Ինֆոքոմ

Պատերազմում մեր հաղթանակը կլինի հակառակորդին զինադադար եւ երկարատեւ ու երաշխավորված խաղաղություն պարտադրելը․ Հովհաննես Իգիթյան

Պատերազմում մեր հաղթանակը կլինի հակառակորդին զինադադար եւ երկարատեւ ու երաշխավորված խաղաղություն պարտադրելը․ Հովհաննես Իգիթյան

Արցախա-ադրեջանական սահմանին լայնածավալ պատերազմական այս գործողությունների ընթացքում ե՛ւ Արցախի Հանրապետության նախագահի, ե՛ւ ՀՀ վարչապետի մակարդակով հայտարարվել է՝ կանգնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջնական հաղթանակ։ Այս ողջ ընթացքում քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը եւս կասկած անգամ չեն հայտնել այս առնչությամբ։ Ռազմական իմաստով հաղթանակն, ըստ էության, ձեւակերպում ու վերջնակետ ունի՝ չթողնել, որ հակառակորդը հասնի իր առջեւ դրված նպատակին՝ ընդհուպ ուղղակի ջախջախելով թշնամու բանակը, հնարավորության դեպքում տարածքային առաջխաղացում ունենալ։ Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ քաղաքական հաղթանակի վերջնակետը տեսնում են Արցախ-Հայաստան միացմամբ եւ գալիք ժամանկների համար պատերազմի բացառմամբ։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ մենք նախ պետք է հասկանանք՝ որ կողմը ինչ է ուզում այս պատերազմի վերջում։ Infocom-ի հետ զրույցում Իգիթյանը նկատեց՝ մենք պարզ գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին որպես հաղթանակ տեսնում են հայության բնաջնջումը՝ առնվազն Արցախի ամբողջ տարածքում։  Իսկ ահա մեզ համար, պատգամավորի խոսքով, պատերազմի համար մեկ հաղթանակը կլինի մնալը, պաշտպանվելը եւ մեր գոյությունը շարունակելը, երկրորդը՝ հակառակորդին ստիպել հաստատել զինադադար եւ երկարատեւ ու երաշխավորված խաղաղություն պարտադրել․ «Այդ ուղղությամբ դիվանագիտական մակարդակով արդեն արվում են քայլեր։ Հիմա ավելի շատ են խոսում Արցախի ճանաչման մասին։ Ես համոզված եմ, որ ԼՂՀ հարցի լուծման հետ կապված փոխվելու է նաեւ Մինսկի խմբի գործընթացը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ արդեն քանի տարի է՝ աշխարհը եւ Մինսի խումբը փորձում են լուծել ԼՂՀ հարցը, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ խճճել է։ Բայց, Իգիթյանի խոսքով, մենք չպետք է մոռանանք, որ Մինսկի խումբը պետք է խաղաղություն հաստատի․ «Հիմա, պարզվում է, Մինսկի խմբի ջանքերը արդյունքի չեն բերում։ Աշխարհը ունի տարբեր օրինակներ, երբ եթե չեն գործում խաղաղության պահպանման բոլոր միջոցները, օրինակ, համաձայնագրերը կամ այլ հորդորները, ապա այդ պարագայում միջազգային պրակտիկան չի բացառում կարգավիճակի ճանաչում՝ որպես միջազգային իրավունքի լիարժեք անդամ, որպես խաղաղության եւ ժողովրդի անվտանգության երաշխիք։ Արցախի Հանրապետության ճանաչումը դիտարկվում է որպես այնտեղ ապրող ժողովրդի խաղաղ ապրելու երաշխիք եւ որպես ռեգիոնալ խաղաղության հարց։ Վերջերս Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների եւ քաղաքական գործիչների ստորագրած հայտարարության մեջ ասված էր, որ եթե Ադրբեջանը շարունակի այս ագրեսիվ քաղաքականությունը, ապա Ֆրանսիան պետք է դուրս գա նեյտրալիտետից եւ ճանաչի ԼՂՀ-ի իշխանությունների լիարժեք լեգիտիումթյունը»,- ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ այս գործընթացը կարող է բերել Արցախի վերջնական ճանաչմանը։ Սեդա Առաքելյան
21:46 - 09 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է․ Արծրուն Հովհաննիսյան

