ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին
14:14 - 19 նոյեմբերի, 2022

ՀՀ իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը․ ԱԺԲ-ն՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի մասին

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է «Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը»։ Հայտարարության մեջ ասված է․
 
«Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների անգործությունը դատապարտելու մասին
 
Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձև, որով մասնավորապես`
 
- պահանջում է անհապաղ և առանց պայմանների դեպի սկզբնական դիրքեր դուրս բերել ադրբեջանական և նրանց դաշնակիցների ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից,
 
- պահանջում է ապագայի համար Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը,
 
- կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին,
 
- առաջարկում է Կառավարությանը բոլոր միջոցներով ցուցադրել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես, դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության կարողությունների հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականությունը ապահովելու համար,
 
- առաջարկում է Կառավարությանը անհապաղ ձեռնարկել ցանկացած նախաձեռնություն՝ երաշխավորելու համար հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ նպատակով պահանջել միջազգային հանրության հովանու ներքո միջդիրքային ուժերի տեղակայում,
 
- վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով:
 
Օրեր են անցել, սակայն Հայաստանի Հանրապետության գործադիր կամ օրենսդիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չի արձագանքել հայանպաստ այս կարևորագույն իրադարձությանը: Տվյալ փաստը ևս մեկ անգամ հիմնավորում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի հնչեցրած այն համոզմունքը, որ մեր երկրի կառավարիչները պարզապես կոլաբորացիոնիստ (թշնամու հետ համագործակցող) են, բնականաբար և չեն առաջնորդվում պետական և ազգային շահերով:
 
Մոտ օրերս հակապետական և հակազգային կոլաբորացիոնիստ այս կառավարիչների կողմից ականատես ենք լինելու մեր երկրին թշնամաբար տրամադրված ՀԱՊԿ կառույցը ներկայացնող պետությունների ղեկավարների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմագին ընդունելությանը:
Ազգային-ժողովրդավարական Բևեռը, խստորեն դատապարտելով ներկայացված իրականությունը, հույս է հայտնում, որ հայ ժողովուրդը համապատասխան հետևություններ կանի ու կձգտի օր առաջ ձերբազատվել կոլաբորացիոնիստ կառավարիչներից:
 
Միաժամանակ դիմում ենք Հայաստանի արևմտյան բարեկամ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի Հանրապետության իշխանություններին՝ խնդրելով ի վերջո ըմբռնել, որ Հայաստանի Հանրապետությունը կառավարում են կրեմլահպատակ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը, որոնք չեն կարող քաղաքակիրթ Արևմուտքի հետ կառուցել դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ, իսկ իրականացվող կիսաքայլերը պարզապես իմիտացիոն բնույթ են կրում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել