Հայաստան

Նիկոլ Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարություններով թուլացնում է Հայաստանի դիրքերը |civilnet.am|

Նիկոլ Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարություններով թուլացնում է Հայաստանի դիրքերը |civilnet.am|

Հեղինակ՝ Տիգրան Գրիգորյան civilnet.am: Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանեց հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների նախօրոք ուղարկած հարցերին: Այս ասուլիսի ընթացքում ևս Ղարաբաղյան հակամարտության թեման առանցքայիններից էր: Փաշինյանը այս համատեքստում հերթական անգամ կատարեց մի շարք պնդումներ, որոնք խիստ խնդրահարույց են և մեծ հաշվով ամբողջովին համապատասխանում են ադրբեջանական քարոզչամեքենայի վերջին տասնամյակներին մշակած թեզերին: Փաշինյանն ու նրա թիմակիցները հետպատերազմյան փուլում 44-օրյա պատերազմում հայկական կողմի աղետալի պարտության մեջ պատասխանատվության սեփական բաժինը նվազեցնելու համար փորձում են հանրության շրջանում տարածել այն թեզը, թե Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված էր, և հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժը ի զորու չէր ոչինչ փոխել հօգուտ հայկական կողմի: Այս գործընթացում իշխող թիմը պարբերաբար օգտագործում է բանակցային փաստաթղթերի տարբեր կետերի շուրջ ադրբեջանական հայտնի շահարկումներն ու մեկնաբանությունները: Այսպես, դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, մեկնաբանելով ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտնի բանակցային դրույթը, նշեց․ «Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք։ Չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն»: Սա ակնհայտ մանիպուլյացիա էր ՀՀ վարչապետի կողմից, քանի որ թե՛ մադրիդյան, թե՛ կազանյան փաստաթղթերում սևով սպիտակի վրա գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է ԼՂ բնակչության պլեբիսցիտի (ազատ կամարտահայտության) միջոցով: Իսկ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»: Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսի ընթացքում այս շատ հստակ ձևակերպումները, որոնք նունիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է այլ կերպ ընկալել, որակեց որպես հայկական մեկնաբանություն և նշեց, թե հայկական այս մեկնաբանությամբ հանրաքվեն տեղի չէր ունենա երբեք: Ընդհանրապես, ասուլիսի այդ հատվածում Փաշինյանի հնչեցրած մտքերը կրկին ի ցույց դրեցին մի պարզ իրողություն, որը մինչ այդ էլ էր ակնհայտ՝ ՀՀ ներկայիս իշխող թիմի կազմում չկան գործիչներ, որոնք ի վիճակի են ընկալել բանակցային փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումներն ու բանակցային գործընթացի հետ առնչություն ունեցող կարևոր հանգամանքները: Առանցքային հարցերի շուրջ բազային գիտելիքների բացակայության ու սեփական նեղ խմբակային շահի պաշտպանության համար բոլոր հարցերում մանիպուլյացիաներ անելու պատրաստակամության արդյունքում Փաշինյանը պարբերաբար կատարում է պնդումներ, որոնք աստիճանաբար թուլացնում կամ նույնիսկ անէացնում են ՀՀ տարբեր դիրքորոշումներ Արցախյան հիմնահարցում: ՀՀ վարչապետի մոտ անտեղյակության ու մանիպուլյացիաների նկատմամբ հակվածության այս հետաքրքիր սիմբիոզը ասուլիսի ընթացքում առանձնապես ցցուն էր, երբ նա պատասխանում էր ՍիվիլՆեթի հարցին: Հարցը հետևյալն էր․ «1992-ից ից ի վեր միջնորդների առաջարկած կարգավորման բոլոր պլանները ընդունել են նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես քաղաքական միավորի սահմանները։ 2020-ի պատերազմում այդ սահմանները էապես խախտվել են։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունը ունի՞ պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները։ Եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, Հայաստանը արդյոք բարձրացնելո՞ւ է Շուշիի և հատկապես Հադրութի դեօկուպացիայի հարցը»։ Նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերաբերյալ այս շատ ընկալելի հարցին Փաշինյանն իր պատասխանը հնչեցրեց Լեռնային Ղարաբաղի հայկական լինելու կամ չլինելու շուրջ տեսական, անբովանդակ ու բավականին երկարատև մտատանջանքների տեսքով: Նա մասնավորապես նշեց, որ ԼՂԻՄ-ը բանակցային գործընթացում երբեք չի դիտարկվել որպես զուտ ու միայն հայկական միավորում, որովհետև ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային օրակարգի մեջ: Շարունակելով միտքը՝ նա կատարեց բոլորի համար ակնհայտ ու հայտնի փաստի «բացահայտում»՝ նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը ևս մասնակցելու էր ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեին: Այս հանրածանոթ փաստի արձանագրումից հետո պարադոքսալ եզրահանգում արեց՝ «եթե ԼՂ ադրբեջանական բնակչությունը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի, ուրեմն այն ունի նաև Լեռնային Ղարաբաղից ինքնորոշվելու իրավունք»: Սա Փաշինյանի մտավոր աճպարարության հերթական վառ օրինակն է, որ որևէ աղերս չունի իրականության հետ: Վերջին երեսուն տարվա ընթացքում որևէ բանակցային փաստաթղթում նման դրույթ չի եղել: Ասուլիսի ընթացքում այս համատեքստում Փաշինյանի մեկ այլ «բացահայտումը» այն էր, որ բանակցային փաստաթղթերով նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնար Լեռնային Ղարաբաղ: ՀՀ վարչապետի այս միտքը բացատրում է նրա կողմից նախկինում արված մի շարք հայտարարություններ ու ընդունված որոշումներ: Փաշինյանը, փաստորեն, տարբերություն չի տեսնում որևէ բնակավայր ադրբեջանական բնակչության վերադարձի ու այդ բնակավայրի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատվելու միջև: Դա է պատճառը, որ Փաշինյանը հայտարարում էր՝ մինչ պատերազմը բանակցային փաստաթղթերով նախատեսվում էր Շուշիի հանձնումը Ադրբեջանին: Դա է նաև պատճառը, որ 2020-ի հոկտեմբերի 20-ին նա հրաժարվեց ստորագրել զինադադարի վերաբերյալ հայտարարությունը: Փաշինյանի պնդումը 2016-ին ներկայացված կարգավորման պլանի մասին Փաշինյանն իր ասուլիսի՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հատվածում մեկ այլ պնդում կատարեց, որը ևս արժանի է ուշադրության: Նշեց, որ 2016-ին բանակցային սեղանին դրվել է առաջարկությունների երեք փաթեթ, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին նախադասություն ներառված չի եղել: Փոխարենը, ըստ Փաշինյանի, այդ փաստաթղթով ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ էլ որոշում պիտի կայացվեր այդ ժամանակավոր կարգավիճակի իրավական և գործնական կիրառման նրբությունների վերաբերյալ: Նա եզրահանգում է, որ ՄԱԿ-ի Անվտանգութան խորհուրդը ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցով կանխատեսելի լուծում կկայացներ, քանի որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 1993-ին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերից երկուսում Լեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի մաս: Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:39 - 25 դեկտեմբերի, 2021
Քննարկվում են սցենարներ, թե դեմարկացիոն հնարավոր գործընթացների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ․ Փաշինյանը՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի մասին

Քննարկվում են սցենարներ, թե դեմարկացիոն հնարավոր գործընթացների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ․ Փաշինյանը՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի մասին

«Մենք հիմա խոսում ենք, որ պետք է սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա լինի․ քննարկում կա, թե որ թվի քարտեզներով պետք է տեղի ունենա այդ գործընթացը։ Կա 69 թվի քարտեզ, կա 75 թվի քարտեզ, ամենատարբեր քարտեզներ գոյություն ունեն։ Մենք հիմա էդ բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք եւ տեսնում, որ տարբեր տարբերակներով կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհներն էդ քարտեզներով որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից»։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Infocom-ի հարցի՝ արդյոք Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի կառուցում նախատեսվո՞ւմ է, եւ եթե այո, ապա ինչով է պայմանավորված դրա անհրաժեշտությունը եւ ինչ նշանակության է լինելու այն։ Փաշինյանը մեկնաբանեց, որ հիմա նայում են հնարավոր սցենարներ, քննարկում, թե հնարավոր գործընթացների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե առաջանան, ապա ինչպես կարող են հաղթահարվել դրանք։ «1975-ի քարտեզներով ասենք Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն էսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի հողատարածքների մի շատ մեծ մասը Ադրբեջանի հսկողության տակ է իննսունականներից։ Պառավաքար գյուղինը՝ նույնպես, Այգեհովիտի վարելահողներից ոչ մեծ, բայց էական կտոր՝ նույնպես»,- նշեց նա։ «Այսինքն՝ մենք նայում ենք տարբեր սցենարներ, որ եթե սահմանն էսպես դեմարկացիա լինի, ինչ խնդիր կունենանք, մյուս սցենարով՝ ինչ խնդիր կունենանք, եւ էդպես շարունակ, որովհետեւ իրավիճակի նրբությունների մեջ պիտի խորանանք։ Մենք հիմա ուսումնասիրում ենք՝ պատմության ընթացքում ինչքան իրավական հիմք գոյություն ունի, ամբողջը դուրս ենք բերում, դա մեզ բանակցությունների համար էլ է պետք, որովհետեւ պիտի հասկանանք դաշտը։ Էնտեղ (նկատի ունի Կիրանց-Ոսկեպար ճանապարհը,-խմբ․), եթե նույնիսկ էդ խնդիրը ծագում է, խնդիրը մի քանի կմ-ի մասին է, երբեմն նույնիսկ մի քանի հարյուր մետրի մասին»,- նշեց վարչապետը։ Հիշեցնենք, որ Ոսկեպարի ղեկավար Սերոբ Մախսուդյանն Infocom-ի հետ զրույցում ասել էր, որ այս լուրերի մասին միայն բնակիչներից զրույցի մակարդակով է լսել, ավելի ոչինչ չգիտի ու տեղեկություն չունի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին։
21:45 - 24 դեկտեմբերի, 2021
2016-ին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել․ ԼՂ-ի կարգավիճակը ճշգրտելու հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի ԱԽ․ Նիկոլ Փաշինյան