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում ազդեցություն ունի օտար պետության, թեկուզ իրենց համար դաշնակից պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այո, որոշակի մտահոգություն կա այդ առումով, որ ռազմավարական կառավարման համակարգը Ադրբեջանում խաթարված է»,- հավելեց նա։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելուն պատասխանելու վերաբերյալ հարցին Հովհաննիսյանն ասաց, որ զինվորականները շատ լավ գիտեն՝ մեր ամեն արկը, ամեն փամփուշտը որտեղ օգտագործեն։ «Եթե պատասխանը (Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու - խմբ․) ոմանք ակնկալում են նույնպիսի վանդալիզմ, ապա դա մեր ձեռագիրը չէ»,- նշեց նա։ Հովհաննիսյանը ընդգծեց, որ նախիջևանյան հատվածում մարտական որևէ գործողություններ չկան։  Նրա խոսքով՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում, գոնե ըստ իր տեսածի, մարտական գործողությունները բոլոր ճակատներում շարունակվում են առանց որևէ տարբերության։  Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանը՝ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ Ալիևի ելույթում բացարձակապես չի տեսնում դիրքորոշման փոփոխություն, հակառակը՝ տեսնում է կապիտուլյացիայի պահանջ։ Հարցին, թե ինչ տեսակի ԱԹՍ-ներ է հակառակորդը կիրառել երեկ Վարդենիսում, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հետախուզական էին, բայց ՊՆ-ն դեռ հստակ պաշտոնական չի հրապարակել։ ԱԹՍ-ների մեջ կան երկակի կիրառության ԱԹՍ-ներ նաև։ Այդպիսի տարանջատումները շատ պայմանական են»։  
21:41 - 09 հոկտեմբերի, 2020
Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար բանակային կորպուսի տանկային բրիգադը․ Արծրուն Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար բանակային կորպուսի տանկային բրիգադը․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններվ։ Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ես չեմ կարող կորուստների վերաբերյալ պաշտոնական թվերի վրա որևէ բան ավելացնել։ Եթե անճշտություններ լինում են, պաշտոնապես հայտարարվում են դրանց մասին»- նշեց Հովհաննիսյանը։  ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հաջողությունները, որ հակառակորդը իբր արձանագրել է, որոնք եղել են ոչ մինչև վերջ ամրագրված, պատերազմի թափի և Ադրբեջանի զինված ուժերի ծրագրի հետ համեմատած, անհամեմատ փոքր են։ «Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով։ Այդպիսի ուժերի առաջիկա խնդիրը տասնյակ կիլոմետրեր է։ Չես հասնում՝ ուրեմն տապալել են օպերացիան»- ասաց Հովհաննիսյանը։
21:19 - 09 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անհեթեթ է համարում Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար

Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անհեթեթ է համարում Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը «РИА Новости»-ին ասել է, որ անհեթեթ են Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի միջով տեղափոխվել են Բաքու: Նրա խոսքերով ՝ այդ մարդիկ նույնականացվել են եւ պատկանում են Հալեպի տարածքում գործող խմբին: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Մակրոնի հայտարարությունից հետո Ֆրանսիայից ներողություն է պահանջել՝ շեշտելով, որ Ադրբեջանը վարձկան չունի: «Հսկայական տարբերություն կա այն բանի միջեւ, թե ինչ է ուզում պրն. Մակրոնը, եւ ինչին իրականում կարող է հասնել նա միջազգային քաղաքականության մեջ: Ուստի նա հաճախ փորձում է այդ բացը լրացնել անհիմն պնդումներով: Մենք դա գիտենք Լիբիայի, Արեւելյան Միջերկրականի եւ այլ միջազգային հարցերից: Ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նա այդպիսի հայտարարություններ արել (Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին Ադրբեջան ուղարկելու մասին), բայց դա չի ժխտում այն ​​փաստը, որ նրա հայտարարություններն անհեթեթ են», - ասել է Շենթոպը: Նրա խոսքերով՝ սխալ եւ անարդար է Ադրբեջանում իրավիճակը բնութագրել որպես ռազմական գործողությունների սրում: «Այնտեղ տեղի ունեցողը, ինչը պարոն Մակրոնը փորձում է թաքցնել, հետևյալն է․ Ադրբեջանն օգտագործում է իր ինքնապաշտպանության օրինական իրավունքը` պաշտպանելու իր քաղաքացիական բնակչությանն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև վերջ տալու ադրբեջանական տարածքների 30-ամյա գրավմանը: Դրանում հաջողության հասնելու համար Ադրբեջանն ունի բավարար ռազմական ներուժ», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:
13:18 - 09 հոկտեմբերի, 2020
Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ երկու երկրների արտգործնախարարները կմասնակցեն ուրբաթ օրը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ երկու երկրների արտգործնախարարները կմասնակցեն ուրբաթ օրը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ երկու երկրների արտգործնախարարները կմասնակցեն այսօր Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Երևանը և Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը, այժմ նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են ընթանում»,- ասել է Զախարովան: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները` զոհվածների դիերը և գերիներին փոխանակելու նպատակով: Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այդ հարցով խորհրդակցություն իրականացնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել էին Մոսկվա: 
11:37 - 09 հոկտեմբերի, 2020
Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց թիրախավորում է նրանց․ Արծրուն  Հովհաննիսյան

Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց թիրախավորում է նրանց․ Արծրուն  Հովհաննիսյան

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։ Ամփոփելով ադրբեջանական ագրեսորների՝ քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում հասցրած հարվածները՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Ունենք 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթեւ կամ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ ծանր։ Կա 20 զոհված։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք շարքից դուրս է եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշեր եւ այսօրվա ցուցանիշները»։ Անդրադառնալով այսօր Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով լրագրողների վիրավորվելու փաստին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց․ «Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց անտեսելով դա՝ թիրախավորում են նրանց։ Մինչ այս նաեւ Մարտունիում էր դեպք եղել, երբ վիրավորվել էր ֆրանսիական թերթի լրագրողը։ Հակառակորդը ուղղակի կրակում է խաղաղ բնակչության ուղղությամբ ու վերջ։ Ստեփանակերտն ու Շուշին մեծ քաղաքներ չեն, եւ շատ լավ հայտնի է՝ որտեղ ինչ կա։ Ուզում եմ որ ամբողջ աշխարհն իմանա սրա մասին»։  Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ոչ մի բանակի սպառազինություն այսպիսի ինտենսիվ մարտական գործողությունների մեջ կիրառելիս անսպառ չէ, եւ ինչքան էլ զուգահեռ մատակարարումներ իրականացվեն, չեն կարող կորուստները նույն տեմպով վերականգնվել։ «Առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի կորուստների տեմպերը չափազանց բարձր էին, հիմա անկում են ապրում, որովհետեւ այդքան տեխնիկա չկա, որ նույն ինտենսիվությամբ կիրառեն։ Դրա փոխարեն հիմա ավելի շատ կիրառում են հրետանի։ Փորձում են համառորեն շարունակել իրենց ցեղասպան, տեռորիստական գործողությունները։ Ինչքան կտեւի սա՝ բարդ է կանխատեսել»,-ասաց նա։  Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդի սպառազինության մեծ մասն ադրբեջանական է՝ խորհրդային ռուսական արտադրության, որից օգտվում ենք նաեւ մենք։ «Սպառազինության բարձր տեխնոլոգիական տոկոսը պատկանում է իսրայելայան արտադրությանը, այս նույն ոլորտում կա նաեւ թուրքական մասնաբաժինը, հրետանային միջոցներում եւս կա թուրքական արտադրության մաս»,- նշեց նա։ Անդրադառնալով վիրավոր զինծառայողներին՝ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ շնորհիվ մեր բժշկական ծառայության փայլուն աշխատանքի՝ վիրավորների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք։ Հովհաննիսյանը նաև նշեց, որ գերի ընկած զինծառայողի մասին հստակ տեղեկություններ չունի։ «Բավականին ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում, երբ մեծաքանակ զորախմբեր են ընկնում շրջափակման մեջ, ճեղքումներ են անում, նահանջներ եւ այլն, գերի ունենալու հավանականությունը հաճախ բացառված չէ»,- ասաց նա։  Արծրուն Հովհանվսիյանը տեղեկացրեց, որ Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հիմնականում հարձակման են ենթարկվում համազարկային կայանքներ «Սմերչ», «Կասիրգա», «Պոլոնեզ», «LAR-160» և իսրայելական LORA բալիստիկ հրթիռներով։ Սրանց հեռահարությունն օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն՝ այս քաղաքները հրթիռակոծելու համար։ Վերջում, պատասխանելով կամավորների թվի վերաբերյալ հարցին, նա նշեց, որ տասնյակ հազարավոր կամավորներ ունենք, և ինքը կոնկրետ թիվ չի կարող ասել։
21:51 - 08 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում, խորհրդակցություններ են ընթանում նման բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ, հայատարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ։ Ի միջի այլոց, մենք առաջարկել ենք տրամադրել մոսկովյան պլատֆորմ, որպեսզի կազմակերպենք Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Մենք կողմերի հետ խորհրդակցություններ ենք վարում այս ձևաչափով բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ», - ասել է Զախարովան ճեպազրույցում:
19:01 - 08 հոկտեմբերի, 2020
Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ ու հակառակորդի ներուժի ջախջախում․ Վարուժան Ավետիսյան

Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ ու հակառակորդի ներուժի ջախջախում․ Վարուժան Ավետիսյան

Տասը օրից ավելի է՝ արցախա-ադրբեջանական սահմանին ընթանում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը միանշանակ պնդում են՝ հաղթելու ենք։ Հաղթանակը տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում՝ սահմանները պահել անառիկ, ազատագրել նոր տարածքներ, ջախջախել հակառակորդի բանակը, վերջում էլ Արցախ-Հայաստանում միացում։ «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ ռազմական իմաստով հաղթանակը թշնամու դիմադրության հաղթահարումն է, նրա ջախջախումը։ Եւ այս ռազմական հաղթանակը պետք է ծառայի քաղաքական նպատակի․ «Պետք է սահմանել քաղաքական նպատակը, ու եթե իսկապես ուզում ենք արեւելյան ուղղությունում զերծ մնալ պատերազմներից, եւ իրապես ձեւավորել անվտանգ ու մեզ ապագա երաշխավորող հնարավորությունները, ապա դա Քուռ-արաքսյան միջակայքի զբաղեցումն է»։ Սա, ինչպես Infocom-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը, բնականաբար պետք է հիմնվի Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդության ճանաչման եւ Հայկական հարցի լուծման իրավաքաղաքական փաթեթի վրա․ «Մենք պետք է հասկանանք, որ ժամանակն է հրաժարվելու Լենին-Աթաթուրք ապօրինի կեղծ անձնագրից, եւ վերցնելու մեր վիլսոնյան անձնագիրը։ Բնականաբար, առաջին քայլը պիտի լինի Արցախի միացումը ամբողջացնելուն խոչընդոտող ինստիտուտների եւ իրավական ակտերի վերացումը, ՀՀ օրենքի տարածումը Արցախի վրա։ Արցախի Հանրապետությունն էլ ապօրինի անվանում է, իրականում դա Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն է, եւ որեւէ հանրապետություն մեր տարածքի վրա չկա։ Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ եւ այս պահին հակառակորդի ներուժի ջախջախում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ նկատելով, որ այս պահին ընթացքի մեջ դժվար է մեկնաբանել, թե ուր ենք գնում, թե ուր կգնա ավարտը՝ քաղաքական իմաստով, իսկ ռազմական իմաստով, մեր զրուցակցի խոսքով, կարծես թե շատերին է պարզ ելքը։ Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ անպայման պետք է ռազմական հաղթանակն ու այս զոհաբերությունը իմաստավորվեն, եւ մենք առավելագույն քաղաքական արդյունքների հասնենք՝ որպես ազգ եւ որպես պետություն։  Սեդա Առաքելյան
18:48 - 08 հոկտեմբերի, 2020
30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները․ մեկ ապացույց երբևէ չեն տվել․ Արծրուն Հովհաննիսյան

30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները․ մեկ ապացույց երբևէ չեն տվել․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ-ն, Արցախի իշխանությունները ամեն ինչ անում են, որ հստակեցված, հնարավորինս անսխալ ցուցական տվյալներ լինեն, բայց պատերազմ է, որը շատ է դժվարացնում հստակ տվյալներ հասցնել, դրա համար շատ հաճախ չենք շտապում։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում հրամանատարը չի էլ հասցնում ամփոփել կորուստները միանգամից, որովհետև ամեն րոպե իր գլխին արկ է ընկնում»,- հավելեց նա։ Անդրադառնալով Թուրքիայի՝ այս հակամարտությունում միջամտության հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ փաստեր կան, որ թուրքական ղեկավարությունը իրականացնում է հարվածների պլանավորումը։ «Կոնկրետ օդային հարվածները լիովին ղեկավարում են, վերահսկում են թուրքական ԶՈՒ-ի համապատասխան ներկայացուցիչները։ Հստակ փաստեր ունենք, որ որպես հետախույզներ, պլանավորողներ կիրառվում են թուրքական սպաները, բայց առանձին թուրքական ստորաբաժանումների կիրառության մասին փաստ այս պահին չունենք»,- հավելեց նա։ Այսօր Վրաստանի տարածք ընկած ԱԹՍ-ների մասին հարցին պատասխանելով՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չունի, բայց ինչպես վտանգված է Իրանի սահմանը, նույնկերպ վտանգված է նաև Վրաստանի սահմանը, և բացառել պետք չէ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե թուրքական մամուլը գրում է, որ հայկական կողմը քուրդ զինյալներ է կիրառում, Հովհաննիսյանն հստակ ասաց․ «Մենք 30 տարի է լսում ենք հեքիաթը, որ Հայաստանին օգնում են քուրդ զինյալները։ Գեթ մեկ ապացույց երբևէ չեն տվել։ Մեր ԶՈՒ-երը քրդերի կարիք չունեն։ Մենք, ի տարբերություն թուրքերի, մենք մեր հողը մեր արյան գնով ենք պաշտպանում, ոչ թե ուրիշի»։ Արտասահմանցի լրագրողներից մեկն էլ հարց բարձրացրեց, որ թույլ չի տրվում այցելել վիրավոր զինծառայողներին։ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց, որ վիրավորների համար և՛ զինվորական, և՛ քաղաքացիական հոսպիտալներն են օգտագործվում։ «Բժիշկները դեռ 2016-ին դժգոհում էին, որովհետև լրագրողների այցը խանգարում էր իրենց աշխատանքին։ Մենք փորձում ենք այնպես անել, որ բժիշկներին որևէ բան չխանգարի իրենց աշխատանքում»,- եզրափակեց ՊՆ ներկայացուցիչը։
23:03 - 07 հոկտեմբերի, 2020