ԱՄՆ վարչակազմը գործողությունների պլան ունի ՌԴ-ի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում․ Բլինքեն
10:37 - 26 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ վարչակազմը գործողությունների պլան ունի ՌԴ-ի կողմից միջուկային զենքի գործածության դեպքում․ Բլինքեն

Մենք շատ անպատասխանատու հռետորաբանություն ենք լսել Վլադիմիր Պուտինից, բայց մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որ բոլորս պատասխանատու լինենք, հատկապես երբ խոսքը վերաբերում է այս տեսակի անփույթ հռետորաբանությանը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS-ին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե որքանով պետք է ամերիկացիները մտահոգվեն միջուկային պատերազմի հեռանկարով:

«Մենք շատ հստակ ենք եղել ռուսների հետ թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր զրույցներում, որ դադարեցվեն միջուկային զենքի մասին անփույթ խոսակցությունները»,- նշել է Բլինքենը։

Անդրադառնալով Կրեմլի հետ մասնավոր զրույցներին այս թեմայով՝ ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ շատ կարևոր է, որ Մոսկվան իրենցից լսի և իմանա, որ միջուկային զենք կիրառելու հետևանքները «սարսափելի կլինեն»։

Բլինքենն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը մեկ հստակ ելք ունի այն պատերազմից, որը սկսել է, և այդ ելքը այն ավարտելն է․ «Եթե Ռուսաստանը դադարի կռվել, պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան դադարի կռվել, կավարտվի Ուկրաինան»։

Նա նաև նշել է, որ չի պատրաստվում խոսել միջուկային զենք կիրառելու հետևանքների մասին․ «Միջուկային զենքի ցանկացած գործածություն կարող է աղետալի լինել ինչպես այն երկրի համար, որն օգտագործում է, այնպես էլ մյուսների համար»։

Հարցին, թե արդյո՞ք պետքարտուղարությունը որևէ պլան ունի միջուկային զենքի կիրառման դեպքում, Բլինքենը դրական է պատասխանել, որից հետո լրագրողը լրացնող հարց է տվել, թե արդյո՞ք այդ պլանը կարող է կանգնեցնել Երրորդ համաշխարհային պատերազմը, ինչին ի պատասխան, ԱՄՆ պաշտոնյան ասել է․ «Նախագահ Բայդենը հստակեցրել է, որ ինչպես մենք անում ենք ամեն բան, որ օգնենք ուկրաինացիներին պաշտպանել իրենց, ինչպես անում ենք ամեն բան՝ համախմբելու այլ երկրներին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, մենք նաև վճռական ենք, որ այս պատերազմը չընդլայնվի, չտարածվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել