Սա խնդիր է ՌԴ-ի համար առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով․ Փաշինյան
15:08 - 25 հուլիսի, 2023

Սա խնդիր է ՌԴ-ի համար առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով․ Փաշինյան

Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է՝ մտածելով, թե Ղարաբաղի կամ Հայաստանի խնդիրը ոնց լուծենք, դա մեր խնդիրն է եւ առաջին հերթին մեզ է պետք դրա լուծումը, ինչը չի նշանակում, որ ՌԴ-ին այն պետք չէ։

Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գործիքակազմ ունի ՀՀ-ն՝ ստիպելու համար ՌԴ-ին կատարել իր ստանձնած պարտավորությունները․ «Հիմա ես կարող եմ ասել, թե ինչ չեն անում այլ երկրները, միջազգային հանրությունը եւ ինչ պետք է անի միջազգային հանրությունը, ԼՂ իշխանությունները կարող են ասել՝ ինչ պետք է անի ՀՀ-ն եւ այդպես շարունակ, բայց վերջին շրջանում մի շարք հայտարարություններ կարդալով, այդ թվում՝ անձնական շփումների մակարդակում, որովհետեւ ԼՂ նախագահի հետ մենք գործնական ամենօրյա շփման մեջ ենք, մի հարցի եմ ուզում ուշադրություն հրավիրել․ այո, մենք կարող ենք ասել, որ ՌԴ-ն էս պիտի անի, Միացյալ Նահանգները՝ էս պիտի անի, Եվրամիությունը՝ էս պիտի անի, Հայաստանը՝ էս պիտի անի, բայց մենք պետք է ձեւակերպենք նաեւ՝ ԼՂ իշխանությունը ինչ պիտի անի, որովհետեւ աղետի գոտի հայտարարել, շատ լավ, կարելի է, իսկ այդ ճգնաժամը կառավարելու հարցում արդյո՞ք ԼՂ իշխանությունները ունեն որեւէ անելիք, ես կարծում եմ բոլոր դեպքերում հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք եւ մենք պատրաստ ենք աջակցել այդ ուղղությամբ»։

Ըստ վարչապետի՝ այսօր ընթացող իրավիճակներ կան աշխարհի տարբեր երկրներում, եւ սեփական խնդիրներ՝ մի շարք երկրների առաջ, որոնցից մենք ակնկալում ենք, որ իրենք լուծեն ինչ-որ խնդիր ԼՂ-ում, բայց այդ երկրները իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել։

Փաշինյանն ասաց՝ չի ջնջում իր նախկինում արված հայտարարությունները, բայց ո՞ւմ ինչի՞ մեջ մեղադրենք, երբ կա այն իրադրությունը, որ կա Ուկրաինայում․ «ՌԴ-ում կան խնդիրներ, գումարած դրան՝ սա կոնկրետ խնդիր է ՌԴ-ի համար՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռեպուտացիոն, ե՛ւ աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ ուժերը գտնվում են ԼՂ-ում, եւ մեծ հաշվով այդ առաքելությունը դրված է կասկածի տակ, որովհետեւ երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, եւ որ մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, որովհետեւ կարող է պարենը այն աստիճանի սպառվել, որ շատ մեծ խնդիր առաջանա, դա խնդիր է ՌԴ-ի համար առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով, խնդիր է նաեւ միջազգային հանրության համար, նույն Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը շատ մեծ խնդիր է, բայց դա ինչպե՞ս եւ որտե՞ղ է հնարավոր լուծել հենց այն իրավիճակում, երբ մենք ապրում ենք փլուզված աշխարհակարգի պայմաններում, եւ այստեղ խնդիրը ավելի է բարդանում, եւ մենք, մեզ հայտնի բարդ բանաձեւերով առաջնորդվելով, չենք լուծելու խնդիրը, մեզ այլ բանաձեւեր եւ այլ դիտանկյուններ են պետք, մենք փորձում ենք գտնել եւ որդեգրել այդ բարդ դիտանկյունները, մասնավորապես, տարածաշրջանի մեր հարաբերությունների կարգավորման իմաստով»։

Ըստ վարչապետի՝ Քննիչ հանձնաժողովի իր ելույթում, որքան էլ բարդ է եղել, ինքը որոշակի նյութ տվել է հանրությանը, որով շատ բան ավելի պարզ կարող է դառնալ․ «Եվ շատ հաճախ ինձ շատ մեղավոր եմ զգում, որ նույն բանը չեմ արել 2018թ․-ին՝ անկախ նրանից, թե որքանով էր դա հնարավոր 2018 թ․-ին»։

Բայց մի բան, ըստ Փաշինյանի, ինքը այնուամենայնիվ ասել է․ «Ես ասել եմ՝ ՀՀ-ն ունի պատմական ցիկլ․ աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակի բերումով ձեռք ենք բերում պետականություն՝ շատ դեպքերում այդ պետությունը որպես նպատակ չունենալով, ստացվում է այդպես, որ մենք ունենում ենք պետություն, բայց շատ հաճախ մեր նպատակի ամենակենտրոնում չունենալով պետությունը, հետո աշխարհաքաղաքական իրադրության եւ տրամաբանության փոփփոխության հետեւանքով կորցնում ենք այդ պետությունը, եւ մեր խնդիրը շատ ավելի բարդ է՝ հաղթահարել այս ցիկլը, այս առումով տարածաշրջանում մեր հարաբերությունները ունեն առանցքային նշանակություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել