Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
12:59 - 11 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 8-ին կառավարության նիստում արված հայտարարություններին, որոնցով վարչապետը պատասխանել էր Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, թե «ՀՀ վարչապետի այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։ 

ԱԳՆ հաղորդագրության մեջ կրկին նշվում է, թե «Հայաստանը հրաժարվում է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը՝ այդպիսով խախտելով իր միջազգային պարտավորությունները»։ 

«Հենց հայկական կողմն է ձգձգում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունների բացման գործընթացը՝ խախտելով եռակողմ հռչակագրի 9-րդ կետով ստանձնած պարտավորությունը»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ հավելելով, թե «Ադրբեջանը ազնվորեն կատարում է իր պարտավորությունը՝ կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, իսկ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»։ 

ԱԳՆ հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։ 

«Զանգեզուրի միջանցքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պատմական հարաբերությունների վերականգնմանը։ Մեր երկիրը ենթադրում է այս միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է անարգել հաղորդակցություն բացել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ, ինչպես Լաչինի միջանցքի դեպքում, խոսքը ճանապարհը ոչ թե ռազմական կարիքների, այլ միայն մարդկանց և ապրանքների տեղափոխման համար օգտագործման մասին է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

ԱԳՆ-ում անդրադարձել են նաև Արցախի կարգավիճակի հարցին․ «Հայաստանի վարչապետին, որը փորձել է բարձրացնել «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը, և որը որևէ կերպ չի նշվել հայտարարություններում, հիշեցնում ենք, որ մեր դիրքորոշումն այս առնչությամբ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչեցվել է, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և այդտեղ ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

ԱԳՆ-ում նշել են, թե «Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Ադրբեջանի մտադրության և խաղաղարար նախաձեռնությունների դիմաց շարունակական ապակառուցողական գործունեություն է ծավալում, որը ոչ միայն չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, այլև առաջին հերթին Հայաստանի դեմ է»։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքակական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։

Փաշինյանը նշել էր, որ  Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ Լաչինի միջանցք։ Այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին։ Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։ Վարչապետը ասել էր, որ 9-րդ կետով ՀՀ-ն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։

Վարչապետը, ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքների, թե ՀՀ-ն իր ԶՈՒ ստորաբաժանումները չի հանում Արցախից, ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել