Գորիս համայնք

Գորիսը խոշորացված համայնք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2017 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Գորիս,
  • Վերիշեն,
  • Ակներ,
  • Քարահունջ,
  • Հարթաշեն,
  • Խնձորեսկ,
  • Ներքին Խնձորեսկ,
  • Որոտան,
  • Բարձրավան,
  • Շուռնուխ,
  • Աղբուլաղ,
  • Ձորակ,
  • Վանանդ։

2017-ին Գորիսի համայնքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը։ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Առուշ Առուշանյանն առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով։

Քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները սկսվելու ժամանակ Առուշանյանն արդեն կալանավորված էր։

Առուշ Առուշանյանը կալանավորված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու կասկածանքով։

Կարծում եմ՝ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

Կարծում եմ՝ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

armenpress.am: Գորիսում տեղի ունեցավ Ֆրանսիայի պատով հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը իր ելույթում նշեց՝ այն, ինչին ականատես են լինում այսօր, տարբեր իրադարձությունների տրամաբանական շարունակություն ու զարգացում է։  «Նախ, կարծում եմ, որ որևէ մեկը չի վիճի, եթե ասենք, որ Գորիսը Հայաստանի ամենաֆրանկոֆոն քաղաքն է, և Գորիս-Վիեն բարեկամական հարաբերությունների հիման վրա մենք հուշագիր կնքեցինք Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև, որը տեղի ունեցավ Տաթև վանական համալիրում, որից հետո արդեն Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքում, Սյունիքի 7 համայնքներ եղբայրական կապեր ստեղծեցին Օվերն-Ռոն-Ալպի 7 քաղաքների հետ։ Այս հարաբերությունների զարգացումը բերեց տրամաբանական այսպիսի մի փուլի, որի համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություններին, երկու երկրների դեսպաններին և բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն ունեն»,- նշեց Ղուկասյանը։  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարծիք հայտնեց, որ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման արարողությանը ներկա գտնվելը բոլորի համար հուզիչ պահ է, քանի որ Գորիսը Ֆրանսիայի համար շատ առանձնահատուկ քաղաք է։ «Գորիսը ֆրանսիացիների համար Սյունիքի խաչմերուկն է։ Եվ կարծում եմ, որ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ, ինչի վկայությունն են քույր քաղաքները, համայնքների միջև եղբայրության համաձայնագրերը, ինչպես նաև երկու մարզերի (խմբ. նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը) դեպարտամենտների միջև համագործակցությունը։ Մեզ հաճախ մի հարց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում հյուպատոսական գրասենյակը։ Սա հյուպատոսություն չէ, սա ավելին է, քան հյուպատոսությունը։ Ինչո՞ւ հյուպատոսություն չէ, որովհետև այստեղ բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսական գրասենյակ բացվի, ինչը հիմնականում ծառայում է վարչարարությանը և նման բաների։ Բայց սա ավելին է, քան հյուպատոսական գրասենյակը, որովհետև պատվո հյուպատոսությունում լինում են գործողություններ, որովհետև Ֆրանսիայում և Հայաստանում, Գորիսում և Սյունիքում մարդիկ գործում են ձեռք ձեռքի տված։ Պատվո հյուպատոսությունը մի վայր է, որտեղ գալու են տարբեր նպատակներով այստեղ գտնվող ֆրանսիացիները, որոնք այցելում են Հայաստան, որոնք գալիս են օգնելու Հայաստանին, և որոնք գալիս են գործելու Հայաստանում։ Արդեն 19 տարի շարունակ այն ֆրանսիացիները, որոնք գալիս են Գորիս՝ գործելու, օգնելու և ուղղակի այցելելու, այցելում  են Գորիսում Ֆրանկոֆոն կենտրոն, և այդ կենտրոնի ապրեցնող ուժը հենց Կարմեն Ափունցն է (խմբ. Կարմեն Ափունցը, որը նշանակվել է Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս,  Գորիսում Ֆրանկոֆոն կենտրոնի տնօրենն է)։ Կեցցե Սյունիքը, կեցցե Գորիսը և կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,- ասաց դեսպանը։  Գորիսում Հայաստանի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը նշեց, որ առանձնահատուկ հուզմունքով է կանգնած ներկաների առջև և այսօրվանից պատրաստվում է անցնել իր պարտականությունների կատարմանը՝ որպես Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս։  «Գորիսը և Վիենն արդեն 1992 թվականից ունեն բավականին սերտ կապեր, և 1992 թվականին քույր քաղաքների հռչակման մասին համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկու քաղաքների բարեկամությունը բազմաթիվ համագործակցություններ է ծնել։ Այս համագործակցության կարևոր հենասյուներից մեկը Ֆրանկոֆոնիան է։ Համագործակցությանը նպաստում են նաև այստեղի տարբեր կրթական հաստատություններում ֆրանսերեն դասավանդողները, ինչպես նաև Ֆրանկոֆոն կենտրոնը, որը ես 2006 թվականից ի վեր մեծ պատիվ ունեմ ղեկավարելու։ Հիմնադրումից ի վեր Գորիսի Ֆրանկոֆոն կենտրոնը ներգրավված է եղել բազմաթիվ համագործակցություններում և ծրագրերում և նպաստել է մեր երկու երկրների կապերի ամրապնդմանը տարբեր ոլորտներում։ Ֆրանսիական մշակույթը և ֆրանսերենը ինձ համար շատ կարևոր են, և արդեն մոտ 20 տարի շարունակ ես մեծ նվիրվածությամբ աշխատում եմ այդ ոլորտում և կշարունակեմ աշխատել։ Այս տարիների ընթացքում ես ամենօրյա ռեժիմով աշխատել եմ ֆրանսիացիների հետ, նրանք ինձ համար դարձել են շատ ավելին, քան աշխատակիցներ, ավելի շատ՝ հավատարիմ գործընկերներ, սիրելի և թանկագին բարեկամներ։ Կարծում եմ, որ սիրով, նվիրվածությամբ արված աշխատանքը և ձեր վստահությունն են այն հիմքը, որոնք կստիպեն ինձ հնարավորինս լավ աշխատել մեր երկու երկրների կապերի հետագա սերտացման ուղղությամբ»,- նշեց Ափունցը։    Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակի ժապավենը կտրեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին,  Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ 
14:10 - 02 հունիսի, 2025
Ինչո՞ւ է Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն Սյունիքում պատվո հյուպատոսի գրասենյակ բացում
 |azatutyun.am|

Ինչո՞ւ է Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն Սյունիքում պատվո հյուպատոսի գրասենյակ բացում |azatutyun.am|

azatutyun.am: Երկուշաբթի Գորիսում կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը: Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: Թե ինչո՞ւ է պաշտոնական Փարիզը որոշում կայացրել Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսարան, դեռևս պարզ չէ: Իրանը Կապանում դեռևս 2022-ին բացեց հենց գլխավոր հյուպատոսություն:Պատվո հյուպատոսի գրասենյակը գլխավոր հյուպատոսությունից շատ ավելի ցածր կարգավիճակ ունի և որպես կանոն քաղաքական գործառույթներ չի իրականացնում, օժտված չի անձեռնմխելիությամբ: Պատվո հյուպատոսի գրասենյակը հիմնականում հումանիտար, մշակությային գործառույթներ ունի և կարող է որոշ դեպքերում մատուցել հյուպատոսական ծառայություններ, բայց դա արդեն նշանակող երկրի որոշմամբ:Այն, որ Ֆրանսիան մտադիր է Սյունիքում հյուպատոսություն բացել, դեռևս 2023 ին հայտարարել էր արտգործնախարար Քեթրին Կոլոնան: «Ֆիգարոն», անդրադառնալով Փարիզի այս որոշմանը, այն ժամանակ գրել էր, թե Ֆրանսիան ցանկանում է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հարավի վրա, և Բաքվին այդ քայլից ետ պահելու և Երևանին իր աջակցությունը ցույց տալու համար Կոլոնան հայտարարել էր Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին: Օրերս Հայաստան կատարած այցի ընթացքում Ֆրանիսայի արդեն ներկայիս արտգործնախարար Ժան-Նոել Բարոն խոսել էր Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գործակալություն բացելու մասին: Հյուպատոսական գործակալությունը դարձյալ ավելի բարձր կարգավիճակ ունի, քան պատվո հյուպատոսի գրասենյակը: «Շատ կարևոր է և դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա» Իշխանական պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում չանդրադաձավ հարցին, թե ինչու է որոշվել ի վերջո գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսի գրասենյակ: Բայց վստահեցրեց՝ այն կարևոր ազդեցություն կունենա Սյունիքի համար: Խաչատրյանը նշեց, որ Սյունիքում հյուպատոսություն բացելու շուրջ քննարկումները ֆրանսիական կողմի հետ սկսվել էին 2022-ի սեպտեմբերից հետո, երբ ադրեջանական զինուժը հարձակվեց Սյունիքի վրա: «Այդ ժամանակահատվածից սկսած այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որ Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարևոր է և դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:  
17:02 - 29 մայիսի, 2025
Գորիսի ավագանին չի բավարարել Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը
 |hetq.am|

