«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց ՔՊ-ի օրակարգում չկա
 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց ՔՊ-ի օրակարգում չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ոչ էլ խմբակցությունում  նման հարց չի քննարկվել։ Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է Ազգային ժողովի նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա։ Այդպիսի հարց չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտություն կա»,- ասաց Խանդանյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: Անդրադառնալով միջադեպին՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ այդ արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, որը փրկելու համար իշխող ուժը պետք է Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսի։ Ավելի ուշ մի շարք հասարակական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն, որով պահանջում էին Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում։ 
15:48 - 06 ապրիլի, 2023
Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազին երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։ Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պետք է պատժվի։ Նա նշեց, որ երկրորդ քայլով միջազգային գործընկերներին է ուղարկելու նիստի սղագրությունը։ Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցով դեռևս քննարկումներ կան, սակայն նպատակահարմարություն չկա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը կախված է ՔՊ պատգամավորների քվեարկությունից։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։
13:28 - 05 ապրիլի, 2023
Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասարյանի թեկնածությունը, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն է։  Էդգար Ղազարյանը իր ելույթի ժամանակ ՔՊ-ին անվանեց «հանցավոր ռեժիմ», ինչը վրդովվեցրեց ՔՊ պատգամավորներին։ Վերջիններս կոչ արեցին Թագուհի Թովմասյանին ապահովելու նիստի բնականոն ընթացքը և թույլ չտալու նման որակավորումներ տալ։ Ելույթը մոտ տասը րոպե ընդհատվեց։ Թովմասյանը նշում էր, որ եթե Ղազարյանի ելույթում ՔՊ-ի համար վիրավորական արտահայտություն է եղել, պետք է դիմել դատարան։ Երբ Ղազարյանին հնարավորություն տրվեց շարունակելու ելույթը, նա ասաց․ «Գիտեմ, որ ԱԺ-ն ինստիտուցիոնալ մակարդակով է ղեկավարվում խուլիգանական վարքագիծ դրսևորող մարդկանց կողմից․․․»։ Ինչից հետո ՔՊ պատգամավորները դարձյալ միջամտեցին։ Նրանց բողոքը ուղղված էր Թովմասյանին, քանի որ վերջինս չէր ընդհատում Ղազարյանի ելույթը, երբ վերջինս, ըստ իրենց, վիրավորում էր ՔՊ խմբակցությունը։ Թովմասյանը կոչ արեց Ղազարյանին որակավորումներ չտալու։ Ղազարյանը, դարձյալ սկսելով իր ելույթը, նշեց․ «Հիմա մենք ուղղակի ականատեսն ենք անհավասարակշիռ պահվածք դրսևորող խմբի դրսևորման․․․»։ Ելույթը դարձյալ ընդհատվեց, Արթուր Հովհաննիսյանը նշեց․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով ԱԺ այս ծաղրածուին»։ «Այս իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։ Նման հայտարարություն արեց ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը՝ ավարտելով իր ելույթը, որտեղ ներկայացրեց, իր խոսքով, մի շարք ապօրինությունները, որոնք իրականացրել է իշխանությունը։ Նիստին ներկա իշխանական բոլոր պատգամավորները աղմուկ բարձրացրին՝ կոչ անելով Ղազարյանին ներողություն խնդրելու ժողովրդից։ «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։ Էդգար Ղազարյանը բացատրեց իր հայտարարությունը․ «2018թ․-ին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանաթուրքական հեղափոխություն որակելը նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ շահառուներին, ովքեր շահել են այդ իրադարձությունների արդյունքում։ 2018թ․-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարում, այսինքն՝ մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ներկայացված են այստեղ, տիրացել են մեր ժողովրդի օրինական իշխանությանը, այնուհետև այդ իշխանությունը շարունակում են պահել ապօրինական գործողությունների, բռնություններին, ինչպես ականատեսն ենք նաև, նման խուլիգանական վարքագծի հետևանքով, որը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին ու իրենց անձնական բարեկեցությանը։ Հետևաբար այդ զանգվածային խաբեությունը ես համարում եմ ՄԻՊ ընտրվելու իմ հիմնական առաքելություններից մեկը»։ Ապա Ղազարյանը նշեց, որ հենց մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզի «5000 մարդու մահվան պատճառը», ինչին ի պատասխան՝ ՔՊ-ից հորդորեցին զոհերի թիվը չավելացնել, ապա որոշեցին դուրս գալ նիստերի սենյակից, մինչ Ղազարյանը կավարտի իր ելույթը։ ՔՊ պատգամավորների դուրս գալուց հետո Ղազարյանը ասաց․ «Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր ամբողջ ժողովուրդը՝ Ազգային ժողովից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով, և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ»։
12:09 - 04 ապրիլի, 2023
Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

«Ո՞ւր է ընդդիմությունը»,- նման հարց ուղղեց Թագուհի Թովմասյանին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։  Թագուհի Թովմասյանն ընթերցեց ընդդիմության միակ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի կենսագրությունը, ինչից հետո էլ հարց ուղղեց Արթուր Հովհաննիսյանը։ Հարցին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց, որ ընդդիմությունն ԱԺ-ում է, իր տեղում է, և եթե ՔՊ խմբակցության կեսը տվյալ դահլիճում է, որևէ լավ բանի մասին չի խոսում։ Արթուր Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ ՔՊ խմբակցությունում 71 պատգամավոր կա, բայց կեսը այդ սենյակում չէ։ Նա խայտառակություն որակեց այն, որ ընդդիմությունը ներկա չէ նիստին։ Գևորգ Պապոյանն էլ հարց ուղղեց, թե ով է գրել կենսագրության տեքստը։ Թովմասյանն ասաց, որ այն գրել է Էդգար Ղազարյանը, Պապոյանն էլ ասաց, որ իրա համար պարզ էր, քանի որ «նարցիզիզմով տառապող մարդու տեքստ էր դա, իսկ այս սենյակում, իր տպավորությամբ այդ հոգեվիճակում գտնվող մեկ մարդ կա»։ Այս արտահայտությանը տեղից արձագանքեց Էդգար Ղազարյանը, ինչը վրդովվեցրեց Արթուր Հովհաննիսյանին, և նա Թովմասյանին կոչ արեց «հավաքելու իրենց թեկնածուին», ինչից հետո լեզվակռիվ սկսվեց Թովմասյանի ու Հովհաննիսյանի միջև։ ՔՊ խմբակցության պատգամավորները, մասնավորապես, համաձայն չէին այն պնդման հետ, որ Ղազարյանին քաղաքական հայացքների համար հեռացրել են բուհից։ Հարց հնչեց, թե հնարավո՞ր է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորների բացակայությունն այն պատճառով է, քանի որ կոնսենսուս չկա՝ Էդգար Ղազարյանի թեկնածության շուրջ։ Թովմասյանը պատասխանեց, որը Զեմֆիրա Միրզոևան ԱՄՆ-ում է՝ գործուղման, իսկ Արեգնազ Մանուկյանը երեկ էլ ներկա չէր, գուցե հիվանդ է։
11:46 - 04 ապրիլի, 2023
«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել երեկ ԱԺ-ում նույն խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ․   «2023թ. մարտի 31-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ավարտին, որին մասնակցում էին բացառապես պատգամավորներ և Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, տեղի է ունեցել անցանկալի միջադեպ: Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ, ՔՊ կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը չհիմնավորված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը նրան հորդորել է չգոռգոռալ: Վլադիմիր Վարդանյանը շարունակել է անհարգալից վերաբերմունքը և գոռգոռոցները, կտրուկ ոտքի է կանգնել և ագրեսիվ շարժվել դեպի Մհեր Սահակյանը:   Մհեր Սահակյանը, ինքնապաշտպանվելով, ձեռքի մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին և միջադեպի զարգացումը կանխելով՝ հեռացել է սենյակից:   Միջադեպից հետո Մհեր Սահակյանը գտնվել է «Հայաստան» խմբակցությունում: Ժամանած ոստիկանության աշխատակիցներին ասվել է, որ Մհեր Սահակյանը պատրաստ է ինքնակամ ներկայանալ ոստիկանության բաժին: Այդ պահին խմբակցության սենյակ է մտել Ալեն Սիմոնյանը և անհավասարակշիռ վարքագծով սպառնալիքներ հնչեցրել, որից հետո ոստիկանությունը, առանց հիմքի անհամաչափ ու բիրտ ուժ է կիրառել պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ՝ վերջինիս բերման ենթարկելով ոստիկանության բաժին:   Միջադեպի վերաբերյալ քննչական կոմիտեն ուղղորդված և միակողմանի հայտարարություն տարածեց՝ առանց ականատես ընդդիմադիր պատգամավորներին հարցաքննելու, իրականությունը պարզելուն ուղղված նվազագույն ջանքեր գործադրելու` ընդդիմադիր պատգամավորին ոչ իրավաչափորեն ձերբակալելով: Սա քաղաքական հայացքներով պայմանավորված հստակ խտրականության ևս մեկ փաստ է, քանի որ իշխանական պատգամավորների կողմից համանման և առավել տգեղ միջադեպերի պարագայում կամ քրեական վարույթ չի նախաձեռնվել կամ ծածկադմփոց է արվել:   Ավելին՝ իշխանական պատգամավորների կողմից նման վարքագիծը քաջալերվում է պաշտոնատար անձանց կողմից:   Միջադեպի առնչությամբ քպ-ականների և իրավապահ համակարգի ցուցաբերած վարքագիծը հերթական անգամ փաստում է նրանց կողմից երկրի անվտանգային կարևորագույն օրակարգերը ստվերելու, հանրության ուշադրությունը շեղելու, դրանք հետևողականորեն սեփական իշխանությանը ծառայեցնելու, երկակի ստանդարտներ կիրառելու քաղաքականության մասին:   Մինչդեռ Ազգային ժողովում համանման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է, օրենսդիր մարմնի աշխատանքներում և պատգամավորների միջանձնային հարաբերություններում կարգավիճակով պայմանավորված օրենսդրական և էթիկայի կանոնների անթույլատրելի խախտումները:   Դատապարտում ենք ներկայացուցչական բարձրագույն մարմնում մեծամասնության որդեգրած այս քաղաքականությունը, իրավապահ մարմիններին սեփական իշխանությանը ծառայեցնելու և վերջիններիս կողմից ջանասիրաբար կատարելու գործելակերպն ու երկակի ստանդարտների անթաքույց կիրառումը:   Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները, առաջնորդվել պետական շահի գիտակցմամբ՝ Սահմանադրության և օրենքներին համապատասխան:   Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և տեղական հաստատությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի քաղաքական իշխանությունների հակաժողովրդավարական և հակաօրինական այս վարքագծի վրա»:
16:48 - 01 ապրիլի, 2023
«Մոտեցավ ինձ, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»․ Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին

«Մոտեցավ ինձ, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»․ Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը անդրադարձել է իր և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև այսօր տեղի ունեցած միջադեպին։  Վարդանյանը նշել է՝ փակ քննարկումն ընթացել է նորմալ հունով, ապա նիստի բնականոն ընթացքը խանգարվել է, իսկ ինքը փորձել է պատգամավորներին հորդորել վերադառնալ բուն քննարկմանը եւ սրանով ավարտել։ «Հետո պարոն Մհեր Սահակյանն ասաց՝ Դուք, չեք կարա մեր վրա ձայն բարձրացնեք, ասացի՝ ես նիստը վարում եմ եւ շարունակում եմ վարել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Սահակյանը կրկնել է, թե ինքը չի կարող ձայն բարձրացնել։ «Մոտեցավ ինձ, որտեղ կանգնել էի, առանց որեւէ բան ասելու հարձակվեց վրաս, հարվածեց՝ փախուստի դիմելով»։ Նա նշեց՝ քայլ չի արել դեպի պատգամավորը, իսկ միջադեպն, ըստ էության, տեւել է 1 րոպե․ «Ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները»։ Հարցին, թե պատգամավորի ձեռքին կա՞ր որեւէ բան, որով էլ հարվածել է, Վարդանյանն ասց, որ այս պահին չի կարող ասել․ դատաբժշկական փորձաքննություն դեռ չի եղել, բայց հարվածը նման է գործիքով հասցված վնասվածքների։ «Վիրավորական բնույթի որեւէ արտահայտություն ոչ մեկի վերաբերյալ ինձ թույլ չեմ տվել ոչ հիմա, ոչ այլ նիստերի։ Պարոն Մինասյանը, Գեղամ Նազարյանը, որը նաեւ իմ աշխատասենյակում էր, ասում էր՝ շատ վատ բան ստացվեց, ինչի սենց բան արեց, եւ ես հիմա մամուլում տեսնում եմ հրապարակումներ, թե ես եմ նախահարձակ եղել, պրովակացիա արել, սրանք ոչ հարիր մանիպուլյացիաներ են, որոնք ինձ համար անընդունելի են»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը դիմել է հիվանդանոց դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։  Իսկ ՔԿ-ից հայտնել են, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է: 
17:49 - 31 մարտի, 2023
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
 |1lurer.am|

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է: Տեղեկությունը քիչ առաջ «Լուրերին» հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ Սահմանադրությամբ՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը դիմել է հիվանդանոց դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով, վիճակը բավարար է, դուրս է գրվել։ 
17:22 - 31 մարտի, 2023
Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց դեմքի պատռված վերքով. կոսմետիկ կար է դրվել
 |factor.am|

Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց դեմքի պատռված վերքով. կոսմետիկ կար է դրվել |factor.am|

factor.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ «Դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով, վիճակը բավարար է, դուրս է գրվել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» ԲԿ մամուլի քարտուղար Աննա Ղազարյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջադեպ է տեղի ունեցել Մհեր Սահակյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։ «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- Ֆեյսբուքում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ավելի ուշ իրավապահներն ԱԺ-ից տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին խմբակցությունից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ ներկայացրել է միջադեպի իր վարկածը։ «Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։ Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։ Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից»,- գրել է Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում։
14:23 - 31 մարտի, 2023
Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ ոստիկանություն է հրավիրվել
 |azatutyun.am|

Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ ոստիկանություն է հրավիրվել |azatutyun.am|

azatutyun.am: Միջադեպ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։ «Տեղի է ունեցել քննարկում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, հրավիրված է եղել նաև Եղիշե Կիրակոսյանը, ներկայացրել է իր գործունեությունն, անելիքները, քննարկման ընթացքում, բնականաբար, և՛ բանավեճ, և՛ քննարկումներ են տեղի ունեցել, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն, առանց որևէ հիմնավորման, դրդապատճառի, բառիս ուղիղ իմաստով, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք հոնքի հատվածում, անհրաժեշտ է բժշկական միջամտություն, կարեր դնելու անհրաժեշտություն կա։ Մենք հրավիրել ենք ոստիկանությանը, դիմել ենք դատախազություն», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Մհեր Սահակյանը հարվածելուց անմիջապես հետո վազելով փախել է սնեյակից, թաքնվել է Ազգային ժողովի որևէ մի անկյունում, հիմա ոստիկանությունը նրան է փնտրում»։ Սահակյանի հետ խոսել «Ազատությանը» դեռ չի հաջողվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը փոխանցեց, որ Մհեր Սահակյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, այլ հարցերի չպատասխանեց։ Դիտարկմանը, թե ՔՊ-ականների խոսքով, Մհեր Սահակյանն է հարձակվել Վլադիմիր Վարդանյանի վրա, Սիմոնյանն արձագանքեց, թե տեղյակ չէ։
12:44 - 31 մարտի, 2023
Էդգար Ղազարյանը ցանկանում է հանդիպել ՔՊ-ական պատգամավորների հետ

Էդգար Ղազարյանը ցանկանում է հանդիպել ՔՊ-ական պատգամավորների հետ

Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էդգար Ղազարյանը։  «Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը»,- նշել է Ղազարյանը։  Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
12:42 - 30 մարտի, 2023
ՔՊ-ն Սիսիանի մրցակից թեկնածուին և լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է դատարան
 |hetq.am|

ՔՊ-ն Սիսիանի մրցակից թեկնածուին և լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) երեկ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: ՔՊ-ի դիտարկմամբ՝ նշված անձիք և լրատվամիջոցը խախտել են Սիսիանի ավագանու ընտրության քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչության արգելքը: Հետևաբար կուսակցությունը դիմել է վարչական դատարան, որպեսզի վերջինները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով ենթարկվեն պատասխանատվության: Հիշեցնենք՝ մարտի 26-ին, Սիսիանում տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ։ Ընտրության օրը Սիսիանում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնել են. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։  Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք․ «Ես խոստանում եմ՝ վաղը բոլոր էն լրատվականները, ովքեր տպել են նման վերնագիր, ստանալու են համապատասխան դատական հայցեր, որովհետև նման կոպտագույն խախտում ուղղակի չի կարող լինել»։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
10:45 - 29 մարտի, 2023
ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

ՔՊ-ն առաջատար է թե՛ Անիում, թե՛ Սիսիանում․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Երեկ՝ մարտի 26-ին, ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեցին Շիրակի մարզի Անի ու Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում։ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել երկու համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շիրակի մարզի Անի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 934 է, մասնակցել է 9869-ը կամ 61.93%-ը։ ԿԸՀ նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատարն է։ «Ազգ-համայնք» դաշինք (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան) - 3134 ձայն կամ 31.75% «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան) կուսակցություն - 744 ձայն կամ 7․53% «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) - 795 ձայն կամ 8․05% «Քաղաքացիական պայմանագիր» (Արման Սարիբեկյան) - 5180 ձայն կամ 52․48%։ Անվավեր է համարվել մեկ քվեաթերթիկ։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ընտրողների ընդհանուր թիվը համայնքում 22 890 է, մասնակցել է 11 355-ը կամ 49․6%-ը։ ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալներով առաջատարը դարձյալ ՔՊ-ն է։ Հայաստանի հանրապետական կուսակցություն - 2 553 ձայն կամ 22․48% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 7 325 ձայն կամ 64.5% «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 1 443 ձայն կամ 12.7%: Անվավեր քվեաթերթիկների թիվը 34 է։ Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է: Այսպիսով՝ երկու համայնքներում առաջատար է իշխող ՔՊ կուսակցությունը։ Ընտրություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ, կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը ևԿա՜ Ապագա»։ Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ Անի համայնքի ընտրությունների ընթացքում ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քր. օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով (անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը): Սիսիանի ընտրությունների ընթացքում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել: ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում, որոնց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում։ Արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել նաև «Անկախ դիտորդը»։
09:34 - 27 մարտի, 2023
Պաստառներ արգելված վայրերում, գովազդ Facebook-ում․ «Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արաձանագրած ընտրախախտումների մասին

Պաստառներ արգելված վայրերում, գովազդ Facebook-ում․ «Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արաձանագրած ընտրախախտումների մասին

Սիսիան խոշորացված համայնքում «Անկախ դիտորդը» արձանագրել է մի շարք ընտրախախտումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Ըստ Իոաննիսյանի՝ այդ ընտրախախտումներն են․ «1. ՔՊ-ն Meta-ին վճարել է լռության և քվեարկության օրերին (այդ թվում այդ օրերին) Facebook-ում իրենց թեկնածու Արմեն Հակոբջանյանի նախընտրական քարոզչության իրականացման համար (Meta-ի հաշվետվության հղումը՝ մեկնաբանությունում): 2. Վարչական դատարանը ապօրինաբար մերժել է ՔՊ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության բերված դիմումի ըստ էության քննարկումը: Դատարանը պարտավոր էր այն ըստ էության քննարկել (մենք չենք պնդում, որ հայցապահանջը պետք է բավարարվեր), ինչպես արել էր 2021-ին մեկ այլ կուսակցության դեմ բերված ՔՊ-ի հայցով: 3. ՔՊ-ն բազմաթիվ շարք արգելված վայրերում փակցրել է պաստառներ, իսկ Համայնքային իշխանությունը (որը ՔՊ-ական է) չի կատարել դրանք հեռացնելու իր գործառույթը: Պաստառները հեռացվել են միայն քարոզարշավի վերջում՝ 34-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) միջամտությամբ: 4. ՔՊ-ի քարոզարշավի համար օգտագործվել են համայնքապատկան տրանսպորտային միջոցներ, ինչը, իմիջիայլոց, մասամբ արձանագրել է նաև ԸԸՀ-ն: 5. «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական պաստառներ և բուկլետները եղել (բաժանվել) են օրեքով արգելված վայրերում: 6. Մի շարք դեպքեր են նկատվել, երբ ընտրողին օգնողը, ըստ էության, ընտրողի փոխարեն էր քվեարկում (օգնելու պրոցեոսում ընտրողին չէր էլ հարցնում, թե ում քվեարկի, կամ, հակառակը, պարզապես վերահսկում էր ընտրողի ինքնուրույն քվեարկությունը)»։ Իոաննիսյանը հայտնել է նաև, որ «Անկախ դիտորդի» արձանագրումները շատ ավելի շատ են, դրանց մասին մանրամասն կխոսեն վաղը: Հետգրությամբ Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տարածվող լուրերին՝ գրելով․ «Քանի որ թեման շատ է քննարկվում, ասեմ, որ մենք ընտրակաշառքի մասին որևէ արժանահավատ տեղեկատվություն չունենք: Մամուլով այս թեման շատ աղավաղված է տարածում (դե-ֆակտո ՔՊ-ի դեմ կեղծ լուրերով հակաքարոզ է)»։ Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։ Հավելենք՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է:
21:14 - 26 մարտի, 2023