ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Ժաննա Անդրեասյանը:

Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի նախագիծը, որով նախատեսում ենք, որ նախարարությունը վարելու է ուսուցիչների շտեմարան, որոնք ցանկություն կունենան տեղափոխվել սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքների դպրոցներում դասավանդելու, իսկ գործուղվող ուսուցիչների համար նախատեսել ենք մի շարք նոր կարգավորումներ, որոնք ավեի բարենպաստ պայմաններ կստեղծեն աշխատանքի համար, մասնավորապես․ ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում չի հատկացվել/, բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը /նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ/, գ) տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով /նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ/, դ) բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով․ ե) կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ** / նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000/, զ) աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով /նախկինում չի հատկացվել/։ Կարծում ենք, որ այս կարգավորումները պետք է նպաստեն համայնքներում ուսուցիչների պակասի առժամանակ լրացմանը և սովորողներին բոլոր առարկաների դասավանդմանը։ Նախատեսում ենք, որ ընդունվելու պարագայում այն կգործի 2021 թվականից։ Կարգի նախագիծը՝ հղմամբ»։
17:52 - 28 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողովին անդրադարձավ Covid-19-ի պայմաններում դպրոցների վերաբացմանը |hetq.am|

Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողովին անդրադարձավ Covid-19-ի պայմաններում դպրոցների վերաբացմանը |hetq.am|

hetq.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողով էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես պետք է իրականացվի դասապրոցեսը նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո։ Նախարարի պնդմամբ մարտ ամսից սկսած հեռավար կրթության նպատակն էր կրթության անընդհատությունն ապահովել, որ հետագայում լրջագույն խնդիրների չբախվեն։ Ըստ նրա՝ նպատակը կարողացել են ապահովել։ Նախարարի խոսքով՝ դիտարկումները ցույց են տվել, որ ծնողների մեծամասնությունը ցանկացել է, որ դպրոցները վերաբացվեն, իսկ ոչ պաշտոնական հարցման արդյունքում պարզվել է, որ ծնողների 80 % -ը պատրաստ է երեխաներին տանել դպրոց։ Քանի որ կորոնավիրուսով վարակվածների թվի անկում կա, ապա հնարավոր է եղել դպրոցների վերաբացումը. «Սակայն մենք չպետք է նպաստենք, որ Covid-19-ով վարակման թիվն ավելանա, որովհետեւ եթե կարճ ժամանակ հետո էդ թիվն էնքան ավելանա, կորն էնքան վեր թռնի, որ մենք ստիպված լինենք դպրոցը նորից փակել, սա մեծ խնդիր է լինելու կրթական համակարգի համար։ Էդպես բացել-փակել, անցնել առկայի, հետո հեռակայի... մենք ամեն ինչ անում ենք, որ դա թույլ չտանք»,- նշեց նախարարը։ Նրա պնդմամբ՝ եթե կանոնները պահպանվեն, ապա երեխաները կստանան նորմալ կրթություն, չեն հիվանդանա, վիրուս չեն տարածի։ Նախարարը մեկ անգամ եւս շեշտեց, որ պահպանվելու են Առողջապահության նախարարության եւ պարետատան սահմանած կանոնները, որոնք վերաբերում են ինչպես ախտահանմանը, այնպես էլ սոցիալական հեռավորության պահպանմանը, դիմակների կրմանը։ Ըստ նախարարի՝ այս կանոնները պահպանելով 95 %-ով կանխելու են վարակի տարածումը։ Աշակերտները դպրոցներում կմնան երեքից հինգ ժամ։ Իսկ նախարարությունը հետեւելու է իրավիճակի զարգացմանը, եւ ըստ դրա՝ որոշումներ կկայացնի։ Հնարավոր է փոփոխություններ կատարվեն կրթական ուղեցույցում։ Նախարարն այս ամենը համեմատեց պատերազմի հետ, իսկ նախարարության կատարած աշխատանքը քննադատելը համեմատեց մարտի դաշտում զենքի ընտրության հարցի հետ։ «Մենք միասին պետք է առաջ գնանք եւ հաղթահարենք համավարակը՝ միաժամանակ ապահովելով երեխաների կրթության իրավունքը եւ կրթության շարունակականությունը»։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց ծնողներին համագործակցել ուսուցիչների հետ, որպեսզի աշակերտներն ամրապնդեն ստացած գիտելիքները։ «Առավոտյան երբ երեխաները դասի են գնում, ջերմաչափեք, որպեսզի բարձր ջերմության դեպքում դպրոց չտանեք։ Դպրոցում երեխաներին ջերմաչափելու են, եթե բարձր ջերմություն ունենան աշակերտները, ապա ծնողներին կտեղակացնեն եւ համապատասխան միջոցներ կձեռնարկեն»,- հավելեց նա։ Իսկ խրոնիկ բարձր ջերմություն ունեցողների դեպքում ծնողները պետք է այդ մասին նախապես տեղեկացնեն։ Անդրադառնալով առաջին դասարանցիներին սեպտեմբերի 14-ին դպրոց ուղեկցելուն՝ Հարությունյանը խնդրեց ծնողներին, որ երեխային մեկական անձ ուղեկցի։ Դասամիջոցներին դասարանից դուրս չգալու վերաբերյալ ասաց, որ այսպես վարակի տարածումը կկարողանան վերահսկել։
11:23 - 27 օգոստոսի, 2020
ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է աշակերտների՝ դասամիջոցներին դուրս գալու արգելքի վերաբերյալ որոշումը |armenpress.am|

ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է աշակերտների՝ դասամիջոցներին դուրս գալու արգելքի վերաբերյալ որոշումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպրոտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե հանրակրթական նոր չափորոշիչների համաձայն ինչու դպրոցներում աշակերտները չեն կարող դուրս գալ դասարաններից։ Անդրեասյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պետք է հստակ հասկանանք, թե որն է մեր մոտիվը, երբ դասամիջոցներին երեխաների դասարանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակում ենք։ Բոլորիս մոտիվն այն է, որ մենք հնարավորինս նվազեցնենք դպրոցում վարակի տարածման ռիսկը։ Պատկերացրեք իրավիճակ, որ դասամիջոցին երեխաները դուրս են գալիս միջանցք և տեղի է ունենում անկանոն շփում դպրոցի բոլոր երեխաների միջև։ Եթե հանկարծ մենք ունենում ենք որևէ վարակի դեպք, ապա ունենում ենք շատ մեծ հավանականություն դրա տարածման։ Սակայն, եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, ապա կարողանում ենք ապահովել կրթության շարունակականությունը»,- նշեց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ սահմանված է, որ 10 և ավելի տոկոս վարակվածության դեպքեր ունենալու դեպքում դպրոցը չի գործի որոշակի ժամանակահատված։ Փոխնախարարը շեշտեց, որ այդ կանոնները բխում են ընդհանուր համավարակի կանոններից, պետք է հասկանալ, որ բոլորը պետք է պահպանեն այդ կանոնները, եթե ցանկանում են օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի։ Անդրադառնալով գրատախտակի մոտ չգնալուն՝ Անդրեասյանն ասաց, որ շատ ուսուցիչներ կան, որ երեխաների հետ աշխատելու բազմաթիվ ձևեր գիտեն և ընդգծեց, որ այդ ձևերից է նաև բնության գրկում դաս անցկացնելը, շատ են նաև տարբեր միջավայրերում ուսումնական պրոցեսի կազմակերպումը, երբ գրատախտակի կարիք հաճախ չի էլ լինում։ «Կարծում եմ, որ շատ ակնհայտ է, թե ինչու գրատախտակին մոտենալն այդքան էլ անհրաժետ չէ։ Երեխան վերցնում է կավիճը, օգտագործում է, ապա մեկ ուրիշն է մոտենում, վերցնում է նույն կավիճն ու այդպիսով մենք ունենում ենք վարակի տարածման հավելյալ ռիսկ։ Մինչդեռ, ուղեցույցում մենք ունեք անգամ կետ, որով առաջարկվում է, որ երեխաներն անգամ միմյանց հետ իրեր չփոխանակեն, օրինակ, գիրքը, տետրը ու գրիչը, որովհետև յուրաքանչյուր հավելյալ նման շփում ռիսկի մեծացում է»,- ասաց Անդրեասյանը։ Նա ըդնգծեց, որ, երբ խոսքը 400 հազար երեխայի մասին է, ապա ամեն դպրոցում նման չկանոնակարգված շփումների հետևանքները կարող են անկանխատեսելի լինել ու զգալի։
16:37 - 26 օգոստոսի, 2020
20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ. փոխնախարար |civilnet.am|

20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ. փոխնախարար |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին և շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով. այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պարետի ցուցումով հրապարակվել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը, որով տրված են մի շարք կարգավորումներ՝ դպրոցների նախապատրաստական աշխատանքների հետ կապված։ «Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին», - ասաց Անդրեասյանը: Պարետի ցուցումով նախատեսվող պաշտպանիչ միջոցներով դպրոցները կապահովվեն սեփական խնայողությունների և նախարարության հավելյալ ֆինանսական աջակցության միջոցով: Նախարարությունը հավաքագրել է դպրոցներում առկա խնայողությունների մասին տեղեկատվությունը․ դրանք գոյացել են կոմունալ ծախսերից՝ ուսումնական գործընթացի չիրականացման արդյունքում։ «Բացի այդ, հավելյալ միջոցներ կտրամադրի նաև նախարարությունը»,- հայտնեց Անդրեասյանը: Յուրաքանչյուր դպրոցի համար մշակվելու են ելքի, մուտքի և շարժի կանոններ, քանի որ խոսքը փակ տարածքում թվով շատ մարդկանց շփման հնարավորության մասին է, որն էլ բարձրացնում է կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը:  «Նապատակն է՝ նվազեցնել դպրոցի ներսում ինտենսիվ և անկանոն շփման ռիսկը: Կարգավորվել է նաև ուսուցիչների և աշակերտների տեղաշարժը», - ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե դպրոցն ունի մի քանի մուտք, ապա երեխաներին պետք է ընդունեն տարբեր մուտքերով: Կանոնանկարգվել են նաև 20-ից ավել աշակերտ ունեցող դասարաններում դասապրոցեսի կազմակերպման հետ կապված հարցերը: Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացը կիրականացվի՝ պահպանելով համաճարակային կանոնները: «Իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում 20-ից ավելի երեխա կա, պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: Նպատակը դպրոցներում միաժամանակ գտնվողներիի թվաքանակը նվազեցնելն է», - նկատեց փոխնախարարը: Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, հնարավոր է, որ դպրոցներն անցնեն նաև երկրորդ հերթի: «Դպրոցը կգնա երկրորդ հերթի, եթե ունենա անհրաժեշտ դրամական միջոցներ: Յուրաքանչյուր հերթափոխից հետո դպրոցներում պետք է ախտահանման աշխատանքներ իրականացվեն», - ասաց նա՝ հավելելով, որ այդ իրավիճակում ուսուցիչների համար անհրաժեշտություն կծագի վերանայելու ուսումնական ծրագիրը և դասացուցակը։ Արդյունքում կարող է բարձրանալ ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Երկու հերթափոխով աշխատելու դեպքում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները պետք է ապահովվեն նաև հավելյալ վարձատրությամբ։
15:50 - 26 օգոստոսի, 2020
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար ունի |armenpress.am|

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար ունի |armenpress.am|

armenpress.am: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար՝ Միքայել Մալխասյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Օգոստոսի 25-ին կայացել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ նոր կազմով կայացած առաջին նիստը, որի օրակարգում երեք հարց էր: Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն էր, իսկ երկրորդը՝ քարտուղարի։ Օրակարգի երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։ Լրատվամիջոցներին թույլ չէին տվել լուսաբանել ՀԽ նիստը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մեկ վայրում 40 անձից ավելի գտնվել չի կարող: Նիստից հետո ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն արգելել լրագրողների մուտքը: «Հաշվի առնելով երկրում գործող արտակարգ դրությունը՝ երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել, եթե դա հնարավոր լիներ տեխնիկապես: Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ: ԵՊՀ լրատվական ծառայությունն ամբողջությամբ տեսագրել և ձայնագրել է, այդ ամենը հասանելի կլինի համալսարանի կայքում»,- նշեց Անդրեասյանը: ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ամոբղջությամբ պատրաստակամ է իր ջանքերը ներդնել բուհը զարգացնելու ուղղությամբ:
16:29 - 25 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին

Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին, որն առավելագույն ձայներով հաղթող է  ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Միջոցառմանը ներկա են եղել  նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը եւ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը: «Մինչեւ Տիկին Չուլյանին ներկայացնելը կցանկանամ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նա բավականին բարդ փուլում է ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, եւ ժառանգությունը, որ ստացել էր,  նախանձելի չէր: Այն խնդիրները, որ դրված են եղել պարոն Սարիբեկյանի առջեւ, հիմնականում լուծվել են,  եւ հիմա այդ աշխատանքը կշարունակի տիկին Չուլյանը՝ կրկնապատկելով ջանքերը, եւ Ազգային գրադարանը կծառայի հիմնական նպատակներին, որոնք ամրագրվել են գրադարանի ստեղծումից ի վեր»,- նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Շնորհավորելով նորընտիր տնօրենին՝ 2019 թվականի փետրվարից տնօրենի պաշտոնակատար նշանակված գրող, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը  շնորհակալություն է հայտնել գրադարանի աշխատակազմին համատեղ գործունեության ու լավ աշխատանքի համար: «Ես առաջին անգամ չէ, որ այս շենքում եմ, բայց  այսօր շատ պատվավոր առաքելությամբ եմ այստեղ: Պատիվ ունեմ ստանձնելու այս պաշտոնը: Հստակ գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը եւ աշխատանքի ծավալը, որ սպասում է ինձ, բայց ես չեմ վախենում, քանի որ աշխատելու եմ այսպիսի մեծ անձնակազմի հետ: Գրադարանում չեն աշխատում պատահական մարդիկ, գրադարանում աշխատում են նվիրյալներ: Ես եկել եմ կիսելու ձեզ հետ իմ տեսլականը, իմ գիտելիքը, փորձը եւ նաեւ վերցնելու ավանդականը, այն, ինչը ես չգիտեմ: Ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, մարդն է մնում գերագույն արժեքը: Ազգային գրադարանը մշակութային ոլորտում շատ լուրջ ռազմավարական կառույց է, եւ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր ունեցած փոքրիկ ներդրումով, իր գործունեությամբ նպաստում է ազգային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման գործին: Ընդունեք ինձ ձեր մեծ ընտանիք: Կարծում եմ՝ փոխադարձ հարգանքի եւ սիրո մթնոլորտում կկարողանանք շատ առաջ գնալ: Շնորհակալություն պատկան մարմիններին ինձ վստահելու համար:  Ծառայում եմ հայրենիքիս»,- ասել է գրադարանի նորընտիր տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Չուլյանը:
14:48 - 25 օգոստոսի, 2020
ԵՊՀ ռեկտոր նշանակվելու է Կառավարության թեկնածուն. չի կարող լինել օբյեկտիվ ընտրություն, երբ նախարարի խորհրդականը տարածում է թեկնածուներից մեկի՝ ԵՊՀ-ի զարգացման ծրագիրը. Ռ. Մելքոնյան |tert.am|

ԵՊՀ ռեկտոր նշանակվելու է Կառավարության թեկնածուն. չի կարող լինել օբյեկտիվ ընտրություն, երբ նախարարի խորհրդականը տարածում է թեկնածուներից մեկի՝ ԵՊՀ-ի զարգացման ծրագիրը. Ռ. Մելքոնյան |tert.am|

tert.am: Ես չեմ հավատում, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը օբյեկտիվ է լինելու կամ կայանալու է ռեկտորի թեկնածուների ծրագրերի համեմատություն, մրցույթ, տեսլականների միջև բախում, քննարկում: Այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԵՊՀ ռեկտորի թեկնածու Ռուբեն Մելքոնյանը՝ համոզմունք հայտնելով, թե ընտրության ժամանակ գերակայելու է խմբակային շահը: «Իշխանությունը, որը խոսում է բուհական ինքնավարությունից, ակադեմիական ազատություններից, որևէ կերպ իր քայլերով համահունչ չէ իր հայտարարություններին: Կարող ենք ուղղակի նայել Հոգաբարձուների խորհրդի կազմը, որ հասկանանք՝ իշխանությունները գնալու են թիմային լուծման: Իշխանությունները խոսում են բուհական ինքնավարությունից, մինչդեռ համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են տարբեր ոլորտների փոխնախարարներ, տարբեր պետական կառույցների ղեկավարներ, և այս կամ այն կերպ իշխանություններին մերձ կանգնած անձինք»,- ասաց Մելքոնյանը՝ անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամների 50 տոկոսը Կառավարության ներկայացուցիչներն են: «Ենթադրում եմ նաև, որ իշխանությունը ոչ միայն այդ 50 տոկոսն ունի. կարծում եմ՝ համալսարանի կազմից ընդգրկվածներից 1-2-ը տարբեր շարժառիթներով քվեարկելու են իշխանության ընդունած որոշման օգտին: Ես կարծում եմ, որ լինելու է դասական սցենար, և ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ոչ թե ընտրվելու, այլ նշանակվելու է Կառավարության ընդունելի թեկնածու»,- ասաց ռեկտորի թեկնածուն՝ ցավալի և մտահոգիչ որակելով այն հանգամանքը, որ իշխանությունները ներկայանում են իբրև որոշ արժեքների կրողներ, բայց անում են ճիշտ հակառակը: «Մենք տեսնում ենք տարբեր կապեր, հովանավորչություն: Չի կարող ընտրությունը համարվել օբյեկտիվ, երբ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ով, իշխանությունների տերմինաբանությամբ, «ըստ օդում կախված լուրերի», շատ ջերմ հարաբերություններ ունի ռեկտորի թեկնածուներից Վահրամ Դումանյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում տարածում է ԵՊՀ-ի զարգացման վերաբերյալ Դումանյանի հարցազրույցը: Սա համարել օբյեկտիվ՝ ուղղակի ճիշտ չէ: Նմանատիպ այլ դրսևորումներ ևս կան: Պետք չէր ներկայացնել սա որպես մեծ հեղափոխական փոփոխություն: Մեր կոլեգաներից ոմանք մի գաղափար էին առաջ քաշում, ես համաձայն չէի, բայց հիմա, ցավոք, համաձայն եմ՝ անգամ պետք չէ ռեկտորի պաշտոնի համար ընտրություններ անել, կարելի է ուղղակի նշանակել, որովհետև այս կամ այն կերպ, միևնույն է, ռեկտորը նշանակվում է»,-ասաց Մելքոնյանը: Անդրադառնալով ռեկտորի հետաձգված ընտրություններին և հարցին՝ արդյո՞ք ռեկտորի գրանցված հինգ թեկնածուները կմնան, թե՞ հնարավոր է նոր թեկնածուների առաջադրում, Մելքոնյանն ասաց. «Թեկնածուներիս մոտ էլ բազմաթիվ հարցեր և անորոշություն կա: Ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս ԿԳՄՍ նախարարության գործելաոճը հարցականներ առաջացնող է. տարբեր ժամկետների խախտումներ արդեն կան: Որքանով ինձ է հայտնի, գերակշռում է այն կարծիքը, որ պետք է գրանցված թեկնածուները մնան, և Հոգաբարձուների նոր խորհուրդն իրականացնի ընտրություն: Իրավական առումով էլ այդպես է. խորհուրդը փոխվում է, բայց այն գործառույթները, որ կան, վերաբերում են ընդհանրապես խորհրդին, ոչ թե փոփոխված անձերին: Թեև նախարարությունից տարբեր՝ ոչ դրական անակնկալներ կարելի է սպասել»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, թե ինքը՝ որպես ռեկտորի թեկնածու և համալսարանական, որևէ ծանուցում չի ստացել ընտրությունների կայացման ու ժամկետների վերաբերյալ:Հիշեցնենք, որ 2019 թ․ մայիսի 23-ից Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գեղամ Գևորգյանը։ 2020 թ․ մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ պայմանավորված ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ։ Օրերս հաստատվեց համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որի անդրանիկ նիստը կկայանա վաղը: Նիստի օրակարգում են Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Շարունակությունը՝ tert.am-ում
11:40 - 25 օգոստոսի, 2020
ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայից բերման է ենթարկվել 3 անձ |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայից բերման է ենթարկվել 3 անձ |armenpress.am|

armenpress.am: «ԿԱՄՔ» հասարակական կազմակերպության կողմից իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտից բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք բերվել են ՀՀ ոստիկանության բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։ «ԿԱՄՔ»-ի ղեկավար Վահագն Չախալյանը նշել է, թե պայքարում են նախարարի «հակահայկական ծրագրի դեմ»։ Նա հայտնել է օգոստոսի 28-ին կրկին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց հավաքվելու մտադրության մասին: Այդ օրերի ընթացքում «ԿԱՄՔ»-ի անդամները ավտոերթով Երևանում և մարզերում իրականացնելու են իրազեկման միջոցառումներ։
15:35 - 24 օգոստոսի, 2020
Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը

Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված, այս տարի Համահայկական կրթական երկամյա խորհրդաժողովը կազմակերպել է առցանց՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։ «Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը եռօրյա է: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀԲԸՄ Հայկական համացանցային համալսարանի հիմնադիր նախագահ Երուանդ Զօրեանը, Արցախի Հանրապետության նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն» հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանը: Խորհրդաժողովի բացման նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Իր ելույթում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Համահայկական կրթական աշխատաժողովն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով, և անգամ այս պայմաններում այն համախմբեց բոլորիս՝ քննարկելու համընդհանուր խնդիրները և ներկայացնելու նոր գաղափարներ: Ներկայում մշակվում է ՀՀ կրթության առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը և գործողությունների քարտեզը մինչև 2025 թվականը: Առաջին անգամ Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և սփյուռքի նկատմամբ մեր երկրի պարտավորություններից բխող գործողությունները ներկայացվում են այս ռազմավարական փաստաթղթում: Նախագծում, մասնավորապես, տեղ են գտել համահայկական վիրտուալ ցանցային կենտրոնի ստեղծման, սփյուռքահայ ուսուցիչների առկա և հեռավար վերապատրաստումների կազմակերպման, նրանց դերի բարձրացմանն ուղղված խրախուսման մեխանիզմների ստեղծման, հայերենի իմացության մակարդակների բնութագրիչների հաստատման հանձնառությունները: Առաձնահատուկ ուշադրություն է դարձվում հայկական կրթական ծառայությունների միջազգայնացմանը և վարկանիշի բարձրացմանը»: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության հետևողական աշխատանքի արդյունքում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում կազմակերպվում է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդում, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների իրականացում: Ներկայումս ծրագիրն իրականացվում է 8 պետության 10 կենտրոնում: «Հետամուտ ենք լինելու նաև օտարերկրյա պետություններում հայկական բաղադրիչով միջազգային հանրակրթական դպրոցների ցանցի ձևավորմանը, մուլտիմեդիա ձևաչափով հայրենագիտական ճանաչողական և տեղեկատվական նյութերի արտադրությանը և տարածմանը: Վերջին տարիներին նկատվում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների թվաքանակի աճ: Սյս տարի նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը կդյուրացնի սփյուռքահայ դիմորդների ընդունելության գործընթացը ՀՀ ուսումնական հաստատություններ»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին նախատեսվում է ստեղծել սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ սփյուռքի կրթօջախների կարիքների և հնարավորությունների մասին բովանդակային տեղեկություն, որի գնահատման և վերլուծության արդյունքում կմշակվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում դրանց լուծմանն ուղված հստակ գործողություններ: Նման համակարգի ստեղծմամբ կքարտեզագրվեն նաև սփյուռքի հնարավորությունները: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ կրթությունը հայապահպանման առաջին գիծն է, և այդ առումով անգնահատելի է այն աշխատանքը, որ իրականացնում են սփյուռքի կրթօջախները: Այդ համատեքստում նա կարևորել է ԿԳՄՍ նախարարության և սփյուռքի կրթօջախների միջև սերտ ու շարունակական համագործակցությունը: Աշխատաժողովների հիմնական նպատակն է՝ քննարկել հեռավար ուսուցման կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված հեռավար ուսուցման ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի կրթօջախների կարողությունների զարգացման հեռանկարները: Աշխատաժողովին գրանցվել են 1000-ից ավելի մասնակիցներ՝ կրթագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասագրքերի հեղինակներ, հայագետներ, սփյուռքի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, Հայաստանի և Արցախի ուսուցիչներ, հեռավար ուսուցման կազմակերպման մասնագետներ:Եռօրյա աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ թեմատիկ ուղղություններով․ 1. Հեռավար ուսուցման դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.2. Սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները և զարգացման հեռանկարները.3. Սփյուռքի կրթօջախների կարողությունների հզորացմանն ուղղված փոխհամագործակցության ծրագրեր՝ կառուցակարգեր և բովանդակություն:
19:48 - 23 օգոստոսի, 2020
Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը. ԿԳՄՍՆ

Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը: Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի: Մեթոդմիավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար: Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի բարձր են, քան նախատեսվում է նոր կարգով, ապա պահպանվում է ավելի բարձր աշխատավարձը: «Խնդիրներին պետք է նայել, ոչ թե իրավիճակի, այլ ընդհանուր քաղաքականության համատեքստում: Այժմ մշակվում է նաև ուսումնական հաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որը դպրոցներին հնարավորություն կտա կատարողական ցուցանիշների հիման վրա ունենալ նաև հավելյալ ֆինանսական միջոցներ»,- նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Ավելին՝ https://escs.am/am/news/6971
14:21 - 23 օգոստոսի, 2020
Երեխան դպրոց չի հաճախելու, եթե տանը հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ

Երեխան դպրոց չի հաճախելու, եթե տանը հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ

Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կենտրոնի միջոցով այն երեխաների համար, ում ցուցված չի լինելու առկա ուսուցումը՝ վերջիններիս և վերջիններիս ընտանիքների անդամների առողջության պահպանման նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Մասնավորապես, երեխան դպրոց չի հաճախելու եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի, տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից: Այն սովորողների համար, որոնց ուսուցումը առկա եղանակով ցուցված չի լինի, կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից: Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։
21:46 - 22 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի

Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի ուսուցիչները (65 և ավելի տարիք ունեցողները` անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից, աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները, չներկայանալ աշխատանքի: Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների համար դասաբաշխում չի կատարվում: Նրանց աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել քան մեկ հաստիքի չափով: «Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է դպրոցի որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն: Դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների այս հիմքով առաջացած թափուր ժամերի մասով»,- նշում է փոխնախարարը։
20:59 - 22 օգոստոսի, 2020
1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից` մեկ անձի ուղեկցությամբ, իսկ մյուսները` սեպտեմբերի 15-ից, ԿԳՄՍՆ-ն ուղեցույց է հրապարակել

1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից` մեկ անձի ուղեկցությամբ, իսկ մյուսները` սեպտեմբերի 15-ից, ԿԳՄՍՆ-ն ուղեցույց է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին` մեկ անձի ուղեկցությամբ:2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ: Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։
11:37 - 21 օգոստոսի, 2020
ՄԻՊ-ը ԿԳՄՍՆ-ին հարցեր է հղել դպրոցներում երեխաների դիմակ կրելու և մյուս պահանջների առնչությամբ

ՄԻՊ-ը ԿԳՄՍՆ-ին հարցեր է հղել դպրոցներում երեխաների դիմակ կրելու և մյուս պահանջների առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ «Պաշտպանն այս հաղորդման հենց սկզբում հարկ է համարում արձանագրել, որ դպրոցներում ու, առհասարակ, երեխաների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելումն ու տարածման դեմ պայքարն առաջնահերթ կարևորության հարցեր են: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքները, ինչպես նաև սոցիալական մեդիայում տեղ գտած մտահոգությունները՝ դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և նաև երեխաների իրավունքների ապահովման նկատառումով մշտադիտարկում իրականացնելու նպատակով մի շարք հարցադրումներ են ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն: Նախ, Նախարարությունից պահանջվել են դպրոցներում դիմակ կրելու հետ կապված իրավական կարգավորումները կամ ընդունված այլ փաստաթղթեր, ինչպես նաև այնպիսիք, որոնք վերաբերում են սահմանված պահանջների բնույթին ու այդ պահանջներից հնարավոր բացառություններին: Ուղարկված հիմնական հարցադրումներից են նաև՝ արդյո՞ք դպրոցներում դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերաբերելու է նաև ուսուցիչներին. ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը դպրոցում երեխաների, ինչպես նաև ուսուցիչների կողմից դիմակ կրելու պահանջի պահպանման նկատմամբ և ինչպե՞ս է դա իրականացվելու՝ ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ ընդմիջումների ժամանակ: Նույն հարցադրումն արվել է նաև համաճարակային մյուս կանոնների պահպանման առնչությամբ (ձեռքերի ախտահանում և այլն). դասերի ընթացքում դիմակ կրելու պահանջը սահմանելուն ի՞նչ մասնագիտական, այդ թվում՝ մանկավարժական ու բժշկական քննարկումներ կամ ուսումնասիրություններ են նախորդել և ի՞նչ արդյունքներ են դրանք ունեցել. դասերի ընթացքում երեխաների դիմակ կրելու պահանջը սահմանելիս միջազգային ի՞նչ պահանջներ կամ փորձ է հիմք ընդունվել, արդյո՞ք իրականացվել են այդպիսի ուսումնասիրություններ. արդյո՞ք առաջանալու են իրավական հետևանքներ այն երեխաների նկատմամբ, ովքեր չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, եթե այո, ապա  ի՞նչ հետևանքների կամ, օրինակ, պատասխանատվության միջոցների մասին է խոսքը, և կոնկրետ ու՞մ նկատմամբ են դրանք կիրառվելու. ի՞նչպես է ապահովվելու այն երեխաների կրթության իրավունքը ովքեր դիմակ չեն կրում կամ չեն պահպանում դիմակ կրելու պահանջը. արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ կամ արդյո՞ք դա պարտավոր են լինելու ապահովել ծնողները:  Այս առնչությամբ, Պաշտպանն արձանագրում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին, մասնավորապես՝ հաշվի առնելով այն, որ դասերն անցկացվելու են 6-օրյա աշխատանքային ռեժիմով, ինչպես նաև առկա է օրվա ընթացքում որոշակի հաճախականությամբ դիմակները փոխելու անհրաժեշտություն: Հաշվի առնվելու՞ են, օրինակ, դիմակների տեսակները, որոնք երեխան կրում է. արդյո՞ք նախատեսվելու են դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջից բացառություններ՝ հիմք ընդունելով, օրինակ, երեխայի առողջական վիճակը և նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցը լուծվելու է ընդհանուր կարգավորումների ուժով, թե առկա են հատուկ կարգավորումներ նախատեսված երեխաների համար. դիմակ կրելու պարտադիր պահանջի սահմանման պայմաններում արդյո՞ք հաշվի են առնվել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հարցը, օրինակ, ներառական կրթություն ապահովող դպրոցներում: Օրինակ, այդպիսի հարց է առաջ գալիս՝ կապված լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, որոնց հաղորդակցությունը տեղի է ունենում ժեստերի լեզվի, այդ թվում՝ առավել հաճախ հենց դիմախաղի միջոցով. ինչպե՞ս են կազմակերպվելու ընդմիջումները: Հարցադրումները ներառում են նաև հարցեր, որոնք վերաբերում են համաճարակային այլ կանոնների պահպանման կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:10 - 20 օգոստոսի, 2020
Կրթության ոլորտի փորձագիտական խումբը կաղել է․ արմատական փոփոխություններ չեն արվել․ Սոֆյա Հովսեփյան

Կրթության ոլորտի փորձագիտական խումբը կաղել է․ արմատական փոփոխություններ չեն արվել․ Սոֆյա Հովսեփյան

Վերջերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաև պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու: Նախարարի հետ տեղի ունեցած հանդիպման և կրթական ոլորտում առկա խնդիրների, դրանց հնարավոր լուծումների մասին Infocom.am-ը զրուցել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Պատգամավորը նշեց, որ հանդիպման ժամանակ խոսել են արդեն կատարված աշխատանքների, անելիքների մասին, ինչպես նաև բոլոր այն հարցերի, որոնց հիմնական պատասխանատուն կրթության պետական լիազոր մարմինն է։ Խոսելով սեպտեմբերի 15-ից վերսկսվող դասապրոցեսների և դրանից բխող հնարավոր խնդիրների մասին, Ստեփանյանն ասաց․ «Այն, որ համավարակի տեմպն ամառվա ընթացքում նվազեց և այսօր թվերը մեզ բավականաչափ լավատես լինելու հիմքեր են տալիս, արդեն ազդակ էր, հնավարություն, որ մենք կարող ենք նոր ուսումնական տարին սկսել առանց հեռավար կրթության։ Սա արդեն, կարծում եմ, շատ լավ նորություն էր բոլորի համար, բոլոր շահառուների՝  այդ թվում նաև մեզ համար։ Իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիրուսը դեռ վերջնականապես չի լքել մեզ և մեր տարածաշրջանը, պետք է հնարավորիս գործադրենք ամեն ջանք, որպեսզի կարողանանք պահպանել գոնե այս վիճակը, տեմպերը չմեծացնենք»։ Ստեփանյանն ընդգծեց, որ բոլորի համար հասկանալի է՝ այս գործընթացը ենթադրում է որոշակի ջանքեր, խստացումներ, սահմանափակումներ։ Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ արձագանքներ, առաջարկներ են եղել, որ գոնե առաջին կուրսեցիների համար դասերը սկսվեն ոչ հեռավար, մյուսնեի դեպքում դեռևս կարելի է որոշակիորեն տարբերակել, կամ ունենալ խառը կամ համակցված մոտեցում, քանի որ որոշ ֆակուլտետների որոշ դասընթացներ հնարավորություն կտային դասերը իրականցնել առցանց։ Սակայն, ինչպես նկատեց Ստեփանյանը, կան մի շարք մասնագիտություններ, որոնց դեպքում դասախոսի և բուհական միջավայրի առկայությունը պարտադիր է։ Պատգամավորն ընդգծեց, որ պետք է հնարավորինս բալանասավորված մոտեցում դրսևորվի։ «Վերջին մի քանի օրերին ես ինքս էլ համացանցում հանդիպեցի կրթության ոլորտի որոշ փորձագետների մտահոգություններին, որ ամսի 15-ից հանրակրթական դպրոցները բացվելուն զուգահեռ շրջաբերականի այս կամ այն կետերը մտահոգություններ են առաջացնում՝ թե՛ ուսուցիչների, և թե՛ ծնողների շրջանում։ Ի զարմանս ինձ՝ նախարարությունից դեռ որևէ շրջաբերական  չի գնացել, այս ամենը դեռ մշակման փուլում է, որպեսզի հնարավորինս չեզոքացնենք համավարակի տարածման բոլոր հնարավորությունները։ Մի բան հստակ է, և դա մենք ասել ենք անցած տարվա ապրիլից և այսօր էլ կամրապնդենք, որ դպրոցի տարրական հատվածը միանշանակ չի կարող լինել հեռավար»,- հավելեց Ստեփանյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրների առաջ կանգնեց կրթական համակարգը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, և ի՞նչ դժվարություններ են լինելու, երբ վերսկսվեն դասերը, պատգամավորը պատասխանեց, որ  ամբողջ աշխարհը՝ այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը,  աննախադեպ վիճակում է, երբ մի կողմից խնդիր կա՝ ամեն գնով պահպանել քաղաքացիների առողջությունը, իսկ մյուս կողմում ամենատարբեր ոլորտներն են, այդ թվում՝ կրթությունը։ Ստեփանյանի խոսքով՝ այս գործընթացքում շատ կարևոր է հստակ բալանսավորումը և առաջնայնության ընդգծումը․ «Առաջնայինը՝ ցանկացած պարագայում քաղաքացիների առողջությունն է, և՛ ԱՀԿ-ն, և՛ մեր առողջապահական բոլոր կենտրոնները խոսում են այն մասին, որ աշնանը, ամենայն հավանականությամբ, հնավոր է՝ համավարակի երկրորդ փուլ սկսվի, որոշ մասն էլ պնդում է, որ չի կարելի դա անվանել երկրորդ ալիք, պարզապես որոշ հաստատությւոնների բացման հետ կապված՝ կարող ենք վիրուսը ակտիվորեն շրջանառել հասարակության շրջանում, և դրա հիմնական փոխանցողները կարող են հանդիսանալ դպրոցականները, նրանց ծնողները, որոնք անընդհատ ուղեկցում են երեխաներին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան երեխաների մեջ է, քանի որ բոլոր տվյալները և վիճակագրությունը ցույց է տալիս, որ  երեխաները գրեթե չեն վարակվում, կամ շատ թեթև են տանում, այլ այն, որ երեխաները լինելու են վարակի փոխանցողը, իսկ ուսումնական հաստատություններում ունենք խոցելի խումբ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող, 65 տարկանից բարձր ուսուցիչներ ու դասախոսներ»,- ընդգծեց Ստեփանյանը։ Վերջինիս կարծիքով՝ նախարարությունն այստեղ  նույնպես անելիք ունի և բավականին զգույշ պետք է լինի։ Պատգամավորը տեղեկացրեց, որ հանրակրթական դպրոցներից արդեն հավաքում են քրոնիկ հիվանդություններ ունեցող ուսուցիչների տվյալները, որպեսզի նրանց համար առանձին պայմաններ ստեղծվեն, թե ինչպիսի՝ դեռ հստակ չէ։ «Ցանկացած նյուանս ու մանրուք հաշվի է առնվում, որպեսզի ոչ մի դեպքում կրթական պրոցեսի մեկնարկը որևէ կերպ բացասական  չանդրադառնա հանրության առողջության վրա։ Մյուս կողմից՝ մենք ունենք խնդիր՝ կրթության շարունակականության մասով, որովհետև մի շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է առաջին դասարանցիներին հեռավար սովորեցնել տառերը, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է 2-րդ-3-րդ դասարանցիներին հեռավար սովորեցնել տեքստ կարդալ և վերլուծել։ Մյուս կողմից էլ՝ մենք ունենք հիմնական դպրոց, որը խիստ կարևոր է հանրակրթության մեջ, հետևաբար մենք պետք է  կրթության շարունակականությունը բոլոր մակարդակներում սկսենք քիչ-քիչ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դասերը գոնե կիսով չափ կամ միայն ավագ դասարաններում լինեն հեռավար»,- ասաց մեր զրուցակիցը։ Խոսելով կրթական համակարգում առկա մնացյալ խնդիրների մասին, պատգամավորը նշեց, որ այն պահից, երբ համավարակն ավարտվի կամ դրա տեմպերը նվազեն և մենք կարողանանք վերադառնալ մեր բնականոն կյանքին, չեն լինի  այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են հասարակության, իշխանության  և պատկան մարմինների առջև։ Պատգամավորի համար առաջնային խնդիրներից է ուսուցիչների վերապատրաստումը․ «Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք ուսուցիչների սերդնափոխություն, ունենք մեծ թվով նոր ուսուցիչներ, իսկ փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթությունը դեռևս բավարար չափով հմտությունների և կարողությունների մակարդակ չի ապահովում՝ դպրոցում դասավանդելու համար։ Կարևորում եմ դասղեկների վերապատրաստումները, արտադադասարանական և արտադպրոցական միջոցառումները, ինչպես նաև ամենատարբեր էքսկուրսիաները՝ սկսած  թեմատիկ թանգարանային էքսկուրսիաներից, պատկերասրահներից, մինչև բնության գիրկ։ Դպրոցում  կրթությունը այնպիսի մի գործընաց է, որտեղ չի կարելի անտեսել կամ առավելություն տալ որևէ գործընթացի, քանի որ այն ամբողջական պրոցես է, և դրվագային մոտեցումները նպատակային չեն, բայց, այնուամենայնիվ, ուսուցիչների վերապատրաստումն ինձ համար առաջնային է»,- եզրափակեց Ստեփանյանը։ Թեմայի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը համոզմունք ունի, որ կրթական համակարգում առկա են բազմաթիվ խորքային խնդիրներ։ Հովսեփյանի խոսքով՝ անհրաժեշտություն կա հստակ  ռազմավարություն մշակել և այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում՝ դրանք համակարգը կհասցնեն կրիտիկական վիճակի։ Ըստ պատգամավորի՝ ասօր արդիական խնդիրներից մեկը դպրոցներում դասապրոցեսի կազմակերպումն է․  «Դասերի մեկնարկն իր հետ շատ խնդիրներ է առաջ բերում, օրինակ, թե ինչպես պետք է փոքր դպրոցների ֆինանսավորումը կազմակերպվի՝ ֆինանսական բացեր ունենալու պարագայում, մեծ դպրոցներում, եթե պետք է դասարանները բաժանվեն մի քանի խմբի, ինչպես են վճարվելու ուսուցիչները և այլն։ Սրանք մի շարք հարցեր են, որոնք առաջ են գալու, և արդյոք պետությունը պատրա՞ստ է հավելյալ վճարել ուսուցչին, եթե վերջինս ունենա հավելյալ ծանրաբեռնվածություն։ Շատ հարցեր կան, որոնք անրաժեշտ  է բարձրաձայնել»։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք բարձրագույն ուսումնական հաստատությունները նույնպե՞ս պետք է բացել, արդյոք առցանց ուսուցումը չի՞ վնասում բուհական համակարգին, պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, բուհական կրթության դեպքում առցանց կրթությունը  բացարձակ որևէ  խնդիր չի կարող առաջացնել, ավելին՝ շատ ավելի նպատաստավոր կարող է լինել՝ տալով հնարավորություն ավելի խորքային ուսումնասիրություններ, հետազոտական աշխատանքներ իրականանցել։ «Այնպես չէ, որ ուսանողը հիմա պետք է գնա բուհ, դասախոսները խորհրդային ժամանակների նման թելադրեն լեկցիաները, որ հետո իրենք գան նստեն կարդան։ Այնուամենայնիվ, հիմա շեշտը դրված է ուսանողի կրթության վրա։ Հեռավար կրթությունը նույնսիկ կարող է խթան լինել և ոչ թե խանգարել։ Վերջապես պետք է նկատել, որ աշխարհի շատ երկրներ նախընտրում են և գերադասում են հեռավար կրթությունը, և մենք նույնպես հնարավորություն ենք ունենում բազմաթիվ դասապրոցեսների մասնակցել՝ աշխարհի տարբեր երկրների տարբեր բուհերում և ոչ մի խնդիր չի առաջանում։ Խնդիր կլինի, եթե մենք ունենանք հեռավար կրթություն հանրակրթական համակարգում, մասնավորապես՝ տարրական դասարաններում»,- հավելեց Հովսեփյանը։  Խոսելով ԿԳՄՍ նախարարության իրականացրած փոփոխության մասին, որով համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմից հանվեցին պատգամավորները, Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ փոփոխության նպատակն էր ապաքաղաքականացնել բուհական համակարգը։ Պատգամավորը նշեց, որ սրա վերաբերյալ խնդիր չի տեսնում, բայց  միևնույն ժամանակ կարծում է, որ  հանրային կարծիքի բաժինը դուրս է մնում այս պարագայում, քանի որ պատգամավորն ընտրված է հանրության քվեով և ներկայացնում է հանրության կարծիքը։ «Եթե այս տեսանկյունից նայենք, այդքան էլ կողմ չեմ, թերևս անհրաժեշտություն կար ուշադրություն դարձնել բոլոր կողմերից, ներգրավել բոլոր խմբակցություններից պատգամավորների, որպեսզի մեկ կամ երկու իշխանական պատգամավորներով չպայմանավորվի ամբողջ պատկերը։ Երկրորդ առումով էլ շատ ճիշտ է, որովհետև մենք անցյալում ունեցել ենք խնդիր՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ներգրավվածությամբ և ամբողջ բուհերի քաղաքականացված լինելու առումով։ Անցյալի փորձի վրա հենվելով՝ այո՛, պետք է միանշանակ պահանջեինք, որ պատգամավորներին դուրս բերեն խորհուրդներից, իսկ այս նոր փորձին նայելով՝ միանշանակ անհրաժեշտ է, որ հասրակական քվեն պատգամավորի մանդատով ներկայացված լինի։ Չեմ կարծում, թե հարցը անվերադարձ խնդիր է դառնալու, եթե հետագայում հասկանան, որ անհրաժեշտություն կա կրկին փոփոխություն անելու, կարող են փոխել»։ Սոֆյա Հովսեփյանն օրերս իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Երևանի՝ Աղբալյանի եւ Պուշկինի դպրոցների ծանրաբեռնվածությանը՝ նշելով, որ դասերի վերսկսման գործընթացին զուգահեռ՝ այդ դպրոցներում առաջանալու են մի շարք խնդիրներ։ Մեր զրույցում պատգամավորն ասաց, որ նախարարությանն առաջարկել է ուսումնասիրել խնդիրը։ Նրա խոսքով՝ դպրոցները նույնպես պետք է ունենան այնքան ազնվություն, որ խնդիրների մասին խոսեն, որպեսզի  որևէ երեխայի ճակատագրի հետ խաղ չարվի։ Հովսեփյանը նշեց, որ դպրոցների գերծանրաբեռնվածության հարցը ոչ միայն լուծված չէ, այլ անգամ պատշաճ  քննարկված չէ։  «Այդ դպրոցների նախկին խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Առաջին խնդիրը լիցենզիայի սահմանափակումների բացակայությունն է, ինչո՞ւ պետք է մի դպրոցը լինի երկհերթ՝ չունենալով շենքային պայմաններ, այս խնդրի մասին խոսենք բոլորս, բայց մենք երբեք չունենաք մեկհերթանոց, որովհետև նորից առաջին դասարան է ընդունվում 250 երեխա։ Այսինքն, որքան դպրոցը ունի հնարավորություն, այդքան երեխա վերցնի և մեկ հերթով պարապի։ Նոր ընդունվողների քանակը կարելի է սահմանափակել։ Կամաց-կամաց մարեն այդ երկրորդ հերթը, դարձնեն մեկ հերթ և ամեն ինչ արվի այդ դպրոցի հնարավորությունների սահմանում։ Ինչո՞ւ պետք է, օրինակ, կենտրոն համայնքի թիվ մեկ դպրոցը, որը հեռու է Աղբալյան դպրոցից մի քանի մետր, ունենա թերծանրաբեռնվածություն, և այսպես մի քանի այլ դպրոցներ, իսկ այդ դպրոցը գերծանրաբեռնվածություն, և որքան էլ փորձեն, չեն կարող հազմել, թե կրթությունը շատ ավելի լավ է կազմակերպվում, որովհետև, եթե դպրոցը փոքր է, չի նշանակում, որ կազմակերպումը վատն է։ Ասեմ ավելին, 10-15 երեխայի դեպքում ուսուցիչն ավելի հեշտ ու նվիրված է աշխատում, քան գերծանրաբեռնվածության դեպքում, պարզապես ուսուցիչն է վատ վարձատրվում և հնարավորությունները մի քիչ ավելի քիչ են՝ գեղեցիկ միջոցառումներ անելու, ներդրումներ անելու և այլն։ Բնական է, որ եթե պետությունն էլ ուշադրություն չի դարձնում՝ որպես փոքր ու կարիքավոր դպրոց, մյուսները պետք է աճեն ու անընդհատ լինեն պատշաճ վիճակում, քանի որ ունեն բարձր ֆինանսավորում, իսկ մնացածն այդպես էլ մնան, ծնողի համար էլ մոտվացիա չլինի։ Միայն փոքր դասարանը և լավ մանկավարժը շատ քիչ են ծնողի համար, որ երեխային տանեն այդ դպրոցը, նրանք ավելի շատ նայում են պատերին, պետքարանին, որոնք նորմալ են այս պարագայում, բայց չեն նայում կրթության որակին»։ Սոֆյա Հովսեփյանի համոզմամբ՝ փորձագիտական խումբը կաղել է՝ ծառի կեսը պահպանվել է, արմատն ու գլուխը չկան, ուրեմն արմատական փոփոխություն չի արվել․ «Ցավով եմ ասում, որ փոձագիտական խումբը կաղել է, խորհրդատվության առումով շատ է կաղել։ Շատ հեշտ է այսօր մեղադրելը փոխնախարարին, որ այսինչ բանը չեն անում։ Վարձատրում են փորձագետին և հանրակրթության վարչությանը, որոնք պարտավոր են ուսումնասիրություններ անել, ներկայացնել, որպեսզի ըստ դրա որոշումներ կայացվեն, այդ ուսումնասիրություններն այնքան կիսատ-պռատ են արվում, որ որևէ նորմալ որոշում չի կայացվում։ Այստեղ ես չեմ էլ կարող մեղադրել, որովհետև եթե մեկ կամ երկու անգամ սխալվել են, ապա իրենք ինչո՞ւ են շարունակում աշխատել այդտեղ։ Իրապես  այս ամենի նպատակն է արմատական փոփոխություններ անելը, բայց ոլորտի մասնագետները, այդ փորձագետ կոչվածները դեռևս ոչ մի որակով առաջարկ չեն արել։ Այո՛, շատ փառահեղ փոփոխություն է, որ բուհ ընդունվեն առաջին հայտով, բայց ե՞րբ է դիմորդն իմանում այդ մասին, այն ժամանակ, երբ արդեն լրացնում է հա՞յտը։ Այսինքն՝ չնայած՝ այդ փոփոխությունները կարևոր են, սակայն ոչ ճիշտ ժամանակին իրականացվեցին, այդ պատճառով նման խնդիրներ առաջացան»։ Պատգամավորը վստահեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շղարշ չեն գցում կառավարության աշխատանքի կամ թերացումների վրա, այլ փորձում են բարձրաձայնել բոլոր խնդիրները։  Ասպրամ Փարսադանյան
15:15 - 20 օգոստոսի, 2020
Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍՆ բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել

Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍՆ բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել

Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել: Այս մասին Հայրապետյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։ Առաջին առաջարկը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ աշխատելու համար պահանջների վերանայմանը՝ ուսուցչի՝ համակարգ մուտք գործելու ընթացակարգի պարզեցման նպատակով, որի համաձայն դիտարկման են ներկայացվում նոր մոտեցումներ: Մասնավորապես՝ առաջարկվում է բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար և բարձրագույն մասնագիտական հաստատությունում սովորող կամ արդեն  բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց  թույլատրել  պայմանագրային հիմունքներով դասավանդել հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ որոշակի ժամկետում  մանկավարժի որակավորում ձեռք բերելու պայմանով: Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ առաջարկը միտված է  հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանելու մոտիվացիայի խթանմանը և մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը: Հանձնաժողովի նախագահի երկրորդ առաջարկով նախատեսվում է հեռավար կրթությունը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընդունված ձև՝ հիբրիդային ձևաչափով: Այսպիսով, աշակերտները կկարողանան ընտրել մի շարք առարկաներ հեռավար ուսուցման եղանակով: «Այս համատեքստում սկսվում են կիրառվել կրեդիտային համակարգի գործիքները: Աշակերտները ստանալու են հնարավորություն՝ ընտրելու իրենց ուսումնական հաստատության հետ համագործակցող այլ ուսումնական հաստատություններից առարկաներ հեռավար կամ առկա եղանակով և կուտակել այդ առարկաների համար համապատասխան կրեդիտները, որոնք ճանաչվելու են իրենց հիմնական կրթական հաստատության կողմից: Առաջարկել եմ նաև կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրերի գաղափարը, երբ սովորողները հանդիսանում են երկու կամ ավել ուսումնական հաստատությունների աշակերտ: Սույն առաջարկն էլ նպատակաուղղված է աշակերտներին՝ անկախ բնակության վայրից, տրամադրել որակյալ կրթություն ստանալու հնարավորություն»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:  
19:46 - 19 օգոստոսի, 2020