, բնական է, ամեն մեկն իր տեսանկյունից, առաջարկելով իր միջնորդական առաքելությունը, ուղղակի այն ժամանակ դա բերվում էր մեկ կոնսենսուսի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվել է «անկլավների» հարց, նա պատասխանեց. «Դուք հարցը նեղացնում եք: Չկա անկլավների հարց, նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար: Անկլավերի հարց օրակարգում չկա»: Լրագրողը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ Արցախի կարգավիճակի հարցում իշխանությունը հետքայլ արե՞լ է, որին նա արձագանքեց. «Արցախի կարգավիճակի հարցն այսօր գտնվում է նույն վիճակում, ինչ գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային»։ Լրագրողի հիշեցմանը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր. «Ես ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցին», Եղոյանն արձագանքեց. «Շառլ Միշելն ասում է, որ ինքն է այդպես ասել, ինքն է այդ ձեւակերպումը տվել: Եկեք չխառնենք դերակատարներին, Շառլ Միշելը անհրաժեշտ է համարել այդ դիտարկումն անել: Ինչի՞ վրա եք այդքան զարմացել: Շառլ Միշելը Մինսկի խմբի համանախագահ չի, ինքը չի զբաղվում ԼՂ հակամարտության լուծմամբ: նա նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինքը դա է կարեւորել»: Ինչ վերաբերում է ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե եթե կողմերը չհամաձայնեին, Շառլ Միշելը չէր կարող նման հայտարարություն անել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Կողմերի համաձայնությամբ, թե առանց համաձայնության, բայց Շառլ Միշելն ասում է՝ ես հորդորեցի…: Այսինքն ինքն իր համար կարեւոր հարցերի մասին է խոսում:  Հիմա դուք հարցնում եք՝ ինչո՞ւ Շառլ Միշելի համար կարեւոր չի Արցախի կարգավիճակի հարցը»:
14:06 - 24 մայիսի, 2022