Արմեն Խաչատրյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 4-ին Գորիսում:

2000թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը: Իրավագիտության մասնագետ։

2000-2004թթ. եղել է ՀՀ Սյունիքի մարզային ներքին գործերի վարչության (ՄՆԳՎ) Կապանի ՆԳ բաժնի պարեկային բաժանմունքի ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ, 2004-2005թթ.՝ տեսուչ։ 2005-2008թթ.՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետաքննության գծով տեսուչ։ 14.02.2008-17.10.2008թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի տեսուչ: 2008-2011թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ տեսուչ։

2011-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետի տեղակալ: 2013-2018թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

10 տարում 3 մլն բնակչություն ունեցող երկրում ՃՏՊ-ներից ունեցել ենք 3600-ից ավելի զոհ. Արմեն Խաչատրյան |1lurer.am|

10 տարում 3 մլն բնակչություն ունեցող երկրում ՃՏՊ-ներից ունեցել ենք 3600-ից ավելի զոհ. Արմեն Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: 2024 թվականին տեղի է ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: «Միայն 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է զոհերով կամ վիրավորներով 988 ՃՏՊ, որի հետևանքով գրանցվել են 60 զոհ և 1391 վիրավոր: Այսինքն՝ եթե շատ կոպիտ վիճակագրություն ներկայացնենք, կստացվի, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 մլն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավելի զոհ, մոտ 70 հազար վիրավոր, և չպետք է մոռանալ, որ այդ վիրավորներից 2000-3000-ը ձեռք են բերում ցմահ հաշմանդամություն»,- ասաց նա: Ինչ վերաբերում է գույքային վնասներին, ապա միայն 2024 թվականի ընթացքում գրանցվել է մոտ 72 հազար գույքային վնասով ՃՏՊ, նույն տարում ապահովագրական ընկերությունները փոխհատուցել են ավելի քան 20 մլրդ դրամ: Այս թվի մեջ չի ներառվում «Կասկո» ապահովագրությունը:
12:39 - 09 ապրիլի, 2025
Տուգանային միավորների չափը կփոխվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
 |civilnet.am|

Տուգանային միավորների չափը կփոխվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվող 9 միավորը դառնա 13: Մարտի 5-ին նիստին խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Առաջարկվող փոփոխությամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվելու է 13 միավոր: Այս նախագիծը օրակարգ են մտցրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, և ՔՊ-ական պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արմեն Խաչատրյանը։ Ըստ իշխանական պատգամավորների՝ շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Արմեն Խաչատրյանը երեկվա նիստին ներկայացրեց նաև ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ: Ըստ Խաչատրյանի՝ վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը կթեթևացնի վարորդների սոցիալական բեռը: Նախագիծը դեռ պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ ու ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից:
12:29 - 05 մարտի, 2025
Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մեկ տարվա համար տրվող միավորների շեմը 9-ից դարձնել 13: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:  Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների առաջացմանը, սոցիալական բեռի ավելացմանը և քաղաքացիների արդարացի դժգոհությանը: Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ: Նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում թեթևացնելու վարորդների սոցիալական բեռը: Մի շարք իրավախախտումների համար նախատեսվում է տուգանային միավորների խստացում, որոնք բնութագրվում են մարգինալ վարքագծի շարժառիթներով և որոնց կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակապած վիճակում վարելը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը և այլն: Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով օրենքի նախագիծը մեծամասամբ վերաբերում է տաքսու վարորդներին, որոնք աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անցկացնում են մեքենայի ղեկին: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին: Հարակից զեկուցող, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով Կառավարությունը ներկայացվող նախագծին դեմ չի և սկզբունքորեն առաջարկներ չունի: Գործադիրը, մասնավորապես, առաջարկում է օրենքի դրույթների համար նախատեսել մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ: Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ կան իրավախախտումներ, որոնց պարագայում նախատեսված տուգանքները պետք է խստացվեն: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և կից ներկայացված հարակից օրենքներին: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
16:10 - 27 փետրվարի, 2025
Վարորդներին 9 բալի փոխարեն կտրվի 13-ը, բայց վթարածին խախտումները կբարձրացնեն տուգանային միավորները. Արմեն Խաչատրյան
 |news.am|

Վարորդներին 9 բալի փոխարեն կտրվի 13-ը, բայց վթարածին խախտումները կբարձրացնեն տուգանային միավորները. Արմեն Խաչատրյան |news.am|

news.am: ԱԺ մշտական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է վարորդներին ամեն տարի տրամադրվող բալային միավորներին: «Ինչպես գիտեք, տրանսպորտային միջոցների վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է 9 տուգանային միավոր, ու խախտումների քանակից ելնելով՝ միավորները պակասում են, ու եթե դրանք զրոյացվում են, ապա կասեցվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը: Նախագծով 9 տուգանային միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր, ու եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- մանրամասնել է պատգամավորը:
13:40 - 27 փետրվարի, 2025
«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու
 |armlur.am|

«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու |armlur.am|

armlur.am: ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատում է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։ «Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա: Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»: Նշենք, որ Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները, վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշեց՝ չի մեկնաբանում տեղեկությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնից։ 
16:24 - 14 հոկտեմբերի, 2024
ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը զարգանում է, ունենք 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ. Խաչատրյան |armenpress.am|

ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը զարգանում է, ունենք 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ. Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է, արտադրվում են զինատեսակներ:  Այս մասին ԱԺ նիստում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:  «Այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,-ասաց Արմեն Խաչատրյանը: Պատգամավորը վստահեցրեց՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանի համար սրընթաց դառնում է տնտեսության, գիտության և անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը: Ըստ նրա՝ 2 տարի առաջվա համեմատ ոլորտին մի քանի տասնյակ ավելի շատ ուշադրություն է դարձնում պետությունը, դա արտահայտվում է նաև այդ ոլորտին ֆինանսական ռեսուրսների ուղղությամբ: Ոլորտը վերջին ժամանակահատվածում շատ լուրջ թափ է ստացել, զարգանում է:  «Ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հիանալի մասնագետներ, շատ լավ մենեջերներ, շատ լավ ինժեներներ, հայրենանվեր ներդրողներ, որոնք իրենց հսկայական ռեսուրսներն ուղղում են այս ուղղությամբ՝ իհարկե նաև շահ ստանալու նպատակով: Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է»,-ասաց նա՝ հավելելով, որ ոլորտի վերաբերյալ քիչ են խոսում, բայց օր ու գիշեր աշխատում են այդ ուղղությամբ:
14:59 - 01 հոկտեմբերի, 2024
Գազալցակայաններում հաճախ հրաժարվում են անկանխիկ առևտրից. պատգամավորը հրավիրում է ՊԵԿ-ի ուշադրությունը |1lurer.am|

Գազալցակայաններում հաճախ հրաժարվում են անկանխիկ առևտրից. պատգամավորը հրավիրում է ՊԵԿ-ի ուշադրությունը |1lurer.am|

1lurer.am: Վերջերս հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գազալցակայաններում, հատկապես հեղուկ գազալցակայաններում հրաժարվում են անկանխիկ եղանակով առևտուր անել: Այդ մասին խորհրդարանում մտքերի փոխանակման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խնդրի վրա հրավիրելով ՊԵԿ-ի ուշադրությունը: «Մարդիկ բանկային  քարտերը ներկայացնում են, պատճառաբանվում է, որ չի աշխատում քարտի սարքը, և դա տևում է 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս: Նույնիսկ անձամբ մի քանի անգամ զգուշացրել եմ, և զգուշացնելուց հետո հետևություններ չեն եղել: Եվ դա լինում է հատկապես այն ժամանակահատվածում, երբ բարձրանում են գազի գները: Երբ կտրուկ բարձրացում է լինում, տոտալ նկատվում է, որ բոլորը սկսում են անկանխիկ եղանակով առևտրից խուսափել՝ խաբելով մեր քաղաքացիներին, որ այդ սարքերը չեն աշխատում: Մարդիկ թող գիտակցեն, որ գողանում են մեր զինվորի, թոշակառուի գումարները, որոնք պետք է տրվեն: Հարցս նաև ՊԵԿ-ին է վերաբերում: Խնդիրը կարող եք հանգիստ վերլուծել և տեսնել, որ մարդը, տնտեսվարողը 1 ամիս առաջ անկանխիկ առևտուրն արել է 1 միլիոնի, և մեկ էլ տեսնում եք, որ 1 ամիս ընդհանրապես չկա անկախիկ եղանակով առևտուր: Սա էլեկտրոնային տարբերակով մոնիթորինգ անելը շատ հեշտ է»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ խնդրին պետք է ՊԵԿ օպերատիվ մարմիններն արձագանքեն և համապատասխան վարույթներ հարուցեն:
11:27 - 11 սեպտեմբերի, 2024
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
 |azatutyun.am|

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան |azatutyun.am|

azatutyun.am: Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ «Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», - նշեց Խաչատրյանը։ Կառավարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստան- Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սույն։ Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ մասին է։ ՔՊ-ական Վահե Ղալումյանն, ով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով, սյուների միջև հեռավորությունը 500 մետր է։ Եթե արդեն 20 սյուն է տեղադրվել, ուրեմն խոսքը մոտ 10 կմ-ի մասին է, որն արդեն սահմանազատված կարելի է համարել։
17:45 - 26 ապրիլի, 2024
Ադրբեջանը չի ձգտում խաղաղության. լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան |aysor.am|

Ադրբեջանը չի ձգտում խաղաղության. լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան |aysor.am|

aysor.am: Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Բայց եթե դա նրանց հաջողվում էր մեկ-երկու տարի առաջ, հիմա չի հաջողվում, որովհետև ԵՄ դիտորդները ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է»,- ասաց նա։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, ամեն ինչ անում է, որ «վիժեցնի խաղաղության գործընթացը»։ «Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են, բայց Հայաստանը, միանշանակ, գնալու է խաղաղության ճանապարով, ու Ադրբեջանին ստիպելու ենք վերադառնալ կառուցողական դաշտ»,- նշեց Խաչատրյանը։ Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերում շատ լուրջ բարեփոխումներ են արվում ու որոշ ժամանակ անց ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովելու մեր երկրի սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
13:17 - 03 ապրիլի, 2024
Ադրբեջանը վատ է տրամադրված, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս. Արմեն Խաչատրյան |armeniasputnik.am|

Ադրբեջանը վատ է տրամադրված, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս. Արմեն Խաչատրյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագիր կնքելուց, քանի որ վստահ է, որ դրանով ՀՀ տնտեսությունը կարող է շատ արագ մեծ վերելք ապրել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նրա խոսքով` Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այսօր չստորագրվի այնպիսի պայմանագիր, որը հստակ երաշխավորված կլինի։ «Ադրբեջանը վատ է տրամադրված, գուցե նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս։ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ կստեղծվի ճանապարհների ապաշրջափակումով։ Այդ ամենը նրանք շատ լավ վերլուծում են և հետևություններ են անում, և, բնականաբար, ոգևորված չեն, որ ՀՀ հեռանկարն այդպիսին լինի»,–ասաց իշխանական պատգամավորը։ Ըստ Խաչատրյանի` Ադրբեջանը պայմանագիր ստորագրելու դեպքում ցանկանում է, որ այն լինի նոյեմբերի 9–ի նման փաստաթուղթ, որի կետերը հնարավոր կլինի խախտել։ «Մենք դա թույլ չենք տալու։ Ադրբեջանի ուզելով չէ, կա միջազգային հանրություն, կա Արևմուտք, կան բազմաթիվ երկրներ, և այսօր Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշումը մեծ է»,–ասաց Խաչատրյանը։ Լրագրողի հիշեցմանը, որ Լաչինի միջանցքի ժամանակ էլ միջազգային հանրությունն ու Արևմուտքը իրենց կոչերով կային, իշխանական պատգամավորը հորդորեց չթերագնահատել միջազգային հանրության այսօրվա դիրքրոշումն ու դրա արդյունքները։ «Մեկ տարի առաջ Ադրբեջանի հռետորաբանությունն այլ էր` պատերզմի սպառնալիք և այլն, վերջին մեկ տարվա ընթացքում այդ հռետորաբանությունն է փոխվել և ՀՀ–ի նկատմամբ միջազգային վերաբերմունքն է փոխվել։ Երբևէ նման բան չէր կարող լինել, որ Հայաստանը, լինելով ԱՊՀ, ՀԱՊԿ կազմում, արևմտյան երկրները նույնիսկ մտածեին, որ կարելի է զենք տրամադրել կամ վաճառել, բայց այսօր այդ հնարավորություններն ունենք, ստանում ենք»,–ասաց նա։ Նրա կարծիքով` այսօր ամեն ինչ արվում է, որ ՀՀ–ն հավասարակշռի Արդբեջանի զինված գերակայությանը։ Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
13:00 - 20 դեկտեմբերի, 2023
Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. Արմեն Խաչատրյան |armeniasputnik.am|

Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. Արմեն Խաչատրյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապված է արյունատար անոթներով, և ՀՀ–ն ձգտելու է հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Հայ–ռուսական կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։ Մենք ՌԴ-ի հետ ձգտելու ենք հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել ամեն առումով»,–ընդգծեց նա։ Միևնույն ժամանակ Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանն ունի մի շարք պարտավորություններ ՀՀ անվտանգության մասով, որոնք ի վիճակի չի եղել կատարել։ «Հայաստանը պետք է ունենա որոշակի քաղաքական գործիքակազմ, որպեսզի հնարավորություն ունենա գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, ի կատար ածել»,–հավելեց իշխանական պատգամավորը։  
12:55 - 20 դեկտեմբերի, 2023
Ֆրանսիայի հետ ոչ թե ռազմական դաշինք կստեղծվի, այլ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կստորագրվի. Արմեն Խաչատրյան
 |azatutyun.am|

Ֆրանսիայի հետ ոչ թե ռազմական դաշինք կստեղծվի, այլ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կստորագրվի. Արմեն Խաչատրյան |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի հետ ստորագրվելիք պայմանագիրը ոչ թե ռազմական դաշինք կազմելու, այլ ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ զենք ձեռքբերելու մասին է լինելու, «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Խաչատրյանը։ Ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր կնքելու՝ Փարիզի որոշման մասին երեկ Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։ Արմեն Խաչատրյանն ասում էր՝ Հայաստանը Ֆրանսիայից զենք դեռ չի ստացել։ Իսկ ի՞նչ զենք է ակնկալում Հայաստանը՝ պաշտպանողական, թե նաև հարձակողական, Խաչատրյանն ասում էր՝ Ֆրանսիայի հետ բանակցություններում կլինի նաև հակաօդային պաշտպանության նոր համակարգեր ձեռք բերելու հարցը։ Խաչատրյան. - Պաշտպանական զինատեսակների մասին կարող է խոսքը լինել, մեծ դաշտ է բացվել ռազմաուսումնական հաստատություններում սպայական բազային կրթությամբ կադրերի պատրաստելը, օրինակ, Ֆրանսիայի հետ: Շատ կարևոր հարց է այդ ուսումնական պրոցեսը: «Ազատություն». - Իսկ հակաօդային պաշտպանությունը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ի հայտ եկավ, թե ինչքան խոցելի է, դրա շուրջ կա՞ն աշխատանքներ: Խաչատրյան. - Հակաօդային պաշտպանությունն այսօր մեր կարևորագույն բացերից ու խնդիրներից մեկն է, հատկապես 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո: Անցած տարի սեպտեմբերին էլ խոցվեցին մեր հակաօդային պաշտպանության օբյեկտներից: Նույնիսկ եթե որևէ բան չկորցնեինք և պահպանեինք այն, ինչը կար, միևնույն է դա այսօրվա իրավիճակին համահունչ չէ, հետևաբար նոր որակի պետք է հասցնել: Եվ մենք պետք է դիտարկենք աշխարհում լավագույն օրինակները ու նաև մեր առանձնահատկությունները, որ փոքր երկիր ենք, մենք անգամ ռազմավարական տարածքային խորություն չունենք, ըստ այդմ մենք արդեն պետք է կազմակերպենք մեր հակաօդային պաշտպանությունը: Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
18:12 - 04 հոկտեմբերի, 2023
Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել․ ՏԿԵ նախարար
 |armenpress.am|

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել․ ՏԿԵ նախարար |armenpress.am|

armenpress.am: Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։ Խաչատրյանը հարցրեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ժամանակ օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ տրված հանձնարարականների մասով ինչ է արդեն արվել։  «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացրել ենք` նախ մեզ մոտ, հետո էլ Քաղավիացիայի կոմիտեում, ինչպես նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա վիճակին, նախանշել անելիքները»,– նշեց նախարարը։ Սանոսյանը ասաց, որ Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ անելիքները վերաբերում են հիմնականում բուն թռիչքուղուն և կից ենթակառուցվածքներին, շենք–շինություններին, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։ «Նախատեսվող աշխատանքները երկու մասի են բաժանվել. նախ և առաջ անհրաժեշտ է կարգի բերել թռիչքուղին, համապատասխանեցնել ընդունված չափանիշներին»,- հավելեց Սանոսյանը։ Ըստ նրա` Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։ « Վարչապետի հանձնարարականն ավելի լայն է եղել` փորձել ոչ միայն ունենալ ռեզերվային օդանավակայան, այլև շահագործել որպես օդանավակայան։ Հիմա այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքների, ֆինանսական հաշվարկների փուլում ենք։ Մոտ օրերս ևս աշխատանքային խումբ է գործուղվելու»,- եզրափակեց Սանոսյանը։
18:48 - 13 սեպտեմբերի, 2023
Գորիսի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
 |hetq.am|

Գորիսի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում |hetq.am|

hetq.am: Արձակուրդից հետո այսօր աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանի օրն է՝ պատգամավորների և կառավարության անդամների միջև: Հարցեր տալու համար հերթագրվել է 28 պատգամավոր: Ընդդիմությունից հերթագրվել էին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Գորիսի օդանավակայանի վերագործարկման հարցի ուսումնասիրությունը: Նման հանձնարարական է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ: Նախարար Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են: Աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա իրավիճակին:  Նախարարն անելիքները երկու մասի բաժանեց. բուն թռիչքուղի և շենք, շինությունները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին: Պլանավորվել է առաջինը թռիչքուղին կարգի բերել, հետո՝ մնացածը: Սանոսյանն ասաց, որ Գորիսի օդանավակայանը կարող է նույնիսկ ռեզերվային օդանավակայան օգտագործվել, երբ եղանակային պայմաններով պայմանավորված հնարավոր չլինի Կապանում վայրէջք կատարել:  Մոտ օրերս նորից աշխատանքային խումբ է գործուղվելու, պատրաստվում են նաև ֆինանսական հաշվարկներին վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի շահագործմանը, Գնել Սանոսյանն ասաց, որ մի քանի տեխնիկական չվերթներ իրականացնելուց հետո արձանագրել են որոշ մասնագիտական խնդիրներ կամ անելիքներ: Այժմ կանոնավոր չվերթներ են իրականացվում շաբաթվա երկու օրերի ընթացքում: Նախարարը հայտնեց, որ 4 անգամ թռիչքներ չեն իրականացվել՝ եղանակային պայմաններից ելնելով: Նման վիճակներ, ըստ Սանոսյնանի, եղել են նաև խորհրդային տարիներին: Ընթացքում նոր սարքավորումներ պետք է տեղադրվեն:
17:23 - 13 սեպտեմբերի, 2023