Հայաստան

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի. երկուսի վիճակը գնահատվում է ծանր

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի. երկուսի վիճակը գնահատվում է ծանր

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 9-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 43-ի։ Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, հոսպիտալացվածներից 15-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորվում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
10:49 - 09 մարտի, 2023
ՀՀ դեսպանությունը հերքում է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին տեղեկությունը |aliq.ge|

ՀՀ դեսպանությունը հերքում է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին տեղեկությունը |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք մեդիա»-ին ասացին, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ. «Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։ Վրաստանյան pirvelinews.com լրատվականը՝ հղվելով մի անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ «Սկանդալային տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան․ բոլորը ռուսերեն են խոսում», — pirvelinews.com-ի փոխանցմամբ, ասել է ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։
22:05 - 08 մարտի, 2023
Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ալիևը հույս է հայտնել է, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի դիտարկումներին

Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայանգրի առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները և Հայաստանից սպասում է արձագանքի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է այսօր՝ մարտի 8-ին, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։  «Այսօր ես Լատվիայի նախագահին ներկայացրել եմ իրավիճակը Հարավային Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»,- ասել է Ալիևը։  Ալիևը նշել է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանին են ներկայացրել իրենց առաջարկը՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ «Հետո մենք ստացանք մեկնաբանություններ Հայաստանից և դրանց վերաբերյալ ուղարկեցինք մեր դիտարկումները։ Գործընթացն ընթանում է»,- նշել է նա։ 
17:24 - 08 մարտի, 2023
«Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղ գործընթացի մի մասը». Լուիս Բոնո
 |azatutyun.am|

«Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղ գործընթացի մի մասը». Լուիս Բոնո |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. «Ազատություն». - Վերջին մի քանի ամիսներին Երևանը պնդում է, որ ամենակարևոր խնդիրն է՝ հասցեագրել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Արդյո՞ք դա ապահովելու համար Վաշինգտոնը դիտարկում է նման մեխանիզմի գործարկումը։ Եթե այո, ապա որո՞նք են հնարավոր տարբերակները: Լուիս Բոնո. - Կարծում ենք, որ սա շատ կարևոր է: Ես դա չեմ ժխտում: Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը: «Ազատություն». - Բայց կարո՞ղ եք նշել որևէ մեխանիզմ: Լուիս Բոնո. - Ես հիմա լիազորված չեմ քննարկելու մեխանիզմը: Ես նոր եմ այս պաշտոնում, ընդամենը մի քանի շաբաթ: Սա իմ առաջին ուղևորությունն է տարածաշրջան: Եվ ես ներգրավված եմ Մյունխենից հետո կողմերի հետ իմ առաջին բանակցություններին։ «Ազատություն». - Եվ երբ ասում եք, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երևանը և Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու: Լուիս Բոնո. - Նախևառաջ Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն։ «Ազատություն». - Ռուսաստանն անընդհատ քննադատում է Վաշինգտոնի և Եվրամիության ներգրավվածությունը՝ դա ընկալելով որպես տարածաշրջանում իր ներկայությունը մարգինալացնելու փորձ։ Այս հարցում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ եք։ Նաև հաշվի առնելով այն, որ Մինսկի խումբը փաստացի չի գործում։ Լուիս Բոնո. - Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած և բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը: Իրականում ես շփվել եմ Մինսկի խմբի իմ ռուս գործընկերոջ հետ: Որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք այստեղ ենք ոչ թե կողմերին քննադատելու կամ աշխարհաքաղաքական որևէ այլ խնդրի անդրադառնալու համար, այլ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ գտնելու այս հակամարտության լուծումը: Մենք պետք է այս հակամարտությանը վերջ դնենք: Ահա թե ինչու եմ ես այստեղ: «Ազատություն». - Պատրա՞ստ եք նաև հանդիպել ռուսաստանցի համանախագահ Խովաևի հետ: Լուիս Բոնո. - Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած մեկի հետ, ով պատրաստ է աշխատել ինձ հետ, Միացյալ Նահանգների հետ՝ այս գործընթացը առաջ տանելու գործում: Ինչպես ասացի, այս տարածաշրջանում մենք ավելի լայն օրակարգ չունենք: Դա միայն խաղաղությունը խթանելն է: Այս հակամարտությունը շատ երկար տևեց: Շատ մարդիկ են տուժել: Շատ մարդիկ են զոհվել: Այն պետք է ավարտվի: «Ազատություն». - Վերադառնալով Լաչինի միջանցքին: Չնայած Միջազգային դատարանի որոշմանը և միջազգային բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Վաշինգտոնից, Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը: Դուք ի՞նչ գործուն լուծում եք տեսնում: Լուիս Բոնո. - Մենք դա շեշտել ենք: Պետքարտուղար Բլինքենը Մյունխենում երկու կողմերի հետ հանդիպմանը պարզ ասաց, ու կարծում եմ՝ նա նաև հրապարակային է հայտարարել, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց ու ազատ առևտրային և մասնավոր տրանսպորտի համար: «Ազատություն». - Ցավոք, կոչերը չեն աշխատում: Լուիս Բոնո. - Մենք կշարունակենք առաջ տանել այս հարցը:«Ազատություն». - Գուցե պատժամիջոցնե՞ր Բաքվի նկատմամբ։Լուիս Բոնո. - Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին:«Ազատություն». - Երևանում և Բաքվում հանդիպումների արդյունքներով ի՞նչ ուղերձ եք տանում Վաշինգտոն։​ Լուիս Բոնո. - Վաշինգտոնում կհայտնեմ, որ այստեղ կան հեռանկարներ խաղաղության համար: Բայց դա հեշտ չի լինելու: Դա երկու կողմից էլ հանձնառություն կպահանջի: Դրա համար պետք է լինելու փոխվստահություն, կողմերը պետք է վստահություն ձեռք բերեն միմյանց նկատմամբ, վստահեն, որ պարտավորությունները կկատարվեն, վստահեն, որ մյուս կողմն էլ հավատարիմ է խաղաղությանը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք: Դա հեշտ գործընթաց չի լինելու: Բայց ես վստահ եմ: Հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի: «Ազատություն». - Բայց Դուք կարո՞ղ եք նշել, որ կողմերն ուզում են խաղաղություն:Լուիս Բոնո. - Այո՛։«Ազատություն». - Կրկին շնորհակալ եմ:Լուիս Բոնո. - Շնորհակալություն:
15:55 - 08 մարտի, 2023
«Չենք ուզում Լաչինի միջանցքով տեղափոխվեն լարվածություն առաջացնող բեռներ»․ Կլաարը՝ Բաքվում |factor.am|

«Չենք ուզում Լաչինի միջանցքով տեղափոխվեն լարվածություն առաջացնող բեռներ»․ Կլաարը՝ Բաքվում |factor.am|

factor.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Լաչինի միջանցքով անցնող բեռների թափանցիկության ապահովման գաղափարն իրավաչափ է»։ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռներիի թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»,- ասել է Կլաարը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի։ «Թափանցիկությունը միանգամայն ճիշտ է: Իմ կարծիքով՝ այս թափանցիկության հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների ու բանակցությունների առարկա են։ Կարծում եմ՝ մի քանի միջոց կա դա անելու։ Ենթադրում եմ, որ դրանցից որոշները նախկինում քննարկվել են։ Օրինակ՝ ունենալ լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ շրջանում փոխադրումները։ Կա մի քանի միջոց դա անելու, կարծում եմ՝ կարևոր է դրանք մանրամասն քննարկելը»,- ասել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով․ «Իհարկե, մեր կարծիքն այն է, որ թափանցիկությունն իսկապես օրինական է։ Սակայն, միևնույն ժամանակ, մարդկանց համար, Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որ նրանք ունեն անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում»։
13:26 - 08 մարտի, 2023
Լուիս Բոնո. «Ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք» |azatutyun.am|

Լուիս Բոնո. «Ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք» |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. Հարց. - Ձեր առաջին այցը տարածաշրջան բարդ ժամանակահատվածում է։ Շուրջ երեք ամիս է՝ արգելափակված է Լաչինի միջանցքը, հայկական կողմը հաղորդեց Ղարաբաղում ադրբեջանական արյունալի սադրանքի մասին։ Մյուս կողմից՝ Բաքուն խոսում է վերաինտեգրման մասին՝ զգուշացնելով ավելի «կոշտ և կտրուկ» քայլերով։ Արդյո՞ք սա այն ուղիղ բանակցությունն է, որն առաջ է մղում Վաշինգտոնը, և հնարավո՞ր է խաղաղության հասնել այս կերպ, նման մթնոլորտում: Լուիս Բոնո. - Ես ժամանել եմ Բաքու կիրակի երեկոյան: Ու երբ ինքնաթիռից դուրս եմ եկել, իմացել եմ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության՝ շատ անհանգստացնող լուրը: Բայց ինձ համար այն միայն ամրապնդեց իմ առաքելության կարևորությունը, այս հակամարտությունը վերջ տալու անհրաժեշտությունը: Մենք այլ ճանապարհ չենք տեսնում, քան այն, որ պետք է սերտ համագործակցենք կողմերի հետ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, խաղաղություն հաստատելու համար, խաղաղություն, որը կլինի երկարատև և հավասարակշռված: Հարց. - Ստեփանակերտ-Բաքու շփումները ռուսական միջնորդությամբ կանվանեի՞ք անհրաժեշտ երկխոսության սկիզբը: Լուիս Բոնո. - Իմ լիազորությունը չէ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ երկխոսությունը:Հարց. - Այդ դեպքում, Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել։ Եթե այո, ի՞նչ կարգավիճակով: Լուիս Բոնո. - Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից։
12:51 - 08 մարտի, 2023
Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կոնկրետ դրույթով․ Աննա Կոստանյանը սխալվում է

ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը մարտի 6-ին 168.am-ի տաղավարում, խոսելով միջազգային հանրությունից Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու ակնկալիքների մասին, ասում է․ «Սա մոտավորապես նմանվում է ՀԱՊԿ-ին դիմելուն, որ գա ՀՀ տարածքը պաշտպանելու, շատ եմ նմանեցնում դրան, երբ որ կոնկրետ, այսինքն, դրույթով չեն դիմում, բայց պահանջում են, որ ՀԱՊԿ-ն իր լիազորությունները կատարի, հիմա նույնը միջազգային հանրությունից է․․․»։ Կոստանյանը սխալվում է՝ ասելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել կոնկրետ դրույթով։  Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում դիմել է երկու անգամ՝ 2021թ․ մայիսին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, եւ 2022թ․ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ։ Մասնավորապես, 2021-ի մայիսի 12-ին հակառակորդը մի քանի ուղղությամբ ներխուժեց մեր պետության տարածք, հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010թ․ դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:  Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածում ասված է, որ անդամ պետություններից որեւէ մեկի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ու կայունության վտանգման դեպքում անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու ու առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, ինչպես նաեւ նախատեսվում է տվյալ երկրին օգնություն տրամադրելու միջոցների ձեռնարկում եւ զարգացում: Արդեն մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Նույն օրը ՏԱՍՍ–ի հետ զրույցում ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանոթացել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմումին, եւ որ Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Մայիսի 19-ին Դուշանբեում կայացավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց հարցը, թեեւ մանրամասներ հայտնի չդարձան, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիմումը տեւական ժամանակ թողեց անարձագանք, իսկ հետագայում՝ հուլիսի 3-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ադրբեջանական ագրեսիան որակեց պարզապես «սահմանային միջադեպ»՝ ասելով, որ իրավիճակը «չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում, այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ»:  Դիմում ՀԱՊԿ-ին՝ Պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքով Անցյալ տարի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը սկսեց ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ ու անօդաչուներ։  Նույն օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:  Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան Արմենպրեսը, հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմին, հաղորդեց, որ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Նույն օրը հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նիստի ժամանակ Վիկտոր Բիյագովը նշեց, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Փաշինյանն ասաց, որ «ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, այդ թվում՝ ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապաովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաեւ նախորդ տարվա ներխուժումը»։ ԱԺ-ում Փաշինյանը նաեւ ասաց, որ նախորդ օրը ՀԱՊԿ խորհրդի նիստի կայանալը գոհացուցիչ փաստ է, տեղի է ունեցել անկեղծ ու բաց քննարկում, եւ որ կայացված որոշումները իրավիճակի գնահատման առումով նվազագույն են այդ փուլի համար։ Նույն օրը երեկոյան ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հաղորդեց, որ ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ Հայաստան կժամանի հաջորդ օրը, իսկ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում կլինի հաջորդ շաբաթ։ Սեպտեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից այն է, որ այդ կառույցը Հայաստանին բավարար ռազմական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից․ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արդյոք ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահման կա, թե ոչ՝ բնականաբար կա սահման եւ դա հստակ է։ Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաք Ալմաթայում կնքված պայմանագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են իրենց երկրների սահմանները։ Ադրբեջանը ռմբակոծում է նաեւ համայնքները, եւ դա չտեսնելը նշանակում է ունենալ տեսողության խնդիրներ»։ Չնայած բազմաթիվ հայտարարություններին, Հայաստանի սպասելիքներին, ՀԱՊԿ անդամ պետությունների ստանձնած պարտավորություններին, չնայած իրավիճակի լրջությանը՝ ՀԱՊԿ-ն այդպես էլ շոշափելի օգնություն չտրամադրեց Հայաստանին, ինչը բազմաթիվ քննադատությունների արժանացավ եւ արժանանում է։  ՀԱՊԿ-ը չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը 2022թ․ հոկտեմբերի 28-ին Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ընդգծվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին եւ դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձեւավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվեց որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական: Մոտ մեկ ամիս անց՝ 2022թ․ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի է ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Այդ նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ «տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, եւ առավել եւս, որ, ըստ էության, մինչեւ այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ»։  Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս։ Նա այդ իրավիճակը համարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։  Խոսելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի մասին՝ Փաշինյանի նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ այն հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլեւ զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերման․  «Ադրբեջանական հերթական ագրեսիան, եւ մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարեւոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։ [․․․] Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձեւակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա եւ կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը եւ ապա հայտարարեց, որ ինքը պատրաստ չէ ստորագրել այն փաստաթուղթը, որն այդ օրը ներկայացված էր, քանի որ այդ՝ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ Կարճ ասած՝ այդ փաստաթղթի բովանդակությունն այն չէր, ինչ ակնկալում էր Հայաստանը։ Այն քաղաքական գնահատականը, որը Հայաստանն ակնկալում էր ՀԱՊԿ-ից, այդպես էլ չի հնչել։ Այսպիսով, Աննա Կոստանյանի պնդումը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է լիազորությունների կատարում այն պարագայում, երբ Կազմակերպությանը չի դիմել հստակ դրույթով, իրականությանը չի համապատասխանում ե՛ւ մայիսյան ներխուժման, ե՛ւ սեպտեմբերյան պատերազմի համատեքստում։ Հայարփի Բաղդասարյան
19:46 - 07 մարտի, 2023
Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական բանակցությունները

Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական բանակցությունները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Լու Բոնոն այսօր կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:  Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ զբաղվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հարցերով։ Լու Բոնոն ունի երկկողմ ևա բազմակողմ ձևաչափով աշխատանքի մեծ փորձառություն։ Նա  նախկինում եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի կառույցների գծով ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարը Վիեննայում և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում։ Բոնոն նաև ղեկավարել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակը Ազգային անվտանգության խորհրդում, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսության ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականը։ Նա ցամաքային ուժերի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյթնում ու Ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում։
11:55 - 07 մարտի, 2023
Մեր շահն այստեղ խաղաղությունը և անվտանգությունն են. դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից. Փրայս
 |1lurer.am|

Մեր շահն այստեղ խաղաղությունը և անվտանգությունն են. դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից. Փրայս |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին: Փրայսը, խոսելով Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի մասին, որի հետևանքով զոհեր են գրանցվել, պատասխանել է. «Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, և ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է: Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»։ Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: Փրայսին հարց է ուղղվել` որևէ տեղեկություն կա՞ բանակցությունների ժամկետի վերաբերյալ. «Ինչպես ասացիք, ավագ խորհրդականը գտնվում է տարածաշրջանում, և ինչպիսին կլինեն այցի հետևանքները բանակցային գործընթացի վրա»: Հարցին ի պատասխան` Փրայսը նշել է, որ ԱՄՆ համար ամենահստակ ազդեցությունը կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսության և քննարկումների հրամայականն է: «Սա հրամայական է կողմերի համար։ Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ ձևաչափով ներգրավվածությանը արտաքին գործերի նախարարների և ղեկավարների մակարդակով: Մենք պատրաստ ենք՝ լինի երկկողմանի, եռակողմ, բազմակողմ ձևաչափով, շարունակել գործընկեր լինել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերի առաջմղման գործում»: Փրայսին խնդրել են արձագանքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարությունը, թե ավելի լավ է լուծել խնդիրը, եթե հավատարիմ մնան Ռուսաստանի միջնորդական ջանքերին։ «Ինչու պետք է ընտրել արևմտյան միջնորդությունը» հարցին Փրայսը պատասխանել է. «Սա հենց կողմերին ուղղված հարց է, և մենք չենք պատրաստվում դեմ լինել միջնորդության որևէ այլ առաջարկի, և իրականում մենք միջնորդ չենք: Մենք երկու երկրների գործընկերն ենք։ Կարծում եմ՝ մենք և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին միավորելու մեր կարողությունը, մեր պատրաստակամությունն ու կամքը՝ օգնելու լրացուցիչ առաջընթաց ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց։ Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնելու այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, և, ցավոք, մի վեճի, որը հետևողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 5-ին: Մեր շահն այստեղ խաղաղությունը և անվտանգությունն են։ Դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից»։
10:37 - 07 մարտի, 2023
«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել»․ ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը

«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել»․ ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը

ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ․ «Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար։ Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խստորեն պահպանելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակներում Բաքվի և Երևանի՝ բանակցություններին շուտափույթ վերադառնալու հրամայականը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված»: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
16:55 - 06 մարտի, 2023
Խաղաղության պայմանագիրը պետք է բխի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից․ Լուի Բոնո

Խաղաղության պայմանագիրը պետք է բխի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից․ Լուի Բոնո

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Այս մասին Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն։  «Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ դա պետք է բխի կողմերից (Հայաստանից և Արբեջանից-խմբ․), այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից»,- ասել է Լուի Բոնոն։ Լուի Բոնոն նշել է՝ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը շփումներ ունենան՝ անկախ միջնորդական ձևաչափից։ «Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը երկու կողմերին էլ ձեռնտու է։ Մյունխենի հանդիպմանը երկու կողմերն էլ հայտարարել են, որ խաղաղություն են ուզում»,- ասել է նա։ Բոնոն հավելել է, որ վաղը՝ մարտի 7-ին, մեկնելու է Հայաստան։ «Իմ այցի նպատակը (տարածաշրջան-խմբ․) կողմերին երկխոսության և նոր հանդիպման խրախուսումն է»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում ընդունել է ԱՄՆ Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի մասին։  
15:01 - 06 մարտի, 2023
Հանդիպել են Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները

Հանդիպել են Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարները

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով  բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ օրակարգի հարցեր՝ անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Ընդգծվել է խորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև միջազգային բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։ Քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման ուղղությամբ հնարավոր մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը:
16:00 - 04 մարտի, 2023
ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոստանում է հայ-ադրբեջանական հակամարտության տեւական լուծման համար անել հնարավորը

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոստանում է հայ-ադրբեջանական հակամարտության տեւական լուծման համար անել հնարավորը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ, հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆորնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և ներկայացնում է այն վայրերը, որ հասցրել է այցելել Երևանում՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին։   Դեսպանը խոսում է նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու, հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։   Դեսպան Քվինը խոստանում է անել հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության տեւական լուծման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար․ «Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին։ Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, և ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերն ու օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա», - ասել է դեսպանը։
15:17 - 04 մարտի, 2023
Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է. փոխնախարարն ավելի լայն համագործակցության հնարավորություն է տեսնում
 |armenpress.am|

Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է. փոխնախարարն ավելի լայն համագործակցության հնարավորություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի հետ Հայաստանի առևտշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է գրանցել, աճել է ինչպես ներմուծումն, այնպես էլ արտահանումը: Հայաստանը նախորդ տարի նաև վերականգնել է իր տեղը Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկում, ինչի արդյունքում ավելի լայն համագործակցության հնարավորություններ են բացվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ով Գերմանիայում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում: Փոխնախարարը նշեց, որ այցի օրակարգում կան տնտեսական հարցեր: «Վարչապետն իր խոսքում էլ որոշակի հղումներ կատարեց տնտեսական օրակարգին: Նշվեց «կանաչ ջրածնի» հնարավոր համագործակցության դաշտի մասին: Մեր կարծիքով՝ դա բավականին հեռանկարային է»,-ասաց փոխնախարարը: Նա ընդգծեց՝ Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում բավականին աճ է գրանցել: Աճել է ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը: Այդ պատկերն է նաև եվրոպական  մի շարք երկրներում: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանից Գերմանիա արտահանումը 2022 թվականին կազմել է 106 մլն 72.2 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ աճել է 36.7 տոկոսով: Իսկ ներմուծումը նախորդ տարի կազմել է 457 մլն  46.3 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ ավելի է 2.1 անգամ: Փոխնախարարը նկատեց՝ այդ բավականին մեծ աճը եվրոպական կողմում որոշակի շրջանակներում անհանգստություն է առաջացրել՝ այն մտավախությամբ, թե արդյոք դրանք ինչ-որ ձև առնչվո՞ւմ են Ռուսաստանի նկատմամբ արևմտյան սանկցիաների շրջանցմանը: «Կան մի շարք այլ պատճառաբանություններ, թե ինչու է առևտրաշրջանառութունը նման աճ գրանցել: Երբ աշխարհում մատակարարման որոշ շղթաներ փոխվում են, տրամաբանական է, որ տնտեսավարողները փորձում են գտնել նոր շղթաներ: Եվ Հայաստանն այդ մատակարարման շղթաների մեջ ունի իր դիրքը: Դա փորձում ենք լավագույնս օգտագործել՝ ամենևին չխաթարելով գոյություն ունեցող երկկողմանի պատժամիջոցների միջավայրը: Մենք աչալուրջ հետևում ենք բոլոր գործարքներին և հետևողական ենք, որ բոլոր տեսակի օրենսդրական պահանջները պահպանենք»,-վստահեցրեց փոխնախարարը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը որոշ ժամանակ  դուրս էր մնացել Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկից: Սակայն անցյալ տարի հաջողվել է վերականգնվել: «Եվ մենք այսուհետ նույնպես կլինենք Գերմանիայի երկկողմ համագործակցության երկրների ցանկում: Սա նշանակում է, որ բավականին հետաքրքիր հնարավորություններ են բացվում՝ ավելի լայն համագործակցության, ավելի խոշոր ֆինանսական ծրագրեր կարող են ներգրավվել Հայաստանում: Այս առումով աշխատանքները շարունակվում են»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը: Երկու երկրները տարբեր ոլորտներում ունեն  բավականին հագեցած օրակարգ: Անդրադառնալով տնտեսականին՝ փոխնախարարն  ասաց, որ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումից սկսած մինչև խոշոր արդյունաբերական ներդրումներ տեղ են գտել այդ օրակարգում: «Կարծում եմ՝ հենց այդ ուղղությամբ էլ համագործակցությունը պետք է շարունակել: Կարծում ենք, որ այն պայմանագրային ու իրավական դաշտը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի և Գերմանիայի միջև, թույլ են տալիս խոսել խոշոր ներդրումային ծրագրերի մասին, և այդ ուղղությամբ առաջիկայում ակտիվ աշխատանք ենք տանելու»,-նշեց Գևորգյանը: Նա հնարավոր համարեց Հայաստանի ու Գերմանիայի միջև առաջիկայում վերամշակման ոլորտում որոշակի համագործակցություն սկսելը:  
12:30 - 03 մարտի, 2023