The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է
 |tert.am|
16:24 - 16 մարտի, 2023

The Economist-ը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վարկանիշը. Հայաստանը 2-րդն է |tert.am|

tert.am: Հեղինակավոր The Economist ամսագիրը հրապարակել է հոդված «Ռուսաստանի դաշնակիցները՝ խայտաբղետ ու կրճատվող թիմ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացրել է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցների վարկանիշը։ Ցուցակում ընդգրկված է 12 երկիր. առաջին տեղում Բելառուսն է, երկրորդում՝ Հայաստանը:

Ընդհանուր առմամբ, վարկանիշում, որը հոդվածի հեղինակներն անվանել են նաև «Պուտինի ընկերների ինդեքս», ներառվել են նաև Ղրղզստանը, Իրանը, Տաջիկստանը, Ղազխստանը, Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Հնդկաստանն ու Ուզբեկստանը:

Նշվում է, որ վարկանիշը կազմվել է 11 գործոնի հիման վրա: Օրինակ՝ հեղինակները երկրները դասակարգելիս հաշվի են առել դիվանագիտկան, ռազմական, էներգետիկ և տնտեսական գործոնները. արդյոք երկիրը դե՞մ է քվեարկել ՄԱԿ-ի՝ հակառուսական հիմնական բանաձևերին, ձեռնպա՞հ է մնացել, թե՞ աջակցել է Ռուսաստանին, երկիրը Ռուսաստանի հետ համագործակցության պաշտոնական պայմանագիր ունի՞, երկրում կա՞ն ռուսական զորքեր կամ վարձու զինվորականներ, արդյոք երկիրը զենք  մատակարարե՞լ է Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, արդյոք այն կախվա՞ծ է ռուսական զենքից, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրե՞լ է, արդյոք երկիրը կախվա՞ծ է ռուսական գազից, ատոմակայաններից կամ միջուկային տեխնոլոգիաներից, արդյոք Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցո՞ւմ է ընդհանուր առևտրի 10%-ը, պատերազմի սկզբից ի վեր արտահանումը Ռուսաստան ավելացե՞լ է։

Ցանկում հայտնված երկրների կեսը, որոնք ստացել են ամենաբարձր ինդեքսային միավորները (Հայաստանը ստացել է 9 միավոր), հիմնականում կապված են Ռուսաստանի հետ քաղաքականության, պատմության և աշխարհագրության ոլորտներում. խոսքը Բելառուսի, Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի մասին է:

«Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ունի հինգ պաշտոնական դաշնակից՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նրանք բոլորը պարտավոր են օգնել միմյանց՝ նրանցից մեկի վրա հարձակվելու դեպքում։ Սակայն այդ երկրներից ոչ մեկն իր զորքերով չի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բելառուսը որպես ռազմաբազա տրամադրում է միայն իր տարածքը», - գրում է The Economist-ը։

Աղբյուրը նկատում է, որ այս երկրներից ոմանք նույնիսկ փորձում են հեռու մնալ պատերազմից:

«Հայաստանը վրդովված է, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր տարածքում գտնվող 3500 ռուս զինվորականներն օգնության չեն հասել։ Նա հրաժարվել է ՀԱՊԿ-ի այս տարվա զորավարժություններից և այժմ, թվում է, փորձում է ինքն իրեն ապահովագրել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական հովանավորներին՝ ԵՄ առաքելությանը հրավիրելով վերահսկելու Ադրբեջանի հետ սահմանը», - նշում են հոդվածի հեղինակները։

«Դիվանագիտական տեսանկյունից Ռուսաստանը գրեթե մեկուսացված է թվում: Միայն չորս երկիր (Բելառուս, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա և Սիրիա) միշտ նրա կողքին են եղել ՄԱԿ-ի յոթ բանաձևերի քվեարկության ժամանակ՝ սկսած 2014 թվականից, երբ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցեց Ղրիմը», - շարունակում է The Economist-ը։ 

Մոտ 30 այլ երկիր անվանականորեն չեզոք է և սովորաբար ձեռնպահ է մնում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ: Այդ երկրներից մի քանիսը կազմում են այսպես կոչված «ԽՍՀՄ հիշողության համայնք»։ Նրանք Մոսկվային չեն առաջարկում որևէ լուրջ դիվանագիտական կամ ռազմական աջակցություն, բայց հաճախ հակված են Ռուսաստանին՝ անցկացնելով համատեղ զորավարժություններ կամ «կրկնելով ռուսական նարատիվները ՆԱՏՕ-ի ընդլայնման և պատերազմում Ուկրաինայի մեղքի մասին», հավելում է պարբերականը:



Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել