hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Զրույցի թեման եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Իրանի հնարավոր գործողությունների կանխարգելումը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում պետքարտուղար Բլինքենն ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրել, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ բանակցությունների միջոցով, որպեսզի հստակ հասկացնի, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից, և որ այդ երկրները պետք է Իրանին կոչ անեն չտանել տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ լիբանանյան «Հեզբոլլահը» երեկ երեկոյան հարվածներ է հասցրել երկրի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին։ Իսրայել ՊԲ-ն հաստատել է տեղեկությունը՝ նաև նշելով, որ խոցել են պայթուցիկներով լիցքավորված երկու անօդաչու թռչող սարք, որոնք արձակվել են «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի հյուսիսում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ Իրանին հորդորել է չհարձակվել Իսրայելի վրա․ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի»։
comment.count (0)