2016-ին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել․ ԼՂ-ի կարգավիճակը ճշգրտելու հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի ԱԽ․ Նիկոլ Փաշինյան

Ներկայում ՀՀ-ն ունի՞ պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները, եթե բանակցությունները երբեւէ մեկնարկեն, ՀՀ-ն արդյոք բարձրացնելո՞ւ է Շուշիի եւ հատկապես Հադրութի դեօկուպացիայի հարցը․ առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ ամենակարեւոր, բայց նաեւ որոշակի դժվարություններ ունեցող թեման այն է, որ կարողանան հանրության հետ խոսելիս ներկայացնել ԼՂ հարցի բանակցային գործընթացի բոլոր շերտերը․ «Բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ ԼՂ ինքնավար Մարզը երբեք, ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ եւ միայն հայկական միավորում։ Որովհետեւ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ադրբեջանցիներ, եւ նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։ Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման համար հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, նշանակում է՝ ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական բնակչություն»,- ասաց Փաշինյանը։ «Ենթադրենք հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությամբ տեղի չէր ունենալու երբեք, բայց ենթադրենք, եթե հայկական մեկնաբանության պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պիտի մասնակցեն ադրբեջանցիները։ Ենթադրենք՝ ադրբեջանցիները պիտի մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում է հայկական կողմը։ Հիմա, երբ ինքնորոշման իրավունքը ենթադրենք իրականացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, հարց․ իսկ ԼՂ-ի ադրբեջանցիներն այդ համատեքստում նրանք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պիտի առաջանային»,- հարց հնչեցրեց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը խոսում է բանակցային եղած բովանդակության նրբությունների մասին։ Այս համատեքստում, Փաշինյանի խոսքով, ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պիտի արձանագրվեր․ «Այսօր հնչում են մտքեր, արվում են հայտարարություններ, որոնք իրականում 2018-ի դրությամբ առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն, կամ էլ մի նախադասություն է վերցված, դարձրած դրոշակ։ Բայց այդ փաթեթը նույնիսկ մի փաստաթղթից չէ ձեւավորված։ Եւ երբ ես ասում եմ, որ 2016-ին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել, հենց էս համատեքստը նկատի ունեմ, որը մի շերտանի չէ»։ 2016-ին, ըստ Փաշինյանի, ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ՝ ՄԽ համանախագահների կողմից, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ․ «Բայց աղետը սա չէ․ այդ փաթեթներում նշվել է, որ ԼՂ-ն ունի օրենսդիր մարմին, դատական իշխանություն եւ այլն (որն, իմիջիայլոց, հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում եւ գովազդվում է), բայց ոչ մեկը չի ասում, որ ԼՂ-ի էդ ժամանակավոր իրավիճակը եւ կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ էդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եւ ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, խորհրդակցելով Ադրբաջնի, ՀՀ-ի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում իմ նշած համակարգերի իրավական եւ պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ»։ Այստեղ, Փաշինյանի խոսքով, խնդիր կա․ «Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է՝ ամեն ինչ անել, որ հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթում։ 2016-ում հարցի լուծման պարամետրերըը տեղափոխվում են ՄԱԿ ԱԽ։ 2017-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասում է, որ ԼՂ կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը, ինքը հենց էս նկատի ունի։ Հիմա բանն եկավ-հասավ ՄԱԿ ԱԽ։ Կանխատեսելի՞ է արդյոք, թե ինչ որոշում է կայացնելու էս հարցով ՄԱԿ ԱԽ-ն։ Ինչ հարց է էստեղ լուծվելու մի հարց՝ ԼՂ-ի՝ մինչեւ վերջնական կարգավիճակը լինելն, ի վերջո, թեկուզ միջնակյալ կարգավիճակով, Ղարաբաղն, ի վերջո, ո՞ր երկրի մաս է կազմում։ Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է, սա դառնում է շատ կանխատեսելի մի լուծում, որովհետեւ 1993-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձեւ, որտեղ ասվում է․ ա․ Ադրբեջանի՝ ԼՂ տարածաշրջան, ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը։ Այս աղետն է տեղի ունեցել 2016-ի բանակցային գործընթացում։ Սա կարեւոր է, որ եթե ԼՂ էդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- ասաց Փաշինյանը։
21:40 - 24 դեկտեմբերի, 2021
Խոսք է գնում Թուրքիայի հետ օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում եւ ողջունում այդ մոտեցումը․Նիկոլ Փաշինյան

Խոսք է գնում Թուրքիայի հետ օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում եւ ողջունում այդ մոտեցումը․Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, եթե հարցը դնենք կոմունիկացիաների տրամաբանության մեջ, ես ասացի՝ մեզ համար կարեւոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու, ձեւավորելու օրակարգը։ Առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրինակ, Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարզվի, որ այս հնարավոր բացվող, ստեղծվող կոմունիկացիաներն ավելի մեծ եւ ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա, իհարկե, մեր օրակարգերի կարեւորագույն հարցերից մեկն է, օրինակ սահմանի եւ հայ-թուրքական երկաթուղու բացումը։ Հիմա խոոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում եւ ողջունում այդ մոտեցումը։ Հույս ունեմ՝ իսկապես իրականում փոխադարձ թռիչքները կսկսեն։ Այսինքն՝ մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է։ Բայց, էլի եմ ասում, մենք գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, զգայունություններ։ Էդ հարցի վերաբերյալ ՀՀ-ում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք»,- նկատեց Փաշինյանը։ Թե երբ տեղի կունենա՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, Փաշինյանն ասաց, որ այս պահին այդպիսի հանդիպում նշանակված չէ, բայց ինքը հույս ունի՝ հնարավորինս արագ կնշանակվի․ «Պարզ է, որ մեկ, երկու, երեք, չորս հանդիպումներ․․․ Շատ երկար պրոցես է տեղի ունենալու, եթե կպարզվի, որ չորս կամ հինգ հանդիպման արդյունքում կարող ենք կոնկրետ բան արձանագրել, շատ ավելի լավ, բայց սպասել, որ հենց էդպես էլ տեղի կունենա․․․ Չափազանցված սպասումներ պետք չէ ձեւավորել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ, ըստ ամենայնի, կձեւավորվի աջակցող խումբ, որը մեր բանագնացին՝ Ռուբեն Ռուբինյանին, աջակցություն կցուցաբերի, քանի որ դա թիմային աշխատանք է։ Փաշինյանի կարծիքով՝ այս իրավիճակում, այս բանակցություններում շատ կարեւոր է, որ բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ․ «Ես կարծում եմ, որ պարոն Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ արդեն բավականին ծանր փորձառությունը, ես նկատի ունեմ՝ դժվար է մեր թիմի որեւէ անդամի ասել՝ փորձառություն չունեցող, որովհետեւ մենք թեկուզ վերջին մեկ տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որ գուցե տասնամյակի փորձույթուն է։ Բայց ես ասացի՝ Ռուբինյանը միայնակ չի տանելու էդ պրոցեսը, մեր դիվանագիտական կորպուսից ԱԳՆ-ում ձեւավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է։ Պարոն Ռուբինյանը գլխավոր բանակցողն է այս թեմայով, բայց դա չի նշանակում, թե մեր նախորդ փորձառությունից էս ամենը կտրված է լինելու»։
20:50 - 24 դեկտեմբերի, 2021
Ճանապարհների ապաշրջափակումը ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանի հետ կապող, այլեւ սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաեւ ՀՀ-ն․Նիկոլ Փաշինյան

Ճանապարհների ապաշրջափակումը ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանի հետ կապող, այլեւ սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաեւ ՀՀ-ն․Նիկոլ Փաշինյան

Առցանց ասուլիսի ժամանակ, խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին՝ հատկապես Սյունիքի մասով, Փաշինյանն ասաց․ «Ես շատ կուզենայի, որ ճանապարհների հարցը մենք բաժանենք մի քանի մասի․ առաջինն իրավական կարգավորումների խնդիրն է։ Եթե մենք այդ խնդրով գալիս ենք համաձայնության, մնացած հարցերը դառնում են տեխնիկական։ Որովհետեւ մենք սա ընկալում ենք, որ պետք է ճանապարհ լինի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ կապող, բայց ես ուզում եմ, որ մենք դիտանկյունը փոխենք, որովհետեւ, այնուամենայնիվ, սա տեղի է ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանության մեջ»։ Փաշինյանի խոսքով՝ սա ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանի հետ կապող, այլեւ սա նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաեւ ՀՀ-ն․ «Հետեւաբար, երբ մենք համաձայնության գանք Ադրբեջանի հետ իմ նշած հարցերի շուրջ, մենք մեր դիտակետը նաեւ էն տրամաբանության պետք է վերանայենք, որ մենք պիտի ունենանք մեր տեսանկյունից մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար, որովհետեւ դա ՀՀ-ին կբերի շատ կոնկրետ օգուտներ։ Այս համատեքստում է, որ մենք նախկինում էլ չենք բացառել ու չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը մեր տեսանկյունից կլինի միջազգային հաղորդակցության կարեւոր ուղի»։ Փաշինյանը հիշեցրեց, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստում այդ միտքը ձեւակերպել է, որ եթե մեզ հաջողվի արդեն իսկ նշված տրամաբանության եւ սկզբունքների շրջանակներում գալ համաձայնության, ՀՀ ղեկավարության նպատակադրումն է՝ մեր ունեցած Հյուսիս-հարավ նախագիծն իր բովանդակության եւ էության մեջ ընդլայնել՝ այն դարձնելով արեւելք-արեւմուտք՝ խաչաձեւ ճանապարհ, որը, Փաշինյանի համոզմամբ, էականորեն կմեծացնի այդ ճանապարհի նշանակությունը։ Ինչ վերաբերում է այդ ճանապարհով երթեւեկելու անվտանգային երաշխիքներին՝ Փաշինյանն ասաց, որ այդ երաշխքիները պետք է փոխադարձաբար կոնկրետացվեն։ Փաշինյանի խոսքով՝ անվտանգության մասով ուղեկցումը հնարավոր տարբերակներից մեկն է։
20:21 - 24 դեկտեմբերի, 2021
Երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար, Ադրբեջանի համար ընդունելի է, եւ մենք պայմանմավորվեցինք գործարկել երկաթուղու հնարավորությունը․Նիկոլ Փաշինյան

Երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար, Ադրբեջանի համար ընդունելի է, եւ մենք պայմանմավորվեցինք գործարկել երկաթուղու հնարավորությունը․Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսը։ Դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ վերագործարկվելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ «Թե՛ ԵՄ, թե՛ ՌԴ կողմի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումներից հետո, փաստորեն, հաջողվել է հասնել կոնկրետ արդյունքների միայն երկաթուղու հարցում։ Ո՞րն է այն գլխավոր խոչընդոտը, որ համաձայնություն ձեռք չի բերվում ավտոճանապարհների ապաշրջափակման հարցում։ Արդյոք Բրյուսելում դռնփակ հանդիպումների ժամանակ Ադրբեջանն այլ պահանջներ է առաջ քաշել»,- Փաշինյանին ուղղված հարցերից առաջինն է՝ հավելումով՝ կարո՞ղ է բրյուսելյան հանդիպումներից հետո վերահաստատել, որ հայկական կողմը որեւէ պարագայում չի համաձայնվի առանց մաքսային ստուգումների եւ մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին։ Փաշինյանը պատասխանեց, որ հանդիպումից առաջ էլ գծանշել էր հայկական կողմի կարմիր գծերը, որ միջանցքային որեւէ տրամաբանություն հայկական կողմը չի ընդունում․ «Այն, ինչ պայմանավորվեցինք եւ խոսեցին երկաթուղիների մասով Բրյուսելում, Սոչիսում սկսված խոսակցության ամփոփումն էր, եւ այդտեղ արձանագրումը հետեւյալն էր, որ երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար, Ադրբեջանի համար ընդունելի է, եւ մենք պայմանմավորվեցինք գործարկել երկաթուղու հնարարությունը»։Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին՝ Փաշինյանն ասաց, որ մեր սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը․«Բայց Բրյուսելում ես եւ Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք այսպիսի դիրքորոշումներ, որովհետեւ հրապարակյին հնչող դիրքորոշումները այսբերգի երեւացող կողմն են։ Բայց կան պատճառներ ու խնդիրներ, որոնց պատճառով այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։ Երբ մտանք մանրամասների մեջ, ես այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր դիրքորոշումները, թե՛ Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ, բայց էս մասով մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք, պարզապես այդ հանդիպումից հետո նաեւ ես որոշակի հնարավորություններ տեսա, եւ դրանք մենք պիտի փորձենք օգտագործել, որպեսզի այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում մեր էն կարմիր գծերը, որոնց մասին ես արդեն ասել եմ»։ «Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է այն նույնը, ինչ քննարկվել է դրանից առաջ եւ հետո»,- ասաց Փաշինյանը։ «Այդ խոսակցությունն իր դինամիկայի եւ բովանդակության մեջ ոչ մի փոփոխություն չի ունեցել, որովհետեւ ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի ներկայությամբ էլ էլի քննարկել ենք մեր օրակարգի հարցերը։ Առանձնազրույցը ոչնչով չի տարբերվել նախորդ խոսակցություններից»,- վստահեցրեց նա։
20:06 - 24 դեկտեմբերի, 2021
Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը |fip.am|

Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը |fip.am|

fip.am: Նոյեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների տեղեկացմամբ կեսգիշերից Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրվեն մաքսակետեր և այդտեղով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրականացվի մաքսային հսկողություն։ Սակայն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ օրեր առաջ վերջնականապես ավարտվել են Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման աշխատանքները։  Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Գլխավոր շտաբից հաստատել են, որ մեկ տարի առաջ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև կնքվել է պայմանագիր։ Թեև պայմանագրի բովանդակությունը չի գաղտնազերծվել, պատգամավորի պնդմամբ՝ դրանով հայկական զինուժը հետ է քաշվել Զանգելանի և Կուբաթլուի այն հատվածներից, որոնք 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կնքման պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։  Այս փաստաթղթի վերաբերյալ իշխանությունները մինչև վերջերս ոչ մի մեկնաբանություն չէին տվել և նույնիսկ չէին հիշատակել փաստաթղթի գոյության փաստը, սակայն երբ դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է հանրությունից թաքցվել փաստաթղթի գոյությունը, որով վերջիններս պարտավորվել են զորքերը հետ քաշել զբաղեցրած տարածքներից, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց, որ փաստաթուղթը զորքերի հետքաշման մասին չէր։ «Այդ փաստաթուղթը եղել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է այդ ճանապարհը (Գորիս-Կապան- խմբ․) օգտագործել՝ մինչև այլընտրանքային ճանապարհը ունենալը»,- հայտարարեց Գրիգորյանը։ Վերջինս ասում է, որ փաստաթղթով Գորիս-Կապան ճանապարհը պետք է շահագործվեր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Այսինքն, կառավարությունը նախապես գիտեր, որ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի հիմնանորոգման ավարտին պես Ադրբեջանը փակելու է Գորիս-Կապան ճանապարհը։ Սրա հետևանքով Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերի կապը արտաքին աշխարհի հետ գրեթե անհնարին էր դառնալու, քանի որ վերջիններս գործնականում մնալու էին դաշտամիջյան ճանապարհների հույսին, որոնք մարդատար մեքենաների համար անանցանելի են։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է ԱԽ քարտուղարի այն պնդմանը, թե փաստաթղթի գոյությունն ու բովանդակությունը գաղտնի չեն եղել, և ցույց է տվել, որ դրա մասին հանրությունն իմացել է միայն ընդդիմության հայտարարությունից հետո։ Սակայն Գրիգորյանի հայտարարության մեջ կա մեկ այլ կարևոր դրվագ։ Խնդիրը լուծելու համար կառավարությունն ուներ մեկ տարի ժամանակ։ Այդ ընթացքում հիմնանորոգեց միայն M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհը, և միայն նոյեմբերի 11-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու, անցակետեր տեղադրելու և մաքսային հսկողություն իրականացնելու մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց որոշվեց հրատապ կարգով սկսել գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղեր տանող ճանապարհների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման փուլը։  Այդ որոշմամբ կառավարությունը Որոտան-Խոտ ճանապարհի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար 33 մլն դրամ հատկացրեց  «Մոդուլ» ՍՊԸ-ին, Քաշունի-Բարձրավան ճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 34 մլն դրամ «Սուֆետ» ՍՊԸ-ին, իսկ Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 39 մլն դրամ նույն «Սուֆետ» ՍՊԸ-ին։ Նշենք, որ որոշմանը զուգահեռ ճանապարհի որոշ հատվածներում արդեն ակտիվ աշխատանքներ էին ընթանում։ Ինչ վերաբերում է շրջանցիկ հիմնական՝ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհահատվածի հիմնանորոգմանը, «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս սեպտեմբերին գրել էր այդ մասին՝ ցույց տալով, որ աշխատանքները սկսվել էին ոչ թե պատերազմի ավարտից անմիջապես հետո, այլ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ այդ ժամանակ ոչ մի տեղեկություն չկար, որը թույլ կտար պնդել, որ կառավարությունը դրսևորել է ոչ թե անփութություն, այլ անգործություն։ Ստացվում է՝ Հայաստանի իշխանությունները ստորագրել են մի փաստաթուղթ, որով ժամանակ են ստացել Գորիս-Կապան մայրուղին շրջանցող մեկ այլ ճանապարհ կառուցելու համար, սակայն դրա հիմնանորոգման աշխատանքները սկսել են փաստաթուղթը ստորագրելուց կես տարի անց միայն, իսկ ճանապարհի փակվելուց հետո գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղերը արտաքին աշխարհին կապելու համար ոչինչ չեն ձեռնարկել՝ չնայած ճանապարհներ կառուցելու համար ունեցել են մեկ տարի ժամանակ։ Այսպիսով՝ եթե ճիշտ է Արմեն Գրիգորյանի պնդումը, թե փաստաթուղթը ճանապարհների օգտագործման մասին է, ապա կառավարությունը, իմանալով այլընտրանքային ուղիներ գտնելու ժամկետների մասին, կես տարի անգործություն է ցուցաբերել M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման և մեկ տարի՝ Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերը արտաքին աշխարհին կապելու գործում։ Սևադա Ղազարյան
16:58 - 24 դեկտեմբերի, 2021
Բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա |armenpress.am|

Բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը զարգացնում է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովայի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների առարկայական քննարկումը շարունակվում է երեք պետությունների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում: «Այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ողջ համալիրը, այդ թվում` ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան: Նա նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: «Մոսկվայում ողջունում են միջազգային ջանքերը, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Բայց այս դեպքում, շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները, Երեւանի եւ Բաքվի համաձայնությունը»,- ասել է Զախարովան:
16:37 - 24 դեկտեմբերի, 2021
Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Դեկտեմբերի 8-ին հայաստանյան մեդիադաշտում տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը եւ հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ոսկեպարի ղեկավար Սերոբ Մախսուդյանն Infocom-ի հետ զրույցում դեկտեմբերի 9-ին ասել էր, որ այս լուրերի մասին միայն բնակիչներից զրույցի մակարդակով է լսել, ավելի ոչինչ չգիտի ու տեղեկություն չունի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին։ Մեր զրույցում նաեւ Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Խաչիկ Գիշյանն էր նշել, որ տեղեկություններ չունի շրջանառվող լուրերի մասին, նա առաջարկել էր դիմել Ճանապարհային դեպարտամենտին։ Գերատեսչությունից, սակայն, բանավոր որեւէ պատասխան չէին տվել՝ առաջարկելով բոլոր հարցերն ուղարկել գրավոր։ Ուստի դեկտեմբերի 9-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ին գրավոր խնդրեցինք հայտնել՝ արդյոք ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում նախատեսվո՞ւմ է կառուցել նոր ճանապարհ, եւ եթե այո, ապա որտեղո՞վ է անցնելու ճանապարհը, ի՞նչ տարածքներ է շրջանցելու։ Խնդրել էինք նաեւ նշել՝ եթե նոր ճանապարհի կառուցում նախատեսվում է, ապա ինչով է պայմանավորված դրա անհրաժեշտությունը, ինչ նշանակության ճանապարհ է լինելու այն։ Բայց ոչ միայն այս հարցերին, այլեւ կոնկրետ Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման վերաբերյալ հայցած տեղեկություններին Դեպարտամենտը որեւէ հստակ պատասխան չի տվել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ ՀՀ ճանապարհային ոլորտն ակտիվորեն զարգանում է, եւ որ տարբեր քննարկումներ են իրականացվում միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Դեպարտամենտն ընդգծել է, որ հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։ «Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ ելնելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից՝ հանրապետության տարբեր տարածաշրջաններում իրականացվում են ուսումնասիրություններ՝ առկա ճանապարհներից բացի նոր երթուղիներ ունենալու ուղղությամբ»,- գրել է Դեպարտամենտը՝ գեթ մեկ անգամ չհիշատակելով Ոսկեպար անունը՝ այդպիսով ոչ հերքելով, ոչ հաստատելով, որ նոր ճանապարհի կառուցում է նախատեսվում։ Ստորեւ ինտերակտիվ քարտեզի վրա ցուցադրում ենք, թե այս պահին որտեղով է անցնում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, եւ թե ինչու են այլընտրանքային ճանապարհի մասին խոսակցություններ շրջանառվում։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը Մ16 միջպետական ավտոճանապարհի մի մասն է։ Այդ ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը, ըստ Google քարտեզի, առնվազն չորս տեղ դուրս է գալիս ՀՀ տարածքից․ այդ հատվածները նշված են կարմիրով։ Ճանապարից ձախ ընկած է Վերին Ոսկեպարը, նշված է կարմիրով․ այն, դարձյալ ըստ Google քարտեզի, ՀՀ-ի տարածքում չէ, այլ Ադրբեջանի։ Ճանապարհից աջ ընկած են Ներիքն Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը։ Մինչ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պաշտոնական տեքստը կհրապարակվեր, մամուլում այդ փաստաթղթի նախնական տարբերակն էր շրջանառվում, որը պահպանվել է ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում. դրանում նշված էր, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ Ղազախի շրջանի յոթ գյուղերը՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։ Հայտարարության վերջնական տեքստում այդ դրույթը բացակայում էր, չնայած հետագայում՝ այս տարվա հունիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հաստատեց, որ Ղազախի շրջանների գյուղերի թեման եղել է նաեւ նոյեմբերի 9-ին, սակայն հայկական կողմին հաջողվել էր այդ դրույթը հանել տեքստից։ Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, Բերդում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն եւ անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով եւ պրակտիկայով սահմանված լուծման ձեւեր, որ էն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը ուղղակի թողնում են։ Ինչու, որովհետեւ մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն էն է, որ էդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ եւ էն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, էն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։ Այս տարվա դեկտեմբերի սկզբին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան հարցի՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, ասել էր, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․ «Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- հայտնել էր ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։ Այդուհանդերձ, այս տարածքների թեման շարունակվում է քննարկվել նաեւ այսօր, դրանց ճակատագրի վերաբերյալ դեռեւս հստակություն չկա։։ Պաշտոնական մարմինների պատասխաններն էլ չեն հերքում տարածվող տեղեկությունները, որ Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի կառուցման հարց կա։ Հայարփի Բաղդասարյան
12:27 - 24 դեկտեմբերի, 2021
Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին: Վարչապետը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Երևանում և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանում ներկա իրավիճակը, ինչպես նաև ամփոփելու ՀԱՊԿ 2021 թվականի գործունեությունը: «Կխոսենք նաև այն մասին, թե ինչպիսի ծրագրեր և մարտահրավերներ ունենք 2022 թվականին, կանդրադառնանք կազմակերպության հետագա զարգացման մեխանիզմներին այն առումով, թե ինչպիսի թերկարգավորումներ են հայտնվել: Իհարկե, անդրադարձ կկատարենք տարածաշրջանում ու ընդհանրապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ներկա իրավիճակին: Սա նույնպես շատ կարևոր է, և հետաքրքիր կլիներ լսել Ձեր գնահատականները դրա հետ կապված նույնպես»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավելել, որ արդեն մշակվել է ՀԱՊԿ գալիք տարվա գործունեության հիմնական պլանային փաստաթուղթը: «Դա սեպտեմբերյան նիստերի որոշումների և հայկական կողմից իր նախագահության շրջանում առաջ քաշված առաջանահերթությունների իրականացումն է: Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնացրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում աշնանային նիստի ընթացքում և՛ արտաքին գործերի նախարարաների, և՛ պաշտպանության նախարարների, և՛ պետությունների ղեկավարների կողմից: Այնտեղ արտացոլված են նաև բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնվել են Ձեր կողմից Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ: Այսինքն՝ մեր պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատել հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կազմակերպության կողմից 2022 թվականին նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:
15:45 - 23 դեկտեմբերի, 2021
Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Այդ մասին ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ֆեյսբուքի էջում:   «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:   Ստանիսլավ Զասը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը»,- նշված է գրառման մեջ:
15:15 - 23 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի պաշտոնյաները քայլ չեն ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար. Հունաստանում ՀՀ դեսպանություն

 |armenpress.am|

Ադրբեջանի պաշտոնյաները քայլ չեն ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար. Հունաստանում ՀՀ դեսպանություն |armenpress.am|

armenpress.am:  Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս մասին ասվում է  Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Արցախը մշտապես հպարտացել է իր տարածքում գտնվող կրոնական և մշակութային հուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգության մասը: Արցախցիները հոգատար են նաև ռուսական կրոնական և մշակութային ժառանգության` հուշարձանների պահպանման գործում: Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչուր տարի պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման նպատակով նախատեսված են ծախսեր, քանի որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, ուսումնասիրման ու օգտագործման բնագավառը Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի կարևորագույն և առանձնահատուկ ոլորտներից է: Ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գևորգավան տեղամասում: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ’ Ռուսաստանից ներգաղթյալների կողմից: Այն կրաքարից է, արտաքուստ դեղնավուն: Ունի երկու մուտք, որոնք բացվում են արևմտյան և հյուսիսային կողմերից: Պատուհանների թիվը երկու տասնյակից ավելի է: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները: 1989 թվականին մեկնարկեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատվեցին՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։ Մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկն Արցախի Հանրապետության կառավարությունը մշակում էր եկեղեցու վերականգնման նախագիծ և հովանավոր էր փնտրում՝ վերականգնողական աշխատանքները սկսելու համար։ Այսպիսով, ոմն Անաստասիա Լավրինայի ու Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանությամբ` Արցախի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ուղղափառ կրոնական ժառանգության նկատմամաբ հայկական կողմի իբր «ոտնձգությունների» մասին տարածվող քարոզչական նյութը հանդիսանում է հերթական սադրիչ, անհիմն և կեղծ ապատեղեկատվությունը․ այն նպատակ ունի հայերի նկատմամբ ատելություն տարածելով փորձել խարխլել և սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների միջև հարաբերություններում: Մշակութային հուշարձանները դիտավորյալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր իսկ կողմից իրականացված բազմաթիվ վանդալիզմի դեպքերը։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումներ: Ի թիվս այլ միջոցների, դատարանը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ է Ադրբեջանին նախ՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։ Մյուս կողմից՝ դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
22:19 - 22 դեկտեմբերի, 2021
Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել

 |armenpress.am|

Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակզմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Մեկ տարուց ավել է՝ ռուս խաղաղապահներն ապահովում են պայմաններ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար,  նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը: Տվյալ պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուսական ռազմական ուժերը շարունակում են նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է Շոյգուն: Նա տեղեկացրել է, որ տարեսզբից մինչև հիմա Սիրիայում ռուս զինծառայողները 348 հումանիտար գործողություն են իրականացրել, բաժանել են ավելի քան 650 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:
20:26 - 22 դեկտեմբերի, 2021
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ տարածաշրջանային լարվածությունը և «Ռուսաստանի ապակայունացնող քայլերն» առանցքային տեղ են գրավել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ Եվրոպայի խորհրդի նիստից անմիջապես առաջ: Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, որոնց երկրները թշնամի են Լեռնային Ղարաբաղի պատճառով, բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա հնարավոր դարձավ նախագահ Միշելի հովանու ներքո իրականացված միջնորդական ջանքերի շնորհիվ: Նա նախորդ գիշեր լարված և արդյունավետ հանդիպում է անցկացրել երկու առաջնորդների հետ: Ես ողջունում եմ այս հանդիպման արդյունքները և կողմերի պատրաստակամությունը՝ ներգրավվելու կոնկրետ նախագծերում և աջակցելու գաղափարներին, որոնք ճանապարհ կհարթեն հաշտեցման համար։ Հանդիպմանն ընդգծվել է ԵՄ-ի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտությունների հաղթահարման, վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցել Անդրկովկասում հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Բորելը։
20:08 - 22 դեկտեմբերի, 2021