Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց ՔՊ-ի օրակարգում չկա
 |armenpress.am|
15:48 - 06 ապրիլի, 2023

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց ՔՊ-ի օրակարգում չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ոչ էլ խմբակցությունում  նման հարց չի քննարկվել։ Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է Ազգային ժողովի նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա։ Այդպիսի հարց չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտություն կա»,- ասաց Խանդանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:

Անդրադառնալով միջադեպին՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ այդ արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, որը փրկելու համար իշխող ուժը պետք է Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսի։

Ավելի ուշ մի շարք հասարակական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն, որով պահանջում էին Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել