Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան

 |aravot.am|

«Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն այդ տնակների մասին առավոտից գիշեր չէր խոսի»․ Գեղամ Մանուկյան |aravot.am|

aravot.am: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում կազմակերպել էր դռնփակ աշխատանքային քննարկում՝ ՀՀ զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրություն էր ուղարկել, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կամ ներկայացուցիչ ուղարկել։ Հրավերին արձագանքել եւ ներկայացուցիչ էր ուղարկել միայն ֆինանսների նախարարությունը։ Քննարկման բաց հատվածում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում 15 զինվորի մահվան դեպքին, հայտարարեց․ «Բոլորի աչքի առաջ դժբախտ դեպքին նախորդել է Անդրանիկ Քոչարյանի մի հայտարարություն, որ նոր տարուց առաջ ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծի տարբեր հատվածներում եւ դրանից հետո «սակավախոս դարձել»։ Նա ակնարկել էր, թե մենք այնպիսի լավ վիճակ ենք տեսել, որ խուսափում ենք բարձրաձայնել։ Տեղի ունեցավ այդ դժբախտ դեպքը, եւ այսօր էլ իշխանությունը շարունակում է ոչ թե խնդիրներ լուծել, առաջնագիծ կահավորել, այլ սեփական հեղինակությունը փրկելով է զբաղված։ Վերջին աղմկոտ օրինակն իտալական մոդուլային տնակներն են։ Եթե չլիներ այդ դժբախտ դեպքը, ՊՆ-ն դրա մասին թերեւս առավոտից գիշեր չէր խոսի»։ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ովքեր որ ծանոթ են առաջնագծի պայմաններին, գիտեն, որ նման մոդուլային տնակներ վաղուց արտադրվում են ՀՀ-ում եւ տեղավորվում որոշ հատվածներում․ «Դրանք, ցավոք, ժամանակավոր են, ոչ թե ամրակայված կացարաններ են։ Փոխարենն իշխանությունն այս օրերին պարեկների շնորհանդեսներով է զբաղված, Իջեւանում ճոխ խնջույք է անում։ Պարեկային ծառայությունը խայտառակ վիճակում է․ Երեւանի ծառայության համար նոր գնված թանկարժեք մեքենաների պարկի 23%-ը խափանված կանգնած է»։
17:09 - 23 հունվարի, 2023
Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը  հույս են հայտնել, որ որոշում կկայացվի ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ

Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը հույս են հայտնել, որ որոշում կկայացվի ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատել էր տեղեկությունը, որ դեռ անցած շաբաթ նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից ՀՀ նոր երկարաժամկետ առաքելություն ուղարկելու մասին լուրերը, նշել էր․ «ԵՄ նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք, անշուշտ, դրական ենք վերաբերվում քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից ու տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»։     
14:16 - 23 հունվարի, 2023
Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին

Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին

Թող նախաքննությունը գնա, վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին։  Հարցին, թե արդյո՞ք կլինեն քաղաքական պատասխանատվություն կրողներ, օրինակ՝ պաշտպանության նախարարը, Սիմոնյանն ասաց․ «Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ կապ չի կարող ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքը իր աշխատանքը ամբողջությամբ արել է։ Այդ քաղաքական սակարկումները պաշտպանության նախարարի վերաբերյալ շատ սին եմ համարում և անտեղի, որովհետև այն բարեփոխումները, որ պարոն Պապիկյանը իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որ իր վրա վերցրել է, լինելով փոխվարչապետ, պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել և սկսել բարեփոխումներ»։ Լրագրողի դիտարկմանը, որ զինվորները «խրճիթում» են հայտնվել, Սիմոնյանն ասաց․ «Խրճիթ չի, շինարարական և սակրավորական ջոկատները այնտեղ են բնակվում։ Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։ Սիմոնյանը հավելեց․ «Այն, որ գործընկերը փորձում է խրճիթ ներկայացնել, սեփական տներ են, որոնք բավական լավ վիճակում են գտնվում և ապահովված են ամեն ինչով»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ գումար է  օգտագործվում այլ ծախսերի, օրինակ՝ ծառայողական մեքենաների, վերելակների համար, Սիմոնյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և որևիցե դեպք չի եղել և չկա 2018-ից սկսած, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք։ Քաղաքական ղեկավարությունը իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։ Դժբախտ պատահարը դարձնել քաղաքական շա հարկման թեմա և դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ, անտեղի եմ  համարում»։ Սիմոնյանը նաև նշեց, որ հանդիպել է հրդեհի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքին,  Սիմոնյանը կարևորեց  ԵԽԽՎ-ի զեկուցը․ «Բավականին ծանրակշիռ և կարևոր փաստաթուղթ էր մեզ համար, և կարևոր էր փաստթուղթ էր Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված, և կարծում եմ՝ դիվանագիտական առումով բավականին հաջողություններ կան գրանցված»։  Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այսօր սպասվող հանդիպմանը, Սիմոնյանն ասաց․ «Մենք բոլոր միջազգային ֆորմատներով այդ հարցը բարձրացնում ենք, և պետք է ասեմ, որ դա իր ազդեցությունը ունենում է, և կարծում եմ՝ հետևանքները մենք կտեսնենք նաև հողի վրա։ Շատ մանրամասներ պահին չեմ կարող ու չեմ էլ ուզում հայտնել»։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
13:16 - 23 հունվարի, 2023
Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, այնուհետև՝ վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի վայրը

Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, այնուհետև՝ վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի վայրը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, հունվարի 21-ին այցելել է 2-րդ բանակային զորամիավորում: Այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նա նշել է, որ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց, ծառայակից ընկերներին, հարազատներին և ընտանիքի անդամներին կորստյան ծանր վիշտը կիսելու, ցավակցության խոսք հղելուց հետո, բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին: Այնուհետև Պաշտպանության նախարարը այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի՝ ողբերգական դեպքի վայր: «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ներկայացրել է դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ: Վստահություն եմ հայտնել, որ նախաձեռնված վարույթի ընթացքում բոլորը հարցերը և դեպքի հանգամանքները լիարժեք կպարզվեն: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել եմ խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար»,- գրել է Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը այցելել է նաև մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, տվել համապատասխան հանձնարարականներ՝ զորանոցների կառուցման աշխատանքները պատշաճ և նախանշված ժամկետներում իրականացնելու վերաբերյալ:
15:32 - 21 հունվարի, 2023
Պաշտոնանկություններ ՊՆ-ում․ Պապիկյանի խոսքով «մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»

Պաշտոնանկություններ ՊՆ-ում․ Պապիկյանի խոսքով «մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ իր հրամաններով պաշտոններից ազատվել են մի շարք սպաներ։ Մասնավորապես՝ պաշտոնից ազատվել են․ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը: Նշենք, որ նախագահի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է նաև Վահրամ Գրիգորյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք այս բոլոր պաշտոնյաները պատասխանատվություն են կրում 2022 թ․-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետի ստորագրած կարգադրությունը իրականացնելու համար, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Իրենց զբաղեցրած պաշտոնները, այո, ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և բնականաբար մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 
11:30 - 19 հունվարի, 2023
Վառարանը վառելու համար օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ Պապիկյանն ու Քյարամյանը մանրամասներ հայտնեցին զորամասում տեղի ունեցած հրդեհից

Վառարանը վառելու համար օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ Պապիկյանն ու Քյարամյանը մանրամասներ հայտնեցին զորամասում տեղի ունեցած հրդեհից

Մեկնարկել է կառավարության նիստը։ Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր ՊՆ զորամասերից մեկում հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հիշատակը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախնական տվյալները՝ կապված զորամասի կեցավայրում հրդեհի դեպքի հետ։ «Նախնական տվյալներով, մասնավորապես Ռազմական ոստիկանության հայտնած տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»,- նշեց Պապիկյանը։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հաստատեց այն, և ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներակայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։ «Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են նաև փորձագետներ, և կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որը այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»,- հավելեց ՔԿ նախագահը։ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց հետևյալը․ «Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլ վառարանը օգտագործելու համար 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ»։  Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ 
11:22 - 19 հունվարի, 2023
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 10-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022 թ. դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում` հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը:
14:23 - 10 հունվարի, 2023
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել ՊՆ-ում

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել ՊՆ-ում

Հունվարի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Պաշտպանության նախարարին զեկուցվել են նախորդ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
15:47 - 09 հունվարի, 2023
Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ․ Սուրեն Պապիկյան

Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասված է․   «Սիրելի՛ զինծառայողներ, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս անմահացած քաջերի հարազատներ, հայրենակիցներ, պատմությանը հանձնեցինք ևս մեկ տարի:   2022 թվականը նշանավորվեց բանակաշինության մի շարք ձեռքբերումներով, զինվորների ու սպաների սխրալի ծառայությամբ, փխրուն խաղաղությունը պահպանելու անմնացորդ ջանքերով, ինչպես նաև մեր երկիրը կանգուն ու անառիկ պահելու համաժողովրդական տքնանքով:   2022 թվականը Զինված ուժերի համար մի շարք փորձությունների ու դժվարությունների տարի էր. Սեպտեմբերին զինված ուժերի ստորաբաժանումները վճռականությամբ դիմագրավեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային: Եվ հիմա, Տարեմուտը դիմավորում ենք կորստյան ցավի և հպարտության հակասական զգացողությամբ:   Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության ու մեր ժողովրդի խաղաղ գոյության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ, իրականացնել նպատակային բարեփոխումներ, զինծառայությունը դարձնել ավելի գրավիչ ու շահավետ, ստեղծել 21-րդ դարին հարիր, ճկուն ու մարտունակ բանակ: Այս համատեքստում ես ուզում եմ խոսել երկու ծրագրերի մասին, որոնք, համոզված եմ, կմեծացնեն մարդկային ռեսուրսի հոսքը դեպի զինված ուժեր, կբերեն որակական զգալի փոփոխություններ:   Առաջինը ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագիրն է: Իր ճակատագիրը բանակի հետ կապած, ռազմական համալսարան ավարտած յուրաքանչյուր զինծառայող կստանա երեք սենյականոց բնակարան մայրաքաղաքում: Այս նորամուծությունը ոչ միայն էապես կբարելավի ապագա զինծառայողների սոցիալական վիճակը, այլև կկարևորի հայրենիքը պաշտպանելու նրանց բացառիկ առաքելությունը հասարակության, հատկապես՝ բարձրացող սերնդի աչքում:   «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա կամավորագրվել բանակին, ժամկետային ծառայությունից սահուն անցում կատարել պայմանագրային վճարովի ծառայության: Մենք բանակում խթանելու ենք նաև պրոֆեսիոնալ սերժանտական ինստիտուտի ներդրումը, որ վաղուց կայացած է զարգացած երկրների զինված ուժերում, այդպիսով՝ դնելու ենք պրոֆեսիոնալ բանակի նոր հիմքեր՝ մարտունակ զինված ուժեր ձևավորելու ռազմավարությամբ:   2022-ի շրջանակում ուզում եմ կարևորել նաև առաջնագծի կահավորումն ու սպառազինության համալրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Սիրելի՛ հայրենակիցներ, չեմ կարող ասել, որ մենք թևակոխում ենք 2023 թվական՝ բոլոր խնդիրները լուծած և բոլոր դժվարությունները թոթափած, բայց անմնացորդ նվիրումն ու տքնաջան աշխատանքը, բոլորիս ուժերի մեկտեղումն ու հավատարամությունը հզոր ու պաշտպանված հայրենիքի գաղափարին, մեզ հնարավորություն կտա ձիգ ու ամուր քայլել Նոր տարում և լուծել մեր առջև ծառացած կենսական խնդիրները, դիմագրավել լրջագույն մարտահրավերներին:   Ես ազգային համերաշխության, միասնական աշխատանքի տարի եմ մաղթում բոլորիս: Թող 2023-ը անկորուստ տարի լինի բոլորիս համար: Թող մեր զինվոր որդիները անխախտ պահեն Հայրենիքի սահմանները, ու թող նրանք բանակից տուն վերադառնան ողջ-առողջ ու փառքով: Արևշատություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: Ու հավատացնում եմ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք կռելու մեր ապագան: Կեցցե՛ Հայաստանը, փառք Հայոց բանակին:   Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
21:11 - 31 դեկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այս մասին ֆեյբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։   «Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:   Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ: Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը ստանձնելու ճանապարհին:   Զինծառայողների հետ զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Ավելի ուշ, տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ:   Նախարար Պապիկյանն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին», - նշված է հաղորդագրության մեջ:
20:12 - 24 դեկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները․ ՊՆ

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները․ ՊՆ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։    Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։   Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:   Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:   Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Լին Թրեյսիի՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի առաքելության ընթացքում կատարած աշխատանքը և մաղթել նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հետագա գործունեության մեջ։
17:10 - 15 դեկտեմբերի, 2022