Հայաստան

Բոլոր ներգրավված կողմերից ակնկալում ենք արդյունավետ քայլեր Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը վերականգնելու համար. Միրզոյան |1lurer.am|

Բոլոր ներգրավված կողմերից ակնկալում ենք արդյունավետ քայլեր Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը վերականգնելու համար. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ երկու երկրի արտգործնախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանների անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերին, ինչպես նաև քննարկվել է իրականացման ընթացքը, մատնանշվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք հայտարարությունների որոշ դրույթների չկատարման փաստը։ «Հարգելի՛ գործընկերներ, իմ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասում տիրող լարված իրավիճակի, և, ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, որը շարունակվում է ավելի քան երեք ամիս։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը եռակողմ հայտարարությունների շրջանակներում ուղղակի պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Այդ կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով»,- ասել է նա։ Միրզոյանը նշել է, որ բոլոր ներգրավված կողմերից ակնկալում է արդյունավետ քայլեր՝ խստորեն կատարելու իրենց պարտավորությունները և վերականգնելու Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին խստորեն համապատասխան»։ Անդրադառնալով հայ ռուսական հարաբերություններին, Միրզոյանը շեշտել է․ «Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցերը և, իհարկե, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության թեման։ Արձանագրեցինք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։  Շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Գոհունակությամբ նշեցինք մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ փոխգործակցությունը, որի հետագա առաջխաղացմանն է միտված միջգերատեսչական խորհրդատվությունների վերաբերյալ ստորագրված երկամյա ծրագիրը։ Անդրադարձ կատարվեց մեր փոխգործակցությանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդհանուր առմամբ բավարարված ենք միջպետական փոխգործակցության զարգացման դրական դինամիկայով»։ Հայաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ պատրաստ են այսուհետ ևս ջանքեր գործադրել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:
19:31 - 20 մարտի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևի ելույթի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևի ելույթի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ ««Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է: Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր: Ադրբեջանի վերը նշված գործողություններն ուղիղ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, համաձայն որի ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Ապօրինի վերաբնակեցման քաղաքականությամբ և Լեռնային Ղարաբաղի հայությանն ահաբեկելու գործելակերպով պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է եռակողմ հայտարարության վերը հիշատակված դրույթի կատարումն անհնարին դարձնելու համար: Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին: Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող: Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի: Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունած եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց մինչև օրս ապօրինի անազատության մեջ պահելով շարունակած, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խոսույթով խոչընդոտելով ավարտած: Դեռ ավելին, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թվականի փետրվարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների և երաշխիքների հարցը: Այդ հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը հայտարարեց, թե պատրաստվում է քննարկել «Ղարաբաղի հայության ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած հայտարարությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչությունը վկայում են, որ Ադրբեջանի մտադրությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը, և պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունների մասին Հայաստանի ահազանգերը չպետք է անտեսվեն միջազգային հանրության կողմից: Վերջին շրջանի խոսույթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետության հասցեին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մեջ և փորձ անելով ստեղծել տպավորություն, թե, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն 4 ազգային փոքրամասնությունները մանդատ ունեն երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որևէ նման կարգավորում չկա: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա»:   Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե որպեսզի Հայաստանը «հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում», կա մեկ պայման, այն է՝ ընդունել իրենց պայմանները․ «Պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք, ստորագրել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ տանել՝ համաձայն մեր պայմանների։ Միայն այդ դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառ․ կմ տարածքում», - նշել էր Ալիևը։
21:27 - 18 մարտի, 2023
Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ

Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե Երեւանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա եւ Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ալիեւի խոսքերը փոխանցում է interfax.az-ը։ «Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած երեսպաշտ երկրները պետք է իմանան՝ հետեւանքն ինչ կլինի։ Նրանք պետք է իմանան, որ որեւէ կեղտոտ ծրագիր մեզ վրա չի իրականացվի։ Մենք ունենք հզորություն, ունենք ընկերներ, ունենք ուժեղ դիրք աշխարհում եւ ունենք ուժեղ կամք։ Մենք դա ցուցադրել են պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական շրջանում»,- ասել է Ալիեւը Թալիշում՝ դիմելով ադրբեջանցի ժողովրդին։ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք, ստորագրել խաղաղության պայմանագիր եւ դելիմիտացիայի աշխատանքներ տանել՝ համաձայն մեր պայմանների։ Միայն այդ դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառ․ կմ տարածքում»,- հայտարարել է Ալիեւը։
16:23 - 18 մարտի, 2023
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի բանտերում պահվող ՀՀ քաղաքացիներին |azatutyun.am|

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի բանտերում պահվող ՀՀ քաղաքացիներին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական ներկայացուցիչներն այցելել են Բաքվի թիվ 1 Քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են ՀՀ քաղաքացիներ, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։ «Նրանք ընդունել և լսել են բազմաթիվ կալանավորների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, որոնք ձերբակալվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո», - վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը՝ հայտնում է լրատվամիջոցը։ Աղբյուրի համաձայն՝ ճաղերի ետևում պահվող հայերին «տրամադրվել են իրենց իրավունքներին վերաբերող իրենց լեզվով օրենսդրական ակտեր»։ «Պարբերական հանդիպումների ժամանակ նշվել է, որ այդ անձանց նկատմամբ պահպանվում են օրենքի պահանջները, ապահովվում են նրանց իրավունքները, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, արդյունավետ կազմակերպվում է ժամանցը», - ասվում է հաղորդագրությունում։ Հայազգի ռազմագերիները, Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հավաստմամբ, որևէ բողոք չունեին
20:29 - 17 մարտի, 2023
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: Դրանում ասված է. «Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում: Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները: Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը: Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը: Ավելին, Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։ Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ»։
22:11 - 16 մարտի, 2023
Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մեր կողմի բոլոր պարտավորությունները հստակ շարադրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք ՌԴ ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է»՝ հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության մեջ նման ձեւակերպում չկա։ «Պարզապես պետք է բացել այդ փաստաթուղթը և տեսնել, թե ինչ պարտավորություններ է կրում մեր կողմը: Եվ վերջ, ամեն ինչ բավական պարզ կլինի: Ռուս խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի էսկալացիա թույլ չտան և կայունացնեն իրավիճակը տեղում, նույնը անում իրենց պատասխանատվության ոլորտում։ Իհարկե, շատ բան կախված է բոլոր ներգրավված կողմերի հայտարարություններից ու գործողություններից, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն կառուցողական և միտված ընդհանուր հաջողությանը։ Եթե հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են հիմնական նպատակին, այն է՝ խաղաղության և կայունության հաստատմանը, տարաձայնությունների հաղթահարմանը, ամենք միշտ ուշադրությունը կենտրոնացնում ենք դրա վրա։ Մենք փորձում ենք դա անել դիվանագիտորեն, ոչ թե դիվանագիտության ավանդույթների պատճառով, այլ որպեսզի հասնենք դրված նպատակին՝ խաղաղություն, կայունություն, գլոբալ կայունություն։ Եվ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո։ Ուստի թողնում ենք հայկական կողմի խղճին, նկատի ունեմ Հայաստանի ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը»,- ասել է Զախարովան։
20:03 - 16 մարտի, 2023
Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին լրագրողի հարցին
 |armenpress.am|

Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին լրագրողի հարցին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 16-ին ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից  (ՀԱՊԿ)  դուրս գալու հնարավորության մասին լրագրողի հարցին:  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերը, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։ Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու ծրագիր է նախապատրաստվել, և կազմակերպության կանոնադրական մարմինների՝ Երևանում կայացած նիստում գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը։ «Միևնույն ժամանակ, հայ գործընկերների որոշակի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, ի վերջո հնարավոր չեղավ այս որոշումը կայացնել», - ասել է Զախարովան։
19:46 - 16 մարտի, 2023
Մոսկվայում կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

Մոսկվայում կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

Մարտի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման, փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ իրավիճակի կարգավորումը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացումը։ Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կօգնի բարելավել Երևանի հետ երկխոսության որակը, ինչպես նաև աշխատել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ», - ասել է Զախարովան։
17:36 - 16 մարտի, 2023
The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է
 |tert.am|

The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է |tert.am|

tert.am: Հեղինակավոր The Economist ամսագիրը հրապարակել է հոդված «Ռուսաստանի դաշնակիցները՝ խայտաբղետ ու կրճատվող թիմ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցների վարկանիշը։ Ցուցակում ընդգրկված է 12 երկիր. առաջին տեղում Բելառուսն է, երկրորդում՝ Հայաստանը: Ընդհանուր առմամբ, վարկանիշում, որը հոդվածի հեղինակներն անվանել են նաև «Պուտինի ընկերների ինդեքս», ներառվել են նաև Ղրղզստանը, Իրանը, Տաջիկստանը, Ղազխստանը, Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Հնդկաստանն ու Ուզբեկստանը: Նշվում է, որ վարկանիշը կազմվել է 11 գործոնի հիման վրա: Օրինակ՝ հեղինակները երկրները դասակարգելիս հաշվի են առել դիվանագիտկան, ռազմական, էներգետիկ և տնտեսական գործոնները. արդյոք երկիրը դե՞մ է քվեարկել ՄԱԿ-ի՝ հակառուսական հիմնական բանաձևերին, ձեռնպա՞հ է մնացել, թե՞ աջակցել է Ռուսաստանին, երկիրը Ռուսաստանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր ունի՞, երկրում կա՞ն ռուսական զորքեր կամ վարձու զինվորականներ, արդյոք երկիրը զենք  մատակարարե՞լ է Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, արդյոք այն կախվա՞ծ է ռուսական զենքից, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրե՞լ է, արդյոք երկիրը կախվա՞ծ է ռուսական գազից, ատոմակայաններից կամ միջուկային տեխնոլոգիաներից, արդյոք Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցո՞ւմ է ընդհանուր առևտրի 10%-ը, պատերազմի սկզբից ի վեր արտահանումը Ռուսաստան ավելացե՞լ է։ Ցանկում հայտնված երկրների կեսը, որոնք ստացել են ամենաբարձր ինդեքսային միավորները (Հայաստանը ստացել է 9 միավոր), հիմնականում կապված են Ռուսաստանի հետ քաղաքականության, պատմության և աշխարհագրության ոլորտներում. խոսքը Բելառուսի, Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի մասին է: «Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ունի հինգ պաշտոնական դաշնակից՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք բոլորը պարտավոր են օգնել միմյանց՝ նրանցից մեկի վրա հարձակվելու դեպքում։ Սակայն այդ երկրներից ոչ մեկն իր զորքերով չի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բելառուսը որպես ռազմաբազա տրամադրում է միայն իր տարածքը», - գրում է The Economist-ը։ Աղբյուրը նկատում է, որ այս երկրներից ոմանք նույնիսկ փորձում են հեռու մնալ պատերազմից: «Հայաստանը վրդովված է, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր տարածքում գտնվող 3500 ռուս զինվորականներն օգնության չեն հասել։ Նա հրաժարվել է ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժություններից և այժմ, թվում է, փորձում է ինքն իրեն ապահովագրել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական հովանավորներին՝ ԵՄ առաքելությանը հրավիրելով վերահսկելու Ադրբեջանի հետ սահմանը», - նշում են հոդվածի հեղինակները։ «Դիվանագիտական տեսանկյունից Ռուսաստանը գրեթե մեկուսացված է թվում: Միայն չորս երկիր (Բելառուս, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա և Սիրիա) միշտ նրա կողքին են եղել ՄԱԿ-ի յոթ բանաձևերի քվեարկության ժամանակ՝ սկսած 2014 թվականից, երբ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցեց Ղրիմը», - շարունակում է The Economist-ը։  Մոտ 30 այլ երկիր անվանականորեն չեզոք է և սովորաբար ձեռնպահ է մնում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ: Այդ երկրներից մի քանիսը կազմում են այսպես կոչված «ԽՍՀՄ հիշողության համայնք»։ Նրանք Մոսկվային չեն առաջարկում որևէ լուրջ դիվանագիտական կամ ռազմական աջակցություն, բայց հաճախ հակված են Ռուսաստանին՝ անցկացնելով համատեղ զորավարժություններ կամ «կրկնելով ռուսական նարատիվները ՆԱՏՕ-ի ընդլայնման և պատերազմում Ուկրաինայի մեղքի մասին», հավելում է պարբերականը: Շարունակությունը՝ tert.am-ում
16:24 - 16 մարտի, 2023
Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի
 |armenpress.am|

Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ Օլիվեր Վարհելի |armenpress.am|

armenpress.am: Հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ստիպված է իր անվտանգության հարցում հենվել մի երկրի վրա, որն ագրեսիա է իրականացնում հարևան երկրի դեմ։ Այս համատեքստում Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Եվրոպական Միություն՝ որպես իր հիմնական գործընկեր: Այս մասին ասել է Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ելույթ ունենալով ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում կայացած քննարկմանը: «Հաշվի առնելով ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում բարեփոխումների կայուն առաջընթացը՝ Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը։ Մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի ներքին բարեփոխումների օրակարգի նախագիծն է։ Այն արդեն ավելի քան երկու տարի է՝ լիովին ուժի մեջ է», - նշել է եվրահանձնակատարը: Օլիվեր Վարհելին հավելել է, որ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանն ունի ավելի քան 2,6 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումների հավաքագրման ներուժ, և արդեն տարբեր ծրագրեր են իրականացվում Հայաստանում՝ աջակցելով սոցիալ-տնտեսական զարգացմանը: Վկայակոչելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների զեկույցը, որը ներկայացրել է ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչովը, Վարհելին նշել է, որ Հայաստանում դեռ շատ անելիքներ կան՝ կապված դատական ոլորտի, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության, խոցելի խմբերի պաշտպանության և արտաքին ապատեղեկատվության զսպման հետ: Վարհելին շեշտել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո ավելացել է ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունը, սակայն ավելացել է նաև Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը: «Թեև մենք ողջունում ենք մեր ավելի ինտենսիվ փոխանակումները Հայաստանի հետ՝ պայմանավորված երկրի աշխարհագրական դիրքով, այն նաև այն գործընկեր երկրներից է, որի հետ մենք մտադիր ենք ավելի սերտ համագործակցել՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը», - հավելել է եվրահանձնակատարը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ավելի ակտիվորեն է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու գործում, և դրա մեջ անձնական շահագրգռվածություն ունի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ: Օլիվեր Վարհելին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կան հրատապ լուծման ենթակա բազմաթիվ հարցեր, որոնցից մեկը Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտն է, իսկ մարտի 5-ի ողբերգական միջադեպը (խմբ․ մարտի 5-ին Արցախում ադրբեջանցի դիվերսանտների հարձակման հետևանքով զոհվել են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության 3 ծառայողներ) ցույց տվեց, որ տարածաշրջանում իրավիճակը «դյուրավառ» է: Եվրահանձնակատարը նաև անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որը հետևում է տեղում անվտանգային իրավիճակին և զեկուցում դրա մասին: «Սա ևս մեկ կոնկրետ և էական տարր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու Եվրամիության ջանքերում», - եզրափակել է Վարհելին: Հիշեցնենք՝ երեկ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին:
15:18 - 16 մարտի, 2023
Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար․ վարչապետ |armenpress.am|

Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններում անհանգստացնում է այն, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման, մինչդեռ միջազգային պայմանավորվածությունը այն մասին է, որ քննարկումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին։ Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից»,- ասաց Փաշինյանը։
12:28 - 16 մարտի, 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյան

Ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման չորրորդ շրջափուլ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք և չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ փետրվարի կեսերին ՀՀ-ի հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ փոխանցվել է Ադրբեջանին և  մի քանի օր առաջ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի արձագանքը։ «Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց (փաստաթղթում) մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան առաջ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ․ առաջինը՝ Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեր համար, հաջորդը Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ-ի ստորագրությամբ, հաջորդը՝ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար»,- ասել էր  Փաշինյանը։
11:20 - 16 մարտի, 2023