«Եթե նոր նախաձեռնություն լինի, ես դրա նկատմամբ վերաբերմունք կարտահայտեմ»․ Փաշինյանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին
13:58 - 25 հուլիսի, 2023

«Եթե նոր նախաձեռնություն լինի, ես դրա նկատմամբ վերաբերմունք կարտահայտեմ»․ Փաշինյանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուշադիր հետեւում է Արցախին առնչվող հայտարարություններին, եւ դրանցում օգտակար ոչինչ չի տեսնում։

Անդրադառնալով, օրինակ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին՝ Փաշինյանն ասաց․ «Օսկանյանը հայտարարում է, որ պետք է շեշտել, որ ԼՂ-ն Խորհրդային միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, մինչեւ Օսկանյանի հայտարարությունը ԵՄ խորհրդի նախագահի հայտարարություններում, որոնք հաջորդել եմ իմ հանդիպումներին Ադրբեջանի նախագահի հետ, արձանագրվել է ԼՂ նախկին ինքնավար մարզի այդ եզրույթը, եւ վերջին հանդիպման ընթացքում էլ է դա արձանագրվել, այսինքն՝ դա հրապարակային արձանագրված է մինչեւ Օսկանյանի հայտարարությունը»։

Լրագրողի դիտարկմանը, որ մի քանի անգամ Վարդան Օսկանյանը դիմել է Փաշինյանին՝ հայցելով, որ իրեն հնարավորություն տրվի բեկում մտցնել բանակցություններում, արդյո՞ք նա պատրաստ է գնալ նման քայլի ի շահ Արցախի, Փաշինյանը պատասխանեց․ «ԱԳ բոլոր նախարարները կարող են նման հայտարարություն անել, բայց եթե պետք էր բեկում մտցնել, կարծում եմ՝ պարոն Օսկանյանը կարող էր իր պաշտոնավաման ընթացքում բեկում մտցնել եւ բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը»։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում մի քանի ժամ տեւած իր ելույթում ինքը մանրամասն նկարագրել, գնահատականներ է տվել Օսկանյանի պաշտոնավարման շրջանում ՀՀ-ի վարած քաղաքականությանը եւ բանակցային գործընթացին, մասնավորապես՝ Մադրիդյան սկզբունքներին, եւ իր գնահատականները չեն փոխվել։

Լրագրողը հիշեցրեց, որ 2019 թ ասուլիսում Փաշինյանն ասել է, որ կաշկանդված չէ Արցախի հարցով նույն սեղանի շուրջ նստել ՀՀ նախկին նախագահների հետ, եւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուժի մեջ է այդ հայտարարությունը, եւ հնարավո՞ր է նման հանդիպում տեղի ունենա Փաշինյանի հորդորով․ «Ես ասել եմ, որ կաշկանդվածություն չունեմ, եւ գիտեք, որ 2020 թ պատերազմի ընթացքում նման նախաձեռնություն եղել է ԼՂ պաշտոնաթող նախագահների կողմից, եւ ես դա ընդունել եմ, բայց հետագայում նրանք հրաժարվել են այդ նախաձեռնությունից, ավելի ճիշտ՝ մասնակցությունից, ես շատ մանրամասներ չգիտեմ՝ ով, երբ, ինչու, բայց ես գիտեմ, որ այդ պատրաստակամությունը ունեցել եմ, եւ եթե նոր նախաձեռնություն լինի, ես դրա նկատմամբ վերաբերմունք կարտահայտեմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել