Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները

Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ: Քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները: Վլադիմիր Վարդանյանը` որպես հանձնաժողովի նախագահ, տեղեկատվություն է ներկայացրել այդ բարեփոխումների ընթացքի և առանձնահատկությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքին: Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները հետագայում շարունակելու պատրաստակամություն հայտնել:
10:58 - 26 նոյեմբերի, 2022
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնց անձամբ ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց ամենօրյա ջանքերի համար, որ գործի են դնում հայ աշակերտներին ֆրանսերեն սովորեցնելու և ֆրանսերենն ավելի մասսայական դարձնելու համար: Անն Լույոն կարևորել է այս տարվա հունվարին Երևանում Ֆրանսիական ինստիտուտի բացումը, որը դառնալու է ֆրանսերենի տարածման ևս մեկ կենտրոն՝ համալրելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան  ֆրանսիական կրթահամալիրի և ֆրանսախոս այլ կենտրոնների շարքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին՝ կարևորելով նրանց դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում. «Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը կարևոր է նախ այն առումով, որ ընդգծում է ուսուցչի հատուկ դերը՝ շեշտելով մանկավարժական աշխատանքի առաջնային նշանակությունը: Շնորհակալ եմ ձեր կողմից ամեն օր կատարվող բավական դժվար և երբեմն թվում է անշնորհակալ, բայց իրականում շատ շնորհակալ աշխատանքի համար: Շատ կարևորում եմ նաև այն, որ մենք խոսում ենք հենց ֆրանսերենի ուսուցիչների մասին: Սա հնարավորություն է, որով դուք  ձեզ զգում եք մի մեծ համայնքի մաս՝ այդպիսով ապահովելով մեր ուսուցիչների ներդրումն այս  գլոբալ համայնքում»,- միջոցառմանը ներկա ուսուցիչերին ուղղված խոսքում ասել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթությունը սահմաններ չի ճանաչում, և մենք ունենք հավելյալ պարտավորություն նախ կրթությունը վերածելու գլոբալ գործընթացի, ապա նաև բարձրացնելու երեխաների լեզվական իմացությունը, քանի որ այսօր այն դարձել է գրագիտության կարևոր չափանիշներից մեկը՝ դադարելով լինել միայն առանձին մասնագիտություն կամ ուղղություն. «Լեզվի իմացությունն արդեն մեզնից յուրաքանչյուրից պահանջվող նվազագույն կարողություններից և հմտություններից մեկն է»: Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթության բովանդակային բարեփոխումների կարևոր շեշտադրումներից մեկն օտար լեզուների իմացության խորացումն է: Դպորցն ավարտող երեխաներն առնվազն երկու օտար լեզվով պետք է կարողանան ցուցաբերել B2 մակարդակի իմացություն: «Վստահ եմ՝ բարեփոխումները նպաստելու են նաև ֆրանսերենի իմացության ամրապնդմանը, որը մենք չենք դիտարկում միայն լեզվի իմացություն: Դա  նաև արժեքային դաստիարակություն, գեղագիտական ու մշակութային կրթություն է և հնարավորություն՝ այլ իրականությունների հետ հաղորդակցվելու, դրանով զարգանալու, հարստանալու և մեր երկրի զարգացմանը նպաստելու»,- ասել է նախարարի տեղակալը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցությունը՝ թե՛ ֆրանսերենի ուսուցման. և թե՛ ֆրանսիական մոդելների ներդրման փորձի առումով: Այս համատեքստում նա, մասնավորապես, անդրադարձել է Տավուշի մարզում վերջերս բացված  Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային գյուղատնտեսական քոլեջին, որտեղ ուսուցումն իրականացվում է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ: Այնտեղ դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի դասախոսներ:
15:17 - 25 նոյեմբերի, 2022
Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին
 |azatutyun.am|

Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Գլխավոր դատախազությանն ուղղված հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։ Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։ Փարիզի վկայակոչած ու 1957 թվականին ընդունված կոնվենցիայում իրավական ձևակերպումներից բացի կա նաև քաղաքական մաս։ 3-րդ հոդվածում ասվում է՝ հանձնում չի իրականացվում, եթե արտահանձնող կողմը հանցագործությունը ճանաչում է որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող: Կամ էլ՝ եթե կողմն ունի բավարար հիմքեր՝ համարելու, որ սովորական քրեական հանցագործության համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով։ Հանրապետականի իշխանության տարիներին Սյունիքի մարզպետը հետախուզվում է դեռ 2019-ից։ Հայաստանում նրան մեղադրում են պաշտոնական կեղծիքի, վատնման ու լիազորություններն անցնելու համար։ Դեռ 2020-ին tert.am-ի հետ զրույցում հետախուզվող Սուրիկ Խաչատրյանը պնդել էր, թե անօրինականություններ թույլ չի տվել, ասել, որ բուժում է անցնում արտերկրում, ինչից հետո կվերադառնա Հայաստան։ Եթե Ֆրանսիան մերժել է Խաչատրյանին հանձնել Երևանին, ապա դեռ 2020-ից հետախուզվող գործարար Սամվել Մայրապետյանի դեպքում հարցը Գերմանիայի դատական իշխանություններին չի հասել։ Ըստ դատախազության, գործարարի նկատմամբ հետախուզմանն ընթացք չի տվել Գերմանիայի ինտերպոլի ազգային բյուրոն։ Թե ինչու՝ պատճառները դատախազությունը չի նշել։ Մայրապետյանին Հայաստանում մեղադրում են նախագահ Քոչարյանին 3 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու և փողերի լվացման համար։ 2018-ի տարեվերջին կալանքից 30 միլիոն գրավով ազատ արձակված Մայրապետյանը մեկ ամիս անց մեկնել էր Գերմանիա՝ բուժման ու մինչ օրս չի վերադարձել։ Նա ևս մեղադրանքը չի ընդունում։
10:02 - 22 նոյեմբերի, 2022
Ալիևը Փարիզին մեղադրում է Ադրբեջանի դեմ սադրանք կազմակերպելու մեջ |azatutyun.am|

Ալիևը Փարիզին մեղադրում է Ադրբեջանի դեմ սադրանք կազմակերպելու մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի դեմ սադրանք է կազմակերպվել, որի հեղինակը Ֆրանսիան էր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, իսկ հիմա Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Նրանք միմյանց քույրեր են անվանում, և դա հատուկ ընդգծում են, չնայած կարող էին նաև իրար եղբայրներ անվանել», - հեգնել է Ալիևը։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բանաձև է ցանկացել ընդունել, որում Ադրբեջանի դեմ «իրականությանը չհամապատասխանող» ձևակերպումներ կային։ «Բոլոր հակաադրբեջանական թեզերը հեռացվել են մեր ընկերների ջանքերի շնորհիվ», - ասել է Ադրբեջանի առաջնորդը՝ առանց հստակեցնելու, թե ինչ թեզերի մասին է խոսքը և որոնք են Բաքվին սատարած երկրները: Իլհամ Ալիևն իր ծավալուն ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին, պնդել, որ այդ կառույցում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Երևանին չի հաջողվել ռազմական այդ դաշինքին բացասաբար տրամադրել Բաքվի նկատմամբ, քանի որ կազմակերպության մյուս անդամները չեն տրվել Երևանի «սադրանքներին»։
18:09 - 21 նոյեմբերի, 2022
Թունիսում կայացել է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը

Թունիսում կայացել է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։«Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել Թունիսում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող քննարկումներին: Քննարկվել են կազմակերպության առաջնահերթություններին և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր:Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը:Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր», - նշված է հաղորդագրության մեջ:
22:58 - 19 նոյեմբերի, 2022
ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին

ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը»։ Հայտարարության մեջ ասված է․   «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը դատապարտելու մասին   Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձև, որով մասնավորապես`   - պահանջում է անհապաղ և առանց պայմանների դեպի սկզբնական դիրքեր դուրս բերել ադրբեջանական և նրանց դաշնակիցների ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից,   - պահանջում է ապագայի համար Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը,   - կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին,   - առաջարկում է Կառավարությանը բոլոր միջոցներով ցուցադրել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես, դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության կարողությունների հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականությունը ապահովելու համար,   - առաջարկում է Կառավարությանը անհապաղ ձեռնարկել ցանկացած նախաձեռնություն՝ երաշխավորելու համար հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ նպատակով պահանջել միջազգային հանրության հովանու ներքո միջդիրքային ուժերի տեղակայում,   - վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով:   Օրեր են անցել, սակայն Հայաստանի Հանրապետության գործադիր կամ օրենսդիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը: Տվյալ փաստը ևս մեկ անգամ հիմնավորում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի հնչեցրած այն համոզմունքը, որ մեր երկրի կառավարիչները պարզապես կոլաբորացիոնիստ (թշնամու հետ համագործակցող) են, բնականաբար և չեն առաջնորդվում պետական և ազգային շահերով:   Մոտ օրերս հակապետական և հակազգային կոլաբորացիոնիստ այս կառավարիչների կողմից ականատես ենք լինելու մեր երկրին թշնամաբար տրամադրված ՀԱՊԿ կառույցը ներկայացնող պետությունների ղեկավարների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմագին ընդունելությանը: Ազգային-ժողովրդավարական Բևեռը, խստորեն դատապարտելով ներկայացված իրականությունը, հույս է հայտնում, որ հայ ժողովուրդը համապատասխան հետևություններ կանի ու կձգտի օր առաջ ձերբազատվել կոլաբորացիոնիստ կառավարիչներից:   Միաժամանակ դիմում ենք Հայաստանի արևմտյան բարեկամ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի Հանրապետության իշխանություններին՝ խնդրելով ի վերջո ըմբռնել, որ Հայաստանի Հանրապետությունը կառավարում են կրեմլահպատակ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը, որոնք չեն կարող քաղաքակիրթ Արևմուտքի հետ կառուցել դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ, իսկ իրականացվող կիսաքայլերը պարզապես իմիտացիոն բնույթ են կրում»:
14:14 - 19 նոյեմբերի, 2022
Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը

Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին։ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե «բանաձևը լիովին հեռու է իրականությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դրույթներ ու, ունենալով բացահայտ պրովակատիվ բնույթ՝ ուղղված է խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ «Սենատի կողմից ընդունված և որևէ իրավական ուժ չունեցող բանաձևը ակնհայտորեն ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը հայտարարում է խաղաղ գործընթացին նպաստելու իր մտադրության մասին։ Ընդհանրապես, բանաձևում նշված բոլոր անհեթեթ պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակները տեղյակ չեն պատմական փաստերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- նշված է հաղորդագրության մեջ։  Անդրադառնալով այն կետին, որով բանաձևը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ ԼՂ-ում հիմնել հումանիտար գրասենյակ, Ադրբեջանի ԱԳՆ-ից կրկին նշել են, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է»։  «Այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության անվտանգությունը Ադրբեջանի ներքին գործն է, և դրանք ապահովվելու են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության համաձայն։ Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերին խրախուսելով՝ Սենատի այս բանաձեւը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ առաջընթացին եւ հեռու է բանաձևում նշված «տեւական խաղաղության խթանումից»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ից նշել են՝ «մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հերթական բանաձեւը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
13:10 - 16 նոյեմբերի, 2022
Արցախի պատգամավորները երախտագիտության խոսք են հղել Ֆրանսիայի Սենատին Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար

Արցախի պատգամավորները երախտագիտության խոսք են հղել Ֆրանսիայի Սենատին Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակի անդամ պատգամավորները երախտագիտության խոսք են հղել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն։ Արցախցի պատգամավորները «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման, հայաստանյան տարածքից վերջինիս անհապաղ նահանջի, 2020 թ.նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարգման ստիպման և երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության կոչ անող» բանաձևի համատեղ առաջարկության համար երախտիքի խոսք են հղել Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին, Արտաքին Գործոց և Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիանս Ասսասսին, Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաններին, «Կենտրոնական ուժերի Միություն» խմբակցության նախագահ Հերվե Մարսելին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին: Նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։
11:31 - 16 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև
 |1lurer.am|

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև |1lurer.am|

Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.   - պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. - կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք. - առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում. - վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ. - առաջարկում է կառավարությանը՝ դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։   Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։   Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
21:06 - 15 նոյեմբերի, 2022
Սենատում Հայաստանին պաշտպանող բանաձևի քննարկմանն ընդառաջ արցախցիները խնդրագիր հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

 |armenpress.am|

Սենատում Հայաստանին պաշտպանող բանաձևի քննարկմանն ընդառաջ արցախցիները խնդրագիր հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները նոյեմբերի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև խաղաղ ակցիա իրականացրեցին, ապա  խնդրագիր հանձնեցին դեսպանատանը՝ ի աջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից նոյեմբերի 15-ին քննարկվելիք բանաձևի: «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդրագրի տակ  ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան  1700 քաղաքացի, ներառյալ սփյուռքից: «Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- նշված է խնդրագրի մեջ: Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, 2020թ.նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի պահպանման եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձեւը: Այս բանաձևի նախագծով Սենատը Ֆրանսիայի կառավարությանը նաև առաջարկում է քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը:
13:32 - 15 նոյեմբերի, 2022
Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ - ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև
 |azatutyun.am|

Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ - ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ սեպտեմբերյան վերջին հարձակման կապակցությամբ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», - ասված է փաստաթղթում։ Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։ Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։ Այն հեղինակել է սենատորների նույն խումբը, որը երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո էլ բանաձև էր ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ բանաձևը 2020 թվականին ընդունվել էր գրեթե միաձայն՝ ձայների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, ու այդպես էլ մնացել թղթի վրա։ Ավելին, քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի փոխարտգործնախարարը դեմ էր արտահայտվել, պնդելով, թե «միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար»։ Թե ինչ դիրքորոշում ունի Ֆրանսիայի կառավարությունն այսօր քվեարկության դրվելիք բանաձևի հարցում, հստակ չէ։ Հայտնի է, որ քննարկումներից օրեր առաջ՝ անցած շաբաթավերջին, Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Զրույցը կայացել էր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, և ինչպես Ելիսեյան պալատն էր հաղորդել՝ Էմանյուել Մակրոնը վերահաստատել էր Ֆրանսիայի պատրաստակամությունը հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորմանն աջակցելու, քաղաքական լուծման հասնելու ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահն էլ ընդգծել էր այդ գործընթացում «չեզոքություն, անաչառություն և հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը»։ Նշենք, որ արցախցիները ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ կհանձնեն դեսպանին՝ հաջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից քննարկվելիք բանաձևի։
11:16 - 15 նոյեմբերի, 2022
Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նոյեմբերի 19-ին անցկացվող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին ու ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու մտադրությունը։ «Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ հանդիպման արդյունքների ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անկողմնակալ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել հայկական կողմից վերջին օրերին հնչեցված հայտարարություններին՝ նշելով, որ դրանք հակասում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգին»,- նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
11:25 - 13 նոյեմբերի, 2022