«Մտածելու հարց է՝ արդյո՞ք Խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին»․ Նիկոլ Փաշինյան
14:09 - 25 հուլիսի, 2023

«Մտածելու հարց է՝ արդյո՞ք Խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը՝ այն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչները պիտի լինեն բանակցությունների կողմ, երկխոսության կողմ, եւ մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտագությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով եւ միջազգային մեխանիզմների շրջանակում»։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀ-ի եւ ԼՂ-ի մոտեցումների տարբերության ֆոնին հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանացկությունների օրակարգից ԼՂ հարցը ընդհանրապես դուրս գա կամ հակառակը ԼՂ կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձվի։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԼՂ ներկայացուցիչները, ժողովուրդը, կառավարությունը իր կողմից նշած բանաձեւի շրջանակում ոչ միայն հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող հարցերը եւ ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլեւ որ շատ կարեւոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը եւ ոչ միայն։

Լրագրողի ճշտող հարցին՝ ՀՀ-ն կարո՞ղ է փոփոխություն մտցնել բանակցությունների օրակարգ, Փաշինյանը պատասխանեց․ «Ես նախկինում էլ հայտարարել եմ՝ մտածելու հարց է՝ արդյոք խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, թե այնուամենայնիվ, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերը պետք է առաջ ընթանան եւ հասցեագրվեն այլ տրամաբանությամբ, եւ այս հարցում մենք որոշում չունենք, եւ սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք, դիրքորոշումը, ըստ էության, արտահայտվեց իմ պատասխանում»։

Լրագրողը հիշեցրեց, որ մեկուկես տարի անցել է նշաձողը իջեցնելու հայտարարությունից, երբ Փաշինյանն ասում էր, որ միջազգային հանրությունը լայն կոնսոլիդացիա է խոստանում, ապա հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Արցախի ներկայիս ծայրահեղ վիճակը՝ հնարավո՞ր է, որ ոչ թե միջազգային հարությունն էր կոնսոլիդացիա խոստանում, այլ դա Փաշինյանի ընկալումն էր․ «Իրադրությունը, որ ունենք, եւ դրա հասցեագրումն ու կարգավորումը ոչ թե  միջազգային հանրությանն է հարկավոր, այլ Հայաստանին եւ ԼՂ-ին, միջազգային հանրությունը, ըստ էության, չի տառապում, ունի որոշակի պատասխանատվություն, բայց ո՞վ է ասել, որ միջազգային հանրությանը ավելի շատ է անհրաժեշտ պրոբլեմների լուծումը, քան ՀՀ-ին»։

Փաշինյանը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք միջազգային հանրությունը դիրքորոշումներ արտահայտում է եւ քայլեր ձեռնարկում է ԼՂ շուրջ ստեղծված իրադության հասցեագրման ուղղությամբ, ինչին պատասխանելով՝ ասաց՝ այո․ «Եւ այդ կոնտեքստում Եվրոպայի խորհուրդը միանշանակ բանաձեւ է ընդունել, Եվրոպական խորհրդարանանը միանշ բանաձեւ է ընդունել այդ թեմայով, ԵԱՀԿ խորհրդի վերջին նիստում բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրենրը միանշանակ դիրքորոշումներ են արտահայտել, Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին եւ հուլիսի 16-ին հստակ դիրքորոշում է արտահայտել այդ թեմայով, արդյո՞ք այդ ջանքերը բավարար են, ոչ, բավարար չեն, դա էլ արձանագրում եմ եւ պետք է շարունակել արձանագրել, բայց էլի եմ ասում՝ եթե մեր ընկալումներում կա էդպիսի բան, թե միջազգային հանրությանն է պետք էն, ինչ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման ուղղությամբ, մի փոքր մոլորության մեջ ենք, ավելի շատ ՀՀ-ին է պետք, քան միջազգային հանրությանը»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել