Աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս․ Փաշինյան
15:26 - 25 հուլիսի, 2023

Աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի այօրվա ասուլիսի ընթացքում «5-րդ ալիք»-ի լրագրողը հայնտեց, որ կհնչեցնի 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանի հարցերը․ «Ե՞րբ, ո՞ր պահին, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախն Արդբեջան է։ Ինչո՞ւ էիք 2019-ի օգոստոսի 5-ին հայտարարում՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, ինչի՞ հիման վրա․ մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»։

Փաշինյանը նախ պատասխանեց Աշոտ Զաքարյանի վերջին հարցին․ «Պիտի նաև արձանագրեմ, որ այդ որոշումը՝ տղաների՝ որտեղ ծառայելու վերաբերյալ, դժբախտաբար, թե բարեբախտաբար՝ առանց երանգավորման, ես չեմ կայացրել»։

Անդրադառնալով Ստեփանակերտի՝ Վերածննդի հրապարակում իր արած հայտնի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Տեսեք, ասում են՝ Հայաստանը սենց բան պետք է հայտարարի, և երբեմն մեզ թվում է, որ այ Հայաստանը ինչ-որ բան որ չի ստանում կամ չի ստացել, դա էն պատճառով է, որ ինքը չի հայտարարում, չի ուզում, չի ցանկանում դա ունենալ»։

Վերջում Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին՝ հնչեցնելով բազմիցս արած հայտարարությունը, թե «Հայաստանը միշտ էլ ճանաչել է Արդբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չէ, որ հայտարարվել և արձանագրվել է»։ 

«Ցավով արձանագրել եմ և արձանագրում եմ, որ աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ 17, 18, 16, 13, 14 թվականներին, չի ճանաչել Ադրբեջանի մաս։ Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվե՞լ ենք, թե՞ չէ, և ո՞րն է եղել մեր դիրքորոշումը։ Մենք ասել ենք, որ կապ չունի, որ ամբողջ աշխարհը այլ կերպ է ընկալում, մենք պետք է այլ կերպ վարվենք։ Ինչ-որ փուլում ես էլ եմ գուցե այդպես արել, այդ տրամաբանության մեջ, բայց վերջո իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և կոնկրետ ընտրության առջև։ Եվ մեր խնդիրն այն է, որ մենք փորձենք ամեն ինչ անել, որ որպեսզի հետագայում մեր հարգարժան ծնողի կողմից այդպիսի հարցերի չարժանանանք»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի պատասխաններից հետո լրագրողը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ադրբեջանի 86 600 քառ․ կմ-ի մասին հստակեցումն արձանագրվելու է նախ ստորագրվելիք խաղաղության պայմանագրում․ «Եթե ոչ, մեզ ի՞նչ էր տալիս այդ զուտ քաղաքական հայտարարությունը, որից հետո Ադրբեջանի նախագահը կարողանում է պնդել, որ Դուք, ըստ էության, կրկնել եք իր հայտարարությունը, որ Արցախը Արդբեջան է և վերջ»։ 

Հիշեցնենք, որ China Media Group-ին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, թե տարաձայնությունների միակ հիմնական կետն այն էր, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչեր Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս․ «Ինչպես արդեն ասացի, առաջինը՝ արդեն հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ հիմա պետք է անեն երկրորդը՝ ստորագրեն»։

Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան լրագրողի հարցի, նախ հիշեցրեց 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրագայի քառակողմ հանդիպումը, երբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Ապա Փաշինյանը հիշեցրեց այս տարվա մայիսին բրյուսելյան հանդիպումը, որից հետո ԵՄ խորհրդի նախագահը խոսեց Ադրբեջանի՝ 86 600 քառ․ կմ-ի և Հայաստանի՝ 29 800 քառ․ կմ-ի մասին։ 

Դիմելով լրագրողին՝ Փաշինյանն ասաց․ «Եթե Ձեր հարցն այն է, թե ինչու եմ ես համաձայնել նման պայմանավորվածության, ըստ էության ոչ միայն հիմա, այլև ասուլիսի մեկնարկի պահից ես այդ հարցին եմ պատասխանում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել