ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք․ ԱԱԾ

Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ: Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու և Վոթսափ հավելվածով ուղարկելու, ինչպես նաև նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ: Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կրկին հորդորում ենք բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ ցմահ ազատազրկում։ Ծառայությունը կոչ է անում զերծ մնալ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, այլ անձանց կյանքն ու առողջությունը վտանգող նման պարսավելի և հանրության համար խիստ վտանգավոր հակաօրինական արարքներ կատարելուց: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:14 - 28 հունիսի, 2022
Տուրիստական գործունեությամբ զբաղվող անձինք կազմակերպել են ՀՀ շուրջ երկու տասնյակ քաղաքացիների ապօրինի միգրացիան օտարերկրյա պետություններ․ ԱԱԾ

Տուրիստական գործունեությամբ զբաղվող անձինք կազմակերպել են ՀՀ շուրջ երկու տասնյակ քաղաքացիների ապօրինի միգրացիան օտարերկրյա պետություններ․ ԱԱԾ

Տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք կազմակերպել են ՀՀ շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀազգային անվտանգության ծառայությունը։ Նշվում է, որ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով:  «Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, տուրիստական գործակալություններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման համար անհրաժեշտ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների ինքնությունները, որոնք տուրիստական ընկերությունների միջոցով անօրինական կարգով լքել կամ փորձել են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հիշյալ անձինք և նրանց ազգականներն իրենց ցուցմունքներով նկարագրել են հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց արարքները, տեղեկություններ հայտնել փոխանցված կամ խոստացված դրամական միջոցների չափի վերաբերյալ։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է ընդհանուր հինգ անձ, որոնցից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար և զգուշացնում, որ Ծառայությունը շարունակելու է այսօրինակ հանցագործությունների կանխման և դրանց ամբողջական բացահայտման աշխատանքները։
11:12 - 25 հունիսի, 2022
Կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչ է ձերբակալվել

Կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչ է ձերբակալվել

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք: «22.06.2022 թ.-ին Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ: 
11:33 - 23 հունիսի, 2022
«Մխիթար Գոշ» համալսարանը շուրջ 99,5 մլն դրամի հարկ է թաքցրել․ ԱԱԾ

«Մխիթար Գոշ» համալսարանը շուրջ 99,5 մլն դրամի հարկ է թաքցրել․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ  ««Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան»-ի իրավասու անձինք օրենքով սահմանված հաշվետվություններում և հարկման համար հիմք հանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված ԲՈՒՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ  արդյունքում 2018-2021թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 99,453,992 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները կատարելուց:  Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի  205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ըստ քննչական ենթակայության։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:36 - 20 հունիսի, 2022
Արմեն Գրիգորյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել․ պաշտպան

Արմեն Գրիգորյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել․ պաշտպան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ  քննչական մարմինը հայտարարել է Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։«Դատալսումները հավանաբար կսկսեն հուլիսի։ Հիշեցնում ենք Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ մեր հիմնական պնդումները. Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ,  Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»։ Հիշեցնենք ՝ մայիսի 17-ին Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Մայիսի 18-ին Գրիգորյանը կալանավորվել էր։  Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
11:04 - 18 հունիսի, 2022
Ձերբակալվել է ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա. ԱԱԾ

Ձերբակալվել է ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ձերբակալվել է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: «Պարզվել է, որ Պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը, ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կոռուպցիոն սխեմային ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Լուսանկարում աջից՝ Արմեն Հարությունյանը Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:37 - 17 հունիսի, 2022
Կառավարությունը որոշեց օտարման ներկայացնել  Քանաքեռ Զեյթունում գտնվող ԱԱԾ հասարակական շենքը

Կառավարությունը որոշեց օտարման ներկայացնել Քանաքեռ Զեյթունում գտնվող ԱԱԾ հասարակական շենքը

