Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյանի հարցազրույցը


 |armenpress.am|

Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:   Հարցազրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը մասնակցելուց, խոսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը:  - Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը։  Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ:  – Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երևանն այս առնչությամբ։  Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության: Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ: Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021թ․նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022թ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ: – Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել: Բայց իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ: Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ:   – Իսկ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք։ Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։ - Ադրբեջանը հայտարարում է նաև, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ և շարունակում է նոր ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, պատրաստակամություն ենք հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դա հիմնականում իրականացվել է Ադրբեջանի կողմից, որը առաջին պատերազմի ընթացքում վերահսկում էր այդ տարածքները։ Հայկական կողմի համագործակցության կոչերը մնացել են անարձագանք և, ավելին, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտներ է հարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տվյալ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցի շահարկման արդյունքում 2017թ․ Ադրբեջանի կողմից նույնիսկ արգելափակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի 2019թ․ զեկույցում արձանագրված է, որ իրենց առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների զոհ է դարձել 747 անձ, որոնցից 59 տոկոս քաղաքացիական, և սա այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ականների պայթյուններից զոհերի թվի հաշվարկ սկսել են իրականացնել միայն 2004 թվականից ի վեր։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրված ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերին։ Նմանօրինակ ագրեսիվ գործողություններ Ադրբեջանն այս շրջանում իրականացրել է նաև Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես այս տարվա փետրվար և օգոստոս ամիսներին, դրանով իսկ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը էթնիկ զտումների չենթարկվելու համար անհրաժեշտություն ունի ինքնապաշտպանական ուժերի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված մնալ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, սա ևս որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Մեր այս պնդման իսկությունը ստուգելու համար վարչապետ Փաշինյանի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից։  – Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում առկա իրավիճակը տարածաշրջանում։ Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։ Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն  հաստատելու համար:  
17:21 - 28 նոյեմբերի, 2022
Բաքվից և Երևանից պահանջվում է ուժեղ քաղաքական կամք՝ համապարփակ կարգավորման հասնելու համար․ Տոյվո Կլաար

Բաքվից և Երևանից պահանջվում է ուժեղ քաղաքական կամք՝ համապարփակ կարգավորման հասնելու համար․ Տոյվո Կլաար

Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար: Այս մասին գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով Ադրբեջան կատարած այցի արդյունքները։  Նա նշել է, որ շատ մարտահրավերներ մնում են չլուծված։ Կլաարը նաև ընդգծել է Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։  Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Երևան է այցելել հոկտեմբերի 29-ին: Նա Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ 
14:46 - 28 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ. Մարուքյան

Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ. Մարուքյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Այս մասին իր թվիթերյյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Իլհամ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ: Սա Ռուսաստանի օրինական հիմքն է, որպեսզի ՌԴ-ն օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» անվանումը»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ, ինչպես նոյեմբերի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որում դժգոհում էր, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները, ինչպես նաև մեղադրել էր ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։   
10:58 - 28 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրավունքից․ Վարդան Օսկանյան

Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրավունքից․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի խնդրի վերաբերյալ։Ստորև ներկայացնում ենք հոդվածը.«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր զարգացումները պետք է դիրտարկել ուժի և իրավունքի հակադրության կամ համադրության կոնտեքստում։Թվում էր, թե պատերազմում հաղթած և իր բանակի իրական կամ թվացյալ հզորությունը ցուցադրած Ադրբեջանը չպետք է այլևս վախեր ունենա։ Հատկապես, երբ հայկական կողմը կամ ավելի ճիշտ, իշխանությունը, պարբերաբար հրապարակային ի ցույց է դնում ուժի հանդեպ իր վախերը։ Բայց հակառակ այն պնդման, որ ուժն է ծնում իրավունքը, ժամանակակից կոնֆլիկտներում ուժի և իրավունքի հակադրությունն է, որ կանխորոշում է երկարատև լուծումը։ Ի վերջո, ակնհայտ է, որ ուկրաինական կոնֆլիկտում նույնպես վերջնական լուծումը հիմնված է լինելու ուժի և իրավունքի համադրության վրա։ Ուժն ու իրավունքը կարող են հավասարաչափ հզոր գործոն լինել անկախ այն բանից, թե այս կամ այն կոնֆլիկտում ո՛ր՝ ուժի, թե իրավունքի փաստարկն է ավելի զորեղ։ Որևէ կոնֆլիկտում միայն ուժով պարտադրված լուծման անվերապահ ընդունումը, առանց իրավունքի գործոնը հաշվի առնելու, կարող է մարտահրավեր դառնալ միջազգային աշխարհակարգի կայունությանը։Ադրբեջանական կողմը դա հասկանում է, և հենց դա է պատճառը, որ չնայած ուժի տեսանկյունից նոմինալ հաղթանակին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման, այսինքն՝ իրավունքի ցանկացած հիշատակում Ադրբեջանում առաջացնում է հիստերիկ ռեակցիա։ Սա ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը նույնպես հասկանում է, որ խնդիրը լուծված չէ։Իմ՝ Արցախի արտգործնախարար նշանակվելու լուրին ադրբեջանական արձագանքը, անկախ այդ լուրի ճշմարտացիության աստիճանից, դրա ապացույցներից մեկն է։ Թվում էր, թե «հաղթած» Ադրբեջանին նման լուրերը պետք է բոլորովին չանհանգստացնեին։ Բայց ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին ողողված էին այդ լուրի տարածմամբ ու մեկնաբանություններով, որի հիմնական թեզն այն է, որ Արցախում ձևավորվում է «ռևանշիստների» իշխանություն։Պատերազմի «ռևանշը» ենթադրաբար նոր պատերազմը պետք է լինի։ Մինչդեռ այն փաստը, որ ադրբեջանցիները «ռևանշիստ» են անվանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագովներին և այդ գաղափարը միջազգային բեմ հանելու հնարավորություն ունեցողներին, երկու բան է հուշում՝ կա՛մ ադրբեջանական կողմը չի հասկացել՝ ինչ է «ռևանշը», կա՛մ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արծարծումը արդարացիորեն դիտարկում է որպես պատերազմին համազոր փաստարկ։Հատկանշական է, որ իմ նախարարության՝ 1998-2008 թվականներին և դրանից առաջ ևս չորս տարի փոխարտգործնախարարի պաշտոնում իմ դիրքորոշումը Արցախի հարցում հրապարակային էր և անփոփոխ՝ Արցախի ժողվուրդն ունի և պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ Այդ տասնչորս տարիների ընթացքում Ադրբեջանի նաև ներկա իշխանությունն իմ այդ դիրքորոշումը ոչ միայն ծայրահեղական չի համարել, այլև նստել է ինձ և մեր կառավարության հետ բանակցությունների, քննարկել է առաջարկվող տարբերակները, և ի վերջո այդ բանակցություններն են, որ 2007-ի վերջում հանգեցրել են համանախագահների կողմից առաջարկվող այնպիսի փաստաթղթի՝ «Մադրիդյան սկզբունքներին», որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դրա իրացման ծայրագույն դրսևորմամբ՝ ռեֆերենդումով։Այն, որ այսօր Ադրբեջանում Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի գաղափարակիրներին «ռևանշիստ» են անվանում, իրենց իրական մտահոգությունների դրսևորումն է։– Ադրբեջանի ներկայիս իշխանությունը լավ գիտի, որ ինքը կոնֆլիկտի առաջին օրվանից ստեղծել է իրավական և քաղաքական բոլոր հիմքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջի արդարացիության համար։– Ադրբեջանը լավ գիտի, որ իրականցրել է Արցախի խաղաղ ժողովրդի հանդեպ ֆիզիկական բռնություն։– Ադրբեջանը լավ գիտի, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ հռչակել է ոչ լեգիտիմ։– Ադրբեջանը լավ գիտի, որ իրավական մեծ սխալ է թույլ տվել 1991-ին՝ չեղարկելով Լեռնային Ղարաբաղի ինքվարությունը։– Ադրբեջանը լավ գիտի, որ վերջերս առավել կոպիտ սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, որ «զրո կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։– Ադրբեջանը լավ գիտի, որ ես լավ գիտեմ, թե հայր և որդի Ալիևիների իշխանությունը բանակցային ողջ գործընթացում ինչպիսի հանդուրժողական դիրքորոշում է արտահայտել Արցախի ժողովրդի ինքնորոշման հանդեպ։Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին անգամ իր կազմում ինքնավար կարգավիճակ տալու դրժումը այնպիսի իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս, որի ճիշտ կիրառման դեպքում բացվում է «անջատում հանուն փրկության» (remedial secession) իրավունքի և այդ հայտի՝ միջազգային հանրության կողմից ընդունման համար։Ադրբեջանի հետպատերազմյան էյֆորիան ու հանգստությունը ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով են, որ հայկական կողմում չկա ուժի հակադարձ կիրառման որևէ պատրաստակամություն, և կա հանուն տեսական պատերազմից խուսափելու՝ ցանկացած զիջման գնալու պատրաստակամություն, այլ հիմնականում այն պատճառով, որ հայկական կողմից երկու տարվա ընթացքում գրեթե ոչ մի անգամ չի հնչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստարկը։Այն հանգամանքը, որ նման օրակարգով իրավական միավոր կարող է ձևավորվել թեկուզ չճանաչված Արցախում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը նորից դուրս գա միջազգային հարթակ, Ադրբեջանում առաջացնում է իրական և հիմնավոր մտահոգություն։ Հետևաբար, այս օրակարգը բյուրեղացնելը պետք է դառնա Արցախի և ի վերջո Հայաստանի իրական պաշտպանվածությանն ուղղված բոլոր ջանքերի հիմքը»։
20:02 - 27 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ նմանատիպ հաղորդագրություն ՀՀ ՊՆ-ն տարածել էր նաև առավոտյան՝ նշելով, որ նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Մեկ այլ հաղորդագրությամբ էլ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ այն պնդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն էլ էր այսօր հերքել տեղեկությունը, թե կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրել էր հրադադարի պահպանման ռեժիմի խախտման 3 դեպք։  Արցախյան գերատեսչությունը հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հաղորդագրություն՝ հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին: Հավելենք, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի պաշտպանական գերատեսչությունների նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։
22:44 - 26 նոյեմբերի, 2022
Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ |armenpress.am|

Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն: Այս մասին «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նա ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ խորապես կարևորելով «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը: «Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարը: Մեր այս դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար:Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին»,-ասել է ԱԺ նախագահն իր ելույթում: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները: «Ադրբեջանը ցայսօր, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ»,-ասել է Թովմասյանը, հավելելով, որ արցախահայությունը  կանգնած է անցյալից դասեր առնելու, ընդօրինակելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև: Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է: «Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը: Աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը»,-ընդգծել է Արթուր Թովմասյանը:
17:03 - 26 նոյեմբերի, 2022
Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ուղղված հետագա քայլերին։ Բայրամովը և Կլաարը քննարկել են նաև Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները և խաղաղության հնարավոր պայմանագրի հետ կապված հարցեր: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Կլաարը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։
16:25 - 26 նոյեմբերի, 2022
Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դարձյալ հերքում է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության վերաբերյալ՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը իր ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
15:15 - 26 նոյեմբերի, 2022
Արցախից հայտնում են, որ Ադրբեջանի ՊԲ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Արցախից հայտնում են, որ Ադրբեջանի ՊԲ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ «Հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։ Արցախյան կողմից էլ հայտնում են, որ Ադրբեջանն է պարբերաբար կրակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Նոյեմբերի 24-ին ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանը կրակել է Մաղավուզ գյուղի ուղղությամբ։ Այս հաղորդագրությունից հետո Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մեղադրել էր ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու ու հայկական տեղանուններ գործածելու մեջ։ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբից արձագանքել էին Բաքվի հայտարարությանը՝ մեղադրանքն անվանելով «զարմանալի»։
14:51 - 26 նոյեմբերի, 2022
Պուտինն ու Ալիևը շաբաթվա մեջ երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել

Պուտինն ու Ալիևը շաբաթվա մեջ երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ողջ կոմպլեքսի իրականացման հետագա քայլերը՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական հարցերի շեշտադրմամբ։ Իլհամ  Ալիևը երեկ հայտարարել է նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը իր վերջին զրույցի ժամանակ քննարկել է ռուս պաշտոնյաների հետ։ Վերջին անգամ Ալիևի հետ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։  Նշենք, որ Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել նաև մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 22-ին՝ Վլադիմիր Պուտինի՝ ՀԱԿՊ խորհրդի նիստի շրջանակներում Երևան այցից ընդամենը մեկ օր առաջ։ Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո կայացել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
14:37 - 26 նոյեմբերի, 2022