Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով
 |1lurer.am|

Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: «Պետքարտուղար Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում անհապաղ զինադադարի հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը և կօգնի մեղմելու Գազայում պաղեստինցիների տառապանքը»,- նշել է Միլլերը: Նրա խոսքով՝ պետքարտուղարն ընդգծել է, որ գործարքն ընդունելու՝ ՀԱՄԱՍ-ի մերժումն է պատճառը, որ հակամարտությունը շարունակվում է, և կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել պաղեստինյան զինված խմբավորմանը համոզելու ընդունել անհապաղ հրադադարի առաջարկը, որը քննարկման փուլում է: «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը նաև քննարկել են տարածաշրջանում տևական խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը, այդ թվում՝ Պաղեստինի Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կանխարգելելու կարևորությունը»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։  
21:04 - 29 ապրիլի, 2024
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում |hetq.am|

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Երկրի ղեկավարն ասել է, որ ղազախական կողմի առաջարկին համապատասխան՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Ալմաթիում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կներդնի բոլոր ջանքերը խաղաղության օրակարգը շարունակելու համար՝ նշելով, որ Բաքուն դրա համար ունի ուժեղ քաղաքական կամք: Նա հավելել է, որ իր երկիրը «աջակցում է տարածաշրջանային համագործակցության հարավկովկասյան մոդելի ստեղծմանը՝ առանց տարածաշրջանում բաժանարար գծերի»: Ալիևը որպես դրական քայլ է գնահատել այն փաստը, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացից հետո արդեն սկսվել են նաև դրա սահմանագծման աշխատանքները: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։  
10:47 - 29 ապրիլի, 2024
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ՝ ողջունելով Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ՝ ողջունելով Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը

ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։ Բլինքենը ողջունել է նաև ձերբակալված քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի խափանման միջոցի փոփոխությունը տնային կալանքի և կոչ է արել նրան լիովին, արագ ազատ արձակել․ «Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին», - նշված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Բլինքենը այսօր հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
23:08 - 28 ապրիլի, 2024
 Ոսկեպարի, Կիրանցի եւ Բերքաբերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար․ Փաշինյանը՝ Բլինքենի հետ զրույցում

Ոսկեպարի, Կիրանցի եւ Բերքաբերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար․ Փաշինյանը՝ Բլինքենի հետ զրույցում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով:Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, եւ հանդիպումը որեւէ գաղտնի օրակարգ չի ունեցել:Վարչապետ Փաշինյանը նաեւ դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարեւորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում:Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաեւ նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը:Քննարկվել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա, հավասարության եւ փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում», - նշված է հաղորդագրության մեջ:
20:17 - 28 ապրիլի, 2024
ԱՄՆ-ին մտահոգում է Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանին տրվող օգնությունը. Բլինքեն
 |azatutyun.am|

ԱՄՆ-ին մտահոգում է Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանին տրվող օգնությունը. Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է: Այդ մասին Բլինքենը հայտարարել է Պեկինում՝ իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ 5,5 ժամ տևած բանակցությունների ընթացքում: «Ես կրկնել եմ, որ մեզ շատ է անհանգստացնում Ուկրաինայի դեմ դաժան պատերազմ սանձազերծած Ռուսաստանին Չինաստանի կողմից օգնություն տրամադրելու հարցը»,- նշել է Բլինքենը: Նրա այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում: Սակայն Բլինքենն անպատասխան է թողել ռուսներին օգնելու համար Պեկինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին հարցը: Պեկինում Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենին ընդունել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը: ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան ավարտվել է:
18:17 - 26 ապրիլի, 2024
Բլինքենը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ |armenpress.am|

Բլինքենը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ |armenpress.am|

armenpress.am: Պեկինում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նրա Չինաստանի գործընկեր Վան Իի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վան Ին նշել է, որ երկու երկրները պետք է ընտրություն կատարեն «կայուն կերպով առաջ շարժվելու» և «հարաբերությունների անկման վերադառնալու» միջև։ Չինաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները կայունացել են, սակայն «հարաբերություններում բացասական գործոնները դեռ շարունակում են ավելանալ»։ Իր հերթին Բլինքենը հույս է հայտնել, որ կողմերն առաջընթաց կգրանցեն երկու երկրների նախագահների կողմից համաձայնեցված համագործակցության հարցերում, ինչպես նաև կհարթեն առկա տարաձայնությունները, ինչը պահանջում է ակտիվ դիվանագիտություն։ «Դեմ առ դեմ դիվանագիտությանը ոչինչ չի փոխարինի», - Բլինքենի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Փակ դռների հետևում երկու դիվանագետների հանդիպումը կարող է տևել մի քանի ժամ։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները հանդիպումից առաջ հայտնել են, որ քննարկման թեմաներից մեկը կլինի Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին։ Հարավչինական ծովում կողմերը նույնպես տարաձայնություններ ունեն։ Իսկ Բլինքենի՝ Չինաստան ժամանումից ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր Կոնգրեսի ընդունած օրինագիծը, որով 8 միլիարդ դոլար է տրամադրվում Չինաստանի ռազմական հզորությանը դիմակայելուն և Թայվանին պաշտպանական աջակցությանը։ Բլինքենի այցը վերջինն է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակով շփումների շարքում։ Երկու երկրների նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինփինը նոյեմբերին հանդիպել էին Կալիֆորնիայում։
11:37 - 26 ապրիլի, 2024
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|

Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|

tert.am: Վաշինգտոնը ողջունում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ», - հավելել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ  Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
10:20 - 20 ապրիլի, 2024
Բլինքենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից
 |tert.am|

Բլինքենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի և Հորդանանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։ «Պետքարտուղար Բլինքենը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարն ընդգծել են էսկալացիայի կանխարգելման և դիվանագիտական ջանքերի համակարգման կարևորությունը», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ: Նույնը Բլինքենը քննարկել է նաև Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ Թեհրանն արձակել է նաեւ բալիստիկ հրթիռներ։ Սա առաջին անգամն է, երբ Իրանը հենց իր տարածքից է գործողություն իրականացնում Իսրայելի դեմ։ Իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է, որ այս գործողությունը Դամասկոսում իրանական դեսպանական հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակման պատասխանն է։ Իսրայելն անմիջապես հաստատել է, որ իրանական ԱԹՍ-ները շարժվում են իրենց օդային տարածք՝ նշելով, որ սկսել է Սիրիայի եւ Հորդանանի տարածում որսալ դրանք։ Մինչդեռ Իրանը հարեւան երկրներին զգուշացրել է, որ եթե նրանք օդը բացեն Իսրայելի համար, կդառնան թիրախ։ Գիշերվա ընթացքում Իրանը հայտարարել է, որ խոցել է նախանշված մի շարք թիրախներ, իսկ Իսրայելը հավաստիացրել, որ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը խոցվել են օդում։ Իսրայելի տարածքից դուրս իրանական ԱԹՍ-ները եւ հրթիռները խոցելուն աջակցել են ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արեւելքում տեղակայված ՀՕՊ ուժերը եւ Հորդանանի ավիացիան։ Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ինքը Իրանի դեմ հարձակողական գործողությունների չի պատրաստվում մասնակցել, այլ մտադիր է աջակցել Իսրայելի պաշտպանությանը։
09:42 - 15 ապրիլի, 2024
Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ |hetq.am|

Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Զրույցի թեման եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Իրանի հնարավոր գործողությունների կանխարգելումը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում պետքարտուղար Բլինքենն ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրել, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ բանակցությունների միջոցով, որպեսզի հստակ հասկացնի, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից, և որ այդ երկրները պետք է Իրանին կոչ անեն չտանել տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայի»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ լիբանանյան «Հեզբոլլահը» երեկ երեկոյան հարվածներ է հասցրել երկրի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին։ Իսրայել ՊԲ-ն հաստատել է տեղեկությունը՝ նաև նշելով, որ խոցել են պայթուցիկներով լիցքավորված երկու անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել են «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ Իրանին հորդորել է չհարձակվել Իսրայելի վրա․ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի»։
17:22 - 13 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը։  «ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելով Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,- գրել է Բլինքենը։ Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։  Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։
22:48 - 05 ապրիլի, 2024
Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով: «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացումից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն: Նախագահ Ֆոն դեր Լայենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները: Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։ Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100.000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։ Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։ Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։ Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:
17:31 - 05 ապրիլի, 2024
Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում
 |civilnet.am|

Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում |civilnet.am|

civilnet.am:  «Այստեղ ենք տրանստլայնտայն աջակցություն հայտնելու հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված, ավելի խաղաղ Հարավային Կովկասին»․ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է Բլինքենը։ «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին»,- ասաց պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ընտրության առաջ է, և պետք է աջակցել նրան և Հայաստանի առաջնորդներին ընտրության այս պահին։ «ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 մլն դոլարի աջակցություն տրամադրել Հայաստանին 2023-ի բյուջեով, ինչը 50 տոկոսով ավելին է, քան երկու տարի առաջ»,- հայտարարեց Բլինքենը։ Նա հավելեց, որ Վաշինգտոնը հանձնառու է շարունակելու աջակցությունը Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական դիմակայունությանը՝ ներդրումներ անելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգիայի բազմազանեցման, առևտրային գործընկերների բազմազանեցման հարցերում։ «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։ Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգությնան ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։  
15:15 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ սենատորները Էնթոնի Բլինքենին կոչ են արել բանակցությունների նախապայման դիտարկել հայ ռազմագերիների ազատ արձակումը
 |hy.armradio.am|

ԱՄՆ սենատորները Էնթոնի Բլինքենին կոչ են արել բանակցությունների նախապայման դիտարկել հայ ռազմագերիների ազատ արձակումը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին (D-MA), Բիլ Քեսիդին (R-LA), Թոմ Թիլիսը (R-NC) և Գարի Փիթերսը (D-MI) նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ որպես բանակցությունների նախապայման, առաջնահերթություն տալ հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, որոնք ապօրինաբար կալանավորված են Ադրբեջանի կողմից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նամակը, որը կոչ է անում Պետդեպարտամենտին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտումների ակտ, ընդգծում է Բայդենի վարչակազմի կողմից միջազգային երաշխիքների ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի պաշտպանությունը ապահովելու անհրաժեշտությունը: Թեև Բայդենի վարչակազմը պաշտոնապես հաստատել է վերադարձի իրավունքը մի քանի հրապարակային հայտարարություններով, այն չի ձեռնարկել որևէ շոշափելի գործողություն՝ երաշխավորելու ապահով և անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են հայերի՝ հետապնդումից զերծ լինելու և իրենց տներում խաղաղ ապրելու համար: Մեկնաբանելով խաղաղ բանակցությունների կարգավիճակը՝ սենատորները նշել են, որ Արցախի քաղաքական ղեկավարությանը գլխատելու Ադրբեջանի ջանքերը «էթնիկ զտումներ իրականացնողների հայտնի մարտավարությունն են»։ Նրանք մտահոգություն են հայտնել «խաղաղ գործընթացին մասնակցելու իրենց ազատության և կարողության ժխտման կապակցությամբ»: Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Արցախի ներկա և նախկին ղեկավարների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի շարունակվող անօրինական կալանավորումը: Սենատորները եզրափակել են իրենց նամակը՝ կոչ անելով վարչակազմին «պնդել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ փոխգործակցության մեջ, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի կամ գոնե ձեռք բերված ցանկացած խաղաղ համաձայնագրի պայման», ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար:
09:33 - 05 ապրիլի, 2024
Բլինքենն Ալիևին հիշեցրել է Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մասին
 |1lurer.am|

Բլինքենն Ալիևին հիշեցրել է Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ: Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ՝ էներգետիկայի և կլիմայի առաջնահերթությունները: «Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
22:19 - 03 ապրիլի, 2024