Փաշինյանը վստահեցնում է՝ անկախ բանակցությունների վայրից՝ բանակցությունների օրակարգը և սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում 
13:51 - 25 հուլիսի, 2023

Փաշինյանը վստահեցնում է՝ անկախ բանակցությունների վայրից՝ բանակցությունների օրակարգը և սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում 

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ անկախ նրանից՝ Ադրբեջանի հետ բանակցությունները տեղի են ունենում Բրյուսելո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե Վաշինգտոնո՞ւմ՝  բանակցությունների օրակարգը և սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում և շարունակում են մեկը մյուսին։ Այս մասին վարչապետը հայտարարեց ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե արդյոք Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա հերթագայման արդյունքում մի բանակցությունից մյուսը որոշ խնդիրներ, որոնք թվում են լուծված, չեն փոշիանում։

«Անկախ տեղից՝ բանակցողները չեն փոխվում։ Այսինքն՝ Մոսկվայում է, թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում, բանակցում են Հայաստանի Հանրապետությունը և Արդբեջանը։ Եվ նաև այս համատեքստում եմ ասում, որ բանակցություններում հաջողություն ունենալը մեզ է հարկավոր, և բանակցային լուծումների հասնելը մեզ է հարկավոր»,- ասաց Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի լարումը որքանով կարող է ազդել բանակցային գործընթացի վրա, վարչախետը նշեց․ «Որևէ տեղ հարաբերությունների որևէ լարվածություն դրական ազդեցություն չի կարղ ունենալ։ Չնայած, մյուս կողմից էլ, լարվածություն ասվածը նույնպես չպետք է գերագնահատել, որոհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը և Թուրքիան, չնայած որոշակի տարաձայնություններին, շատ ակտիվ համագործակցում են»։

Փաշինյանի խոսքով բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ, և խնդիրն այն է, թե որքանով են այդ հակասությունները վերաճում են կոնֆրոնտացիոն տրամաբանության։ 

«Մեր մեծագույն խնդիրը ո՞րն է հայեցակարգային և ռազմավարական առումով․ մենք մեր պետության գոյության ողջ ընթացքում եղել ենք և գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, որը իմ կարծիքով մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով՝ և՛ անվտանգային, և՛ զարգացման, և՛ միջազգային ազդեցության առումով։ Եվ այդ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ մենք չենք կարողացել և չենք կարողանալու ապահովել մեր երկարատև զարգացումը և մեր անվտանգության ապահովումը»,- ասաց նա։

Անդրադառնալով նրան, թե ինչ ակնկալիքներ կան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից՝ Փաշինյանը նշեց․ «Այդ հանդիպումներն առանձին վերցրած հանդիպումներ չեն․ առանձին վերցրած հանդիպումից ակնկալիք ունենալը, հենց որ մոսկովյան հարթակն է կամ ոչ մոսկովյան հարթակն է․․․ Ես ակնկալիք ունեմ մեզնից՝ ՀՀ ԱԳ նախարարից (իհարկե, մեր մյուս գործընկերներից նույնպես), որ նրանք կարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և կարողանալ ինչ-որ մի լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել