Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային՝ կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը՝ բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը: Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ԼՂ ժողովրդի համար: ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
07:37 - 23 սեպտեմբերի, 2022
Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենի ուղերձը

Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենի ուղերձը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, որում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։ Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Մենք գնահատում ենք տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը։ Ցավակցում ենք վերջին հարձակումներում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ և փաստում, որ մենք հանձնառու ենք աշխատել ձեր և մյուս կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման խթանման նպատակով։ Լիահույս ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները և տնտեսական կապերը կշարունակեն վերելք ապրել։ Բարեկեցություն և խաղաղություն եմ մաղթում հայ ժողովրդին»։
09:36 - 21 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ «հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է, թե սեպտեմբերի 12-14-ը Հայաստանն է բախումներ առաջացրել՝ սադրանքներ և հարձակումներ կատարելով Ադրբեջանի դեմ, որ մի քանի ժամվա ընթացքում ձեռք բերված նախնական զինադադարը խախտվել է Հայաստանի կողմից»։ Բայրամովը նշել է նաև, թե «Հայաստանը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, սահմանագծման ու սահմանազատման գործընթացները և կոպտորեն խախտում եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է․ «Նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է իր պատրաստակամությունը հրատապ բանակցությունների համար՝ կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ՝ առաջնորդների միջև եռակողմ հռչակագրերին և բրյուսելյան հանդիպման արդյունքներին համապատասխան»։
11:31 - 20 սեպտեմբերի, 2022
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։   «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։  Էնթոնի Բլինքենը Միրզոյանին ու Բայրամովին հորդորել է մինչև ամսվա վերջ հանդիպել ևս մեկ անգամ։ Այս մասին ասված է հանդիպման վերաբերյալ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
08:33 - 20 սեպտեմբերի, 2022
Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ. կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ. կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
07:46 - 20 սեպտեմբերի, 2022
Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված․ Փաշինյանը՝ Բլինքենին

Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված․ Փաշինյանը՝ Բլինքենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էնթոնի Բլինքենն իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
10:36 - 16 սեպտեմբերի, 2022
Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ
 |news.am|

Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ՝ կապված տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նա հիշեցրել է, որ Բլինքենը վերջերս զրուցել է երկու երկրների ղեկավարների հետ, եւ պետք է սպասել, որ շուտով նա կրկին նման հնարավորություն կունենա։ Փրայսը ողջունել է «երկրների կողմից հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը»։ «Մենք շարունակում ենք զբաղվել եւ խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կրկին կայուն խաղաղության հասնելու համար, այս հարցը ռազմական լուծում չունի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլինքենը գրել էր․ «Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ ձգտելով ամրապնդել այն: ԱՄՆ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն»:
00:06 - 16 սեպտեմբերի, 2022
Բլինքենն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Բլինքենն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել, որ ԱՄՆ-ը հորդորում է անհապաղ դադարեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները»։ Ավելի վաղ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:
21:10 - 13 սեպտեմբերի, 2022