ԼՂ մեր հայրենակիցները «Նամակ ռուսաց թագավորին» ժանրի հիմնադրման գործում մեծ դերակատարում ունեն․ Նիկոլ Փաշինյան
16:22 - 25 հուլիսի, 2023

ԼՂ մեր հայրենակիցները «Նամակ ռուսաց թագավորին» ժանրի հիմնադրման գործում մեծ դերակատարում ունեն․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց Ռուսաստանի արտգործնախարարության՝ վերջերս արված հայտարարություններից մեկը, որտեղ նշվում էր․ «2022թ․ հոկտեմբերին եւ 2023-ի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, միաժամանակ դա կտրուկ կերպով փոխեց հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի իրավիճակը։ Կարծում ենք, որ այս պայմաններում չարժե Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա»։ 

Լրագրողը հարցրեց, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու փաստը որևէ կերպ փոխո՞ւմ է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը և որևէ ազդեցություն ունի՞ եռակողմ հայտարարության և հատկապես խաղաղապահների կարգաիճակի վրա։

Փաշինյանն ասաց, որ սպասում էր նման հարցի, այդ պատճառով իր հետ մի քանի փաստաթուղթ է բերել՝ «պարզաբանելու և ոչ հակադարձելու համար»։

Նա նախ մեջբերեց 2020 թ․ դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը՝ ուշադրություն հրավիրելով հայտարարության ամսաթվին։

Պուտինը, հիշեցնենք, այդ օրն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է, ապա հիշեցրել, որ Հայաստանն էլ չի ճանաչել Ղարաբաղը։  

Մեջբերումն ավարտելուց հետո Փաշինյանը նշեց․ «Ադրյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ երկիր է եղել, որ Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Չի եղել այպիսի երկիր»։ 

Փաշինյանն այլ ՄԽ անդամ մյուս երկրների ներկայացուցիչներից ևս մեջբերումներ արեց, ապա ասաց․ «Ինչ-որ մի իրադրության մեջ կամ ինչ-որ աշխարհքաղաքական իրադրության պայմաններում մեր դիրքորոշումը եղել է հետևյալը, որ կապ չունի՝ ինչ է ասում միջազգայն հանրությունը, մեր դիրքորոշումն էս է, և մենք մեր դիրքորոշման հետևից գնալու ենք։ Հիմա ի՞նչ է փոխվել, որ մենք մեզ, այդ թվում շատ դաժան իրադարձություններից հետո, հարց ենք տվել՝ բայց եթե միջազգային հանրության դիրքորոշումը դա է, մենք ո՞նց ենք միջազգային հանրության դիրքորոշման դեմ կռիվ տալու։ Ընդ որում, սա որոշման խնդիր չէ, պատասխանատվության խնդիր է․ մենք սրա  պատասխանատվության ամբողջ հետևանքները հասկանում ե՞նք, թե՞ չենք հասկանում։ Ցավոք, միշտ չէ, որ հասկացել ենք»։ 

Փաշինյանը նաև ընթերցեց Արցախում խաղաղապահների տեղակայման մասին որոշումը, որտեղ նշված է, որ խաղաղապահներն, ի թիվս այլնի, տեղակայվում են քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները պաշտպանելու համար։ Մեջբերումից հետո նա նշեց, որ լրագրողի հնչեցրած գործոնների մասով ոչինչ չի փոխվել։

Անդրադառնալով  ՌԴ ԱԳՆ-ի՝ Արցախի բնակչության ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելու ձևակերպմանը՝ Փաշինյանը նշեց․ «Միշտ չէ, որ լավ և ազնիվ ռեժիմ է, որ ինչ-որ մի իրավիճակ ունենք, որ ասում ենք՝ դե Մոսկվա, տես՝ ինչ ես անում, կամ Վաշինգտոն կամ Բրյուսել։ Իսկ մե՞նք ինչ ենք անում, իսկ Ստեփանակե՞րտն ինչ է անում։ Սրա մասին է խոսքը։ Մենք էլ պետք է հասկանանք մեր պատասխանատվության դաշտում գտնվող հարցերը հասցեագրելու։ Ճիշտ է, ես մեջբերեցի, բայց նաև Մոսկվայի դիրքորոշման մեջ էլ կան, իհարկե, շատ ազնիվ շեշտադրումներ։ Եվ այդ շեշտադրումներից շատերը որ թարգմանենք դիվանագիտական լեզվից, էս է հնչում՝ լավ, դուք 30 տարի անկախ պետություն, ինչքա՞ն դուք, ինչ պրոբլեմ լինի, զանգեք կամ նամակ գրեք Մոսկվա․․․ Տենց ժանր ունենք, չէ՞, մենք․ «Նամակ ռուսաց թագավորին»։ Մինչև ե՞րբ ենք էդ ժանրի մեջ ապրելու մենք։ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն այդ ժանրի հիմնադրման գործում մեծ դերակատարում ունեն, բայց ոչ միայն նրանք»։ 

Փաշինյանը նաև նշեց, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ այլ երկրներ, սեփական խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել