ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Կառավարությունն ավելի քան 68 մլն դրամ է հատկացրել օպերայի և բալետի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

Կառավարությունն ավելի քան 68 մլն դրամ է հատկացրել օպերայի և բալետի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում և բեմում, ինչը պայմաններ կստեղծի ստեղծագործական անձնակազմի աշխատանքի բարելավման համար։ Բեմահարթակի և բալետային փորձասենյակների հատակի ծածկույթը չի համապատասխանում բալետային ներկայացումների, փորձերի անցկացման և ցուցադրությունների համար սահմանված միջազգային ստանդարտներին, ինչը խոչընդոտում է բալետային թատերախմբի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը։ Բացի այդ, կարևորելով միջազգային հյուրախաղերը և նկատի ունենալով, որ համայնքային թատրոնների բեմահարթակները հարմարեցված չեն բալետային ներկայացումների ցուցադրությանը՝ ձեռքբերված պրոֆեսիոնալ հատակածածկը լայն հնարավորություն կընձեռի նաև մարզային շրջագայությունների համար: Այսպիսով, բալետային թատերախմբի աշխատանքներն արդյունավետ և որակով կազմակերպելու, արտիստների արտադրական վնասվածքները կանխելու, հանդիսատեսին պատշաճ ներկայանալու նպատակով փորձասենյակների և բեմի համար անհրաժեշտ է ձեռք բերել միջազգային ստանդարտներին համապատասխան բալետային հատակ: Բալետային հատակի տեղադրման գործընթացը չի խաթարի թատրոնի բնականոն աշխատանքը, խաղացանկային ներկայացումները կշարունակվեն բնականոն ընթացքով, քանի որ տեղադրման գործընթացը չի ենթադրում հատակածածկույթի ապամոնտաժում, այլ վերջինս ամրացվում է առկա հատակին։
13:59 - 06 նոյեմբերի, 2023
Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի աշխատանքից ազատմանը։  «Քանի որ տեղեկատվություն ստանալու համար ինձ դիմել են մարդիկ, որոնց կարծիքը և մասնագիտական փորձառությունը գնահատում եմ, հարկ եմ համարում անդրադառնալ թեմային, չնայած նախարարությունն արդեն իսկ պարզաբանել է եղած իրավիճակը։ Թումանյանի տուն-թանգարանը պետական կառույց է, որ գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր և բազմաթիվ կարգավորման ենթակա հարցեր, որոնք հոգալու համար տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը՝ ըստ անհրաժեշտության քննարկելով, օրինակ, գործուղումների մեկնելու նպատակահարմարությունը՝ թե ֆինանսական, թե հիմնանորոգման ընթացքում երկարատև բացակայության տեսանկյունից։ Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը, ինչը հանգեցրել է այս տարվա ընթացքում թանգարանի հիմնանորոգման աշխատանքների պլանավորված տեմպի հետաձգման։ Այնուհետև տնօրենը դիմել է ավելի քան քսան օր տևողությամբ գործուղում մեկնելու համար, որին ստացել է պաշտոնական գրավոր պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ` նշածս պատճառներով։ Քանի որ, ցավոք, տարրական իրավագիտակցության և օրենսդրական դաշտի իմացության խնդիր եմ տեսնում, այսպես՝ նախկին տնօրենը հարցադրել էր, թե ինչու իրեն չի տրվել չմեկնելու հրաման, ինչը, օրենսդրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար ակնհայտ է, որ անհեթեթ հարցադրում է, ապա պարզաբանեմ․ առանց նախարարի կողմից գործուղման հրամանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող գործուղվել։ Նույնը կլիներ օրինակ, հաշվի առնելով, որ նախարարները գործուղվում են վարչապետի որոշմամբ, որևէ նախարար որոշեր մեկնել գործուղման առանց վարչապետի համապատասխան որոշման։ Գործուղման հրամանով կարգավորվում է նաև դրա ֆինանսավորման հարցերը, տնօրենի բացակայությամբ պաշտոնային պարտականությունների կատարումը։ Տնօրենը, ով ի պաշտոնե պարտավոր է իմանալ այս տարրական ընթացակարգը, հատկապես ոչ առաջին տարին պաշտոնավարելով, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից, այս ընթացքում նույնիսկ չմտածելով այն մասին, որ իր բացակայությամբ որևէ մեկը պետք է պարտականություններ կատարեր, օրինակ՝ ստորագրեր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարեր կառույցի գործունեությունը։ Ավելին, ինքնակամ բացակայության ընթացքում տնօրենը, նախարարության տեղեկություններով, ծախսել է նաև պետական կառույցի ֆինանսական միջոցներ, ինչի իրավունքը բնականաբար չուներ։ Այս ընթացքում նախարարությունը, տեղեկանալով տնօրենի փաստացի բացակայության մասին՝ իր իրավասությունների շրջանակում կարգավորել է պարտականությունների կատարման հարցը։  Տնօրենի վերադարձից հետո, նրանից ըստ ընթացակարգի պահանջվել է գրավոր պարզաբանում՝ առանց հրամանի գործուղման մեկնելու, կառույցը փաստացի առանց ղեկավարման թողնելու, իր պարտականություններն ըստ էության չկատարելու մասով։ Գրավոր պարզաբանումը ստանալուց հետո որոշում է կայացվել տնօրենին ազատել աշխատանքից, որովհետև պետական կառույցի ղեկավարումը պահանջում է առաջին հերթին պաշտոնային պարտականությունների իմացություն և պատասխանատվություն, որոնք ցավոք, այս դեպքում բոլորովին չեն դիտարկվել։ Միաժամանակ, նախարարությունը որևէ դիտարկում չի ներկայացրել տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի՝ որևէ բնագավառում մասնագիտական ունակությունների և գիտելիքների մասին, քանի որ խնդիրը վերաբերում է կառավարման պարտականությանը, դրա չկատարմանը և աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմանը։ Բոլոր այլ դիտարկումները, ընդհուպ մինչև անհեթեթ քննարկում այն մասին, թե ով ինչ ստեղծագործություններ է մեջբերել և հղել, անտեղին են։ Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»,- նշված է գրառման մեջ։ 
13:21 - 05 նոյեմբերի, 2023
Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման հրամանի բացակայությունը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին |tert.am|

Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման հրամանի բացակայությունը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին |tert.am|

tert.am: Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային փոխհարաբերությունները կառուցվում են Աշխատանքային օրենսգրքի հիման վրա և բոլոր այն դեպքերում, երբ ԱՕ-ով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան համապատասխան գործողություններ են իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ անդրադառնալով  Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատելուն։ «Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգ և հրաման ունենալը։ Ցանկացած տնօրեն, որը մեկնում է արձակուրդ կամ գործուղման, նախարարի հրամանով ունենում է ադ գործունեությունը իրականացնելու իրավունքը»,- ասաց փոխնախարարը։ Լրագրողների հարցին՝ ինչու նախարարությունը թույլ չի տվել տնօրենին մեկնելու գործուղման, փոխնախարարը պատասխանեց․ «Քանի որ ես չեմ համակարգում տվյալ ոլորտը, դետալային չեմ տիրապետում տեղեկատվությանը, բայց անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով և ինչպես է այդ գործուղումը տեղի ունենում, հստակ սահմանված է որ գործուղման մեկնելու համար դու պետք է ունենաս գործուղման հրաման։ Որոշակի տեղեկատվությանը ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ գործուղման ընթացքը բավականին երկարատև էր, միգուցե դրանով է պայմանավորված, որ նախարարությունը նպատակահարմար չի գտել»,- ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։
14:42 - 02 նոյեմբերի, 2023
«Անբավարար» ստացած աշակերտը պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից». Ժաննա Անդրեասյան

 |aravot.am|

«Անբավարար» ստացած աշակերտը պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից». Ժաննա Անդրեասյան |aravot.am|

aravot.am: Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԿԳՄՍ նախարարն ասաց, որ դպրոցների ֆինանսավորումը էական աճ է գրանցել՝ շուրջ 10 մլրդ: Նա նշեց՝ մենք էապես փոխում ենք դպրոցների ֆինանսավորման ձեւը, անցում ենք կատարում դասարանների թվով ֆինանսավորման. «Այս տարվա օգոստոսին կառավարության որոշմամբ մենք ընդունել ենք դասարանների կազմավորման կարգը, որով սահմանել ենք, որ դասարաններում երեխաների առավելագույն թիվը պետք է լինի 25, եթե խոսում ենք տարրական եւ հիմնական դասարանների մասին եւ 20, եթե խոսում ենք ավագ դասարանների մասին»: Նախարարի խոսքով, դպրոցներից «անբավարար» գնահատականը դուրս է եկել. «Եթե որեւէ առարկայից երեխան գրանցում է «2» գնահատական մինչեւ 1-3 շրջակայքում, ապա նա պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից, թեման յուրացնել ու իր ընկերներից հետ չմնալ: Այս բոլոր ծախսերը, այդ թվում՝ լաբորատորիաների ֆինանսավորումը, լաբորանտների հաստիքի ներդրումը, հոգեբանի հաստիքի ներդրումը, այս ամենը բերել է նրան, որ դպրոցների ֆինանսավորումն աճել է: Հանրակրթության ֆինանսավորման նոր չափորոշիչով մենք 10-20 տոկոսով բարձրացնում ենք բոլոր ուսուցիչների աշխատավարձը: Նոր չափորոշիչով դրույքաչափը տարրական դասարանների համար սահմանվում է 18 ժամ՝ 22-ի փոխարեն, ինչը բերում է 20% ավելացման, միջին դասարանների համար 20 ժամ՝ 22-ի փոխարեն, ինչը բերում է 10% ավելացման»: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց, եթե որեւէ ուսուցիչ 22 ժամ է շարունակում դասավանդել, նա ավել գումա՞ր կստանա: Անդրեասյանը բացատրեց, որ եթե մի դրույքը 18 ժամն է շաբաթական ու դրանից ավելի է դասավանդում, կստացվի, որ դրույքից ավելի է ծանրաբեռնվածությունը, հետեւաբար կվարձատրվի ըստ այդմ:
14:29 - 02 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված 21 հազարից ավելի երեխաներից այս պահին 16 հազար 646-ն են տեղավորվել Հայաստանի դպրոցներում |aysor.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված 21 հազարից ավելի երեխաներից այս պահին 16 հազար 646-ն են տեղավորվել Հայաստանի դպրոցներում |aysor.am|

aysor.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազար 646 երեխաներ արդեն տեղավորվել են Հայաստանի դպրոցներում, այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մենք ունենք տեղեկատվություն 21 հազարից ավելի երեխաների մասին, մեր աշխատանքները շարունակվում են, որ բոլոր երեխաները լինեն դպրոցներում», - ասաց նա: Նախարարը նշեց, թե պլանավորել են երեխաների ավելի համաչափ տեղաբաշխվածություն, որ ֆինանսական հարցերն էլ ավելի ճիշտ կառավարեն: «Ի սկզբանե երեխաները պետք է ընդունվեն այն դպրոցները, որտեղ թերծանրաբեռնված են ու որտեղ կան ազատ տեղեր, եթե տվյալ բնակավայրի միակ դպրոցը չեն կամ՝ եթե տվյալ բնակավայրում բոլոր դպրոցները ծանրաբեռնված չեն, մնացած բոլոր դեպքերում փորձել ենք հնարավորինս համաչափ բաշխել, որ համակարգի վրա ծանրաբեռնվածությունն ավելի համաչափ լինի», - ասաց  Ժաննա Անդրեասյանը:
13:03 - 02 նոյեմբերի, 2023
Գիտաշխատողների աշխատավարձը 2024 թվականին էականորեն կաճի․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

Գիտաշխատողների աշխատավարձը 2024 թվականին էականորեն կաճի․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Նախարարն այս մասին ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման։ Նրա խոսքով՝ Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։ Նախարարը հիշեցրեց, որ առաջին բարձրացումը տեղի ունեցավ 2022 թվականի հունվարին։ «2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78 տոկոսով 2021 թվականի համեմատ։ 2024 թվականի հունվարի 1-ին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի արդեն 267 տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300 դրամ էր։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ին կդառնա 500 հազար դրամ, որը մինչև այս գործընթացը 138 հազար 100 դրամ էր»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որ կմտցնի որակական փոփոխություններ ոլորտում։
11:32 - 02 նոյեմբերի, 2023
Պետք է կարևոր թվա ոչ թե կրթության վայրը, այլ` որակը. Ակադեմիական քաղաքը էականորեն բեռնաթափելու է Երևանը. Ժաննա Անդրեասյան |aysor.am|

Պետք է կարևոր թվա ոչ թե կրթության վայրը, այլ` որակը. Ակադեմիական քաղաքը էականորեն բեռնաթափելու է Երևանը. Ժաննա Անդրեասյան |aysor.am|

aysor.am: «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ քննարկումները միշտ եղել են այնպես, որ պետք է Երևանին մոտ տեղակայված լինի, ԱԺ-ում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ոչինչ չի փոխվել, երևանամերձ տարածքում, որը մի քանի մարզի հատման կետում է, ունենալու ենք  նոր ենթակառուցվածք, որն անպայման բերելու է նաև մարզերի զարգացմանը», - ասաց նա: Նախարարի խոսքով` նախատեսվում են տրանսպորտային նոր ենթակառուցվածքների նախագծում: «Ես գտնում եմ, որ սա էականորեն բեռնաթափելու է քաղաքը, որովհետև մենք շատ մեծ ծավալի գործունեություն տեղափոխելու ենք երևանամերձ տարածք», - նշեց նա: Ըստ Անդրեասյանի`  պետք է կարևոր թվա ոչ թե կրթության վայրը, այլ՝ կրթության որակը: Նա ասաց, որ ակադեմիական քաղաքում կլինեն հանրակացարաններ, որտեղ ուսանողները կկարողանան շատ մատչելի պայմաններով կամ, գուցե, անվճար բնակվել:  
11:26 - 02 նոյեմբերի, 2023
Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ-ի 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում |armenpress.am|

Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ-ի 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 345 միլիարդ 417 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ 38 տոկոսով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ «Ծախսերում 216 միլիարդ 398 միլիոն դրամը կազմում են ընթացիկ ծախսերը, 129 միլիարդ դրամ նախատեսված է կապիտալ ծախսերի համար»,- ասաց Սիրունյանը:   ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում: «Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով դինամիկան ըստ տարիների` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում»,- նշեց նախարարը: Անդրեասյանը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը: Նրա խոսքով՝այս պահին ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցումը կավարտվի: «Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացած դպրոցների շինարարությունները կավարտվեն 2025-2026 թվականներին:
11:12 - 02 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս

Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների կրթության կազմակերպման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Այս պահի տվյալների համաձայն՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16371 դպրոցականներ, որոնցից 5185-ը՝ Երևանում,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և հավելել,- աշնանային արձակուրդներն ավարտվել են, և այս շաբաթվանից վերսկսվել է ուսումնական գործընթացը: Կոչ եմ անում բոլոր այն ծնողներին, որոնց երեխաները դեռևս չեն հաճախում դպրոցներ, անպայման դիմել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց՝ ապահովելու երեխայի կրթության շարունակականությունը»: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ շարունակվում է նաև նախնական ու միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների աջակցության ծրագիրը, ըստ որի՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով նրանց տրվելու է կրթաթոշակ: ՀՀ բուհերում այս պահին սովորում են ԼՂ-ից բռնի տեղահանված 1645, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում՝ 991 ուսանող: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ ԿԳՄՍ փոխնախարարը նշել է. «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հրապարակվել է հանրապետության բոլոր այն դպրոցների թափուր հաստիքների ցանկերը, որտեղ ուսուցիչները կարող են անցնել աշխատանքի: Այսօրվա տվյալներով՝ այս ծրագրին դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 126 ուսուցիչ, որոնցից 52-ն արդեն գործուղվել է»: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:
18:46 - 31 հոկտեմբերի, 2023
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը |tert.am|

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը |tert.am|

tert.am: Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը: Առանց մրցութային ընթացակարգի ընկերության ընտրության մասին որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Աշխատանքները կատարելիս ընկերությունը կհամագործակցի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, որը գերմանացի գործընկերներին կտրամադրի բոլոր ելակետային տվյալները: Բացի այդ, նախագծային աշխատանքների իրականացման մեջ կներգրավվեն համալսարանի ուսանողները: Պայմանագրի գումարի չափը որոշման մեջ չկա, սակայն նշվում է, որ ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակներում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:
12:00 - 26 հոկտեմբերի, 2023
«Համակերպվե՛լ այն աղմուկի հետ, որ կա». Ժաննա Անդրեասյանը՝ պատմության դասագրքի հարցի մասին  |hetq.am|

«Համակերպվե՛լ այն աղմուկի հետ, որ կա». Ժաննա Անդրեասյանը՝ պատմության դասագրքի հարցի մասին |hetq.am|

hetq.am: Պատգամավոր Լիլիթ Գալստյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքին, քանի որ հարյուրավոր աղավաղումներ, աղճատումներ և պատմական խեղաթյուրումներ կան:  Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ բարեփոխումների սկսվելուց ի վեր աղմուկը չի դադարում, որոշ դեպքերում՝ ուղղորդված և թիրախավրված: «Համակերպվել այն աղմուկի հետ, որ կա»,-ասաց նախարարը: Պատգամավորը մի քանի դիտարկում արեց, որով դասագրքում կասկածի տակ է դրվում պատմական հայրենիքը, որոշ տեղանուններ գրված են թուրքական տերմինաբանությամբ և այլն: Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ բոլոր դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական և բովանդակային հարցերին, կվերանայվեն, իսկ մնացածը՝ չի սրբագրվելու: Քանի որ այդպիսին է կրթության նոր չափորոշիչը:
18:18 - 25 հոկտեմբերի, 2023
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են հայ-հունգարական ոլորտային համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են հայ-հունգարական ոլորտային համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից, Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցության ընդլայնումն ու զարգացումը: «Մեր երկրների միջև համագործակցության ներուժը թույլ է տալիս խորացնելու հարաբերությունները մշակույթի, կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում: Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ հատկապես ուզում եմ մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ: Հույս ունեմ, որ Հունգարիան կկիրառի իր հեղինակությունը և գործուն քայլեր կձեռնարկի կանխարգելելու վանդալիզմը, որի հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ավելի մեծ է»,-նշել է նախարարի տեղակալը: Ալֆրեդ Քոչարյանն առաջարկել է նաև դիտարկել մշակույթի այլ ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ իրականացնելով համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային գործիչների փոխայցելություններ և այլն: Կողմերն անդրադարձել են նաև հայ-հունգարական համագործակցության հեռանկարին կրթության բնագավառում: Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները: Վերջինս ընդգծել է՝ Պազմանի կաթոլիկ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում հայագիտության ամբիոնը: Կողմերը կարևորել են ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման և միջմշակութային կապերի զարգացման հնարավորությունների ստեղծումը: Հանդիպման ընթացքում քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
10:52 - 24 հոկտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ

ԿԳՄՍ նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ։ Ինչպես տեղեկացնում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ըստ այդմ՝ ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի, կտարածվի նաև նախորդ տարիներին մասնակցած և այս արդյունքն ունեցած ուսուցիչների վրա, չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցել հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակության խնդիր չեն ունենա։ Փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ»,- գրել է նախարարը։ Անդրեասյանի խոսքով առաջիկայում նախարարությունը կներկայացնի նաև ուսուցչի մասնագիտական զարգացման նոր փաթեթը՝ տարակարգի կարգի փոփոխությունները՝ թղթաբանության զգալի թեթևացմամբ, վերապատրաստման նոր ծրագրերն ու կարգը, որոնք կգործեն արդեն հաջորդ տարվանից։
14:35 - 21 հոկտեմբերի, 2023
Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ, ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2020 թվականին և ավարտվել 2023 թվականի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 166,7 մլն դրամ: Ներկայումս դպրոցում սովորում է 780 աշակերտ: Դպրոցը համալրվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկական սարքավորումներով: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս վերադարձի առիթով, որովհետև գիտեմ, որ բոլորդ շատ երկար եք սպասել, և ուրախ եմ, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում: Մենք ինչո՞ւ ենք այսքան մեծ կարևորություն տալիս դպրոցին, դպրոցաշինությանը, որովհետև կարծում ենք, որ սա ռազմավարական խնդիր է և ռազմավարական ծրագիր»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի ապագան կախված է գալիք սերնդից, նրա մոտ ձևավորվող գաղափարներից և մտքից: «Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում դպրոցաշինության ստանդարտը և որակը, որովհետև ուզում ենք, որ բոլորդ դպրոցում զգաք ինչպես տանը: Մենք ուզում ենք, որ դուք դպրոցին վերաբերվեք այնպես, ինչպես տանն եք վերաբերվում, և ընդհակառակը՝ ուզում ենք նաև, որ դպրոցը ձեզ վերաբերվի այնպես, ինչպես սովորաբար ձեզ ընդունում են ձեր ծնողները, ձեր տատիկները, պապիկները, քույրերը և եղբայրները: Եվ շատ կարևոր ենք համարում, որ դպրոցը ձեզ օգնի լուծել երեք շատ կարևոր հարց, որոնք սկզբունքային են մեր կրթական բոլոր բարեփոխումների համար: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր աշակերտ դպրոցից դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով: Սա շատ կարևոր է»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է կրթության համար բարենպաստ, ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծման կարևորությունը. «Սակայն շենքը, գույքը, մնացած ամեն ինչն ընդամենն անկենդան առարկաներ են: Հիմա դուք ձեր ամենօրյա վերաբերմունքով պետք է կյանք տաք այդ շենքին»: Անդրադառնալով ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված դահլիճների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք բոլոր հաստատությունների համար պետք է հստակ չափանիշներով կառուցվեն և գործեն. ֆիզկուլտուրայի դահլիճները, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտերը՝ յուրաքանչյուրը պետք է համապատասխան չափանիշներով լինի: Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2021 թվականին և ավարտվել 2023-ի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1,5 մլրդ դրամ: Կառուցված դպրոցի հզորությունը 432 է, իսկ ներկայիս աշակերտների թիվը՝ 286: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին նորամուտի առիթով և նշել, որ նոր դպրոցներ ունենալու Կառավարության մղումն ինչ-որ տեղ կապ ունի նոր մտածողություն ունենալու անհրաժեշտության հետ: «Ի՞նչ կարող է նշանակել նոր մտածողություն: Նոր մտածողությունը, կարծում եմ, կարող է նշանակել հետևյալը. ինքներս մեզ ավելի լավ ճանաչել, նորովի ճանաչել, ավելի լավ ճանաչել մեր ուժեղ կողմերը որոնք են, ավելի լավ ճանաչել մեր թույլ կողմերը որոնք են, փորձել ուժեղացնել այն բոլոր ուժեղ կողմերը, որ ունենք, փորձել հաղթահարել այն բոլոր թերությունները, որ ունենք: Կարծում եմ, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները մտածողության մեջ են՝ ինքներս մեզ ընկալելու, մեր միջավայրն ընկալելու, աշխարհն ընկալելու, ժամանակներն ընկալելու, հնարավորություններն ընկալելու: Այս առումով, երեխաների, աշակերտների համար նոր մտածողություն ուզում ենք, որ նշանակի մի բան՝ ձեզնից յուրաքանչյուրի հնարավորությունների անսահմանափակությունը»,- նշել է վարչապետը: Վարչապետի դիտարկմամբ՝ Կառավարության խնդիրն է կրթությունը դարձնել հասանելի բոլորի համար: «Կառավարությունն այդ ծախսերն ինչի՞ համար է անում, որովհետև մենք հավատացած ենք՝ ձեր մեջ հիմա նստած են մարդիկ, ովքեր կանխորոշելու են մեր երկրի և աշխարհի ապագան: Ես ուզում եմ, որ դուք շատ լուրջ վերաբերվեք ձեր այդ առաքելությանը և հնարավորությանը: Մենք ուզում ենք, որ դուք ձեր մտքով, մտածողությամբ, մտքի թռիչքով ամեն մեկդ և բոլորդ միասին այս դահլիճը, այս դպրոցը, այս շենքը, երկիրը, ձեր թաղամասերը, ձեր փողոցները, մեր քաղաքները լցնեք նոր բովանդակությամբ, նոր կյանքով, նոր մտածողությամբ, որը կլինի մրցունակ: Սա շատ կարևոր է, որովհետև մտածողությունն էլ կարող է բերել պրոբլեմներ: Մեր շատ պրոբլեմներ գալիս են մեր մտածողությունից, և շատ պրոբլեմներ չենք կարողանում լուծել մեր մտածողությունից: Շատ կարևոր է, որ ինքներդ ձեզ և ձեր կրթությանը շատ լուրջ վերաբերվեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
17:03 - 20 հոկտեմբերի, 2023
Իմ երեխան որոշել է կրթությունը շարունակել արտասահմանում, նրա կրթության իրավունքը ոչ ոք իրավունք չունի վիճարկել․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

Իմ երեխան որոշել է կրթությունը շարունակել արտասահմանում, նրա կրթության իրավունքը ոչ ոք իրավունք չունի վիճարկել․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախից տեղահանված երեխաներին՝ ՀՀ դպրոցներում ու մանկապարտեզներում տեղավորելու հարցին՝ ընդգծելով, որ այս հարցում փորձում են գտնել երկարաժամկետ լուծումներ։ «Առաջին հերթին երեխաները տեղավորվում են այն դպրոցներում, որտեղ կան լիցենզիոն ազատ տեղեր ու սրա մասին տեղեկացված են թե՛ քաղաքապետարանի կրթութան վարչությունը, թե՛ մարզպետարանները»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ երեխաները ընդունվում են դպրոցներ՝ անկախ նրանից՝ կա՞ն ազատ տեղեր, թե ոչ։ Անդրեասյանը նշեց նաև, որ մանկապարտեզներում իրավիճակը այլ է, քանի որ Երևանում 8000 երեխա սպասում է մանկապարտեզ ընդունվելու իր հերթին, ուստի տեղահանված երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու հետ կապված խնդիրներ կան։ Լրագրողները Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեցին՝ արդյո՞ք իր երեխաներից մեկը կրթություն է ստանում արտերկում և արդյոք ՀՀ-ի կրթական համակարգը զիջում է  որակային առումով։ Ի պատասխան՝ նախարարը ասաց․ «Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության ու անձնական որոշումների իրավունքը չի կարելի վիճարկել։ Իմ երեխաները սովորել են այստեղ  հանրակրթական դպրոցներում, այս պահին իմ երեխաներից մեկն է, որ բարձրագույն կրթության համաակարգ է մուտք գործել ու իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ  շարունակում է կրթությունը։ Այդ բուհը չի գտնվում Հայաստանում  ու ես համարում եմ, որ դուք մտնում եք մի աձնական դաշտ, որի իրավունքը չունեք։ Իմ երեխաները, ինչպես մեր երկրում ցանկացած քաղաքացու երեխաներ, ազատ են որոշելու՝ որտեղ են ուզում շարունակել իրենց կրթությունը  ու որևէ մեկը չի ասել, որ իմ երեխաները  այն պատճառով, որ իրենց մայրը պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն  կամ սամանափակված լինեն իրենց որոշման ազատության մեջ»։  
13:20 - 19 հոկտեմբերի, 2023