Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

10 պատգամավոր հատել է հարգելի բացակայությունների շեմը
 |hetq.am|

10 պատգամավոր հատել է հարգելի բացակայությունների շեմը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի 10 պատգամավոր արդեն իսկ հատել է հարգելի բացակայությունների թույլատրված շեմը: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանին ուղարկված մեր գրավոր հարցման պատասխանից: Մայիսի 16-ի դրությամբ՝ 193 քվեարկություն և գրանցում է եղել, սա նշանակում է, որ 97 անհարգելի բացակայությունները գերազանցողները նստաշրջանի ավարտին կարող են հայտնվել մանդատից զրկվելու վտանգի առջև: ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս նստաշրջանի ավարտին հարցն ԱԺ խորհրդում քննարկելուց հետո այդ պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան: Ներկայացնենք պատգամավորների ցանկը, որոնք ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի ամենաշատ անհարգելի բացակայածներն են՝ Իշխան Սաղաթելյան՝ 100 բացակայություն, Վահե Հակոբյան՝ 97, Լիլիթ Գալստյան՝ 98, Արմեն Ռուստամյան՝ 101, Արթուր Ղազինյան՝ 98, Գեղամ Մանուկյան՝ 128, Անդրանիկ Թևանյան՝ 104, Արմեն Չարչյան՝ 119, Ասպրամ Կրպեյան՝ 102, Արթուր Վանեցյան՝ 115: Մենք գրավոր հարցմամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էինք, թե արդյոք նստաշրջանի ավարտին պատրաստվո՞ւմ է բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմել և չի՞ կաշկանդվի արդյոք, եթե շատ բացակայածների թվում նաև իր թիմակիցները լինեն: ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի ստորագրությամբ ուղարկված հարցման պատասխանում հիշատակվում է միայն այն մասին, որ պատգամավորի բացակայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ԱԺ կանոնակարգ օրենքով և ԱԺ աշխատակարգով: Նշենք, որ Factor.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ խիստ է տրամադրված պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցում: Նշենք, որ հարցման տեքստում հիշեցրել էինք ԱԺ նախագահին ապրիլի 12-ի նիստում հնչեցրած իր խոսքերը, երբ վերջինս անդրադարձել էր ընդդիմության բոյկոտին: «Ձեզ թվում է ինչի՞ էին բոլորն էստեղ հավաքված, որ սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշիվներին: Խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել ու չգալ, բայց պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին, ասել` սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի»,- ասել էր ԱԺ խոսնակը: Մենք Ալեն Սիմոնյանին խնդրել էինք դիրքորոշում հայտնել ընդդիմության բոյկոտի վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե այս ընթացքում արձանագրված բացակայությունները համարելու՞ է հարգելի, թե՞ ոչ, սակայն այս հարցին որևէ պատասխան չի տրվել: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:40 - 18 մայիսի, 2022
ԱԺ նախագահը չի պարզաբանում՝ ինչպես է իշխանությունը տեսնում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը
 |azatutyun.am|

ԱԺ նախագահը չի պարզաբանում՝ ինչպես է իշխանությունը տեսնում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանն արել է իր առաջարկը, Հայաստանն արել է իր առաջարկը: Ամեն մի բառը քննարկման առարկա է», - «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կա առաջարկ՝ Ադրբեջանն արել է իր առաջարկը, Հայաստանն արել է իր առաջարկը: Վերցնում ենք երկու առաջարկը, նստում ենք և սկսում ենք քննարկել: Ամեն մի ձևակերպումը, ամեն մի բառը քննարկման առարկա է, բայց ինչ-որ բանից պետք է սկսել, չէ՞: Ինչ-որ ձևակերպում Ադրբեջանի ձևակերպման մեջ մեր դուրը չի գալիս, ինչ-որ՝ մեր, դա է գործընթացը», - նշեց խորհրդարանի խոսնակը: Հարցին, թե ինչպե՞ս են տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ձեզ ասելը նշանակում է, պայմանական, ինչ-որ բանակցային գործընթացի մեջ խառնվել, որի իրավասությունը ես չունեմ»: «Ես որպես օրենսդիր մարմնի ղեկավար, չեմ կարող բանակցային պրոցեսի մաս հանդիսանալ և ինչ-որ ձևով կանխորոշել: Այդ հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարարը, կառավարության ղեկավարը, ես հիմա այդ գործողությունն անելով, մեղմ ասած, կխառնվեմ մի գործընթացի մեջ, որին ես այս պարագայում խառնվելու իրավունք չունեմ», - նշեց Սիմոնյանը: Դիտարկմանը, թե մինչև բանակցությունների գնալը, պետք է արդեն քաղաքական որոշում կայացրած լինեին, ԱԺ նախագահն արձագանքեց. «Քաղաքական որոշման մասին «Ազատության» ուղիղ եթերում ասելը նշանակում է դա ասել Ադրբեջանին, Ռուսաստանին, Ֆրանսիային: Եթե ես դրա կարիքն ունենամ, ես դա կանեմ այդ ճանապարհով»:  
18:58 - 17 մայիսի, 2022
Իրենց նպատակն է, որ մենք ինչ-որ սխալ քայլ անենք, Մարտի 1 անենք․ Սիմոնյանը՝ ընդդիմության ակցիաների մասին

Իրենց նպատակն է, որ մենք ինչ-որ սխալ քայլ անենք, Մարտի 1 անենք․ Սիմոնյանը՝ ընդդիմության ակցիաների մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության ակցիաներին, ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ նիստերին չներկայանալուն։  Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիր պատգամավորները զրկվեն մանդատներից, Սիմոնյանն ասել է․ «Ըստ օրենքի՝ նստաշրջանի ավարտից հետո միայն ես կարող եմ այդ հարցը դիտարկել, դնել այդ հարցը քննարկման խորհրդի նիստին և դրանից հետո միայն գործընթաց սկսել։ Արդեն այս պահի դրությամբ մամուլում ես տեսա, տեղեկություններ կան պատգամավորների անունների վերաբերյալ, այո, այդ տեղեկությունները ճիշտ են,նշված պատգամավորները անցել են այդ գիծը, որ թույլատրելի է բացակայության համար, հիմա այլ հարց է, մենք կքննարկենք, թե արդյոք դա կարելի է հարգելի համարել, թե ոչ և դրանից հետո որոշում կկայացվի և վստահ եմ, որ կգնանք օրենքի ճանապարհով»։ Դիտարկմանը, որ 2018 թ․-ին էլ ներկայիս իշխանության ներկայացուցիչներն էին բացակայում ԱԺ նիստերից, Սիմոնյանն նշել է․ «Սահման գոյություն ունի, այդ սահմանը այս պահի դրությամբ 95-96 բացական է, եթե անցնում է, պետք է որոշում կայացվի՝ արդյոք դա եղել է թույլատրելի, թե ոչ։ Օրենքը ասում է, որ խմբակցությունը կարող է մեկ անգամ բոյկոտ հայտարարել, բայց կներեք, Ազգային ժողովը «պռախադնոյ դվոր» չի, որ երբ ուզում ես գաս, մտնես ներս, երբ ուզում ես դուրս գաս, և ընդհանրապես նիստերին չգաս, հետո ասես՝ դա է իմ քաղաքական գործունեությունը։ Քաղաքական գործունեությունը, եթե դու պառլամենտից դուրս անում ես, դա այլ գործունեություն է, գնա, արա»։ Հարցին, թե ինչպես է Սիմոնյանը տրամադրված, արդյոք պատգամավորները կզրկվեն մանդատից, վերջինս նշել է․  «Ես խիստ եմ տրամադրված, բայց նորից եմ ուզում աել, ես չեմ ուզում հիմա իմ կարծիքով ինչ-որ ձևով կանխորոշել, ես խիստ եմ տրամադրված և համարում եմ, որ մենք պետք է իմ գործընկերների հետ այդ ճանապարհով գնանք, բայց պետք է նորից նայենք, որ որևէ պարագայում օրենքի խախտում տեղի չունեն»։ Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանի ժողովուրդը չի սատարում ընդդիմությանը․«Անընդհատ կրկնելով այն, ինչ արել է ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը, միայն ապացուցում է այն բանը, որ իրենք ներքուստ ընդունում են, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր արածները ճիշտ էին և դա է միակ  ճանապարհը»։ Հարցին՝ տեսնում են արդյոք իշխանափոխության վտանգ, Սիմոնյանն ասել է․ «15 օր է մեր միակ քննարկելի մասը այն է, թե որտեղ են իրենք մեզ խաբում, այսինքն՝ որտեղ է այս ամեն ինչի գաղտնիքը, որովհետև ես հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք դժգոհ են, համաձայն չեն, ուզում են, որ իշխանություն փոխվի, բայց եթե ես գալիս եմ ձեր ճանապարհը փակում եմ, դա չի նշանակում, որ դուք պետք է գաք և միանաք ինձ։ Իրանց երջանկությունը, իրենց նպատակը այսօր, որ մենք ինչ-որ սխալ քայլ անենք, Մարտի 1 անենք, Ռոբերտ Քոչարյանը ուզում է մեզ փաստի առաջ կանգնացնի, որովհետև դե ինքը իր մեջ իր արդարացումը ունի, թե ինքը ինչի է Մարտի 1 արել Սերժ Սարգսյանի հետ, ուզում է ասել՝ բա դուք այդ իրավիճակում ինչ կանեք, դե դուք կարաք Մարտի 1 մի արեք։ Իրենց երազանքն է, որ իրենց ձերբակալեն, իրենց ամբողջ նպատակը, երազանքը դա է»։ Սիմոնյանը նաև շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ հասարակական կարգը պահպանելու համար և անդրադարձել ոստիկանների գործողություններին․ «15 օր է՝ 4000 մարդ տարբեր տեղերում գործողություն է անում ու ոստիկանները գործողություն են անում, հնարավոր է ինչ որ մեկին ավել բրդեն, ինչ որ մեկի նյարդերը տեղի տան, բայց դա չի կարելի վերագրել քաղաքական որոշման»։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ձևավորմանը՝ Սիմոնյանը նշել է․ «Գործընթացի ընթացքի մեջ է, ինչ-որ բաներ է փոխվում, ինչ-որ կրակոցի պատճառով հայկական կողմը կարող է ասել՝ մի րոպե, եթե մենք բան ենք քննարկում, էս ի՞նչ կրակոց է։ Սա ընդամենը պայմանական եմ ասում նույնը կարող է Ադրբեջանի կողմից հատուկ սադրանք լինի։ Գործընթաց է, որը կարող է ինչ-որ չափով այս կողմ այն կողմ շեղում ունենալ, բայց կարևորը՝ մենք (նկատի ունեմ խնդիր ունեցող կողմեր ) ունենք այդ գիտակցությունը, որ պետք է այդ ուղղությամբ առաջ շարժվենք և շարժվում ենք առաջ։  Սիմոնյանը զերծ մնաց պատասխանելուց, թե ով է լինելու հանձնաժողովի նախագահը՝ չբացառելով, որ փոխվարչապետերից մեկը կարող է լինել այդ պաշտոնում»։
17:47 - 17 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին

Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին: Ողջունելով ներկաներին՝ նա բարձր է գնահատել ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները` շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բրիտանական և շվեդական դեսպանությունների, UK Aid կազմակերպության համատեղ ուժերով վերանայվել են առաջնահերթ խնդիրները, որոնց պարբերական լուծումները բարձրացնում են խորհրդարանական ժողովրդավարության մշակույթի նշաձողը: Նա արձանագրել է պատգամավորների, աշխատակազմի ու խորհրդարանի կառուցվածքային ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքի արդյունավետությունը: Խորհրդարանի նախագահն ուշադրություն է հրավիրել հատկապես էլեկտրոնային խորհրդարանի հիմնմանը և համաշխարհային խորհրդարանների լավագույն փորձի տեղայնացմանը: Որպես տեսանելի և առարկայական արդյունք` Ալեն Սիմոնյանն առանձնացրել է Քրեական օրենսգրքի ու Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, 2022 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքում առաջին անգամ ներկայացված գենդերային բյուջետավորումը: Նա անդրադարձել է նաև ծրագրի շրջանակում խորհրդարանում ստեղծված Վերլուծական ու վերապատրաստման, Խորհրդարանական ժողովրդավարության կենտրոններին: Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի առանցքային նախագիծն է: «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը մշակվել է Ազգային ժողովին աջակցություն ցուցաբերելու համար` ուշադրության կենտրոնում պահելով խորհրդարանական գործառնությունների որակի, թափանցիկության և ներառականության բարելավումը: Ծրագիրն օժանդակում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի կողմից` ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, աջակցել խորհրդարանին, որպեսզի պետական կառավարման համակարգում կիրառվեն նոր գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կնպաստեն աշխատանքի որակի բարելավմանը, թափանցիկության և ներառականության ապահովմանը, գենդերային զգայուն քաղաքականությունների մշակմանը՝ համահունչ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ոչ ոքի չանտեսելու գլոբալ «Օրակարգ 2030»-ին:
14:52 - 16 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը և Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին

Ալեն Սիմոնյանը և Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ընդգծել է, որ այն ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է: Նա շեշտել է, որ ՄԻՊ ինստիտուտի՝ վստահություն ներշնչող գործունեությունը տարբեր երկրների ժողովրդավարության սանդղակի լավագույն ցուցիչ է: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրավունքներին առնչվող բազում խնդիրների լուծումը ՄԻՊ տիրույթում է: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ՀՀ ՄԻՊ-ը կայացման տպավորիչ ճանապարհ է անցել, և դրա զարգացման ու կատարելագործման աշխատանքներն անհրաժեշտություն են բազմաթիվ մարտահրավերների հետ առնչվող մեր պետության համար: Կողմերը քննարկել են հանրային ընկալումներում մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրներ՝ անդրադառնալով ներկայումս մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք կարևորվել է Ազգային ժողով-Մարդու իրավունքների պաշտպան համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովների մակարդակով: Մարդու իրավունքների պաշտպանը ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրել է որոշ բնագավառներում մարդու իրավունքներին առնչվող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը և օրենսդրական նախաձեռնությունների լրամշակմանը: Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ արձանագրվել է ԱԺ-ի և այլ պետական մարմինների հետ ՄԻՊ աշխատանքի կանխարգելիչ նշանակությունը:
16:25 - 05 մայիսի, 2022
Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Կառավարող ուժի քարոզչամեքենայի մաս կազմող FreeNews.am լրատվականը, որն ունի վերգետնյա հեռարձակման իրավունք, այսօր հրապարակել է «Վանեցյանը հանրահավաքին՝ Քոչարյանի միլիոնների մասին» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում են ընդդիմադիրների վերջին հանրահավաքներից տարբեր կադրեր, ֆոնին էլ հնչում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը։  Տեսանյութում, մասնավորապես, ցուցադրվում է ընդդիմադիրների հանրահավաքներից մեկին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, ապա Արթուր Վանեցյանի մասնակցության դրվագը, իսկ կադրում զուգահեռաբար վերջինիս հայտարարությունն է լսվում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին․ «Ունենք ցուցմունք, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով, փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել, ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, եւ մնացած այլ-այլ ունեցվածքները։ Մի խոսքով՝ ունենք՝ սխեման ոնց ա գալիս եւ հասնում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, եւ ունենք էդ գումարը ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին, խոսքը գնում ա հարյուրմիլիոնավոր դոլարների մասին, մի մասը՝ դրսի բանկերում, մի մասը՝ ստեղի բանկերում»։  Վանեցյանը, սակայն, այս հայտարարությունը չի արել ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, ինչպես փորձ է արել ներկայացնել լրատվականը։ Այն, իրականում, գրեթե չորս տարվա վաղեմություն ունի․ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ Վանեցյանը դեռ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր, Քոչարյանի ունեցվածքին վերաբերող այդ տեղեկությունները հրապարակեց իր ու այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայության, այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից (որի ժամանակ վերջիններս «Մարտի 1»-ի գործն էին քննարկում) հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։ FreeNews-ը Վանեցյանի այդ հայտարարությունից վերցրել է ձայնն ու փորձել սինխրոնացնել հանրահավքներից մեկի ժամանակ ելույթ ունեցող Վանեցյանի շուրթերի շարժումներին, սակայ տեսանյութը փոքր-ինչ ուշադիր նայելիս ակնհայտ է դառնում, որ նրա արտաբերած բառերն ու հնչող ձայնը համապատասխան չեն։ Կադրը, որտեղ Վանեցյանն, իբր, Քոչարյանի ունեցվածքի մասին է խոսել, մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից է, որտեղ Վանեցյանը լրիվ այլ բանի մասին է խոսում, իսկ ավելի կոնկրետ՝ օրվա կառավարող ուժին կոչ է անում հեռանալ՝ պնդելով, որ վերջինս ձախողել է բոլոր ուղղություններով։ Իսկ մյուս կադրը, որտեղ Քոչարյանն է երեւում՝ հայացքը ուղղված Ֆրանսիայի հրապարակում տեղադրված բեմահարթակին, դարձյալ նույն օրվա հանրահավաքից է, սակայն այդ դրվագի ժամանակ ելույթ էր ունենում ոչ թե Վանեցյանը, այլ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, եւ Քոչարյանի հայացքը ուղղված էր նրան։  Այսպիսով, FreeNews լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը եւ տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, հրապարակել է տեսանյութ, որտեղ հնչող հայտարարությունը, թեեւ իրականությանը համապատասխանում է, սակայն այն ժամանակագրական կեղծիք է պարունակում․ Արթուր Վանեցյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել։ Այդ հայտարարությունն արվել է, երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրենն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Հայարփի Բաղդասարյան
16:04 - 04 մայիսի, 2022
Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել․ Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել․ Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ ընդդիմության ակցիաներին։«Նրանց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են իրենց գործունեությունը, անօրինական ձևով հարստություն ձեռք բերված որոշ ճարպիկներ փորձում են էլ ավելի հարստություն ունենալ։ Գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս ու փողոց են փակում, փոխարենը մարդկանց սպասարկեն ու ճանապարհները սարքեն»,- ասաց պատգամավորը։  Խաչատրյանի խոսքով՝ այս իրավիճակում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ․ «Մի բան է, երբ իշխանությունը բռնազավթված է, հասարակությունը՝ համոզված է, որ կաշառքով, չգիտեմ ինչով ձևավորվել է և ընդվզում է, մի բան է, որ ինչ-որ հրոսակախմբեր օրինական իշխանությունը փորձում են ու տապալել ու զավթել իշխանություն։ Այդ ժամանակ անհնազանդություն չի սա, և այդ ժամանակ օրենք է պետք։ Ինչքա՞ն կարելի է փողոցը փակած պահել, ովքե՞ր կարող են փողոցը փակել, իսկ ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները, որոնք այդ ընթացքում տուժում են»։ Նա ասաց, որ քողարկված հեղափոխություն է ասպարեզ եկել․ «Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել, պատահական չէ, որ այդ բառը կրող կուսակցություն է այս ամենը ղեկավարում, հեղափոխականությունը իր հետ բերում է տգիտություն, ցինիզմ, լկտիություն, ոչ մի լավ բան չի բերում էդ քողարկված հեղափոխականությունը։ Իրական հեղափոխությունը այլ բան է, որ ցանկալի չէ, բայց տեղի է ունենում»։ Խաչատրյանի խոսքերին արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Մենք ենք «մեղավոր», որ էդ ընկերություններում փայ չենք մտել, էդ ընկերությունները մերը չեն,  էդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտեն, ժամանակին թե ընկերությունները, թե էն հայտնի շոու բիզնեսի աստղերը, որոնք վախում էին մի հատ ծպտուն հանեին, թե որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրանց էդ սև քողերի տակից հանեին, մենք ենք «մեղավոր»։  Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվի և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,-նշեց նա։
11:33 - 04 մայիսի, 2022
ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները

ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ժասուրբեկ Չորիևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Միջազգային հարաբերութունների, լոգիստիկայի և արտահանման զարգացման վարչության պետ Մամանբի Օմարովը և օդային տրանսպորտի զարգացման վարչության գլխավոր մասնագետ Սատոր Սատորովը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթեր իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության ռազմավարական ուղղություններն ու հեռանկարները։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հետաքրքրություն հայտնել հայկական ավիաընկերությունների շուկայում ներգրավված լինելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ ուզբեկական ավիաընկերությունները ունեն ցանկություն դեպի Հայաստանի Հանրապետություն ուղիղ չվերթեր իրականացնել, սակայն ներկայում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չունեն բավարար ռեսուրսներ։ Ի պատասխան՝ հայկական կողմը ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ գործող և ստեղծվող ավիաընկերությունների մասին, պատրաստակամություն հայտնել խթանել ընկերությունների և ուզբեկական կողմի միջև կապի հաստատումը և գործընկերության ստեղծումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները։ Արմեն Սիմոնյանը, դրական գնահատելով հանդիպման արդյունքները, նշել է, որ կողմերը կշարունակեն ակտիվ համագործակցությունը և, հնարավոր է, միջկառավարական համաձայնությամբ ամրապնդեն դինամիկ զարգացող հարաբերությունները։
17:07 - 03 մայիսի, 2022
Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

«ՀՀ իշխանությունը, մեր իրավիճակից ելնելով, այսօր ապահովում է ՀՀ անվտանգությունը շատ ավելի լավ, քան այսօր դրա մասին խոսող այն դերակատարները, որոնք կարողացել են ապահովել կամ կկարողանան այս իրավիճակում ապահովել»։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը ասելիք չունի, բայց նրանք դուրս են եկել փողոց՝ Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, արդյո՞ք դա ասելիք չէ, դա իշխանության համար լուրջ ազդակ չէ՞, որ իրենց քաղաքականությունը այս առումով սխալ է, Սիմոնյանը պատասանեց․ «Խնդրում եմ՝ թող ընդդիմությունը, դուք բացատրեք, թե ինչ է նշանակում այդ «համար»-ը, ո՞րն է դա, երբ վիրավորում են, գոռում են՝ միացի՛ր, դա առաջա՞րկ է անվտանգության համար, այն, ինչ իրենք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պիտի անեին, մոտ քսան տարի ժամանակ ունեցել են, եւ ոչինչ չեն արել»։Անդրադառնալով նախկինում հնչած այն տեսակետին, թե Նիկոլ Փաշինյանն այլեւս չպետք է բանակցի՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ներողություն եմ խնդրում, բայց նախ դուք չպետք է որոշեք, այլ ժողովուրդը, եւ ժողովուրդը այդ որոշումը կայացրել է, եւ երկրորդ, բա ո՞վ պետք է բանացկի․ Քոչարյա՞նը, որը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային պրոցեսից, եւ քննարկում էր Մեղրին Արցախի հետ փոխարինելու հարցը, թե՞ Սերժ Սարգսյանը, որը տասը տարվա պաշտոնավարումից հետո եկավ եւ ասաց, որ բանակցային պրոցեսը այլեւս լավատեսություն չի ներշնչում, եւ մենք գտնվում ենք փակուղում, թե՞ Վանեցյանը թե՞ Դաշնակցությունը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքն ուզում է հասկանալ ընդդիմության առաջարկները։Լրագրողի հարցին՝ բայց արդյո՞ք այս իշխանությունը պետք է բանակցի, որը պարտվել է եւ Արցախի 75 տոկոսը տվել է թշնամուն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ, այդ հարցի պատասխանը տվել է ՀՀ  քաղացացին, ոչ թե ես, ոչ թե դուք, այս նույն մարդիկ ութ ամիս առաջ այս նույն լոզունգներով գնացին քաղաքացու մոտ, ի դեպ, իրենք չէին ուզում գնալ, մենք ենք պարտադրել այդ օրակարգը, որ ժողովուրդը պիտի որոշի, եւ ժողովուրդը այդ հարցի պատասխանը տվել է»։ Անդրադառնալով «75 տոկոս» ձեւակերպմանը, ԱԺ  նախագահը հարց հնչեցրեց․ «Եկեք մի բան հասկանանք․ այդ որ ասում եք 75 տոկոս, այն գրավյալ տարածքները մե՞ջն են, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը եւ ասում, որ դրանք որեւէ նշանակություն չունեն, թե՞ դուք նկատի ունեք հենց Արցախի տարածքը, որով Արցախի Հանրապետությունը  իր անկախությունն է հռչակել։ Անվերջ կան բաց տեղեր, անվերջ կա քաղաքական որեւէ կոնկրետ հարցի պատասխանի բացակայություն, եւ դա է պատճառը, որ մեր ընդդիմությունը այսօր, մեղմ ասած, բավականին վատ իրավիճակում է հայտնվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդդիմությանը, ամեն դեպքում, հասկանում է․ «Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, եւ կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետեւ նրանց քաղաքական ասելիքը սպառված է»։
13:52 - 03 մայիսի, 2022
Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են «մեծ տրամաչափով զենքի կիրառման կրակոցներ»․ «Հետեւությունները թողնում եմ Ձեզ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքը մասին բազմաթիվ անգամներ ասել է, որ ընդդիմության գործողությունները գրեթե միշտ համընկնում են կա՛մ կարեւոր այցերի հետ, օրինակ՝ ՌԴ ղեկավարի կամ ԵՄ ղեկավարների, կա՛մ սահմանում տեղի ուենցող իրադարձությունների հետ․ «Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է, համարում եմ, որ ինչ-որ ձեւերով դա համակարգվում է, եւ այն բացահայտումները, որ այսօր արդեն ԱԱԾ-ի կողմից արվում են, դրա մի մասն են, բայց մեր քաղաքացիները ամեն ինչ հասկանում են եւ չեն միանում, եւ այդ ակցիաները գնալով սակավ մարդկանցով են տեղի ունենում»,- նշեց նա։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ երբ իրենք էին ընդդիմություն, նույն բանը իրենց վերաբերյալ էին ասում, Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ ասելով․ «Գիտեք՝ ինչ, երկու բան․ նախ նույնության մասին ով-ով, իրենք չպետք է խոսեն, որովհետեւ բացի երեւի մորուք պահելուց, ամեն ինչ կրկնում են, եւ չեն հասկանում, որ եթե ուզում ես ինչ-որ բան անել, չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի դա արել է, դու էլ, նույնն անելով, կհաջողես, դրա ձեւերը շատ երկար կարող եմ բացատրել։ Ինչ վերաբերում է նույնությանը, 2018 թ․-ին սահմանին տեղի չէր ունենում այն, ինչ հիմա է տեղի ունենում, եւ այդ խոսակցությունը մի կարճ պահ տեւեց»։ Սիմոնյանի կարծիքով՝ արդեն երկարատեւ ժամանակ է՝ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմության գործողությունները եւ հայտարարությունները կարծես հարեւան երկրի ՊՆ լրատվական բաժնից լինեն․ «Եւ ոչ միայն իմ մոտ է այդ տպավորությունը, իմ խոսքերը դնենք մի կողմ, տեսեք՝ գործողություն, կրակոց, գործողություն, կրակոց, սա ես չեմ ասում, սա ուղղակի փաստ է»։
13:02 - 03 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողություններին՝ ընդհանուր առմամբ, այն գնահատելով համաչափ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «ոստիկանությունը բոքսում էր» քաղաքացուն, դրա՞ համար էր ինքը երեկ շնորհակալություն հայտնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․   ««Ոստիկանությունը բոքսում էր» արտահայտությունը հանեք ձեր լեքսիկոնից, մի կոնկրետ դեպքը ընդհանրացնել եւ հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում ե՛ւ ձեզ, ե՛ւ լրատվամիջոցին, որովհետեւ եթե ես խնդրեմ ասել այդպիսի մեկ, երկու, երեք դեպք, դուք դա չեք անի» ։ Երբ լրագրողները հիշեցրին երեկ տեղի ունեցած բռնության այլ դեպք, մասնավորապես՝ լրագրողի նկատմամբ, Սիմոնյանն ասաց․ «Դե ես ասացի՝ բացի 2-3 դեպքից․․․» Դիտարկմանը, թե 3 դեպքը արդեն հոգնակի է, ԱԺ նախագահը արձագանքեց՝ ասելով․ «Հիմա սա Ձե՞ր հարցազրույցն է թե՞ իմ, վերջացավ Ձեր հարցը, ես այլեւս չեմ պատասխանի»։ Այնուհանդերձ, ԱԺ նախագահը նշեց, որ այդ դեպքի մասին լսել է, բայց բավականին քիչ է հետեւում ակցիաներին եւ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողությունները գնահատում է համաչափ։ Նա կրկին շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները եւ թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումներ խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքները․ «Բայց միեւնույն ժանանակ կրկնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, ովքեր իրենց իրավունքն են իրացնում, ազատ ցույցեր, երթեր իրականացնում, կարող եք տեսնել՝ ոստիկանությունը ինչպես է ուղեկցում, նաեւ ընդդիմադիր գործիչներն են նշում, որ ոստիկանության աշխատակիցները օգնում, աջակցում են, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում, համենայն դեպս պետք է հասկանանք, որ գործողություններ, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ ոստիկանությունը իր աշխատանքն է իրականացնում»,- ասաց նա։
12:50 - 03 մայիսի, 2022
Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Այսօր՝ Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում քննարկվեց «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։  Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ասաց՝ ՀՀ կառավարության 2007 թ․-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ։ «Սակայն դեռևս օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ այդ լիազորությունը։ Նախագծի նպատակն է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել հաստատելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ»։  Նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ընդգծեց՝ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, և ՀՀ-ն աշխարհիկ պետություն է․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ պատկան մարմինները կրոնական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչեն մարդու ազգային պատկանելությունը, որի հետևանքով մարդը կարող է հավակնել ՀՀ քաղաքացի դառնալու։ Եթե չեմ սխալվում, մեր մոտ Սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, և մենք աշխարհիկ պետություն ենք։ Եթե այդպես է, այդ դեպքում պետք է նաև ընդունենք, որ այլ փաստաթղթեր էլ կան, որոնք տալիս են եկեղեցու կողմից և այդ փաստաթղթերը պետք է հանդիսանան քաղաքացիաիրավական հարաբերությունների համար ապացույց՝ հետագայում ամուսնության կամ ամուսնալուծության պարագայում գույքային պահանջների քննարկման ժամանակ»։  Արա Ֆիդանյանը, արձագանքելով պատգամավորին, ասաց՝ եկեղեցիների կողմից տրված փաստաթղթերը հիմք են անձանց ազգությամբ հայ ճանաչելու և ՀՀ քաղաքացիություն տրամադրելու համար․  «Մնացյալը իրավահարաբերությունների հետ կապված, տվյալ նախագծի շրջանակներում որևէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»,-ասաց նա։  Արսենյանն էլ ասաց՝ ՀՀ քաղաքացիների՝ քաղաքացի դառնալու համար դավանաբանական պատկանելությունը ամենակարևոր կոմպոնենտը չի։  Արսենյանի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․  «Հաճախ  տարբեր երկրներում բնակվող մեր  հայրենակիցները եզակի հնարավորություն են ունենում ներկայացնել հենց այդ փաստաթուղթը և դա որևէ կապ չունի դավանաբանության հետ»։
10:58 - 03 մայիսի, 2022
Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին

Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իլյա Դարչիաշվիլիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու եւ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների շարունակական զարգացումը մեր առաջնահերթություններից է, որն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) գործողությունների ծրագրում: Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս նպատակով Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Նա հիշեցրել է պաշտոնական Բաքվի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումները՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը խափանելուն: Անդրադարձ է եղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքական պատանդների հարցին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման առաջնայնությունը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշանակությունը՝ մեծապես կարեւորելով խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելը եւ համարժեք այլ գործողությունների իրականացումը: Վրաստանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ խաղաղությանը նպաստելու համար Վրաստանը միշտ պատրաստ է սերտ համագործակցության եւ աջակցության: Նա նշել է, որ խաղաղ հարեւանությունը եւ մարտահրավերներին միասին դիմակայելը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար բոլոր ուղղություններով շարժվելու անհրաժեշտությունը:
12:47 - 30 ապրիլի, 2022
Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը
 |azatutyun.am|

Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Սահմանադրական դատարանից փոխանցեցին՝ որոշումը եռօրյա ժամեկտում կհրապարակվի դատարանի պաշտոնական կայքէջում։ Ընդդիմադիրները ութ ամիս առաջ Բարձր դատարան ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցել խորհրդարանի նիստին կալանավորված լինելու պատճառով և նրանք հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը, այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։ Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանը չցանկացավ այն մեկնաբանել՝ պնդելով, թե հիմա այլ հարցեր են կարևոր։ Ավելի վաղ, Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում, հինավորել էր իրենց դիմումը հետևյալ կերպ․ - «Ալեն Սիմոնյանը ունեցավ ելույթ, ուներ հնարավորություն պատասխանելու հարցերին, որոնք ներկայացվում էին։ Իսկ Արթուրը Սարգսյան և Մխիթար Զաքարյանը, որոնք «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն էին, նման հնարավորություն չէին ունեցել։ Չէին ունեցել հակասահմանադրական, հակաօրինական միջամտության պայմաններում»։ Ընդդիմադիր պատգամավորը վկայակոչել էր Բարձր դատարանի մեկ այլ որոշում, որով հակասահմանադրական էր ճանաչվել պատգամավորի կարգավիճակում Զաքարյանի և Մխիթարյանի կալանավորումը․ - «Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այդ հիմնավորումը, որը մենք ներկայացնում էին, որ պատգամավորը առանց Ազգային ժողովի համաձայնության, անձեռնմխելիությունից ելնելով, չէր կարող լինել քրեակատարողական հիմնարկում, հաստատվեց։ Հետևաբար Ազգային ժողովի նախագահի ընտրությունները այդ մասով արդեն հաստատված է, որ օրինականության խնդիր են ունեցել»։ Ընդդիմադիրների այս դիմումը Բարձր դատարանը սկզբում որոշել էր քննել բանավոր ընթացակարգով՝ հանրության ու լրագրողների համար բաց։ Հետո արդեն որոշվել էր այն քննել փակ՝ գրավոր ռեժիմով։ Որպես զեկուցող դատավոր էր նշանակվել Երվանդ Խունդկարյանը, որին հետո փոխարինեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Պատճառը Խունդկարյանի դիրքորոշան տարբերությունն էր մյուս դատավորներից, այս դեպքում Սահմանադրական դատարանի աշխատակարգը հնարավորություն է տալիս փոխել դատավորին։ Խունդկարյանի դիրքորոշումը պարզ կդառնա, երբ Բարձր դատարանը հրապարակի այսօր կայացրած որոշումը։
15:02 - 29 ապրիլի, 2022