Հայաստան

Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի. Զախարովա
 |news.am|

Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի. Զախարովա |news.am|

news.am: Ռուսաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաեւ հումանիտար ոլորտը, ինչպես նշվել է ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարեւոր է ձեւավորել դրական մթնոլորտ Ադրբեջանի եւ Հայաստանի հանրությունների, փորձագիտական հանրույթների ներկայացուցիչների, հոգեւոր առաջնորդների միջեւ երկխոսությունը շարունակելու համար, ռուսական աջակցությամբ, ինչպես նաեւ գործադրելու համար միջխորհրդարանական շփումները՝ երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման նպատակով։ Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, ինչպես բոլորս հիանալի տեսնում ենք ու հասկանում, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Դրա հետ կապված հարցերն են քննարկվել երեկ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։ Հույս ունենք, որ նշյալ շփումներն առաջիկայում կլինեն»,- ասել է նա։
13:21 - 26 հուլիսի, 2023
400 տոննա հումանիտար օգնություն կհասցվի Կոռնիձոր՝ ռուս խաղաղապահների միջոցով Արցախ տանելու համար

400 տոննա հումանիտար օգնություն կհասցվի Կոռնիձոր՝ ռուս խաղաղապահների միջոցով Արցախ տանելու համար

Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Մինչ հումանիտար բեռների տեղափոխումը բեռնատարները բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ։  Հիշեցնենք, որ երեկ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խումբը որոշումներ էր կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։
10:51 - 26 հուլիսի, 2023
Հո մենք չե՞նք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերև գրված է «Խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք Նիկոլ Փաշինյան

Հո մենք չե՞նք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերև գրված է «Խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց Agence France-Presse-ին Փաշինյանի տված հարցազրույցը, որտեղ վերջինս նշել է․ «Քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից՝ պատերազմն, իհարկե, շատ հավանական է»։ Լրագրողը հետաքրքրվեց․ «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե գա այն պահը, երբ մենք կունենանք ի վերջո այդ խաղաղության պայմանագիրը, ապա վե՛րջ, խնդիրը կլուծվի, պատերազմի հավանականությունը զրո կդառնա, որովհետև փորձագիտական շրջանակներում նաև այսպիսի տեսակետ կա, որ նույնիսկ խաղաղության պայմանագիրը խաղաղության երաշխիք չէ։  Ի պատասխան՝ Փաշինյանը պատմական օրինակ բերեց՝ շեշտելով, որ ոչ մի կոնկրետ զուգահեռ նկատի չունի․ «Խորհրդային միությունն ու Գերմանիան իրար հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, հետո՝ կարճ ժամանակ անց, պատերազմ սկսվեց։ Եվ նման իրավիճակներ, իրադրություններ պատմության մեջ եղել են։ Նաև էս ա պատճառը, որ մենք ասում ենք՝ հո մենք չե՞նք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերև գրված է «Խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք։ Դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որն ապահովի խաղաղություն կամ խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ Հակառակ դեպքում, եթե մենք էն տրամաբանությամբ առաջնորդվեինք, վաղուց ստորագրել էինք խաղաղության պայմանագիրը՝ առանց էդ նրբությունների մեջ խորանալու»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ճիշտ չի լինի, եթե խաղաղության պայմանագրով միայն 1-2 տարի խաղաղություն լինի․ «Պետք է հետևյալը արձանագրել, որ ոչ միայն հենց բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլև դրա իրականացումը և իրականացման մեխանիզմները․․․ Ցանկացած պայմանագիր ունենում է տարընթերցումներ, տարընթերցումների հասցեագրման հստակ մեխանիզմների գոյությունը։ Էդ դեպքո՞ւմ ով կապահովի խաղաղություն»։ Փաշինյանն ասաց՝ իրենք մտահոգություն ունեն, որ նույնիսկ այդ դեպքում կարող է չապահովվել խաղաղություն․ «Եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ագրեսիվ հռետորաբանությամբ, անընդհատ ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ, որովհետև այդ ատելության մթնոլորտում այդ պայմանագիրը կարող է ուղղակի չգործել»։ Փաշինյանը եզրափակեց՝ խաղաղության պայմանագիրն ինքնին չի երաշխավորում խաղաղություն․ «Բայց որ խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է (եթե ավելի չասենք) պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ»։ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում մի ձևակերպում էր արել, որ ինքը «29 800 քառ․ կիլոմետրի վարչապետն է»։ Լրագրողը ևս մի հարց հնչեցրեց․ «Եթե Լեռնային Ղարաբաղում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, մեծ էսկալացիա, ո՞րը կլինի ՀՀ-ի գործողությունը, արդյոք մենք ռազմական միջամտություն կունենա՞նք, թե՞ դիվանագիտական աշխատանքներով կսահմանափակվենք»։ Այս հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Ես չեմ ցանկանում նման սցենար քննարկել ընդհանրապես, որովհետև իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն»։
17:01 - 25 հուլիսի, 2023
ԼՂ մեր հայրենակիցները «Նամակ ռուսաց թագավորին» ժանրի հիմնադրման գործում մեծ դերակատարում ունեն․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ մեր հայրենակիցները «Նամակ ռուսաց թագավորին» ժանրի հիմնադրման գործում մեծ դերակատարում ունեն․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց Ռուսաստանի արտգործնախարարության՝ վերջերս արված հայտարարություններից մեկը, որտեղ նշվում էր․ «2022թ․ հոկտեմբերին եւ 2023-ի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, միաժամանակ դա կտրուկ կերպով փոխեց հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի իրավիճակը։ Կարծում ենք, որ այս պայմաններում չարժե Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա»։  Լրագրողը հարցրեց, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու փաստը որևէ կերպ փոխո՞ւմ է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը և որևէ ազդեցություն ունի՞ եռակողմ հայտարարության և հատկապես խաղաղապահների կարգաիճակի վրա։ Փաշինյանն ասաց, որ սպասում էր նման հարցի, այդ պատճառով իր հետ մի քանի փաստաթուղթ է բերել՝ «պարզաբանելու և ոչ հակադարձելու համար»։ Նա նախ մեջբերեց 2020 թ․ դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը՝ ուշադրություն հրավիրելով հայտարարության ամսաթվին։ Պուտինը, հիշեցնենք, այդ օրն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է, ապա հիշեցրել, որ Հայաստանն էլ չի ճանաչել Ղարաբաղը։   Մեջբերումն ավարտելուց հետո Փաշինյանը նշեց․ «Ադրյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ երկիր է եղել, որ Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Չի եղել այպիսի երկիր»։  Փաշինյանն այլ ՄԽ անդամ մյուս երկրների ներկայացուցիչներից ևս մեջբերումներ արեց, ապա ասաց․ «Ինչ-որ մի իրադրության մեջ կամ ինչ-որ աշխարհքաղաքական իրադրության պայմաններում մեր դիրքորոշումը եղել է հետևյալը, որ կապ չունի՝ ինչ է ասում միջազգայն հանրությունը, մեր դիրքորոշումն էս է, և մենք մեր դիրքորոշման հետևից գնալու ենք։ Հիմա ի՞նչ է փոխվել, որ մենք մեզ, այդ թվում շատ դաժան իրադարձություններից հետո, հարց ենք տվել՝ բայց եթե միջազգային հանրության դիրքորոշումը դա է, մենք ո՞նց ենք միջազգային հանրության դիրքորոշման դեմ կռիվ տալու։ Ընդ որում, սա որոշման խնդիր չէ, պատասխանատվության խնդիր է․ մենք սրա  պատասխանատվության ամբողջ հետևանքները հասկանում ե՞նք, թե՞ չենք հասկանում։ Ցավոք, միշտ չէ, որ հասկացել ենք»։  Փաշինյանը նաև ընթերցեց Արցախում խաղաղապահների տեղակայման մասին որոշումը, որտեղ նշված է, որ խաղաղապահներն, ի թիվս այլնի, տեղակայվում են քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները պաշտպանելու համար։ Մեջբերումից հետո նա նշեց, որ լրագրողի հնչեցրած գործոնների մասով ոչինչ չի փոխվել։ Անդրադառնալով  ՌԴ ԱԳՆ-ի՝ Արցախի բնակչության ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելու ձևակերպմանը՝ Փաշինյանը նշեց․ «Միշտ չէ, որ լավ և ազնիվ ռեժիմ է, որ ինչ-որ մի իրավիճակ ունենք, որ ասում ենք՝ դե Մոսկվա, տես՝ ինչ ես անում, կամ Վաշինգտոն կամ Բրյուսել։ Իսկ մե՞նք ինչ ենք անում, իսկ Ստեփանակե՞րտն ինչ է անում։ Սրա մասին է խոսքը։ Մենք էլ պետք է հասկանանք մեր պատասխանատվության դաշտում գտնվող հարցերը հասցեագրելու։ Ճիշտ է, ես մեջբերեցի, բայց նաև Մոսկվայի դիրքորոշման մեջ էլ կան, իհարկե, շատ ազնիվ շեշտադրումներ։ Եվ այդ շեշտադրումներից շատերը որ թարգմանենք դիվանագիտական լեզվից, էս է հնչում՝ լավ, դուք 30 տարի անկախ պետություն, ինչքա՞ն դուք, ինչ պրոբլեմ լինի, զանգեք կամ նամակ գրեք Մոսկվա․․․ Տենց ժանր ունենք, չէ՞, մենք․ «Նամակ ռուսաց թագավորին»։ Մինչև ե՞րբ ենք էդ ժանրի մեջ ապրելու մենք։ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն այդ ժանրի հիմնադրման գործում մեծ դերակատարում ունեն, բայց ոչ միայն նրանք»։  Փաշինյանը նաև նշեց, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ այլ երկրներ, սեփական խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։
16:22 - 25 հուլիսի, 2023
Աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս․ Փաշինյան

Աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի այօրվա ասուլիսի ընթացքում «5-րդ ալիք»-ի լրագրողը հայնտեց, որ կհնչեցնի 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանի հարցերը․ «Ե՞րբ, ո՞ր պահին, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախն Արդբեջան է։ Ինչո՞ւ էիք 2019-ի օգոստոսի 5-ին հայտարարում՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, ինչի՞ հիման վրա․ մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»։ Փաշինյանը նախ պատասխանեց Աշոտ Զաքարյանի վերջին հարցին․ «Պիտի նաև արձանագրեմ, որ այդ որոշումը՝ տղաների՝ որտեղ ծառայելու վերաբերյալ, դժբախտաբար, թե բարեբախտաբար՝ առանց երանգավորման, ես չեմ կայացրել»։ Անդրադառնալով Ստեփանակերտի՝ Վերածննդի հրապարակում իր արած հայտնի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Տեսեք, ասում են՝ Հայաստանը սենց բան պետք է հայտարարի, և երբեմն մեզ թվում է, որ այ Հայաստանը ինչ-որ բան որ չի ստանում կամ չի ստացել, դա էն պատճառով է, որ ինքը չի հայտարարում, չի ուզում, չի ցանկանում դա ունենալ»։ Վերջում Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին՝ հնչեցնելով բազմիցս արած հայտարարությունը, թե «Հայաստանը միշտ էլ ճանաչել է Արդբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չէ, որ հայտարարվել և արձանագրվել է»։  «Ցավով արձանագրել եմ և արձանագրում եմ, որ աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ 17, 18, 16, 13, 14 թվականներին, չի ճանաչել Ադրբեջանի մաս։ Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվե՞լ ենք, թե՞ չէ, և ո՞րն է եղել մեր դիրքորոշումը։ Մենք ասել ենք, որ կապ չունի, որ ամբողջ աշխարհը այլ կերպ է ընկալում, մենք պետք է այլ կերպ վարվենք։ Ինչ-որ փուլում ես էլ եմ գուցե այդպես արել, այդ տրամաբանության մեջ, բայց վերջո իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և կոնկրետ ընտրության առջև։ Եվ մեր խնդիրն այն է, որ մենք փորձենք ամեն ինչ անել, որ որպեսզի հետագայում մեր հարգարժան ծնողի կողմից այդպիսի հարցերի չարժանանանք»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի պատասխաններից հետո լրագրողը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ադրբեջանի 86 600 քառ․ կմ-ի մասին հստակեցումն արձանագրվելու է նախ ստորագրվելիք խաղաղության պայմանագրում․ «Եթե ոչ, մեզ ի՞նչ էր տալիս այդ զուտ քաղաքական հայտարարությունը, որից հետո Ադրբեջանի նախագահը կարողանում է պնդել, որ Դուք, ըստ էության, կրկնել եք իր հայտարարությունը, որ Արցախը Արդբեջան է և վերջ»։  Հիշեցնենք, որ China Media Group-ին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, թե տարաձայնությունների միակ հիմնական կետն այն էր, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչեր Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս․ «Ինչպես արդեն ասացի, առաջինը՝ արդեն հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ հիմա պետք է անեն երկրորդը՝ ստորագրեն»։ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան լրագրողի հարցի, նախ հիշեցրեց 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրագայի քառակողմ հանդիպումը, երբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Ապա Փաշինյանը հիշեցրեց այս տարվա մայիսին բրյուսելյան հանդիպումը, որից հետո ԵՄ խորհրդի նախագահը խոսեց Ադրբեջանի՝ 86 600 քառ․ կմ-ի և Հայաստանի՝ 29 800 քառ․ կմ-ի մասին։  Դիմելով լրագրողին՝ Փաշինյանն ասաց․ «Եթե Ձեր հարցն այն է, թե ինչու եմ ես համաձայնել նման պայմանավորվածության, ըստ էության ոչ միայն հիմա, այլև ասուլիսի մեկնարկի պահից ես այդ հարցին եմ պատասխանում»։
15:26 - 25 հուլիսի, 2023
Սա խնդիր է ՌԴ-ի համար առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով․ Փաշինյան

Սա խնդիր է ՌԴ-ի համար առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով․ Փաշինյան

Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է՝ մտածելով, թե Ղարաբաղի կամ Հայաստանի խնդիրը ոնց լուծենք, դա մեր խնդիրն է եւ առաջին հերթին մեզ է պետք դրա լուծումը, ինչը չի նշանակում, որ ՌԴ-ին այն պետք չէ։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գործիքակազմ ունի ՀՀ-ն՝ ստիպելու համար ՌԴ-ին կատարել իր ստանձնած պարտավորությունները․ «Հիմա ես կարող եմ ասել, թե ինչ չեն անում այլ երկրները, միջազգային հանրությունը եւ ինչ պետք է անի միջազգային հանրությունը, ԼՂ իշխանությունները կարող են ասել՝ ինչ պետք է անի ՀՀ-ն եւ այդպես շարունակ, բայց վերջին շրջանում մի շարք հայտարարություններ կարդալով, այդ թվում՝ անձնական շփումների մակարդակում, որովհետեւ ԼՂ նախագահի հետ մենք գործնական ամենօրյա շփման մեջ ենք, մի հարցի եմ ուզում ուշադրություն հրավիրել․ այո, մենք կարող ենք ասել, որ ՌԴ-ն էս պիտի անի, Միացյալ Նահանգները՝ էս պիտի անի, Եվրամիությունը՝ էս պիտի անի, Հայաստանը՝ էս պիտի անի, բայց մենք պետք է ձեւակերպենք նաեւ՝ ԼՂ իշխանությունը ինչ պիտի անի, որովհետեւ աղետի գոտի հայտարարել, շատ լավ, կարելի է, իսկ այդ ճգնաժամը կառավարելու հարցում արդյո՞ք ԼՂ իշխանությունները ունեն որեւէ անելիք, ես կարծում եմ բոլոր դեպքերում հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք եւ մենք պատրաստ ենք աջակցել այդ ուղղությամբ»։ Ըստ վարչապետի՝ այսօր ընթացող իրավիճակներ կան աշխարհի տարբեր երկրներում, եւ սեփական խնդիրներ՝ մի շարք երկրների առաջ, որոնցից մենք ակնկալում ենք, որ իրենք լուծեն ինչ-որ խնդիր ԼՂ-ում, բայց այդ երկրները իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել։ Փաշինյանն ասաց՝ չի ջնջում իր նախկինում արված հայտարարությունները, բայց ո՞ւմ ինչի՞ մեջ մեղադրենք, երբ կա այն իրադրությունը, որ կա Ուկրաինայում․ «ՌԴ-ում կան խնդիրներ, գումարած դրան՝ սա կոնկրետ խնդիր է ՌԴ-ի համար՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռեպուտացիոն, ե՛ւ աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ ուժերը գտնվում են ԼՂ-ում, եւ մեծ հաշվով այդ առաքելությունը դրված է կասկածի տակ, որովհետեւ երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, եւ որ մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, որովհետեւ կարող է պարենը այն աստիճանի սպառվել, որ շատ մեծ խնդիր առաջանա, դա խնդիր է ՌԴ-ի համար առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով, խնդիր է նաեւ միջազգային հանրության համար, նույն Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը շատ մեծ խնդիր է, բայց դա ինչպե՞ս եւ որտե՞ղ է հնարավոր լուծել հենց այն իրավիճակում, երբ մենք ապրում ենք փլուզված աշխարհակարգի պայմաններում, եւ այստեղ խնդիրը ավելի է բարդանում, եւ մենք, մեզ հայտնի բարդ բանաձեւերով առաջնորդվելով, չենք լուծելու խնդիրը, մեզ այլ բանաձեւեր եւ այլ դիտանկյուններ են պետք, մենք փորձում ենք գտնել եւ որդեգրել այդ բարդ դիտանկյունները, մասնավորապես, տարածաշրջանի մեր հարաբերությունների կարգավորման իմաստով»։ Ըստ վարչապետի՝ Քննիչ հանձնաժողովի իր ելույթում, որքան էլ բարդ է եղել, ինքը որոշակի նյութ տվել է հանրությանը, որով շատ բան ավելի պարզ կարող է դառնալ․ «Եվ շատ հաճախ ինձ շատ մեղավոր եմ զգում, որ նույն բանը չեմ արել 2018թ․-ին՝ անկախ նրանից, թե որքանով էր դա հնարավոր 2018 թ․-ին»։ Բայց մի բան, ըստ Փաշինյանի, ինքը այնուամենայնիվ ասել է․ «Ես ասել եմ՝ ՀՀ-ն ունի պատմական ցիկլ․ աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակի բերումով ձեռք ենք բերում պետականություն՝ շատ դեպքերում այդ պետությունը որպես նպատակ չունենալով, ստացվում է այդպես, որ մենք ունենում ենք պետություն, բայց շատ հաճախ մեր նպատակի ամենակենտրոնում չունենալով պետությունը, հետո աշխարհաքաղաքական իրադրության եւ տրամաբանության փոփփոխության հետեւանքով կորցնում ենք այդ պետությունը, եւ մեր խնդիրը շատ ավելի բարդ է՝ հաղթահարել այս ցիկլը, այս առումով տարածաշրջանում մեր հարաբերությունները ունեն առանցքային նշանակություն»։
15:08 - 25 հուլիսի, 2023
Փաշինյանը պատասխանեց 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների՝  ԼՂ տարածքում լինել-չլինելու վերաբերյալ հարցին

