ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց Լաչինի միջանցքը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով խաղաղ ցույց է կազմակերպվել
12:47 - 04 օգոստոսի, 2023

ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց Լաչինի միջանցքը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով խաղաղ ցույց է կազմակերպվել

Երեկ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց խաղաղ պահանջատիրական ցույց է կազմակերպվել Արցախի Հանրապետության` Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։ Հավաքը կազմակերպվել է Հայ Դատի Վիեննայի հանձնախմբի, Ավստրիայի և Սլովակիայի հայերի և Հասմիկ Հովակիմյանի նախաձեռնությամբ։ 

Կազմակերպիչներից Հասմիկ Հովակիմյանը հայտնում է, որ հավաքի ընթացքում թիրախավորվել են 

  • հումանիտար ահագնացող իրավիճակը Արցախում,
  • Ադրբեջանի կողմից անօրինականորեն բլոկադային իրավիճակի ստեղծումը,
  • 120 հազար մարդու պատանդ պահելու փաստը,
  • բազմաթիվ մարդու իրավունքների ոտնահարումը,
  • Ադրբեջանի ոչ իրավական, անօրեն գործողությունները։

«ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ: Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ, այդ պատճառով բողոքի ակցիայի վայր էր ընտրվել Heldenplatz-ը՝ ԵԱՀԿ հիմնական գրասենյակի հրապարակը։

Հավաքի ժամանակ հասցեագրվել են բոլոր միջազգային կազմակերպությունները, կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ դիկտատոր ռեժիմի, ստիպել Ադրբեջանին վերջ տալ անօրինական  բլոկադային` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին պաշտոնապես նամակ է հանձնվել համապատասխան պահանջներով և տեղեկություններով։

Անտեղյակ անցորդներին բաժանվել են Արցախի պատմության և Կյանքի ճանապարհի վերաբերյալ 400 ինֆորմացիոն թերթիկներ։

Թեկուզ չնչին դրական արդյունքի համար բոլորս պետք է պատրաստ լինենք գործադրելու տիեզերական ջանքեր»,- նշված է գրառման մեջ։ 

Լուսանկարը՝ Հասմիկ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել