Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանը հայտարարում է, որ Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց է հայտնաբերել

Ադրբեջանը հայտարարում է, որ Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց է հայտնաբերել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հայտնաբերել է Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report-ը։ Նշվում է, որ «Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է համալիր օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնել՝ Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ Ադրբեջանի դեմ իրականացվող հետախուզական գործողությունները կանխելու ու ստեղծված լրտեսական ցանցը բացահայտելու ուղղությամբ»։ «Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ասգերով Զահիր Ֆախրադդին օղլուն, որն աշխատում է Կասպից ծովի նավթային նավատորմում որպես նավապետ, Իրանի Կում քաղաքում կրոնական կրթություն ստանալիս գումարի դիմաց երկրի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է գաղտնի համագործակցության մեջ։ Նա նրանց հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքել Ադրբեջանում գործող օտարերկրյա պետությունների կազմակերպություների ու ներկայացուցիչների շարժի, Կասպից ծովում ռազմածովային ուժերի անցկացրած զորավարժությունների վայրի ու տեղի, նավթային բեռների տեղափոխվան ուղղությունների մասին։ Ասգյարովը այդ տեղեկությունները փոխանցել է ինչպես հեռախոսով, այնպես էլ Իրանում այդ անձանց հետ հանդիպումների ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում ևս չորս քաղաքացու դավաճանական գործողությունների մասին է հաղորդվում։ Վերոնշյալ անձը և ևս 4 անձ ձերբակալվել են։ Նրանք բոլորն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Նշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերջին շրջանում լարված են։ Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարեց, որ Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպողների թվում Ադրբեջանի քաղաքացի կամ քաղաքացիներ կան: Այնուհետև Բաքուն պնդեց, որ Նախիջևանում «սադրիչները» Իրանին միանալու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածում։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 10-ին էլ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվեց Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա էր փոխանցվել հակաիրանական քարոզչության համար։ Ապա Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ ԱԳՆ-ն նշեց․ «Հանդիպման ընթացքում հնչեցվել է դժգոհություն և իրանական կողմին է ներկայացվել Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության հետ, որը չի համապատասխանում երկու երկրների հարաբերություններին հռետորաբանությանը»։
10:54 - 14 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրվել են ԵՄ դիտորդական առաքելության կողմից․ Մարուքյան

Ադրբեջանական հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրվել են ԵՄ դիտորդական առաքելության կողմից․ Մարուքյան

Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա փաստագրվել են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կողմից։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Առաքելությունը ԵՄ-ի և այլոց համար կհստակեցնի, որ այդ հարձակումները առանց որևէ պատճառի են ու լավագույն կերպով կազմակերպված են Ադրբեջանի կողմից ընդդեմ հայկական պետականության»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:19 - 14 նոյեմբերի, 2022
Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել  կյանքն Արցախում. Արցախի ՄԻՊ |news.am|

Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել կյանքն Արցախում. Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Խրամորթում երեկվա դեպքից հետո կրակոցներ չեն հնչել, իրավիճակը հանգիստ է: Այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ մի շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ դեպքն է, որ ադրբեջանցիները  կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ և ստիպում են, որ դադարեցնեն աշխատանքները: «Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել  կյանքն Արցախում և բնականոն կյանքը խաթարվում է: Պարզ է, եթե գյուղատնտեսական աշխատանքներ չեն տեղի ունենում, մարդիկ եկամտի աղբյուրից զրկվում են և սկսում են մտածել արդեն իրենց բնակավայրերը լքելու մասին: Ընդհանրապես, ադրբեջանցիների գործողությունները էթնիկ զտման  և ցեղասպանական տարրեր է իր մեջ պարունակում և այդ քաղաքականության շարունակությունն է»,- ասաց նա: Արցախի ՄԻՊ կարծիքով՝ Ադրբեջանի ցեղասպանական  քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Շարունակությունը՝ news.am-ում
13:24 - 13 նոյեմբերի, 2022
Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նոյեմբերի 19-ին անցկացվող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին ու ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու մտադրությունը։ «Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ հանդիպման արդյունքների ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անկողմնակալ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել հայկական կողմից վերջին օրերին հնչեցված հայտարարություններին՝ նշելով, որ դրանք հակասում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգին»,- նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
11:25 - 13 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացի

Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացի

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։   «Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-իսահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։   Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ:     Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։   Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։     Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը», - նշված է գերաստեսչության հաղորդագրության մեջ։
21:16 - 12 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին ու պատասխանեց այն հարցին, թե արդյոք Բաքվի կողմից պայմանավորվածությունների չկատարումը միջնորդական ջանքերը հեղինակազրկելու ու նոր պատերազմ սկսելու նախաբա՞ն են: «Ձեր զարգացրած տրամաբանությունը հասկանալի է և որևէ մեկը չի կարող ասել, թե այդ տրամաբանությունը փաստարկված չէ, բայց մյուս կողմից չենք կարող ուղղակի  համակերպվել այ իրողության հետ, թե հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է։ Ես գործնականում դա եմ փորձում իրականացնել, որ նախ պետք է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման։ Իսկ դրա լավագույն ձևը, կարծում եմ՝ գույքագրելը և ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ։ Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետև եթե նույնիսկ լինում են բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակներում ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ և ընդգծեց դրա բովանդակությունը: «Իմ կարծիքով երեկվա իմ ելույթը ծառայել է իր նպատակին, որովհետև այսօր Ադրբեջանի ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ,  որում մեզ մեղադրում են Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք։ Սա կարևոր է նրանով, որ Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, իսկ ԱԳՆ այդ միջանցք բառը արդեն չի օգտագործում։ Ինչո՞ւ, որովհետև ԱԳՆ հայտարարության հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է, իսկ միջազգային հանրությունը փորձում է վերադառնալ և տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված և ինչ է գրված տեքստերի մեջ։ Դա է պատճառը, որ կարևոր  է գույքագրում անելը, թե ինչ է պայմանավորված, ինչ է գրված տեքստերի մեջ»,- հավելեց Փաշինյանը։ Վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա։ Խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է։  
20:35 - 11 նոյեմբերի, 2022
Բաքվում մոտ 150 ցուցարար է բերման ենթարկվել |1lurer.am|

Բաքվում մոտ 150 ցուցարար է բերման ենթարկվել |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 11-ին Բաքվի կենտրոնում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել, Turan-ին հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը: Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ բերման են ենթարկվել դեռևս ակցիայի մեկնարկից առաջ։ Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ ճշտվում են ձերբակալվածների ցուցակները: Ահմեդովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, ինչը չի եղել նախորդ ակցիայի ժամանակ։ Մասնավորապես, ձերբակալության ժամանակ դաժան ծեծի են ենթարկվել Ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն և մի շարք այլ ակտիվիստներ։ Ճնշումներ են կիրառվել նաև լրագրողների նկատմամբ: Ժամը 16:00-ի սահմաններում սկսված ակցիան տևել է մոտ մեկ ժամ։ Այդ ընթացքում բազմաթիվ ոստիկաններ մետրոպոլիտենիի «Իչերի Շեհեր» կայարանում բերման են ենթարկել բոլոր նրանց, ովքեր կարգախոսներ են վանկարկել կամ խմբով շարժվել են դեպի գործադիր իշխանության շենք։ Ակցիան կազմակերպել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը՝ պահանջելով հավաքների ազատություն, ցամաքային սահմանների բացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ազատ և ժողովրդավարական բարեփոխումներ։
19:47 - 11 նոյեմբերի, 2022
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը

 |armenpress.am|

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեծապես մտահոգված է ցեղասպանական հռետորաբանությամբ, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է իր վերջին ելույթներում, որտեղ նա կրկնել է Հայաստանի վրա հարձակում գործելու սպառնալիքները: «Մենք դատապարտում ենք Հաղթանակի օրվա ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության կողմից հատուկ ցեղասպանական հռետորաբանության օգտագործումը։ Մեղմասացությունները փորձում են քողարկել ցեղասպանական հռետորաբանությունը և դիտավորությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել այս հռետորաբանությունը և պաշտպանել հայերին», - նշված է Լեմկինի ինստիտուտի թվիթերյան գրառման մեջ։ Տարածված հաղորդագրության մեջ Լեմկինի ինստիտուտը որպես օրինակ է բերում Ալիևի այն խոսքերը, թե հայերին «ողբերգություն է» սպասվում կամ թե «Ադրբեջանի համբերությունը սպառվում է»: Ինստիտուտը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս հռետորաբանության վրա՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանությունից խուսափելու համար:    
17:05 - 11 նոյեմբերի, 2022
Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Հանդիպման ընթացքում հնչեցվել է դժգոհություն և իրանական կողմին է ներկայացվել Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության հետ, որը չի համապատասխանում երկու երկրների հարաբերություններին հռետորաբանությանը»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։  Ըստ հաղորդագրության՝ նշվել է նաև, որ Ադրբեջանում անջատողականություն հրահրող և այլ երկրներում քրեական հետապնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է։  Ընդգծվել է, որ անընդունելի է Իրանում նման տեղեկությունների տարածումը, հակաադրբեջանական գործունեության իրականացումը, և ակնկալվում է, որ դրանք հնարավորինս շուտ դադարեցվեն։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին էլ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն էր կանչվել Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա էր փոխանցվել հակաիրանական քարոզչության համար։ 
16:42 - 11 նոյեմբերի, 2022
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցի կապակցությամբ:    «Այս շաբաթ լրացել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը, Եվրամիությունը հարգում է հակամարտության բոլոր զոհերի հիշատակը:   Եվրամիությունը կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային հետագա անհարկի կորուստները։   ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության՝ առկա տարաձայնությունները հաղթահարելուն և տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելուն ուղղված բազմաթիվ քայլերը։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց շարունակական ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և ձևաչափերով անցկացվող բանակցություններին:    Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ են պահանջում, կարևոր է պահպանել այդ դինամիկան, համաձայնեցնել հետագա քայլերը և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և բարեկեցությունը:   Ստեղծված անկայուն իրավիճակում, երբ վերջին 30 տարվա վերքերը դեռ շուտ չեն սպիանա, ԵՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից, սպառնալիքներ կամ մեղադրանքներ չհնչեցնել, զերծ մնալ ռազմական սադրանքներից և գործողություններից:   ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն արձագանքել կողմերի ցանկություններին և աջակցել նրանց՝ բոլոր չլուծված խնդիրների համապարփակ և արդար կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անմիջական ջանքերի և ԵՄ այլ մեխանիզմների միջոցով»,- ասված է Ստանոյի տարածած հայտարարության մեջ։ 
15:35 - 11 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները

Նոյեմբերի 10-ին Սամարղանդում, որտեղ մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում ղեկավարները անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունների արդյունքները․ «Հանդիպմանն ընդգծվել է բոլոր ոլորտներում երկրների միջև դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացումը, քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, անվտանգությանը առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- նշված է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ 
15:07 - 11 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 8-ին կառավարության նիստում արված հայտարարություններին, որոնցով վարչապետը պատասխանել էր Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, թե «ՀՀ վարչապետի այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։  ԱԳՆ հաղորդագրության մեջ կրկին նշվում է, թե «Հայաստանը հրաժարվում է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը՝ այդպիսով խախտելով իր միջազգային պարտավորությունները»։  «Հենց հայկական կողմն է ձգձգում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունների բացման գործընթացը՝ խախտելով եռակողմ հռչակագրի 9-րդ կետով ստանձնած պարտավորությունը»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ հավելելով, թե «Ադրբեջանը ազնվորեն կատարում է իր պարտավորությունը՝ կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, իսկ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»։  ԱԳՆ հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։  «Զանգեզուրի միջանցքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պատմական հարաբերությունների վերականգնմանը։ Մեր երկիրը ենթադրում է այս միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է անարգել հաղորդակցություն բացել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ, ինչպես Լաչինի միջանցքի դեպքում, խոսքը ճանապարհը ոչ թե ռազմական կարիքների, այլ միայն մարդկանց և ապրանքների տեղափոխման համար օգտագործման մասին է»,- նշված է հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ում անդրադարձել են նաև Արցախի կարգավիճակի հարցին․ «Հայաստանի վարչապետին, որը փորձել է բարձրացնել «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը, և որը որևէ կերպ չի նշվել հայտարարություններում, հիշեցնում ենք, որ մեր դիրքորոշումն այս առնչությամբ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչեցվել է, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և այդտեղ ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ում նշել են, թե «Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Ադրբեջանի մտադրության և խաղաղարար նախաձեռնությունների դիմաց շարունակական ապակառուցողական գործունեություն է ծավալում, որը ոչ միայն չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, այլև առաջին հերթին Հայաստանի դեմ է»։ Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքակական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Փաշինյանը նշել էր, որ  Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ Լաչինի միջանցք։ Այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին։ Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։ Վարչապետը ասել էր, որ 9-րդ կետով ՀՀ-ն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։ Վարչապետը, ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքների, թե ՀՀ-ն իր ԶՈՒ ստորաբաժանումները չի հանում Արցախից, ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար:   
12:59 - 11 նոյեմբերի, 2022
Ալիևը իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու կետը․ Նիկոլ Փաշինյան

Ալիևը իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու կետը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել է. «Նախագահ Ալիևը իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու կետը։ Բավականին տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին երկկողմ համաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում մասնավորապես նշված է. «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»։ Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ին Շուշիում իրենց բնորոշմամբ «հաղթանակի օրվա» միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն «տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։
11:54 - 11 նոյեմբերի, 2022