Պատերազմում մեր հաղթանակը կլինի հակառակորդին զինադադար եւ երկարատեւ ու երաշխավորված խաղաղություն պարտադրելը․ Հովհաննես Իգիթյան
21:46 - 09 հոկտեմբերի, 2020

Պատերազմում մեր հաղթանակը կլինի հակառակորդին զինադադար եւ երկարատեւ ու երաշխավորված խաղաղություն պարտադրելը․ Հովհաննես Իգիթյան

Արցախա-ադրեջանական սահմանին լայնածավալ պատերազմական այս գործողությունների ընթացքում ե՛ւ Արցախի Հանրապետության նախագահի, ե՛ւ ՀՀ վարչապետի մակարդակով հայտարարվել է՝ կանգնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջնական հաղթանակ։ Այս ողջ ընթացքում քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը եւս կասկած անգամ չեն հայտնել այս առնչությամբ։

Ռազմական իմաստով հաղթանակն, ըստ էության, ձեւակերպում ու վերջնակետ ունի՝ չթողնել, որ հակառակորդը հասնի իր առջեւ դրված նպատակին՝ ընդհուպ ուղղակի ջախջախելով թշնամու բանակը, հնարավորության դեպքում տարածքային առաջխաղացում ունենալ։

Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ քաղաքական հաղթանակի վերջնակետը տեսնում են Արցախ-Հայաստան միացմամբ եւ գալիք ժամանկների համար պատերազմի բացառմամբ։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ մենք նախ պետք է հասկանանք՝ որ կողմը ինչ է ուզում այս պատերազմի վերջում։ Infocom-ի հետ զրույցում Իգիթյանը նկատեց՝ մենք պարզ գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին որպես հաղթանակ տեսնում են հայության բնաջնջումը՝ առնվազն Արցախի ամբողջ տարածքում։ 

Իսկ ահա մեզ համար, պատգամավորի խոսքով, պատերազմի համար մեկ հաղթանակը կլինի մնալը, պաշտպանվելը եւ մեր գոյությունը շարունակելը, երկրորդը՝ հակառակորդին ստիպել հաստատել զինադադար եւ երկարատեւ ու երաշխավորված խաղաղություն պարտադրել․

«Այդ ուղղությամբ դիվանագիտական մակարդակով արդեն արվում են քայլեր։ Հիմա ավելի շատ են խոսում Արցախի ճանաչման մասին։ Ես համոզված եմ, որ ԼՂՀ հարցի լուծման հետ կապված փոխվելու է նաեւ Մինսկի խմբի գործընթացը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ արդեն քանի տարի է՝ աշխարհը եւ Մինսի խումբը փորձում են լուծել ԼՂՀ հարցը, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ խճճել է։

Բայց, Իգիթյանի խոսքով, մենք չպետք է մոռանանք, որ Մինսկի խումբը պետք է խաղաղություն հաստատի․

«Հիմա, պարզվում է, Մինսկի խմբի ջանքերը արդյունքի չեն բերում։ Աշխարհը ունի տարբեր օրինակներ, երբ եթե չեն գործում խաղաղության պահպանման բոլոր միջոցները, օրինակ, համաձայնագրերը կամ այլ հորդորները, ապա այդ պարագայում միջազգային պրակտիկան չի բացառում կարգավիճակի ճանաչում՝ որպես միջազգային իրավունքի լիարժեք անդամ, որպես խաղաղության եւ ժողովրդի անվտանգության երաշխիք։ Արցախի Հանրապետության ճանաչումը դիտարկվում է որպես այնտեղ ապրող ժողովրդի խաղաղ ապրելու երաշխիք եւ որպես ռեգիոնալ խաղաղության հարց։ Վերջերս Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների եւ քաղաքական գործիչների ստորագրած հայտարարության մեջ ասված էր, որ եթե Ադրբեջանը շարունակի այս ագրեսիվ քաղաքականությունը, ապա Ֆրանսիան պետք է դուրս գա նեյտրալիտետից եւ ճանաչի ԼՂՀ-ի իշխանությունների լիարժեք լեգիտիումթյունը»,- ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ այս գործընթացը կարող է բերել Արցախի վերջնական ճանաչմանը։

Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել