Գիտություն

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվող փոփոխությունները ակնհայտ վտանգներ են պարունակում․ Արթուր Իշխանյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվող փոփոխությունները ակնհայտ վտանգներ են պարունակում․ Արթուր Իշխանյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվում են մի շարք փոփոխություններ, որոնք պարունակում են ակնհայտ վտանգներ։ «Մեդիա կենտրոնում» օրինագծի վերաբերյալ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։  Այդ վտանգներից մեկը, Իշխանյանի խոսքով, գիտահետազոտական ինստիտուտների կառավարումը հոգաբարձուների խորհրդին հանձնելն է․ «Խորհրդում ենթադրվում է ունենալ 8 անդամ, և եթե մենք վերցնենք, որ այս պահի դրությամբ ունենք, դիցուք, 50 կազմակերպություն, որոնց մեծ մասը՝ ակադեմիայի (ԳԱԱ,- խմբ․) կազմում, ապա մեր երկրի պարագայում գիտության տարբեր ոլորտներում 400 նման մասնագետի գտնելը  շատ խնդրահարույց հարց է: Խնդրահարույց է, որովհետև դժվար է պատկերացնել համապատասխան որոկավորում ունեցող նման մարդկանց առկայությունը՝ հիմնականում համակարգից դուրս»։ Նրա դիտարկմամբ՝  օրենքի նախագծի տրամաբանությունը առավել դեմոկրատական  վիճակի հասնելն է, բայց ակնհայտ է, որ չկայացած համակարգերում դեմոկրատիան հնարավոր է՝ բերի խեղաթյուրումների։ «Մասնավորապես, եթե ինստիտուտներն անջատվեն և գործեն ինքնուրույն, ապա կողքից նրանց կառավարելու հնարավորությունը շատ խիստ իջեցվում է, մինչդեռ գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ ունենք մի շարք ինստիտուտներ, որոնք գործում են վատ։ Ես կարող եմ թվարկել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա։ Կան ինստիտուտներ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միջազգային բարձր ստանդարտներին, ինչին մենք ձգտում ենք, առավել ևս, որ մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմների փուլում, և հետևաբար այդ ինստիտուտների դերը ընդհանրապես բարձրանում է, բայց վատ գործող ինստիտուտներին տալով այդպիսի ինքնավարություն՝ կորցնում ենք նրանց նկատմամբ վերահսկողության փոփոխության հնարավորությունը»։ Ավելի վաղ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը՝ նշելով, որ նախագծում առաջ քաշված մի շարք դրույթներ ոչ միայն չեն ապահովելու գիտական էկոհամակարգի զարգացումը, այլև նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման և գիտական արդյունքի աճին միտված գործընթացին։ Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից 
12:42 - 10 նոյեմբերի, 2021
Եվրամիությունը կֆինանսավորի հայ գիտնականների հետազոտական թեմաները․ ԿԳՄՍ նախարար |hetq.am|

Եվրամիությունը կֆինանսավորի հայ գիտնականների հետազոտական թեմաները․ ԿԳՄՍ նախարար |hetq.am|

hetq.am: Հայ գիտնականները կօգտվեն Եվրոպական միության երկրների գիտական ենթակառուցվածքներից, Եվրամիությունը կֆինանսավորի նրանց հետազոտական թեմաները։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջար­կությանը: Ծրագիրը կգործի մինչև 2027 թվականը։ Անդամության ամենամյա վճարը կկատարվի պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների հաշվին։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ առաջին երկու տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է, բայց, ըստ պայմանավորվածության, 50 տոկոսը վերադարձվելու է, 3-րդ տարվանից, կախված ակտիվությունից, անդամավճարը կարող է վերանայվել։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:31 - 04 նոյեմբերի, 2021
Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով։ Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության եւ նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու են ներկայումս ընթացող շինաշխատանքները եւ նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ՝ այդ թվում մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցների եւ 500 նախադպրոցական հաստատոըթյունների ակռուցումը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2022թ․ պետական բյուջեի նախագծի՝ ԱԺ հանձնաժողովներում քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ 76 դպրոց եւ 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում։ «2022-ին միայն գիտության ֆինանասավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների համար հատկացվող գումարը ավելին է 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ։ Մեր նպատակն է անձի կրթույթունը եւ շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ․ սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը։ Գիտության եւ տեխնելեգիական ոլորտի զարգացումը այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, եւ այստեղ էլ կառավարությունը ներդնում է ֆինանսավորման նոր բանաձեւեր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ գումարի ավելացումը բոլոր ոլորտներում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ «Մենք գիտակցում ենք, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական միջամտություն՝ կառավարության կողմից, այլեւ հասարակական եւ մշակութային վերափոխումներ։ Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյուանվետության բարձրացումը եւ աշխատանքային մշակույթի վերափոխումը։ Կառավարումը պետք է նպաստի, ոչ թե խոչընդոտի ներդրումների իրագործմանը։ Այս առումով կարեւոր է պլանավորման եւ իրագործման մշակույթը, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությանը շատ դեպքերում բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների եւ, հետեւաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման»,- ասաց Փաշինյանը։ Նա կարեւորեց մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը եւ նշեց, որ կառավարության ջանքերն այդ առումով սկսել են արդյունքներ տալ։
11:51 - 25 հոկտեմբերի, 2021
Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա

Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա

- Մենք զբաղվում ենք in vitro հետազոտություններով,- ասում են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները, և միանգամից մտածում ես՝ տեսնես ինչ են այդ in vitro հետազոտությունները։ Իսկ իրականում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Եկեք հասկանանք սա դեղերի ստեղծման օրինակով։ Պատկերացրեք, որ դուք ուզում եք որևէ հիվանդության դեմ դեղամիջոց ստեղծել։ Ո՞րը կլինի ձեր առաջին քայլը․ սկզբում դուք կմտածեք, թե քիմիական ինչպիսի միացություններ է անհրաժեշտ սինթեզել, հետո կփորձեք հասկանալ, թե այդ միացություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ օրգանիզմի վրա։ Հենց այստեղ է, որ օգնության են հասնում in vitro, այսինքն՝ օրգանիզմից դուրս՝ բջիջների վրա, կատարվող հետազոտությունները, որոնց օգնությամբ հնարավոր է արագ գնահատել միացությունների թե՛ արդյունավետության, թե՛ անվտանգության առաջնային ցուցանիշները։ Մեկուկես տարի առաջ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները հասկացան, որ հնարավոր է կրճատել in vitro փորձարկումների քանակը, ինչպես նաև հնարավորություն տալ ավելի քիչ կենդանիների վրա փորձարկումներ իրականացնելու, եթե իրենց աշխատանքի մի մասը ավտոմատացվի, այսինքն՝ դասական կենսաբանական մեթոդներին օգնության հասնի մեքենայական ուսուցումը։ Այդպես սկսվեց կենսաբանների և մաթեմատիկոս-տվյալագետների համագործակցությունը։ Գիտնականները դրամաշնորհ ստացան և որոշեցին միասին ստարտափ ստեղծել։ Աշխատանքների ավարտից հետո նրանք  իրենց ուսումնասիրությունների ընթացքում կհամատեղեն դասական կենսաբանական in vitro փորձերը և մեքենայական ուսուցումը։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝   Աննա ՍահակյանԼուսանկարները և տեսանյութերը՝ Սարգիս Խարազյանի
21:24 - 19 հոկտեմբերի, 2021
Տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը

Տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան- 100» համաժողովը: Այն համարվում է գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառումը: Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ համաժողովին մասնակցել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Հանդես գալով ողջունի խոսքով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել մեծ գիտնականի, ինժեների, քաղաքացու և հայի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համաժողովը: «Մեզնից յուրաքանչյուրի կյանքի գնահատականն ի վերջո տալիս է պատմությունը: 100 տարին արդեն պատմություն է,- ասել է նախագահը: -Լինում են դեպքեր, երբ ապրում ես կյանքդ, արածիդ կամ չարածիդ գնահատականը կամ չի տրվում, կամ սխալ է տրվում, միայն ժամանակն է, որ մաքրում է ամեն երկրորդականը և թողնում այն, ինչ կարևոր է, առանցքային է, արժեք է ներկայացնում պատմության համար: Այս իմաստով այսօր, պատմության հորձանուտների միջով անցնելուց հետո, երբ չկա Խորհրդային Միությունը, ԽՄ-ի և ԱՄՆ-ի պայքարը տիեզերքում, մնացել են գործեր և անուններ, որոնք մարդկության հետ են լինելու հարյուրամյակներ ու հազարամյակներ: Դրանցից մեկն Ալեքսանդր Քեմուրջյանի անունն է»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Քեմուրջյան ազգանունը լսել և դրա մասին խոսում է արդեն երկու անգամ՝ երկու տարբեր մարդկանց ճակատագրերի հետ կապված: «Օրեր առաջ Իտալիայում՝ Բոլոնիայի համալսարանում էի: Այդ համալսարանը հսկայական պատմություն ունի, գրքի ու գիտելիքի մեծ տաճար է: Համալսարանի գրադարանում սեղանին դրված էր մոտ 4 մետր երկարություն ունեցող քարտեզ, որը ստեղծվել է 1691 թվականին: Այն պատմական Հայաստանում (այն ժամանակվա Օսմանյան կայսրության տարածքից, պատմական Կիլիկիայից, Վասպուրականից մինչև Արևելյան Հայաստան, ընդհուպ մինչև Արցախ) գտնվող հայկական պատմական ու պատմամշակութային, հոգևոր արժեքների քարտեզն էր՝ ձեռքով նկարված, ֆանտաստիկ գեղեցկության և պատմական հսկայական արժեք ունեցող: Եվ հետաքրքիր էր այդ քարտեզի հեղինակի անունը՝ Երեմիա Քեմուրջյան,- պատմել է նախագահը: -Ես խնդրել եմ իմ գործընկերներին, որ գտնեն Քեմուրջյանների կապը: Կարծում եմ՝ իրականում դա մի ընտանիք է՝ սկսած Երեմիա Քեմուրջյանից, որ Կոստանդնուպոլսից այդ հսկայական աշխատանքը կազմակերպել ու ղեկավարել է, որը հոյակապ տաղանդ է ունեցել, և գուցե այդ տաղանդը գենետիկորեն փոխանցվել է մինչև Ալեքսանդր Քեմուրջյան և նաև ձեզ: Այնպես որ, ուրախ կլինեմ՝ միասին անենք այդ փոքր հայտնագործությունը՝ կապել Երեմիրա Քեմուրջյանին Ալեքսանդր Քեմուրջյանի հետ»: Անդրադառնալով Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական գործունեությանը՝ նախագահը մասնավորապես նշել է, որ պետք է ընդհանրապես արժանի գնահատական տրվի ինչպես գիտությանը, գիտելիքին, արվեստին, այնպես էլ՝ բարձր ինժեներական արվեստին: «Երբ խոսում ենք մեծ ինժեներների մասին, չենք կարող չգնալ մինչև հին Հունաստան, Հռոմ, հին Եգիպտոս: Օրինակ, նայելով բուրգերին՝ մտածում ես, թե ինչ ինժեներական հանճար էր պետք ունենալ նմանատիպ բուրգ կառուցելու համար, -ասել է նախագահ Սարգսյանը: -Կան ինժեներական հանճարեղ լուծումներ, որոնք դառնում են խորհրդանիշ, արվեստ՝ Լեոնարդո դա Վինչիի նկարներից, Թոմաս Էդիսոնի էլեկտրական մեքենան, Կորոլյովի հրթիռը, Սթիվ Ջոբսի Macintosh-ն ու iPod-ը և Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը: Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր ինքնաթիռ է նստում, և դա դարձել է սովորական: Սակայն բոլորի համար պատմականն այն երկու եղբայրների հրթիռն էր, որոնք առաջին ինքնաթիռը կառուցեցին: Մարդիկ տիեզերք են թռչելու՝ դպրոցականները, երեխաները, գիտնականները, գործարարները, մարդիկ սկսելու են ապրել Լուսնի վրա, բայց միևնույն է, առաջին լուսնագնացը, որը հիմքն է, մայրն ու հայրն ապագա լուսնագնացների ու մարսագնացների, Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացն է: Եվ այն մնալու է որպես հանճարեղ ինժեներական լուծում, հանճարեղ արվեստի գործ, դառնալու է խորհրդանիշը բոլոր այն մեքենաների, որոնք ճանապարհորդելու են դեպի Մարս, դեպի Լուսին, դեպի այլ հեռավոր մոլորակներ: Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը, ինչպես և առաջին Macintosh-ը, առաջին էլեկտրական մեքենան, Լեոնարդոյի հանճարեղ ինժեներական լուծումները, մնալու են պատմության մեջ։ Ուրախ եմ, որ եկել է պատմական ժամանակը՝ ճիշտ գնահատական տալու Ալեքսանդր Քեմուրջյանին, ուրախ եմ, որ այդ հանճարեղ, ստեղծագործող մարդն ինժեներական արվեստում, գիտության մեջ իմ հայրենակիցն է եղել: Մեծ պատիվ եմ համարում այսօր կանգնել այստեղ որպես հայ մարդ, հայ գիտնական, մեկը, ով գնահատում է ամենը, ինչ նոր է, ստեղծագործական է, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորել բոլորիս այդ հանճարեղ մարդու 100-ամյակի առթիվ, մաղթել, որ նրա հետնորդները, մասնավորապես զավակը, շարունակեն նրա գործը, քանի որ Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակը, լուսնագնացների ժամանակը, մարսագնացների ժամանակը դեռ նոր է գալիս»: Համաժողովի բացումը ողջունել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը: Նախարար Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է, որ պետք է կարողանանք տիզերագնացության ոլորտում գտնել մեր տեղը և իրականացնել կամ շարունակել Ալեքսանդր Քեմուրջյանի գաղափարները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը համաժողովը կարևորել է երիտասարդներին ոգեշնչելու, գիտության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու տեսանկյունից։ STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը կարևորել է համաժողովի անցկացումը՝ որպես գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառում: Տեսակապի միջոցով համաժողովի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն են հղել և Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական վաստակն են կարևորել ՆԱՍԱ-ի նախկին ադմինիստրատոր Շոն Օ'Քիֆը (Sean O'Keefe), The Planetary Society-ի նախագահ Բեթանի Էհլմանը (Bethany Ehlmann) և համահիմնադիր Լուի Ֆրիդմանը, «Ապոլո 16»-ի տիեզերագանաց Չարլզ Դյուքը (Charles Duke Jr): Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում։ Համաժողովի ընթացքում Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, ներկայացրել է անվանի գիտնականի կյանքն ու ժառանգությունը: Աշխարհի տարբեր երկրներից բանախոսները տեսակապի միջոցով զեկույցներ են ներկայացրել աստղագիտության, ատղաֆիզիկայի, տիեզերագնացության, այս ոլորտներում գիտական վերջին ուսումնասիրությունների ու նվաճումների մասին: Կազմակերպվել է պանելային քննարկում «Տիեզերք և մարդկություն» թեմայով: Համաժողովի շրջանակում կայացել է նաև նախարար Վահագն Խաչատուրյանի, STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի և Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենի (Jean-Jacques Dordain) ճեպազրույցը, որի ընթացքում ընդգծվել են համաժողովի նշանակությունը և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ «STARMUS» փառատոնի կարևորությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
20:31 - 17 հոկտեմբերի, 2021
Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի (ICL) գիտաշխատող Կարապետ Մկրտչյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Ալլահվերդյանի զրույցը՝ - Հայաստանի գիտության զարգացման տեսլականի, - արտասահմանից մարդկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտության, - փոքր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության, - մասնավոր ներդրողների հետ աշխատելու խաղի կանոնների ձևավորման, - մասնավոր-պետություն համագործակցության մոդելի, - զարգացման անհրաժեշտ ուղղությունների, - իրավագիտության, լեզվաբանության, տնտեսագիտության, հասարակագիտական այլ ուղղությունների զարգացման անհրաժեշտության, - գերազանցության կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության, - գիտության միջազգայնացման, - ներկայումս գիտության առաջ խնդիրներ դնելու անհնարինության, - մասնավոր-պետական համակարգ առկա անվստահության, - Հայաստանի գիտական հետաքրքրությունների հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին։ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
16:04 - 10 հոկտեմբերի, 2021
Անհրաժեշտ է հստակեցնել, թե Հայաստանի համար գիտության որ ուղղություներն են ավելի խոստումնալից ու կենտրոնանալ այդ ուղղություններում․ Խաչիկ Նազարյան

Անհրաժեշտ է հստակեցնել, թե Հայաստանի համար գիտության որ ուղղություներն են ավելի խոստումնալից ու կենտրոնանալ այդ ուղղություններում․ Խաչիկ Նազարյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանը դրական է գնահատում կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը, որով գիտության ֆինանսավորումը 2022 թվականին ավելանալու է․ «Հաշվի առնելով, թե ինչպես են ընկալվում և ինչքան արդյունավետ են մեր արձագանքները, այս անգամ ճոխ եմ ուզում գնահատել։ Ուզում եմ ասել՝ շատ ապրեք, լավ եք արել, շոշափելի թիվ է։ Այդտեղ, իհարկե, թվերի հետ խաղ կա։ Իրենք անցած տարի 2 միլիարդով ավելացրին գիտության ֆինանսավորումը, ավելացումը փաստացի 60% է։ Գումարը բավարար չէ, բայց աճի տեմպը նկատելի է։ Իհարկե, ի սկզբանե մեր հաշվարկած թվերը պահպանվում են, դրանք չեն փոխվել․ նպատակը նույնն է, հասնել նրան, որ բյուջեի ծախսային մասի մոտավորապես 4%-ը լինի գիտությանը հատկացվող գումարը, կամ որ նույնն է, ՀՆԱ-ի 1%-ը։ Պետական բյուջեի այս ավելացմամբ փաստացի սստացվում է ծախսային մասի մոտավորապես 1.3-1,4%-ը, և դեռ հեռու է իր բուն նպատակից, բայց տեմպը լավն է»։ Խաչիկ Նազարյանի խոսքով՝ բյուջեով նախատեսված մի շարք միջոցառումներ արդեն նախատեսված ծրագրեր են, որոնք շարունակվելու են․ «Կառավարության կողմից հատկացված մոտավորապես 6 միլիարդը նորություն չէ, գիտեինք, որ դա լինելու է, հանձնառությունը կար։ Այդ միջոցառումների վերաբերյալ արդեն մեր գնահատականը տվել ենք։ Պետք է ասել՝ լավ է, որ շարունակվում է, պահում եք խոստումը այդ մասով»։ Նրա դիտարկմամբ՝ պետական բյուջեի նախագծում 3.5 միլիարդ դրամի նորություն կա․ «Այստեղ 1 միլիարդը «մաքուր» նորությունն է, ու հենց բյուջեի հաշվին է դրված։ Պետք է արձանագրեմ, որ ամեն դեպքում, սա փոքր գումար է։ Ասպիրանտների վերապատրաստման ծրագիր կա, հայրենադարձության որոշակի կոմպոնենտ կա այդտեղ։ Մյուս միջոցառումը 2.5 միլիարդ դրամ է, որում սարքավորումների, գերազանցության կենտրոնների ծրագրեր կան, կարծես թե հատուկ մաս է հատկացրած, որպեսզի խրախուսվի ինստիտուտների միավորումը։ Այս կտորը՝ հատկապես սարքավորումների, ենթակառուցվածքների մասով շատ կարևոր է ու դա մեծ կտորն է։ Այդ  2.5 միլիարդը դրված է ԵՄ օգնության, վարկի կամ դրամաշնորհի վրա։ Չգիտեմ՝ դրա իսկական անունն ինչ է։ Իմ համար դժվար է ասել՝ դա երբ կդառնա իրական, իրական է արդյոք։ Եթե այդպես է, լավ է, բայց երբ առանձին ձևակերպում է տված ԵՄ-ի մասով, հանգիստ չեմ զգում ինձ, որովհետև այդ գումարի մասին դեռ մասնագիտական պատկերացում չունեմ»։ Խաչիկ Նազարյանը նաև նշում է, որ պետք է կենտրոնանալ գումարների արդյունավետ ծախսման վրա՝ առանց վախենալու որոշակի ձախողումներից։ «Անհրաժեշտ է հստակեցնել, թե մեր պետության համար գիտության որ ուղղություներն են ավելի խոստումնալից ու կենտրոնանալ այդ ուղղություններում։ Արդեն նշմարվում են որոշ ուղղություններ, որոնք առաջանցիկ, երևացող են, հատկապես այնտեղ, որտեղ երիտասարդներ կան։ Նոր, մինչդիսցիպլինար ուղղություններն են կարևոր, օրինակ, կենսաինֆորմատիկան։ Ուրախալի է, որ այդ խումբը շատ ակտիվ է։ Ծերացել եմ՝  ասելով, որ հասարակական գիտությունները, հումանիտար ուղղությունը շատ կարևոր են։ Սկսած հայագիտությունից՝ վերջացրած մեր հարևանների մասին ուսումնասիրություններով, ցանկացած սոցիալական, հասարակական ուղղություն շատ կարևոր է առողջ հասարակություն ունենալու համար»։ Խաչիկ Նազարյանն ասում է՝ ուրախալի է, որ կրթությունն ու գիտությունը ներկայացվում են որպես պետական բյուջեի առաջանահերթություն․ «Երևի առաջին անգամ է, որ շատ հստակ ֆիքսվեց, որ կրթությունն ու գիտությունը առաջանահերթություն են, ու դրվեց այնպիսի ցուցակում, որտեղ առաջին տեղում գրված էր պաշտպանությունը։ Ի՞նչն է ինձ մի քիչ տխրեցնում, որ ճանապարհին երևի մեր հաղորդագրությունները «կտրվում են», ուղիղ տեղ չեն հասնում, որովհետև մենք կոնկրետ այդ կրթություն, գիտություն կոչեցյալ ոլորտի պատասխանատուների հետ զրուցելուց հասկանում ենք, որ այդտեղ ինչ-որ մի բան կտրվում է։ Երկար ժամանակ նորմալ է եղել կրթությունը և գիտությունը նույն տողի մեջ ասելը․ հիմա կոնկրետ իմ համար սկզբունքային է դարձել, որ այդպես չպետք է լինի»։ «Գիտուժ» նախաձեռնության անդամի դիտարկմամբ՝ գիտությունը առաձին շեշտադրում պետք է ունենա․ «Եթե ուշադիր կարդաք, վարչապետը իր խոսքում ասում է՝ «ամեն անձ պետք է կրթված լինի, դա շատ կարևոր է»։ Իհարկե, համաձայն եմ, բայց դրանից հետո ասում է՝ «դրա տրամաբանական շարունակությունն է գիտությունը»։ Դա շատ էնցիկլոպեդիալ մոտեցում է, որ կրթություն, հետո գիտություն։ Հազար անգամ կրկնել եմ, չեմ հոգնի, հազար անգամ կասեմ, որ տեղ հասնի այդ հաղորդագրությունը, որ հերթականությունը հակառակն է։ Իրականում, կրթությունից հետո գիտություն ասել մոտավորապես նույնն է, որ ասել «մինչև հաց չուտես, չես մեծանա»։ Իհարկե, եթե չկրթվես, երևի գիտնական չդառնաս, դա խրոնոլոգիական կապ է, բայց հակառակ կապն է շատ ուժեղ, որ մինչև գործող գիտնական չլինի, ժամանակակից գիտելիք արտադրող ինստիտուտ չլինի, կրթություն չի լինի։ Ո՞վ պետք է տա այդ կրթությունը՝ հատկապես բարձրագույնում, եթե չկա գործող, ակտիվ գիտնական՝ ժամանակակից գիտելիքով։ Գիտություն է պետք, որպեսզի կրթությունը լավ լինի։ Շատերը հարցնում են՝ ինչպես անել, եթե գիտություն չկա։ Պետք է եղածը պահպանել, մաքսիմում շատ հասկանալ դրա կրիտիկականությունը, եթե եղածը չպահպանես, կրթության մեջ օրեցօր կորցնում ես։ Ոլորտի քաղաքականության համար գլխավոր պատասխանատու անձի մոտ նույնպես այս խնդիրը կա»։ Նա նաև նշում է՝ կարևոր է, որ ցանկացած գործողություն համալիր մոտեցմամբ արվի։ «Գումարը քիչ է, բայց պետք է բաշխվի այնպես, որ համալիր արվի գործողությունները։ Ես ինչքան տեսնում եմ, մեր գիտությունների կոմիտեում հասկանում են՝ ինչ է պետք անել, ուստի նրանց է պետք լսել։ Գուցե այնտեղ խարիզմայի պակաս կա, ավելի համարձակ լինելու կարիք կա։ Չեմ տեսնում, որ իրենց ձայնը լսելի է, գուցե հենց իրենցից է, բայց տեսնում եմ, որ այդ երիտասարդները գիտեն՝ ինչ է պետք անել»։ Օրեր առաջ կառավարությունը հավանության արժանացրեց 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով գիտությանը հատկացված ֆինանսավորումը 2021 թ․-ի համեմատ ավելանում է։ Անցած տարվա 13.7 միլիարդի դրամի փոխարեն այս տարի գիտությանը հատկացվող բյուջեն 25.2 միլիարդ դրամ է։ Պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրթության և գիտության արդիականացումը 3 առաջնահերթություններից մեկն է՝ անվտանգության համակարգի բարեփոխման և ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ։ Ըստ կառավարության հրապարակած տվյալների՝ գիտությանը հատկացվող բյուջեն ավելացել է 82%-ով։«Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման գծով նախատեսվել է 11,969.5 մլն դրամ՝ 2021 թվականի 7,380.7 մլն դրամի դիմաց՝ գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների  զարգացման, ծրագրերի իրականացման, գիտական սարքավորումների արդիականացման, միջազգային համագործակցության աջակցության նպատակով:  «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառման գծով նախատեսվել է 6,651.2 մլն դրամ՝ 2021 թվականի 2,454.4 մլն դրամի դիմաց, ծախսերի աճը կազմել է 4,196.8 մլն դրամ: 139.2 մլն դրամ է նախատեսվել ՀՀ ԳԱԱ իսկական (42) և թղթակից (53) անդամների պատվովճարների, 842 մլն դրամ՝ պետական գիտական ծրագրերում ընդգրկված` գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման նպատակով (618 գիտության դոկտորներ և 1550 գիտության թեկնածուներ), 136 մլն դրամ՝ գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների, ևս 143 մլն դրամ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպություններն արդի պահանջներին համապատասխանող սարքավորումներով վերազինելու, այդ թվում՝ սուպերկոմպյուտերի պահպանման և սպասարկման նպատակով (նշված միջոցառումների մասով պահպանվել է 2021 թվականի ծախսերի մակարդակը): Ըստ կառավարության՝ Եվրամիության աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման նպատակով 2022թ. համար նախատեսվում է հատկացնել 2,5 մլն դրամ դրամաշնորհ: Նանե Ավետիսյան
20:34 - 08 հոկտեմբերի, 2021
Գիտությանը հատկացվող ռեսուրսների ավելացումը լուրջ ազդակ է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտական համայնքին, սակայն դեռ շատ գործ կա անելու. Տիգրան Շահվերդյան

Գիտությանը հատկացվող ռեսուրսների ավելացումը լուրջ ազդակ է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտական համայնքին, սակայն դեռ շատ գործ կա անելու. Տիգրան Շահվերդյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը աննախադեպ է համարում 2022 թվականի պետական բյուջեի նախագծով գիտության ֆինանսավորման ավելացումը։ «Այս կարգի տոկոսային ավելացում անկախ Հայաստանի պատմության մեջ ես չեմ հիշում, դա իսկապես լուրջ է, ու այս տենդենցը պետք է շարունակվի։ Միաժամանակ պետք է ամրագրենք, որ գիտության մասով իսկապես հավակնոտ հանձնառություն դեռ չկա։ Միշտ խոսվում է, որ գիտությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, նույնիսկ նախագծի ընդունման ընթացքում վարչապետը նշեց, որ երեք առաջնահերթություններից մեկը կրթությունն ու գիտությունն է։ Ճիշտ է, կրթությունը և գիտությունը մի տողի մեջ էր, թեև դրանք կապակցված, բայց միևնույնն է, առանձին երևույթներ են։ Լավ է, որ գիտությունը վերին 4 առաջնահերթությունների մեջ մտնում է, բայց կարևոր է, որ լինի կոնկրետ, ամրագրված հավակնոտ հանձնառություն»։ Նա, սակայն, նկատում է, որ գիտության բյուջեն անցած տարվա համեմատ ավելացել է ոչ թե 82, այլ 60%-ով։ «2021-ի ընթացքում բացի բյուջեով նախատեսված գումարից գիտությանը 2 միլիարդ ավել դրամ է հատկացվել․ այդ դեպքում բյուջեն ավելանում է ոչ թե 82, այլ 60%-ով, ինչը, նորից եմ ասում, աննախադեպ է»։ Տիգրան Շահվերդյանն ընդգծում է, որ «Գիտուժ» նախաձեռնությունն առաջարկել է բյուջեի առնվազն 4%-ը հատկացնել գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար։  «Իմիջիայլոց, այս 4%-ի մեջ ոչ միայն մտնում է գիտության կոմիտեի բյուջեն, այլ նաև տարբեր տեսակի բարձր տեխնոլոգիական ծրագրերի, մասնավորապես՝ ռազմաարդյունաբերության։ Այսինքն՝ սա այդքան էլ անիրագործելի չէ, պարզապես պետք են հավակնոտ ծրագրեր, որոնք, իմիջիայլոց կան նախարարությունում, որոշներն էլ մենք ենք բազմիցս առաջարկել։ Պարզապես պետք է խնդիր դրվի նախարարության առջեւ, որ այդ ծրագրերը հրատապ սկսվեն իրագործվել»։ «Գիտուժ» նախաձեռնության անդամն ասում է՝ շատ կարևոր է Եվրոպական միության աջակցության շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ ընդգծելով, սակայն, որ դրա իրագործման համար չկան նշված ժամկետներ։ «Ժամկետներ չկան, ինչը մեզ շատ է անհանգստացնում, բայց դարձյալ շատ կարևոր տող է։ Դա մեծ մասամբ սարքավորումների արդիականացման վրա է ծախսվելու, որը մեր ամենամեծ խնդիրներից է, և մեր կարծիքով չի կարելի թողնել անորոշ ժամկետներում հատկացվելիք գումարների վրա»։ Նա նաև նշում է, որ բյուջեում 4 նոր և կարևոր ծրագրերի համար են գումարներ հատկացվել։  «Այդ ծրագրերը  պետք է օր առաջ սկսել։ Առաջին ծրագիրը ասպիրանտների վերապատրաստման ծրագիրն է արտասահմանում․ մրցույթ են հայտարարելու այն ասպիրանտների համար, որոնք դրսում ունեն ղեկավար կամ ընդունող կողմ։ Նրանք կարող են որոշ ժամանակով գնալ, հետազոտություններ անել, դասընթացներ անցնել՝ այն նպատակով, որ հետո վերադառնան Հայաստան և իրենց փորձը այստեղ կիրառեն։ Մյուս ծրագիրը թեկնածուական աստիճան ունեցող գիտնականների համար նախատեսված վերապատրաստման ծրագիրն է։ Երրորդ ծրագրի միջոցով Սփյուռքի  կամ այլազգի գիտանականները Հայաստանում գիտական թիմեր կղեկավարեն, ինչը կնպաստի փորձի փոխանակմանը։ Երիտասարդ գիտնականները ավելի առաջադեմ գիտելիքի հետ կշփվեն, կհասկանան՝ ինչ է նշանակում համաշխարհային մրցունակ մակարդակի գիտական հետազոտություններ իրականացնել։ Չորրորդը գիտնականների հայրենադարձության կամ Հայաստանում բնակեցման ծրագիրն է։ Չգիտեմ՝ լինելու է միայն հայազգի գիտնականների համար, թե լինելու են այլազգի գիտնականներ, բայց միտքն այն է, որ գիտնականների ներհոսք լինի»։ Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ գիտությանը հատկացվող ռեսուրսների ավելացումը լուրջ ազդակ է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գիտական համայնքի համար, բայց դեռ շատ գործ կա անելու․ «Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները կհասկանան, որ Հայաստանը նոր և ավելի հավակնոտ մոտեցում է ցուցաբերում այս հարցում։ Իրենք կսկսեն մտածել, որ այս ամենի մեջ ներդրում կարող են ունենալ։ Մենք մեր համայնքով շատ ենք շփվում արտասահմանում ապրող գիտնականների հետ։ Այդ գիտնականների մոտ մեծ էներգիա կա։ Նրանք ուզում են իրենց փորձը կիրառել Հայաստանում, բայց տեսնում են, որ պահանջարկ չկա։ Եթե ինչ-որ լուրջ ծրագրեր իրագործելու, առաջնահերթ գիտական ուղղություններում գերազանցության կենտրոններ ստեղծելու նպատակներ լինի, մարդիկ, քննարկելուց բացի, կանցնեն գործի։ Իհարկե, ոմանք անում են գործեր, բայց դրանք լոկալ գործեր են, մասշտաբային գործի անցնելու համար մեզ պետք է այդ լուրջ ազդակը»,-նշում է նա՝ ընդգծելով ընդհանուր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գիտնականի վարկանիշի բարձրացումը հասարակությունում։ «Այսօր էլ որոշ չափով փոփոխություններ տեսնում ենք, հանրային նախաձեռնություն կա, շատ մեդիաներ լրիվ այլ վերաբերմունք են ցույց տալիս, իրենց ռեսուրսներն են ներդնում, որպեսզի հաղորդումներ անեն, որը շատ ողջունելի է։ Շատ կարևոր է նաև, որ մարդիկ, ովքեր հաճախ են երևում մեդիաներում, ավելի շատ խոսեն գիտության կարևորության մասին»։ Նա նաև կարևորում է գերազանցության կենտրոնների ստեղծումն ու զարգացումը։ «Եթե ուզում ենք, օրինակ, արհեստական բանականության ոլորտում մրցունակ լինել, պետք է ստեղծենք և զարգացնենք արհեստական բանականության գերազանցության կենտրոններ, կամ, օրինակ, ռադիոտեխնիկայի գերազանցության կենտրոններ, որոնք շատ կարևոր են նաև անվտանգության համար»։ Օրեր առաջ կառավարությունը հավանության արժանացրեց 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով գիտությանը հատկացված ֆինանսավորումը 2021 թ․-ի համեմատ ավելանում է։ Անցած տարվա 13.7 միլարդ դրամի փոխարեն այս տարի գիտությանը հատկացվող բյուջեն 25.2 միլիարդ դրամ է։ Պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրթության և գիտության արդիականացումը 3 առաջնահերթություններից մեկն է՝ անվտանգության համակարգի բարեփոխման և ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ։ Ըստ կառավարության հրապարակած տվյալների՝ գիտությանը հատկացվող բյուջեն ավելացել է 82%-ով։ «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման գծով նախատեսվել է 11,969.5 մլն դրամ՝ 2021 թվականի 7,380.7 մլն դրամի դիմաց՝ գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների  զարգացման, ծրագրերի իրականացման, գիտական սարքավորումների արդիականացման, միջազգային համագործակցության աջակցության նպատակով:  «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառման գծով նախատեսվել է 6,651.2 մլն դրամ՝ 2021 թվականի 2,454.4 մլն դրամի դիմաց, ծախսերի աճը կազմել է 4,196.8 մլն դրամ: 139.2 մլն դրամ է նախատեսվել ՀՀ ԳԱԱ իսկական (42) և թղթակից (53) անդամների պատվովճարների, 842.0 մլն դրամ՝ պետական գիտական ծրագրերում ընդգրկված` գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման նպատակով (618 գիտության դոկտորներ և 1550 գիտության թեկնածուներ), 136.0 մլն դրամ՝ գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների, ևս 143.0 մլն դրամ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպություններն արդի պահանջներին համապատասխանող սարքավորումներով վերազինելու, այդ թվում՝ սուպերկոմպյուտերի պահպանման և սպասարկման նպատակով (նշված միջոցառումների մասով պահպանվել է 2021 թվականի ծախսերի մակարդակը): Ըստ կառավարության՝ ԵՄ աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման նպատակով 2022թ. համար նախատեսվում է հատկացնել 2,500.0 մլն դրամ դրամաշնորհ: Նանե Ավետիսյան  
18:56 - 07 հոկտեմբերի, 2021
Երկար զրույց գիտության շուրջ [12]․ Ռուբեն Մկրտչյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [12]․ Ռուբեն Մկրտչյան | Արամ Ջիվանյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, կրիպտոգրաֆեր, FIRO ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանի և Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Մկրտչյանի զրույցը՝ - Հայաստան առաջին անգամ ինտերնետ բերելու, - կրթություն-գիտություն շղթայի, - գործող գիտնականների՝ կրթության վրա ունեցած ազդեցության, - Գիտության կոմիտեի աշխատանքի, - գիտության կառավարման անբավարար վիճակում լինելու, - 90-ական թվականներին գիտության նկատմամբ եղած վերաբերմունքի, - «Սեզամ» նախագծից դուրս գալու, - գիտական ինստիտուտ-համալսարաններ, գիտական ինստիտուտ-մասնագիտացված դպրոցներ կապի անհրաժեշտության, - գիտության առողջացման և զարգացման համար անհրաժեշտ քայլերի, - առանց կառավարման ուղղությամբ փոփոխությունների իրականացման՝ գիտության ֆինանսավորման ավելացման բացասական կողմերի մասին։ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
15:01 - 14 սեպտեմբերի, 2021
Բրազիլացի գիտնականը մարդկանց  չի հորդորել որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով, որ դրանք կազատեն կորոնավիրուսից

Բրազիլացի գիտնականը մարդկանց չի հորդորել որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով, որ դրանք կազատեն կորոնավիրուսից

News.am կայքում սեպտեմբերի 6-ին հրապարակվել է «Բրազիլական իժի թույնն օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է՝ Սան Պաուլոյի գիտնականները պարզել են, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը 75%-ով։ «Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջուզեպե Պուորտոն, կոչ է արել մարդկանց որսալ օձերին՝ հույս ունենալով, որ վերջիններս կազատեն նրանց կորոնավիրուսից»,- գրված է հոդվածում։ News.am-ը նյութում հղում է անում lenta.ru-ին։ Lenta.ru-ում սեպտեմբերի 5-ին հրապարակվել է նույն վերնագրով հոդված, որի բովանդակությունը ևս գրեթե նույնությամբ համընկնում է news.am-ի հոդվածին։  Lenta.ru-ում, սակայն, մի հատված տարբերվում է․ «Հետազոտության հեղինակների մեկը՝ Ջուզեպպե Պուորտոն, մարդկանց կոչ է արել չորսալ օձերին՝ հույս ունենալով, որ վերջիններս կազատեն նրանց կորոնավիրուսից»։ Lenta.ru-ն, իր հերթին, հղում է անում «Reuters» գործակալությանը։ Այսպիսով, reuters.com-ում սեպտեմբերի 1-ին հրապարակված հոդվածում ևս խոսվում է Սան Պաուլոյի գիտնականների բացահայտման մասին։ Ի տարբերություն news.am-ի և lenta.ru-ի, reuters.com-ը նշել է, որ բրազիլացի հետազոտողների գիտական հոդվածը հրապարակված է «Molecules» ամսագրում։ Բացի այդ՝ երեք լրատվամիջոցները տարբեր են ձևակերպել իրենց նյութերի առաջին պարբերությունները։ News.am-ը գրել է․ «Սան Պաուլոյից գիտնականները պարզել են, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը 75 տոկոսով»: Lenta.ru-ն գրել է․ «Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները հայտարարել են՝ պարզվել է, որ բրազիլական իժի թույնը 75%-ով  արդյունավետ է օրգանիզմում կորոնավիրուսը ճնշելու համար»: Այժմ ընթերցենք «Reuters»-ի նյութի առաջին պարբերությունը․ «Բրազիլացի հետազոտողները օձերի տեսակներից մեկի թույնում հայտնաբերել են մոլեկուլ, որն արգելել է կապիկի բջիջներում կորոնավիրուսի վերարտադրությունը․ հնարավոր է, որ սա COVID-19-ի դեմ պայքարելու համար դեղամիջոց ստեղծելու առաջին քայլն է»: Ինչպես տեսնում ենք, «Reuters»-ը տվել է Սան Պաուլոյի համալսարանի հետազոտողների ուսումնասիրության ճշգրիտ նկարագրությունը և չի պնդել, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը։ Նման պնդում, ի դեպ, չի արել նաև lenta.ru-ն․ կայքը միայն նշել է, որ բրազիլական իժի թույնը արդյունավետ է օրգանիզմում կորոնավիրուսը ճնշելու համար, չնայած որ սա էլ լիովին ճշգրիտ ձևակերպում համարել չենք կարող։ Երբ կարդում ենք «Molecules» ամսագրում հրապարակված գիտական հոդվածը, տեսնում ենք, որ այնտեղ էլ ոչ մի խոսք  չկա այն մասին, թե բրազիլական իժի թույնն է ճնշում կորոնավիրուսը։ Հոդվածում նշվում է, որ  «Bothrops jararacussu» անունով օձի թույնից անջատված մոլեկուլը, ըստ իրենց հետազոտությունների արդյունքների, կարող է SARS-CoV-2-ի դեմ նոր դեղամիջոցների մշակման համար նախատիպ դառնալ։ Ինչպես տեսնում ենք, միայն «Reuters»-ի տված նկարագրությունն է լիովին համապատասխանում գիտական հոդվածում ներկայացված տվյալներին։ Բացի այդ՝ «Reuters»-ին տված հարցազրույցում հետազոտության հեղինակներից Ջուզեպպե Պուորտոն նշում է, որ պետք չէ գնալ ու որսալ բրազիլական իժերին՝ հույս ունենալով այդ կերպ փրկել աշխարհը, և հավելում․ «Թույնն ինքնին չի բուժում կորոնավիրուսը»։ Այսպիսով, news.am-ը, lenta.ru-ից թարգմանելով Սան Պաուլոյի գիտնականների հետազոտության մասին լուրը, այն ոչ լիարժեք ու սխալներով է ներկայացրել։ Նախ, news.am-ի թարգմանությունից տպավորություն է ստեղծվում, որ օձի թույնն է ազդում COVID-19-ի վրա, մինչդեռ խոսքը թույնից անջատված մուլեկուլի մասին է։ Բացի այդ՝ հետազոտողներից մեկը մարդկանց կոչ չի արել որսալ օձերին, ավելին՝ ասել է, որ իրենք զգուշանում են դրանից, քանի որ օձի թույնը չի բուժում կորոնավիրուսը։   Գլխավոր լուսանկարը՝ reuters.com-ի Աննա Սահակյան
20:55 - 11 սեպտեմբերի, 2021
Երկար զրույց գիտության շուրջ [11]․ Արեգ Դանագուլյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [11]․ Արեգ Դանագուլյան | Արամ Ջիվանյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, կրիպտոգրաֆեր, FIRO ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի զրույցը․ - ֆիզիկական կրիպտոգրաֆիայի կիրառությունը կրիմինալիստիկայում,- ցածր էներգիաների միջուկային ֆիզիկայի դերը միջուկային զենքի զինաթափման պայմանագրերի ստուգման գործիքակազմում,- հաշվողական և ֆիզիկական կրիպտոգրաֆիաների տարբերությունները,- ատոմակայան ունենալուց ատոմային զենք սարքելու տեխնոլոգիական ճանապարհի երկարությունը,- ԱՄՆ-ում բարձրագույն կրթության և բանակաշինության կապը,- ամերիկյան ռազմական կրթությունը,- ռազմական խնդիրների՝ գիտական, տեխնոլոգիական կողմերը,- Ֆիզիկայի ինստիտուտի՝ ինքն իրեն վերաստեղծելու անհրաժեշտությունը,- սփյուռքի գիտական համայնքի դերը Հայաստանում գիտության զարգացման գործում։
14:15 - 21 օգոստոսի, 2021
Նոր լաբորատոր սենյակի միջոցով հայ գիտնականներրը ԱՄՆ գիտնականների հետ խոշոր նախագծի կմասնակցեն

Նոր լաբորատոր սենյակի միջոցով հայ գիտնականներրը ԱՄՆ գիտնականների հետ խոշոր նախագծի կմասնակցեն

Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ) ընդլայնում է համագործակցությունը միջազգային լաբորատորիաների հետ։ «PIERIS» ֆոնդի աջակցությամբ այստեղ նոր լաբորատոր սենյակ է հիմնվել, որի միջոցով հայ գիտնականները Նյու Յորքի Բրուկհեվնի ինստիտուտի հետ համատեղ կաշխատեն էլեկտրոն-իոնային կոլայդերի կառուցման վրա․ այն մի քանի միլիարդ դոլարանոց նախագիծ է։  «Էլեկտրոն-իոնային կոլլայդերը նոր սերնդի արագացուցչի տեսակ է։ Դրա միջոցով մի կողմից արագացնում են էլեկտրոն, մյուս կողմից՝ պրոտոն, բախում են իրար ու ուսումնասիրում են տարբեր կինեմատիկ երկրաչափական դրվածքներում, տարբեր էներգիաներում, այսինքն՝ ուսումնասիրում են մասնիկը տարբեր ֆիզիկական երևույթների պայմաններում։ Հիմնական գործը տիեզերքի ու մասնիկների ուսումնասիրությունն է, իսկ դրա համար օգտագործում ենք արագացուցիչները։ Կա տեսական ֆիզիկան, որ իր հաշվարկներով ու կանխագուշակումներով մեզ ուղղություն է տալիս, իսկ մենք՝ փորձարակական ֆիզիկայով զբաղվողներս, բուն երևույթն ենք ուսումնասիրում։  Դրա արդյունքում աշխարհում տարբեր հայտնագործություններ են կատարվել, ինչպիսին են ատոմային էներգիան, ջրածնային ռումբը։ Ամենը, ինչ մեր շուրջ կա, ֆիզիկան է, այն գալիս է էլեմենտար սկզբունքներից»,-պատմում է նորաբաց լաբորատոր սենյակի հիմնադիր, Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արթուր Մկրտչյանը։ Նոր լաբորատոր սենյակը Նա ասում է, որ լաբորատորիայի գիտնականները նախկինում նույնպես ներգրավված են եղել միջազգային կոլաբորացիաներում, բայց որպես աշխատուժ։ «Հիմա իրավիճակը փոխվում է։ Կան ֆոնդեր (օրինակ` ամերիկյան «PIERIS» ֆոնդը, որը, ի թիվս այլ ոլորտների, ներդրումներ է անում նաև գիտության մեջ), որոնք ներդրումներ են անում գիտության զարգացման համար։ Սենյակի միջոցով մենք ոչ միայն կգնանք Ամերիկայում աշխատելու, այլ այդ գործերը կբերենք այստեղ ու այստեղ կանենք այդ աշխատանքները։ Տվյալ պահին վերանորոգել ենք սենյակը ու դեռ նոր ենք կահավորում, մեր հիմնական սարքերը դեռ չեն եկել։ Այս սենյակում նախատեսվում է պատրաստել էլեկտրոն-իոնային կոլլայդերի հաշվիչներից մեկի՝ կալորիմետրի նախատիպը»,- ասում է նա՝ հավելելով, որ ծրագիրը հնարավորություն կտա աշխատելու նաև սփյուռքահայ գիտնականների հետ։ Արթուր Մկրտչյանը պատմում է նաև, որ Ամերիկայի գիտական կենտրոնների հետ իրենց համագործակցությունը դեռ 90-ականներից է սկսել․ «Մենք համարվում ենք կալորիմետրերի, աերոգել դետեկտորների, որոշ հաշվիչների էքսպերտներ, ու իրենք, մեզ ճանաչելով, համագործակցում են մեզ հետ»։ Ավագ գիտաշխատողի խոսքով՝ լաբորատոր սենյակը հետագայում այլ գիտական նպատակների համար կօգտագործվի․ «Փորձարարական բաժանմունքի ցանկացած գիտաշխատող նախագծի, ուսումնասիրության մի մաս հնարավորություն կունենա անելու այստեղ։ Հույս ունենք, որ կոգեշնչենք նաև ուսանողներին, և նոր լաբորատորիան նաև նրանց համար օգտակար կլինի»։ Արթուր Մկրտչյանն ասում է նաև, որ գիտության կիրառական ու պրոդուկտիվ մասը մի ճյուղ է, որը հիմնարար ու ակադեմիկ գիտության հետ ուղիղ կապ չունի․ «Գիտնականի նպատակը ակադեմիկ գիտելիքն է, բայց այդ գիտելիքը շատ հեշտ կիրառելի է հատկապես մեր երկրի նման փոքր երկրում։ Օրինակ, եթե ռազմարդյունաբերության ճյուղը դիտարկենք, ունենք շատ խելացի ինժեներներ, բայց գիտնական-ինեժեներ կապը միշտ պետք է լինի։Մեկը պետք է հիմնարար զարգացման ոլորտում, մյուսը՝ կիրառական ու ստեղծարար։ Հետագայում նպատակ ունենք այս սենյակը օգտագործել որոշ կիրառական ուղղությունների զարգացման համար։ Մի լաբորատոր սենյակով դա չի արվի, բայց մի լաբորատոր սենյակով հիմանարար գիտության մեջ բավարար մեծ ներդրում կարելի է անել»։ Նանե Ավետիսյան
11:58 - 21 հուլիսի, 2021