Փաշինյանը պատասխանեց 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների՝ ԼՂ տարածքում լինել-չլինելու վերաբերյալ հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, պատասխանելով 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների՝  ԼՂ տարածքում լինել-չլինելու վերաբերյալ հարցին, ասաց․  «ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ, այն արձանագրված է ՌԴ Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ, դրա մեջ ասվում է, որ ՌԴ նախագահին թույլ է տրվում խաղաղապահ զորախումբ գործուղել ԼՂ՝ բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու համար։  Հիմա եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա։ Եթե կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացվել։ Իսկ եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմների շրջանակում, արդյունավետ է գտնվել, ու կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորակազմի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 
14:46 - 25 հուլիսի, 2023
Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը․ ԿԽՄԿ գրասենյակ

Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը․ ԿԽՄԿ գրասենյակ

Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշումներ կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր էական մարդասիրական գործողությունները տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԽՄԿ գրասենյակը։  Տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը։ Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ բերել տարածք մի քանի շաբաթ առաջ: Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյունները փրկօղակ են այս տարածքի բնակչության համար: Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա։ Որպեսզի մենք գործենք այստեղ, մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- ասել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը: Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին հայտարարեց՝  նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Այնուհետև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։ Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը արձագանքեց Բաքվի առաջ քաշած առաջարկին՝ նշելով, որ խոշոր հաշվով դա մեծագույն վտանգ է Արցախի համար, որը կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով։ Իսկ հուլիսի 18-ին արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակեցին Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։
14:33 - 25 հուլիսի, 2023
Բանակցային սեղանի շուրջ չեմ լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին, մյուս կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում նման պատրաստակամություն․ Փաշինյան 

Բանակցային սեղանի շուրջ չեմ լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին, մյուս կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում նման պատրաստակամություն․ Փաշինյան 

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարց հնչեցրեց Հայաստանի ու Արդբեջանի կարմիր գծերի մասին․ «Ուրբաթ օրը Դուք և Ադրբեջանի նախագահը գրեթե համաժամանակյա խոսեցիք կողմերի կարմիր գծերի մասին․ Հայաստանը պատրաստ չէ հրաժարվել ԼՂ հայերի իրավունքների հարցից, Ադրբեջանը պատրաստ չէ անդրադառնալ դրանց։ Ի՞նչ է ստացվում․ կողմերը համաձայնության չեն գալիս, զիջումը համարում են անընդունելի։ Հետևանքը կարծես հիշեցնում է նախկին շրջափուլը, երբ հայկական կոմղը պատրաստ չէր հրաժարվել առանց կարգավիճակի հակամարտության փուլային կամ փաթեային որևէ լուծումից, Ադրբեջանը պատրաստ չէր ԼՂ անկախության տարբերակը քննարկել։ Հարցը հանգեց պատերազմի։ Մտավախություն կա՞, որ նման սցենարը կարող է կրկնվել նաև այս անգամ, և ի՞նչ կարող ենք անել զարգացման այս տարբերակը բացառելու համար»։  Հիշեցնենք՝ հուլիսի 21-ին Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին, որտեղ, ի պատասխան լրագրողի հարցի, թե որոնք են կարմիր գծերը բանակցություններում, նշել էր․ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը»։ Ասուլիսի ընթացքում Փաշինյանը նախ համաձայնեց լրագրողի հետ՝ նշելով, որ վերջինս «ճշգրիտ նկարագրեց ոչ միայն այսօրվա իրավիճակը, այլև ընդհանրապես վերջին 30 տարվա իրավիճակը»։ «Դա մի հարց է, մի իրադրություն է, որ մեր դիմաց է, և մենք պետք է կարողանանք դիրքավորվել և հարաբերվել այդ իրավիճակի հետ։ Այս է պատճառը, որ, համենայն դեպս, բանակցային սեղանի շուրջ ես երբեք չեմ լսել այդպիսի ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին։ Բայց մյուս կողմից ես Ձեզ հետ համաձայն եմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում, չի բխում կամ չի արտահայտվում նման պատրաստակամություն։ Մյուս կողմից նաև պետք է ընդգծել, որ ինձ համար հասկանալի չեն դիրքորոշումները, որոնք հնչում են Լեռնային Ղարաբաղում, բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցությունները Ադրբեջանի հետ։ Մյուս կողմից հիշատակման արժանի է, որ նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային ղարաբաղից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասաց նա։  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման: Ելնում ենք նրանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը: Բանակցությունները պետք է հիմնված լինեն երկու կողմերի՝ տարաձայնությունները բարեխղճորեն կարգավորելու անկեղծ ցանկության վրա: Դա չպետք է ցուցադրական բնույթ կրի՝ կողմերից մեկի կամքը մյուսին պարտադրելու նպատակով: Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի: Անհարժեշտ են նաև միջազգային երաշխիքների գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը: Ծայրաստիճան կարևոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը»: Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց բրյուսելյան վերջին հանդիպման պայմանավորվածության մասին, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Իհարկե, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիր կա, և այդ խնդիրը պետք է հասցեագրվի, դա հնարավոր չէ ժխտել։ Այլ բան, որ այս ողջ խոսակցության ընթացքում հասկանալիորեն կա մեծ անվստահություն, որովհետև Արդբեջանի կողմից կա անվստահություն Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից կա անվստահություն Ադրբեջանի նկատմամբ, և հարց է, թե ինչպես հաղթահարել այդ անվստահությունը, և այս է պատճառը, որ պետք է լինեն քայլեր, և մենք մեր կոմից անում ենք քայլեր, որոնք այդ անվստահությունը կհաղթահարեն»։ Պատասխանի վերջում Փաշինյանը նաև համաձայնեց լրագրողի՝ հետևանքների մասին պնդումին․ «Կարծում եմ, որ մենք պետք է մեր դիտանկյունները հարցերի նկատմամբ փոխենք, թե ինչ տրամաբանությամբ ենք մեր հարցերին նայում»։
14:29 - 25 հուլիսի, 2023
«Հայաստանը վերաբնակեցման հարց չի քննարկում․ քննարկում է ԼՂ հայության սեփական երկրում, սեփական ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»․ Փաշինյան

«Հայաստանը վերաբնակեցման հարց չի քննարկում․ քննարկում է ԼՂ հայության սեփական երկրում, սեփական ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում 120 հազար արցախցիների՝ ՀՀ-ում վերաբնակեցման հարցը։ Նման հայտարարություն արեց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն դիտարկում է 120 հազար արցախցիների վերաբնակեցումը ՀՀ-ում, եւ եթե, օրինակ, Ադրբեջանի իշխանությունները բռնի տեղահանեն 120 արցախցիների, իսկ միջազգային հանրությունը չխոչընդոտի դրան, կա՞ն արդյոք հաշվարկներ, թե դա, օրինակ, ֆինանսական իմաստով ՀՀ-ի վրա որքան կնստի եւ ինչպես կկազմակերպվի․ «Ոչ ՀՀ-ն նման հարց չի քննարկում, ՀՀ-ն քննարկում է ԼՂ հայության սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»։ Լրագրողի մյուս հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը Արցախի Հանրապետության եւ ՌԴ գործընկեների հետ քննարկել է Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, որքանով է դա իրատեսական համարում՝ հաշվի առնելով ներկա իրողությունը եւ հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանության մեջ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը այնքան էլ չի նշմարվում, Փաշինյանը նախ ասաց․ «Ես արձագանք չունեմ ուղղակի», որովհետեւ դա ինձ չի վերաբերում, ապա երբ լրագրողը կրկնեց հարցը՝ երբեւէ չի՞ քննարկվել այդ հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Ես նման քննարկում չեմ ունեցել երբեւէ»։  
14:11 - 25 հուլիսի, 2023
«Մտածելու հարց է՝ արդյո՞ք Խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին»․ Նիկոլ Փաշինյան

«Մտածելու հարց է՝ արդյո՞ք Խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը՝ այն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչները պիտի լինեն բանակցությունների կողմ, երկխոսության կողմ, եւ մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտագությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով եւ միջազգային մեխանիզմների շրջանակում»։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀ-ի եւ ԼՂ-ի մոտեցումների տարբերության ֆոնին հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանացկությունների օրակարգից ԼՂ հարցը ընդհանրապես դուրս գա կամ հակառակը ԼՂ կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԼՂ ներկայացուցիչները, ժողովուրդը, կառավարությունը իր կողմից նշած բանաձեւի շրջանակում ոչ միայն հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող հարցերը եւ ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլեւ որ շատ կարեւոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը եւ ոչ միայն։ Լրագրողի ճշտող հարցին՝ ՀՀ-ն կարո՞ղ է փոփոխություն մտցնել բանակցությունների օրակարգ, Փաշինյանը պատասխանեց․ «Ես նախկինում էլ հայտարարել եմ՝ մտածելու հարց է՝ արդյոք խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, թե այնուամենայնիվ, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերը պետք է առաջ ընթանան եւ հասցեագրվեն այլ տրամաբանությամբ, եւ այս հարցում մենք որոշում չունենք, եւ սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք, դիրքորոշումը, ըստ էության, արտահայտվեց իմ պատասխանում»։ Լրագրողը հիշեցրեց, որ մեկուկես տարի անցել է նշաձողը իջեցնելու հայտարարությունից, երբ Փաշինյանն ասում էր, որ միջազգային հանրությունը լայն կոնսոլիդացիա է խոստանում, ապա հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Արցախի ներկայիս ծայրահեղ վիճակը՝ հնարավո՞ր է, որ ոչ թե միջազգային հարությունն էր կոնսոլիդացիա խոստանում, այլ դա Փաշինյանի ընկալումն էր․ «Իրադրությունը, որ ունենք, եւ դրա հասցեագրումն ու կարգավորումը ոչ թե  միջազգային հանրությանն է հարկավոր, այլ Հայաստանին եւ ԼՂ-ին, միջազգային հանրությունը, ըստ էության, չի տառապում, ունի որոշակի պատասխանատվություն, բայց ո՞վ է ասել, որ միջազգային հանրությանը ավելի շատ է անհրաժեշտ պրոբլեմների լուծումը, քան ՀՀ-ին»։ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք միջազգային հանրությունը դիրքորոշումներ արտահայտում է եւ քայլեր ձեռնարկում է ԼՂ շուրջ ստեղծված իրադության հասցեագրման ուղղությամբ, ինչին պատասխանելով՝ ասաց՝ այո․ «Եւ այդ կոնտեքստում Եվրոպայի խորհուրդը միանշանակ բանաձեւ է ընդունել, Եվրոպական խորհրդարանանը միանշ բանաձեւ է ընդունել այդ թեմայով, ԵԱՀԿ խորհրդի վերջին նիստում բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրենրը միանշանակ դիրքորոշումներ են արտահայտել, Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին եւ հուլիսի 16-ին հստակ դիրքորոշում է արտահայտել այդ թեմայով, արդյո՞ք այդ ջանքերը բավարար են, ոչ, բավարար չեն, դա էլ արձանագրում եմ եւ պետք է շարունակել արձանագրել, բայց էլի եմ ասում՝ եթե մեր ընկալումներում կա էդպիսի բան, թե միջազգային հանրությանն է պետք էն, ինչ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման ուղղությամբ, մի փոքր մոլորության մեջ ենք, ավելի շատ ՀՀ-ին է պետք, քան միջազգային հանրությանը»,- ասաց Փաշինյանը։
14:09 - 25 հուլիսի, 2023
«Եթե նոր նախաձեռնություն լինի, ես դրա նկատմամբ վերաբերմունք կարտահայտեմ»․ Փաշինյանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին

«Եթե նոր նախաձեռնություն լինի, ես դրա նկատմամբ վերաբերմունք կարտահայտեմ»․ Փաշինյանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուշադիր հետեւում է Արցախին առնչվող հայտարարություններին, եւ դրանցում օգտակար ոչինչ չի տեսնում։ Անդրադառնալով, օրինակ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին՝ Փաշինյանն ասաց․ «Օսկանյանը հայտարարում է, որ պետք է շեշտել, որ ԼՂ-ն Խորհրդային միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, մինչեւ Օսկանյանի հայտարարությունը ԵՄ խորհրդի նախագահի հայտարարություններում, որոնք հաջորդել եմ իմ հանդիպումներին Ադրբեջանի նախագահի հետ, արձանագրվել է ԼՂ նախկին ինքնավար մարզի այդ եզրույթը, եւ վերջին հանդիպման ընթացքում էլ է դա արձանագրվել, այսինքն՝ դա հրապարակային արձանագրված է մինչեւ Օսկանյանի հայտարարությունը»։ Լրագրողի դիտարկմանը, որ մի քանի անգամ Վարդան Օսկանյանը դիմել է Փաշինյանին՝ հայցելով, որ իրեն հնարավորություն տրվի բեկում մտցնել բանակցություններում, արդյո՞ք նա պատրաստ է գնալ նման քայլի ի շահ Արցախի, Փաշինյանը պատասխանեց․ «ԱԳ բոլոր նախարարները կարող են նման հայտարարություն անել, բայց եթե պետք էր բեկում մտցնել, կարծում եմ՝ պարոն Օսկանյանը կարող էր իր պաշտոնավաման ընթացքում բեկում մտցնել եւ բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը»։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում մի քանի ժամ տեւած իր ելույթում ինքը մանրամասն նկարագրել, գնահատականներ է տվել Օսկանյանի պաշտոնավարման շրջանում ՀՀ-ի վարած քաղաքականությանը եւ բանակցային գործընթացին, մասնավորապես՝ Մադրիդյան սկզբունքներին, եւ իր գնահատականները չեն փոխվել։ Լրագրողը հիշեցրեց, որ 2019 թ ասուլիսում Փաշինյանն ասել է, որ կաշկանդված չէ Արցախի հարցով նույն սեղանի շուրջ նստել ՀՀ նախկին նախագահների հետ, եւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուժի մեջ է այդ հայտարարությունը, եւ հնարավո՞ր է նման հանդիպում տեղի ունենա Փաշինյանի հորդորով․ «Ես ասել եմ, որ կաշկանդվածություն չունեմ, եւ գիտեք, որ 2020 թ պատերազմի ընթացքում նման նախաձեռնություն եղել է ԼՂ պաշտոնաթող նախագահների կողմից, եւ ես դա ընդունել եմ, բայց հետագայում նրանք հրաժարվել են այդ նախաձեռնությունից, ավելի ճիշտ՝ մասնակցությունից, ես շատ մանրամասներ չգիտեմ՝ ով, երբ, ինչու, բայց ես գիտեմ, որ այդ պատրաստակամությունը ունեցել եմ, եւ եթե նոր նախաձեռնություն լինի, ես դրա նկատմամբ վերաբերմունք կարտահայտեմ»։
13:58 - 25 հուլիսի, 2023
Փաշինյանը վստահեցնում է՝ անկախ բանակցությունների վայրից՝ բանակցությունների օրակարգը և սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում 

Փաշինյանը վստահեցնում է՝ անկախ բանակցությունների վայրից՝ բանակցությունների օրակարգը և սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում 

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ անկախ նրանից՝ Ադրբեջանի հետ բանակցությունները տեղի են ունենում Բրյուսելո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե Վաշինգտոնո՞ւմ՝  բանակցությունների օրակարգը և սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում և շարունակում են մեկը մյուսին։ Այս մասին վարչապետը հայտարարեց ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե արդյոք Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա հերթագայման արդյունքում մի բանակցությունից մյուսը որոշ խնդիրներ, որոնք թվում են լուծված, չեն փոշիանում։ «Անկախ տեղից՝ բանակցողները չեն փոխվում։ Այսինքն՝ Մոսկվայում է, թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում, բանակցում են Հայաստանի Հանրապետությունը և Արդբեջանը։ Եվ նաև այս համատեքստում եմ ասում, որ բանակցություններում հաջողություն ունենալը մեզ է հարկավոր, և բանակցային լուծումների հասնելը մեզ է հարկավոր»,- ասաց Փաշինյանը։ Պատասխանելով հարցին, թե ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի լարումը որքանով կարող է ազդել բանակցային գործընթացի վրա, վարչախետը նշեց․ «Որևէ տեղ հարաբերությունների որևէ լարվածություն դրական ազդեցություն չի կարղ ունենալ։ Չնայած, մյուս կողմից էլ, լարվածություն ասվածը նույնպես չպետք է գերագնահատել, որոհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը և Թուրքիան, չնայած որոշակի տարաձայնություններին, շատ ակտիվ համագործակցում են»։ Փաշինյանի խոսքով բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ, և խնդիրն այն է, թե որքանով են այդ հակասությունները վերաճում են կոնֆրոնտացիոն տրամաբանության։  «Մեր մեծագույն խնդիրը ո՞րն է հայեցակարգային և ռազմավարական առումով․ մենք մեր պետության գոյության ողջ ընթացքում եղել ենք և գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, որը իմ կարծիքով մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով՝ և՛ անվտանգային, և՛ զարգացման, և՛ միջազգային ազդեցության առումով։ Եվ այդ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ մենք չենք կարողացել և չենք կարողանալու ապահովել մեր երկարատև զարգացումը և մեր անվտանգության ապահովումը»,- ասաց նա։ Անդրադառնալով նրան, թե ինչ ակնկալիքներ կան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից՝ Փաշինյանը նշեց․ «Այդ հանդիպումներն առանձին վերցրած հանդիպումներ չեն․ առանձին վերցրած հանդիպումից ակնկալիք ունենալը, հենց որ մոսկովյան հարթակն է կամ ոչ մոսկովյան հարթակն է․․․ Ես ակնկալիք ունեմ մեզնից՝ ՀՀ ԱԳ նախարարից (իհարկե, մեր մյուս գործընկերներից նույնպես), որ նրանք կարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և կարողանալ ինչ-որ մի լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում»։
13:51 - 25 հուլիսի, 2023
«Ես նման հարց չեմ քննարկել»․ Փաշինյանը՝ եռակողմ հանդիպմանը Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու հարցը քննարկելու մասին

«Ես նման հարց չեմ քննարկել»․ Փաշինյանը՝ եռակողմ հանդիպմանը Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու հարցը քննարկելու մասին

Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով հարցին, թե Ստեփականակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարցում որն է Փաշինյանի դիրքորոշումը եղել Միշելի ու Ալիևի հետ բանակցությունների սեղանին, եթե դա քննարկվել է, ասաց՝ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկելու որեւէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննորկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։ Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկալ էր իր համար, Փաշինյանը պատասխանեց, որ անակնկալ չէր, բայց ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե այսինքն քննարկում եղել է, ուղղակի ինքը չի մտել քննարկման մեջ մեջ, Փաշինյանն ասաց․ «Ասել եմ՝ ես նման հարց քննարելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։ Հիշեցնենք, որ Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին առաջին անգամ հուլիսի 14-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Ավելի ուշ՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Ավելի ուշ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։
13:22 - 25 հուլիսի, 2023
Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք․ Արցախի նախագահ

Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք․ Արցախի նախագահ

Հուլիսի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը միջազգային և սփյուռքի շուրջ 100 լրագրողների համար՝ 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ էին, ներառյալ՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ ներկայացնելով նախագահի բացման խոսքը․  «Ես ծանոթագրական խոսքս կբաժանեմ երեք հիմնական մասի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակում, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտություն և միջազգային հանրությունից ակնկալիքներ: 225-օրյա շրջափակում ու 40-օրյա պաշարում Արդեն ներկայացվել է Արցախի շրջափակման նախապատմությունն ու համատեքստը: Հստակ է, որ Ադրբեջանը, միջազգային անպատժելիության պայմաններում, շարունակաբար խստացնում է Արցախի ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումները՝ էթնիկ զտման անթաքույց նպատակով և էթնիկ ատելության ու խտրականության քաղաքականության հիմքով: Այս ընթացքում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել են իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող վճիռներ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների անխափան, երկկողմանի տեղաշարժի ապահովման վերաբերյալ: Բացի այդ, Եվրախորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, տարբեր պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունները, հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հստակ պահանջներ և կոչեր են ուղղել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Արցախի շրջափակումը և զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիիրառման սպառնալիքներից: Այնուամենայնիվ, Ադրբեջանը ոչ միայն անտեսել է դատարանների որոշումներն ու միջազգային հանրության պահանջները, այլև՝ գնալով ընդլայնել և խորացրել է շրջափակումն ու ռազմական սպառնալիքները: 1. Շրջափակման նպատակները. Արցախի շրջափակման միջոցով Ադրբեջանը հետապնդում է մի շարք նպատակներ, այդ թվում՝ • Երկարաժամկետ. Ձերբազատվել Արցախի ժողովրդից՝ իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում և ուժի միջոցով փակելով հակամարտության էջը. • Միջնաժամկետ. Բռնի կերպով հպատակեցնել Արցախի ժողովրդին, կազմաքանդել Արցախի Հանրապետությունը և դրա դիմադրողականության համակարգերը, Արցախի բնակչությանը մղել արտագաղթի, փլուզել Արցախի տնտեսությունը, ձեռք բերել լրացուցիչ ճնշման միջոց Հայաստանի վրա, մասնավորապես, Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ ձեռք բերելու նպատակով. • Կարճաժամկետ. Արցախի ժողովրդին ենթարկել հոգեբանական ահաբեկչության, մշտական վերահսկողություն սահմանել Արցախի մուտքի և ելքի հանդեպ, ստեղծել անտանելի պայմաններ Արցախում ապրելու համար, փորձարկել և հատել հայկական կողմերի կարմիր գծերը, հեղինակազրկել անվտանգության և կայունության միջազգային և տարածաշրջանային երաշխիքները. 2. Շրջափակման ձևերը. • Մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի արգելաափակում: • Ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման և կապի խաթարում։ • Անվտանգային շրջափակում՝ հաճախակի հարձակումներ ու սադրանքներ, տարածքների ինտենսիվ ռազմականացում, կրակոցներ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց ուղղությամբ: • Հոգեբանական շրջափակում՝ ագրեսիվ հռետորաբանություն, ուժի և ուժի սպառնալիքի կիրառում, անորոշության և վախի մնթնոլորտի ստեղծում: • Տեղեկատվական շրջափակում՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածում, միջազգային փաստահավաք առաքելությունների, լրագրողների, հումանիտար կազմակերպությունների մուտքի արգելափակում: 3. Շրջափակման հետևանքները. . շրջափակման հետևանքով մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ: • Սննդի մեծ սղություն կա, քանի որ շրջափակումից առաջ Արցախում օգտագործվող սննդի մոտ 90%-ը ներկրվում էր Հայաստանից: 40 օր է ոչ մի կիլոգրամ սնունդ չի մտել Արցախ, իսկ տեղական սահմանափակ արտադրանքը և դրա մատակարարումը մեծապես տուժել են վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի բացակայությունից: • Վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների գրեթե բացակայության պատճառով չեն կատարվել գյուղատնտեսական աշխատանքների 80%-ը, նույնիսկ հացահատիկի բերքահավաքը կազմակերպվել է խիստ մասնակի ծավալով, դադարել են նույնիսկ շրջափակման ընթացքում մասնակիորեն գործող տնտեսական ձեռնարկությունները, գրեթե ամբողջությամբ դադարել է հանրային տրանսպորտը, խիստ դժվարությամբ են աշխատում առողջապահական ու այլ առաջին անհրաժեշտության ծառայությունները: • Առողջապահական համակարգում տարբեր դեղատեսակներ սպառվել են, մնացած մասը՝ հասնում են ծայրահեղ սահմանաչափի՝ ռիսկի տակ դնելով մարդկանց կյանքն ու առողջությունը, կրկնապատկվել են չծնված ու նորածին երեխաների մահվան ու բարդյություններով ծնվելու դեպքերը, հղիների շրջանում սակավարյունությունը հասել է 90%-ի, դադարել են բոլոր պլանային հետազոտություններն ու վիրահատությունները, հարյուրավոր բուժառուներ չեն կարողանում մեկնել Հայաստան ու արտասահման՝ բուժման նպատակով, էլեկտրամատակարարման ամենօրյա խափանումների ու անհրաժեշտ սպասարկման բացակայության պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական կարևոր սարքավորումները: • Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով տարբեր ժամանակահատվածներում լրիվությամբ կամ մասնակի փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, հոգեբանական ահաբեկչության ու թերսնման պատճառով մեծապես տուժել է երեխաների ընկալունակությունն ու առաջադիմությունը, հարյուրավոր ուսանողներ չեն կարողանում մեկնել Հայաստան և արտասահման՝ կրթության շարունակման նպատակով: • Արդեն 196 օր է, ինչ Ադրբեջանը խափանում է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչի հետևանքով ամեն օր առնվազն վեց ժամով հովհարային անջատումներ են տեղի ունենում, իսկ տնտեսական բազմաթիվ ձեռնարկություններ դադարել են գործելուց: Իսկ գազամատակարարումը ամբողջությամբ դադարեցված է արդեն 158 օր շարունակ՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքների: • Մասնավոր հատվածում Փակվել են բոլոր արտադրամասերը, գրեթե ամբողջությամբ փակվել են բոլոր ծառայություններ մատուցող ընկերությունները, մասնավոր հատվածում աշխատողների ավելի քան 80%-ը դարձել է գործազուրկ, որը ավելի քան 15,000 մարդ է, դադարել են 3,700 բնակարանների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված էին 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար, տնտեսության ուղիղ վնասը կազմել է շուրջ 430 միլիոն դոլար, որը նախատեսված տարեկան ՀՆԱ-ի շուրջ 50%-ն է: 4. Շրջափակման գնահատականները. Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի համար կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը։ Միջազգային իրավունքը որակում է նման քաղաքականությունը որպես ցեղասպանություն և պարտավորեցնում միջազգային հանրության բոլոր պետություններին քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու ցեղասպանության հանցագործությունը։ Ադրբեջանի պնդումները, թե Արցախի հարցը հանդիսանում է իր ներքին գործ, հիշեցնում է Նացիստական Գերմանիայի ղեկավարության արդարացումները Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, երբ զանգվածային սպանությունները նույնպես որակվում էին որպես ներքին գործ։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունը չընդունեց նման արդարացումները և մերժեց ներքին գործերի պատրվակով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ իրականացնելու իրավունքի գոյությունը։ Միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների ուշացումը օր օրի մոտեցնում է անդառնալիության կետը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն Հակամարտությունը չի կարող համարվել լուծված, քանի դեռ չեն լուծվել դրա հիմքում ընկած քաղաքական հիմնախնդիրները, այն է՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ կապված խնդիրները: Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման: Ելնում ենք նրանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը: Բանակցությունները պետք է հիմնված լինեն երկու կողմերի՝ տարաձայնությունները բարեխղճորեն կարգավորելու անկեղծ ցանկության վրա: Դա չպետք է ցուցադրական բնույթ կրի՝ կողմերից մեկի կամքը մյուսին պարտադրելու նպատակով: Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի: Անհարժեշտ են նաև միջազգային երաշխիքների գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:Ծայրաստիճան կարևոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը: Մարդկանց տառապաքներն առևտրի առարկա դարձնելն անթույլատրելի է: Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը, որի նպատակը նրա ժողովրդին առավելագույնս զրկանքների ենթարկելն է, պետք է անհապաղ և անվերապահորեն դադարեցվի՝ համաձայն Միջազգային դատարանների որոշումներին և արդարության սկզբունքների: Շրջափակման դադարեցումը և մարդկանց տառապանքների թեթևացումը անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ կստեղծեն բանակցությունները սկսելու համար և առավել բարենպաստ պայմաններ կձևավորեն բովանդակալից քննարկումների համար: Բանակցային գործընթացի հիմքում պետք է բացառապես լինեն միջազգային իրավունքի նորմերն ու համընդհանուր արժեքները, ինչպիսիք են՝ արդարությունը, արժանապատվությունը և իրավահավասարությունը: Ցանկացած արհեստական սահմաններ, որոնք կարող են կանխորոշել բանակցությունների արդյունքը, պետք է բացառվեն:Կարևոր է ընդգծել, որ խաղաղ գործընթացի առանցքային հարցերից մեկը եղել և շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի հարցը, որը, միջազգային իրավունքի տեսանկյունից, շարունակում է մնալ չլուծված: Մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտությունը անառարկելի հիմք են ապահովում արտաքին ինքնորոշման ապահովման ու ճանաչման համար՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա: Այդ սկզբունքն իր կարևոր տեղն է ունեցել 1991 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի խորհուրդները հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության հիման վրա: Միջազգային հանրությունից ակնկալիքները Հաշվի առնելով առկա ծանրագույն վիճակը և ահագնացող սպառնալիքները մեր ժողովրդի ֆիզիկական գոյության դեմ՝ այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով: Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության: Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման ճամբար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Նամակներ եմ հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներին, որոնք նաև հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալություններին, մանրամասն նկարագրել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը և պահանջելով իրականացնել գործում քայլեր իրավիճակին համարժեք արձագանքնելու համար։ Հասունացել է միակողմանի քայլեր ձեռնարկելու պահը՝ որպես զանգվածային հանցագործությունը կանխարգելելու վերջին միջոց։ Իհարկե, առաջին հերթին 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից ու հատկապես Ռուսաստանից ունենք պահանջներ՝ կատարելու անվտանգության երաշխավորի պարտավորությունները, իսկ հատկապես Հայաստանից էլ պահանջում ենք, որ զերծ մնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտագության խորհրդից իր մանդատի և պարտավորությունների շրջանակում վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման որոշումների կատարումը:Այս կապակցությամբ, հրատապ եմ համարում Միավորված ազգերի կազմակերպության, նրա ողջ համակարգի և գործակալությունների ներգրավվածությունը, որոնք հատուկ լիազորված են գործել հումանիտար ճգնաժամերի իրավիճակներում։ Պահանջում եմ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարից դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն՝ միջազգային հանրությանը զգուշացնելու Արցախի ժողովրդի ծանր վիճակի մասին։ Պահանջում եմ պարոն Գուտերեշից առանց հապաղելու և առանց վարանելու գործի դնել ՄԱԿ-ի համակարգը այս ճգնաժամը լուծելու համար: Ես պատրաստ եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, պարոն Գոտերեշին անձամբ ներկայացնել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը առցանց ձևաչափով։ Պահանջում եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով, ինչպես նաև քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալներից գործել հիմա։ Բարձրաձայնել Արցախում ճգնաժամի մասին և պահանջել միջազգային հանրության կողմից անհապաղ ջանքերի գործադրումը՝ Արցախում ՄԱԿ-ի մուտքի մանդատ տալու և ներկայության համար: Պահանջում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեններից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենից հետևել իրենց մանդատին ու պարտականություններին՝ պահանջել իրենց ներկայությունն Արցախում՝ ը Արցախի ժողովրդին տեղում հրատապ ու նաև շարունակական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ներգրավված դերակատարներից պահանջում ենք դադարեցնել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հանցավոր օրակարգին, ինչը միայն խորացնում է անմեղ մարդկանց տառապանքները և կոչ ենք անում կոնկրետ քայլերի իրականացում՝ երաշխավորելու բարենպաստ միջավայր Արցախի ժողովրդի կայուն անվտանգության և հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման համար: Այսօր ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելումը միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորություն է։ Անընդունելի է, որ ցեղասպանության կանխարգելման պարտավորությունը արտահայտվի միայն կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու պատրաստակամությամբ։ Միջազգային հանրությունը և առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որին անդամակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները, և որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության համար, այդ թվում զանգվածային հանցագործությունների կանխարգելման համար, տիրապետում է թե մանդատով, թե անհրաժեշտ գործիքակազմով, թե պարտավորությամբ՝ կասեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Վերջիվերջո, Ադրբեջանի միջազգային անպատժելիությունը պետք է մեկ օր կասեցվի, այլապես այն ծնելու է նորանոր դաժանագույն հանցագործություններ, որոնց շեմին ենք գտնվում այժմ»։ 
12:38 - 25 հուլիսի, 2023