Գորիսի ավագանին չի բավարարել Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը |hetq.am|

hetq.am: «Համայնքապետին տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը ներառված չէ ՏԻՄ օրենքում»: Արդարադատության նախարարության Պրոբացիայի  ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանը օգոստոսի 16-ին Գորիս համայնքի ավագանուն է ուղարկել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանի 2022թ․ մարտի 28-ին կայացրած դատավճիռը՝ կատարումն ապահովելու նպատակով։ Այդ դատավճռով Առուշ Առուշանյանը դատապարտվել է Քրեական օրենսգքրի մի քանի հոդվածներով։ Հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելով դատարանը նրան դատապարտել է ազատազրկման 6 ամիս, 18 օր ժամկետով։ Որոշվել է նաև Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան սահմանել: Փորձաշրջանը նա պետք է անցնի Արդարադատության նախարարության Պրոբացիայի  ծառայության հսկողությամբ։ Առուշ Առուշանյանը բողոքարկել էր դատավճիռը, այն մի քանի անգամ քննվել է վերադաս դատարաններում, այդ թվում 2024թ․ փետրվարին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, որի կայացրած որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 24-ին: Պրոբացիայի  ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետը Գորիս համայնքի ավագանուն ուղղված գրությամբ հայտնել է, որ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը պարտավոր է ապահովել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարումը՝ Պրոբացիայի ծառայության ծանուցումն ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նաև միջոցներ ձեռնարկել եզրափակիչ դատական ակտով դատապարտյալին արգելված պաշտոններ զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:11 - 21 օգոստոսի, 2024
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Գորիսում ընտանիքի 7 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, 4-ամյա երեխան մահացել է․ ԱՆ խոսնակը մանրամասներ է հայտնել |1lurer.am|

Գորիսում ընտանիքի 7 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, 4-ամյա երեխան մահացել է․ ԱՆ խոսնակը մանրամասներ է հայտնել |1lurer.am|

1lurer.am: Գորիսում ընտանիքի 7 անդամ տեղափոխվել է հիվանդանոց թունավորման ախտանշաններով։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը մանրամասներ է հայտնել Գորիսում  գրանցված թունավորման դեպքից։  «Բուժհաստատություն է տեղափոխվել 7 անդամից բաղկացած ընտանիքը՝ հայր, մայր 5 երեխա, ծնողների վիճակը լավ է, մայրը դուրս է գրվել, հայրը վաղը դուրս կգրվի, 4 տարեկան երեխան արդեն իսկ կլինիկական մահով է դիմել բուժօգնության Գորիսում, 9 տարեկան երեխայի առողջական վիճակը ծանր է եղել, նրան ռեանիմոբիլով տեղափոխել ենք Երևան՝ «Մուրացան»-ում ստանում է համապատասխան բուժօգնություն, առողջական վիճակում դրական դինամիկա կա, երեք երեխաները բուժօգնությունը շարունակում են ստանալ Գորիսում, առողջական վիճակները լավ է, սննդային մթերքից և փսխման զանգվածից լաբորատոր փորձաքննություն է իրականացվում, երկուշաբթի արդյունքները պարզ կլինեն, թունավորման պատճառները կիմանանք»,- տեղեկացրել է նա։
21:42 - 06 հուլիսի, 2024
Աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ․ Գորիսի համայնքապետարան

Աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ․ Գորիսի համայնքապետարան

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից․ «Գորիսի համայնքապետարանը ձեռնամուխ է եղել դեպի Ներքին Խնձորեսկ գյուղ տանող ճանապարհի մաքրման և անցանելիության ապահովման աշխատանքներին՝ վերջին հեղեղումների հետևանքով ճանապարհին առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով։ Համայնքի ղեկավարի տեղակալ Արտյոմ Աղաջանյանն այցելել է աշխատանքների իրականացման վայր՝ ճանապարհի վիճակին ծանոթանալու և մաքրման գործընթացին հետևելու համար: Մեր առաջնահերթություններից է ապահովել համայնքի բոլոր բնակավայրերի հասանելիությունը:  Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի ներգրավմամբ:  Գորիսի համայնքապետարանը շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը՝ Ներքին Խնձորեսկի և համայնքի այլ բնակավայրերի ճանապարհների պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով բնակիչների կենսապայմանների բարելավմանը և սոցիալ-տնտեսական կապերի զարգացմանը», - նշված է համայնքապետարանի հայտարարությունում։
11:51 - 30 հունիսի, 2024
Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին: Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Գորիսի զարգացման համագործակցության հեռանկարները: Դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության խորացումը և հույս հայտնել համատեղ նոր նախագծերի իրականացման համար: Համայնքի ղեկավարը դեսպանի հետ միասին շրջել են Վիենի պուրակում, որտեղ ընթանում են վերակառուցման լայնածավալ աշխատանքներ։ Պուրակում իրականացվում են ենթակառուցվածքների արդիականացման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է թարմացնել զբոսայգու ճեմուղիները, կանաչապատ գոտիները, նստարանները, լուսավորության համակարգը։ Վերակառուցումից հետո պուրակը կդառնա քաղաքացիների սիրելի հանգստավայրը՝ նոր հնարավորություններ ընձեռելով հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Դեսպանի այցի շրջանակներում՝ այսօր երեկոյան տեղի կունենա համերգ Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ:
21:10 - 21 հունիսի, 2024
Որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ նման հայտ չեմ ներկայացրել. Առուշ Առուշանյանը՝ ՔՊ-ին անդամագրվելու լուրերի մասին

Որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ նման հայտ չեմ ներկայացրել. Առուշ Առուշանյանը՝ ՔՊ-ին անդամագրվելու լուրերի մասին

Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: «Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա: Ավելի վաղ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ «Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետեւանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել»,- գրել էր թերթը:
13:28 - 14 մարտի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Սյունիքի մարզ այցելության ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գորիսի համայնքապետի և Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում: Նախագահին դիմավորել են համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորելու և առաջնային կարիքները հոգալու աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողների հետ:Իր խոսքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորականներին անձնվեր աշխատանքի համար և շեշտել, որ ուսանողների բարձր կազմակերպվածությունն ու պատրաստակամությունը ծանր իրադրության մեջ ոգևորիչ դեր է ունեցել հայաստանյան բոլոր բուհերի համար:Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել ուսանողների հարցերին:  
13:50 - 04 նոյեմբերի, 2023
Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Արցախից բռնի տեղահանված բնակիչների համար ՀՀ-ում գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am։ Հավաքակայաններում սոցիալական աշխատողների կողմից նշված հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ պետք է բավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ հարթակում քաղաքացիները հայտը կարող են լրացնել նաև ինքնուրույն։ Infocom-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ասաց, որ Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո քաղաքացին անցնում է հաշվառում, որը իրականցվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, իսկ առհասարակ կարիքների գնահատման աշխատանքներում ներգրավված է և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և՛ մարզպետարանները։ Գործընթացի ամբողջ համակարգումը իրականացնում են ՏԿԵ նախարարությունը և հիմանականում մարզպետարանները։  Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հնարավոր է կրկին ունենա կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, Մանուչարյանը պատասխանեց, որ առաջնային կարիքի հաշվառման հարթակում բնակիչները ուղղակի նշում են՝ կացարանի կարիք այդ պահին ունե՞ն, թե՞ ոչ, բայց դա չի նշանակում, որ իրենք ապահովված են իրենց պատկանող բնակարանով կամ մշտական կեցության վայրով։  Ժամանակավոր կացարան ունենալու և հետագայում այլ խնդիրների առաջացման վերաբերյալ խոսեցինք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանի հետ։ Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով կրկին ունենում է կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, և արդյոք կարո՞ղ է կրկին դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրով ապահովվելու համար, Հարությունյանը դրական պատասխան տվեց։  «Այս պահի դրությամբ նման դեպք չունենք, որ ասեն՝ ունեն կեցության վայր, բայց հաջորդ օրը կրկին դիմեն մեզ, բայց, բնականաբար, բոլոր բռնի տեղահանված արցախցիները, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, իրենք կացարանով ապահովվում են»։ Հարությունյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ և՛ հաշվառվում են, և՛ կեցության վայրի համար են դիմում, շատերն էլ հաշվառվում են, բայց կեցության վայրի խնդիր չեն ունենում, սակայն մի մասն էլ առհասարակ չեն հաշվառվում։ «Խնդիրն այն է, որ բավականին մեծ թվով քաղաքացիներ այդ պահին նշում են, որ իրենք ունեն բնակարան կամ տեղափոխվում են բարեկամի տուն և այլն, ապա առաջ են շարժվում Գորիսից, Վայքից անցնում են, գալիս հասնում են մոտակա մարզեր, Երևան և ասում են՝ մեզ տեղավորեք։ Այսինքն՝ այնտեղ հրաժարվում են օգնությունից, և այստեղ են խնդրի առաջ կանգնում։ Նաև կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք առհասարակ չեն հաշվառվում, իրենց մեքենաներով առաջ են գալիս»,- ասաց Հարությունյանը՝ հորդորելով, որ բոլոր քաղաքացիները անպայման հաշվառում անցնեն, որպեսզի հետագայում դուրս չմնան աջակցության որևէ ծրագրից։ ՏԿԵՆ խոնակի խոսքով, թեև հավաքակայաններում բոլոր գերատեսչություններից աշխատանքային խմբեր կան, որոնք հենց տեղում՝ Կոռնիձորում, Գորիսում, արդեն նաև Վայքում իրականացնում են հաշվառում, բայց, հաշվի առնելով, որ մարդիկ առանց հաշվառվելու են հասնում ՀՀ տարբեր համայնքներ, ներկայումս համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում նույնպես կիրականացվի հաշվառում, որպեսզի որևէ բնակիչ չմնա առանց հաշվառման և, ըստ այդմ, հետագայում դուրս չմնա աջակցության ծրագրերից։  Այսպիսով, եթե հաշվառման կետերում քաղաքացիները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կեցության վայրից, հետագայում, անկախ նրանից, կլինեն Գորիսում, Վայքում, Երևանում, թե ՀՀ մեկ այլ համայնքում, կարող են կրկին դիմել պատկան մարմիններին, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՏԿԵՆ և մարզպետարաններ, կեցության վայրով ապահովելու համար։  Աննա Պալաքյան Լուսանկարը՝ Ռոման Աբովյանի/Վայք 
18:33 - 27 սեպտեմբերի, 2023
Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաների հոսքը Կոռնիձորում չի դադարում

Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաների հոսքը Կոռնիձորում չի դադարում

Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաների հոսքը Կոռնիձորում չի դադարում։ Թեեւ երեկվանից տեղահանվածների հաշվառման գործընթացն այստեղ այլեւս չի իրականացվում, հավաքակայանն այսօր էլ մարդաշատ է։ Կոռնիձորի մի շարք բնակիչներ եւ կամավորներ, մայթերին կանգնած, դիմավորում են անցնող շարասյանը, կանգնենցում, ըստ անհրաժեշտության սնունդ, ջուր, սենդվիչներ, քաղցրավենիք տրամադրում։ Իսկ տեղադրված վրաններն արդեն գրեթե դատարկ են, գործում են հիմնականում սննդի, հագուստի, բժշկական օգնության հետ կապված հարցերի համար։ Համայնքապետարանի աշխատակից Լուսինե Քարամյանը Infocom–ի հետ զրույցում հայտնեց՝ հաշվառումը այստեղ չի գործում, քանի որ տեղափոխել են Վայք․ Գորիսում արդեն տեղ չկա։ Այժմ իրենք եւ կամավորական խմբերը զբաղված են առաջին օգնություն ցուցաբերելով․ «Համայնքապետարանի, մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների կողմից առաջին օգնություն է տրամադրվում եւ սնունդ, ով ինչով կարողանում է, օգնում է, մինչ այս գրանցումներ էինք անում, թե ով որտեղ պիտի տեղափոխվի, հիմա էլ չենք գրանցում, միայն եթե կան մարդիկ, որ ցանկանում են ապրել Կոռնիձորում կամ հարակից գյուղերում, փորձում ենք օգնել նաեւ գիշերակացով կամ հիմնական կեցությունով»։ Հարցին՝ մարդկանց տեղեկացվո՞ւմ է, որ իրենք այստեղ էլ չեն հաշվառվում, եւ թե ուր պիտի գնան, Քյարամյանը դրական պատասխանեց․ «Համապատասխան մարդիկ կան, որոնք տեղեկացնում են՝ ուր պիտի գնան, որտեղ գրանցվեն, ամեն ինչ համակարգված է»։ Թե որքան կմնան այստեղ, Լուսինեն դժվարացավ ասել, նշեց՝ պիտի սպասեն, ինչքան որ մարդիկ գան։ Տեղում է նաեւ Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը․ «Մենք Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետի կողմից այստեղ նշանակվել ենք, որպեզի լինենք մեր ազգի զավակների կողքին, նրանց հոգեբանական օգնություն ցույց տանք, մեր հիմնական նպատակը դա է, որպեսզի մեր կողմից ինչ հնարավոր է, անենք»,– մեր զրույցում ասաց նա։ Հավելենք, որ Վայքի հաշվառման կետն արդեն գործում է։ Որպես այդպիսին ծառայում է քաղաքի մշակույթի տունը։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանվել է 50 243 քաղաքացի։   Միլենա Խաչիկյան
16:30 - 27 սեպտեմբերի, 2023