Կառավարությունը այսօր որոշեց մրցույթով օտարման ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն  ամրացված 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը, որ գտնվում է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում։  2018 թ․-ին ԱԱԾ-ին հանձնված գույքը նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք է դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ Գույքը ներկայացվել է օտարման դեռ 2020 թ․-ին գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Ներկայումս Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 միլիարդ 592 միլիոն 490 000 դրամ։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:27 - 17 հունիսի, 2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր  համաձայնությունը՝ հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։ Դրանից հետո, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով նախկին զինծառայողը հավաքել ու վարձատրության դիմաց օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի այլ տեղեկություն հանդիսացող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, նրանց զինվածության, մարտական առաջադրանքի, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։ Բացի դրանից, օտարերկրյա հետախուզական ծառայության առաջադրանքով զինծառայողը կապ է հաստատել նախկին համածառայակցի հետ և փորձել հանձնելու նպատակով ձեռք բերել ռազմական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ համար N զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, որպիսի գործողությունների կատարումը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Դավաճանական գործողությունների դիմաց նախկին զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 ԱՄՆ դոլար և 6000 ՌԴ ռուբլի գումար։  Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով քննվող մեկ այլ գործով ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող պայմանագրային զինծառայողը, սոցիալական ցանցերի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և հավաքագրվել նրանց կողմից։  Դրանից հետո, հիշյալ զինծառայողը ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու դիմաց գումար ստանալու նպատակով, հավաքել և բջջային հավելվածների միջոցով նրանց է փոխանցել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հանդիսացող՝ զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերի, զորամասի տեղակայման և շենքերի դասավորվածության, զորամասի կարգացուցակի և այլնի վերաբերյալ տեղեկություններ՝ այդ կերպ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերելով օգնություն և վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությանը՝ նշված գործողությունների համար բանկային փոխանցումներով պարբերաբար ստանալով ընդհանուր 900 ԱՄՆ դոլար գումար, իսկ պետական դավաճանություն կատարելու հետևանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ճշգրիտ հաշվարկներ, տարբեր հատվածներում ընդգրկված ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները: Պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հիշյալ երկու զինծառայողները ձերբակալվել են և տվել  խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով  հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:48 - 14 հունիսի, 2022
Շենգավիթի դատախազի տեղակալին եւ ձերբակալված եւս 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Շենգավիթի դատախազի տեղակալին եւ ձերբակալված եւս 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված  և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Ն.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ 2022 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք: Ըստ առաջադրված մեղադրանքի` Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի միջոցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հանդիպել է ամբաստանյալ Ն. Դ.-ի հետ և քննարկել վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքները: Հանդիպման ընթացքում Կ. Ն.-ն խոստացել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել դատարանի կողմից Ն. Դ.-ի նկատմամբ այնպիսի պատիժ նշանակելուն, որը հնարավորություն կտա վերջինիս համաներման մասին օրենքի հիման վրա ազատվել պատժից, ինչի համար ամբաստանյալից պահանջել է 2.500.000 ՀՀ դրամ կաշառք: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 17-ի դատավճռով Ն. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավորություն է ստացել համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի հիման վրա սահմանված կարգով ազատվել պատժից: 2022 թվականի մայիսի 19-ին Կ. Ն.-ն Գ. Գ.-ի տանը հանդիպել և Ն. Դ.-ից ստացել է պահանջված կաշառքի գումարից 2.000.000 ՀՀ դրամը, իսկ մնացած 460.000 ՀՀ դրամը Ն. Դ.-ն Ն. Ա.-ի օգնությամբ 2022 թվականի մայիսի 31-ին փոխանցել է Գ.Գ.-ի մտերիմ անձի բանկային հաշվեհամարին, ով նույն օրը գումարը կանխիկացրել և Գ. Գ.-ի միջոցով փոխանցել է պաշտոնատար անձին: 09.06.2022 թ.-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, վերջինիս կաշառք տված Ն. Դ.-ն և կաշառք ստանալուն օժանդակած  անձինք ձերբակալվել են: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ.-ին Կ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին և Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերը նշված բոլոր մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:30 - 10 հունիսի, 2022
Հայտնի է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանի  ձերբակալության պատճառը |factor.am|

Հայտնի է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանի ձերբակալության պատճառը |factor.am|

factor.am: Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Նրա փաստաբան Վահե Եփրիկյանը  ասաց, որ բերման ենթարկելու պատճառը 1․8 ամիս առաջ հարուցված քրեական գործն է, Եսայանն այս պահին ունի ձերբակալվածի կարգավիճակ։ Քրեական գործը վերաբերում է ՔՕ 225 հոդվածի 2-րդ մասին՝ Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը և 164 հոդվածի 1-ին մասին՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը։ Մանրամասները՝ factor.am-ում
17:15 - 10 հունիսի, 2022
Անչափահաս երեխաները տուժող են ճանաչվել խոշտանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով |hetq.am|

Անչափահաս երեխաները տուժող են ճանաչվել խոշտանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով |hetq.am|

hetq.am: Անչափահասների նկատմամբ Ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում տեղի ունեցած ենթադրյալ բռնության դեպքի առթիվ քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեից  փոխանցվել է Ազգային  անվտանգության ծառայություն: Երեխաները գործով տուժող են ճանաչվել և ցուցմունք տվել: Այս մասին ասաց երեխաների շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններից Միքայել Շխիմյանը: Հիշեցնենք, որ այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում անչափահասներ են բերման ենթարկվել՝ 15 և 17  տարեկան, որոնց նկատմամբ, ըստ պաշտպանի, բռնություն է գործադրվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այսինքն՝ խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ: Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է երկու օր առաջ՝ մայիսի  21-ին,  որից հետո երեխաներին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Պաշտպան Շխիմյանի խոսքով՝ արձանագրվել են երեխաների ստացած մարմնական վնասվածքները, ինչից հետո, փաստորեն, քրեական գործ է հարուցվել:
15:27 - 26 մայիսի, 2022
200 դոլարի դիմաց Ադրբեջանին է փոխանցել ռազմական գաղտնիքներ. ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

200 դոլարի դիմաց Ադրբեջանին է փոխանցել ռազմական գաղտնիքներ. ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Ղ-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետախուզական և հակահետախուզական գործունեության բնագավառում շարունակելու է ակտիվ ու հետևողական գործունեությունը և հավաստիացնում, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու գործունեության հիմնական ուղղությունն է, միաժամանակ զգուշացնում, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու` մեղավոր անձանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:20 - 25 մայիսի, 2022
Պետական սահմանի անցման կետերում վերահսկողություն կիրականացնեն միայն ԱԱԾ սահմանապահ զորքերը և մաքսային մարմինները. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

Պետական սահմանի անցման կետերում վերահսկողություն կիրականացնեն միայն ԱԱԾ սահմանապահ զորքերը և մաքսային մարմինները. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում ներդնել «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն՝ տնտեսավարողները կմոտենան միայն մեկ պատուհանի, անցման կետերում ֆիզիկապես ներկա կգտնվեն և վերահսկողություն, հսկողություն կիրականացնեն միայն երկու պետական մարմին: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Ըստ նրա՝ փաթեթը միտված է պետական սահմանի անցման կետերում  «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանը: «Ներկայումս պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն և հսկողական գործառույթներ են իրականացնում հետևյալ մարմինները՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ սահմանային վերահսկողության մասով, մաքսային մարմինները՝ մաքսային հսկողության մասով, ոստիկանությունը՝ անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության մասով, տեսչական մարմինը՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական  վերահսկողության մասով: Նախագծով առաջարկում է մի շարք օրենքներում կատարել փոփոխություն, մասնավորապես ամրագրել, որ պետական սահմանի անցման կետերում մշտապես ֆիզիկապես ներկա կգտնվեն միայն երկու մարմիններ՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ սահմանային վերահսկողություն իրականացնելու համար, ինչպես նաև մաքսային մարմինները՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար: Իսկ երբ անհրաժեշտություն կլինի պետական վերահսկողական գործառույթ իրականացնել, ապա դրանք կիրականացվեն այդ մարմինների կողմից: Մասնավորապես, նախատեսվում է, որ անձնագրային  և  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասով վերահսկողությունը կիրականացնեն ԱԱԾ մարմինները, իսկ ՍԱՏՄ-ի գործառույթների մասով գործառույթը կիրականացնեն մաքսային մարմինները: Մաքսային մարմինները պետական սահմանին կիրականացնեն ՍԱՏՄ-ի բացառապես այն ֆունկցիաները, որոնք ենթադրում են փաստաթղթային ուսումնասիրություն կամ ակնադիտական զննում: Նախագծում նախատեսվել է կարգավորում, որ առանձին դեպքերում ժամանակավորապես պետական սահմանի անցման կետերում հնարավոր կլինի տեղակայել նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ: Առանձին դեպք կարող է հանդիսանալ, օրինակ, կարանտինը: Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանը հայտարարեց՝ նախագիծը միտված է տնտեսավարողների կյանքը հեշտացնելու կառավարության նպատակադրմանը: «Եթե մաքսային անցման կետերում տնտեսավարողները գործ էին ունենում տարբեր պետական մարմինների հետ, ապա նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողը ընդամենը մեկ պատուհանի են մոտենալու և մեկ անգամ են առնչվելու պետական մարմնի հետ»,-ասաց պատգամավորը:
14:36 - 24 մայիսի, 2022