Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ ու հակառակորդի ներուժի ջախջախում․ Վարուժան Ավետիսյան
18:48 - 08 հոկտեմբերի, 2020

Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ ու հակառակորդի ներուժի ջախջախում․ Վարուժան Ավետիսյան

Տասը օրից ավելի է՝ արցախա-ադրբեջանական սահմանին ընթանում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը միանշանակ պնդում են՝ հաղթելու ենք։

Հաղթանակը տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում՝ սահմանները պահել անառիկ, ազատագրել նոր տարածքներ, ջախջախել հակառակորդի բանակը, վերջում էլ Արցախ-Հայաստանում միացում։

«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ ռազմական իմաստով հաղթանակը թշնամու դիմադրության հաղթահարումն է, նրա ջախջախումը։ Եւ այս ռազմական հաղթանակը պետք է ծառայի քաղաքական նպատակի․

«Պետք է սահմանել քաղաքական նպատակը, ու եթե իսկապես ուզում ենք արեւելյան ուղղությունում զերծ մնալ պատերազմներից, եւ իրապես ձեւավորել անվտանգ ու մեզ ապագա երաշխավորող հնարավորությունները, ապա դա Քուռ-արաքսյան միջակայքի զբաղեցումն է»։

Սա, ինչպես Infocom-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը, բնականաբար պետք է հիմնվի Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդության ճանաչման եւ Հայկական հարցի լուծման իրավաքաղաքական փաթեթի վրա․

«Մենք պետք է հասկանանք, որ ժամանակն է հրաժարվելու Լենին-Աթաթուրք ապօրինի կեղծ անձնագրից, եւ վերցնելու մեր վիլսոնյան անձնագիրը։ Բնականաբար, առաջին քայլը պիտի լինի Արցախի միացումը ամբողջացնելուն խոչընդոտող ինստիտուտների եւ իրավական ակտերի վերացումը, ՀՀ օրենքի տարածումը Արցախի վրա։ Արցախի Հանրապետությունն էլ ապօրինի անվանում է, իրականում դա Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն է, եւ որեւէ հանրապետություն մեր տարածքի վրա չկա։ Հաղթանակի սահմանը միացումն է, իսկ այս փուլը կարող ենք անվանել միջանկյալ հաղթանակ եւ այս պահին հակառակորդի ներուժի ջախջախում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ նկատելով, որ այս պահին ընթացքի մեջ դժվար է մեկնաբանել, թե ուր ենք գնում, թե ուր կգնա ավարտը՝ քաղաքական իմաստով, իսկ ռազմական իմաստով, մեր զրուցակցի խոսքով, կարծես թե շատերին է պարզ ելքը։

Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ անպայման պետք է ռազմական հաղթանակն ու այս զոհաբերությունը իմաստավորվեն, եւ մենք առավելագույն քաղաքական արդյունքների հասնենք՝ որպես ազգ եւ որպես պետություն։ 

Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել